Մարգահավ
Մարգահավ
Մարգահավ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգԿռունկանմաններ (Gruiformes)
ԸնտանիքՋրահովվիկներ (Rallidae)
ՑեղCrex
ՏեսակՄարգահավ (C. crex)
Միջազգային անվանում
Crex crex
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մարգահավ (լատին․՝ Crex crex), ջրահովվիկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Crex crex

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 27-30 սմ է, թևերի բացվածքը՝ 46-53 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ։ Մարմնի փետրածածկը վերևից բաց մոխրադարչնագույն է՝ մուգ խայտերով, կողքերը՝ բաց կարմրադարչնագույն՝ սպիտակ զոլերով։ Թևերի թույլ թափահարումով թռիչքի ընթացքում նկատելի են կարմիր դարչնագույն թևավերևը և կախված ոտքերը։ Կտուցը վարդագույն երանգով է։

Կենսակերպ խմբագրել

Թաքնվում է խիտ թաքստոցներում։ Վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, հազվադեպ թռիչքի է դիմում։ Մշտապես արձակում է երկհնչյուն ճիչեր՝ կրեքս-կրեքս։ Բնակվում է լեռնատափաստաններում, թաց մարգագետիններում, խոտհարքներում, մշակովի դաշտերում։ Սնվում է միջատներով, որդերով, սերմերով։

Բնադրում խմբագրել

Գարնանային վերադարձը ապրիլի վերջին է։ Բույնը խոտաբույսերից է (տրամագիծը՝ 18 սմ), գավաթաձև։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին կեսից։ Դնում է 37 մմ տրամագծով, բաց կապույտից խամրած դեղնադարչնագույն՝ մանուշակագույն պտերով 8-12 ձու։ Թխսակալում է 18-19 օր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերին։ Համարվում է արժեքավոր որսի թռչուն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր։ Հայաստանում հանդիպում է հանրապետության հյուսիսում[1]։

Պահպանություն խմբագրել

Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ Համաձայն 2009 թվականի տվյալների՝ Խարկովի կենդանաբանական այգում պահվում է մեկ առանձնյակ։

Մարգահավի թվաքանակի վրա բացասաբար ազդում են բնադրման շրջանում կատարվող գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև անասունների արածեցման (որը ներառում է նաև ուղղակիորեն հասցվող վնասը հովիվների շների կողմից) և վայրի խոտաբույսեր հավաքելու ժամանակ անհանգստության գործոնը ։ Հնարավոր է նաև ապօրինի որսը կաքավի պաշտոնական որսի շրջանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգահավ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։