Հունգարների գաղթը Եվրոպա

Հունգարների գաղթը Եվրոպա տեղի է ունեցել 9-10-րդ դարում՝ ժողովուրդների մեծ գաղթի շրջանակներում։ Սա միջնադարի վաղ և զարգացած շրջափուլերի միջև ընկած անցումային ժամանակաշրջան էր, որի արդյունքում Կարոլինգների (Ֆրանկական) թագավորությունն արևելքից ենթարկվում է մագյարների (հունգարների), հյուսիսից՝ վիկինգների, իսկ հարավից՝ արաբների հարձակումներին և ապաստակություններին։

Վաչկատուն մագյարական (հունգարական) ցեղերի ռազմախուժումը Կիևյան Ռուսիայի քաղաքամայր-ոստան Կիև։ Հեղինակ՝ Պալ Վագո, 1896-1899 թվականներ։

Մագյարները վաղմիջնադարյան ժամանակաշրջանում վաչկատուն ցեղեր էին, ովքեր շարունակաբար քոչում էին մի վայրից մյուսը՝ ձեռնարկելով բազմաթիվ նվաճողական արշավանքներ։ Ճանապարհին նրանք հրի և սրի էին մատնում քաղաքային և գյուղական բնակավայրերի ողջ բնակչությանը։ Գաղթի արդյում ոչ նստակյաց մագյարները՝ հունգարական ցեղերը, հաստատվում են Եվրոպայի կենտրոնական և արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Կարպատյան լեռնային շրջաններում։ Հունգարները Եվրոպա են գաղթում գրեթե միևնույն ժամանակամիջոցում, ինչ որ հոները, ալանները, գոթերը, վանդալները, սլավոնները, ուգրոֆինները և գերմանները։ Հունգարները որդեգրել էին գրեթե միևնույն քաղաքականությունը, ինչ-որ հաջորդիվ թաթար-մոնղոլները։ Նրանք ունեին կանոնավոր և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում էին իրականացնել իրենց արկածախնդիր, զավթողական ծրագրերը և հաստատվել իրենց համար նպատակակետ հանդիսացող Եվրոպա աշխարհամասում[1]։

9-րդ դարի վերջին մագյարներն Ալպերի և Կարպատների միջև ընկած Միջինդանուբյան դաշտավայրում (ներկայիս Հունգարիայի տարածքում) հիմնում են իրենց պետությունը՝ նվաճելով Ֆրանկական պետության և Բյուզանդական կայսրության սահմանամերձ շրջանները։ Վերջիններիս առաջխաղացումը կասեցվում է 955 թվականին, երբ Բավարիայի Աուգսբուրգ քաղաքի շրջակայքում՝ Լեխ գետի հովտում, հունգարական խաժամուժը ծանր պարտություն է կրում Սաքսոնիայի դուքս, «համայն գերմանացիների թագավոր» Օտտոն I-ից։ Գերմանիայի արքայի (հետագայում՝ Սրբազան Հռոմեական կայսրության) այդ հաղթությունը կործանարար է լինում հունգարների համար և վերջնականապես արգելակում է վերջիններիս ամայացնող արշավանքները դեպի քրիստոնեական Եվրոպա։ Այնուամենայնիվ, հունգարները շարունակում են համառորեն պայքարել բյուզանդացիների դեմ, մինչև 1001 թվականը, երբ Իշտվան I-ը վերջիններիս միավորում է քրիստոնեական կրոնի ներքո և ստեղծում համանունգարական առաջին թագավորությունը[2]։

Պատմություն խմբագրել

Վաղ շրջանի նվաճումներ խմբագրել

Հունգարական արշավանքների մասին առաջին հիշատակումները վերաբերվում են 9-րդ դարին։ Մասնավորապես՝ հայտնի է, որ 811 թվականին Եվրոպայի սահմաններն ասպատակող մագյարները դաշնակցային հարաբերություններ են ունեցել Բուլղարական առաջին կայսրության հետ, մասնավորապես՝ գործել են ընդդեմ ընդհանուր ախոյան Բյուզանդիայի։ 9-10-րդ դարերի պարսիկ աշխարհագրագետ Իբն Ռուստան իր «Թանկարժեք մանյակների մատյան» («Ալ Ալաք ալ-Նաֆիսա») աշխատությունում հունգարական արշավանքները բնութագրել է հետևյալ կերպ․

...նրանք ամենուր էին և գործում էին ապակենտրոն։ Ոչ ոք չգիտեին, թե ինչն է նրանց բերել այստեղ․․․նվաճում էին տարածքներ, հրի և սրի մատնում հասարակ բնակչությանը։ Խազարները պաշտպանվում էին մագյարների և մյուս ժողովուրդների հարձակումներից։
- Իբն Ռուստա, «Թանկարժեք մանյակների մատյան» («Ալ Ալաք ան-Նաֆիսա»)

860-861 թվականներին հունգար զինվորները սկսում են հետապնդել բյուզանդացի միսիոներներ Կյուրեղին և Մեթոդիոսին, սակայն բարեբախտաբար վերջիններս կարողանում են փախուստի դիմել և հաստատվել խազարների կողմից նվաճված Խերսոնես Տավրիկյան բնակատեղիում։ Մուսուլման որոշ աշխարհագետներ գրել են այն մասին, որ մագյարները շարունակականորեն հարձակվել են հարևան արևելասլավոնական ցեղերի վրա, գերեվարել շատերին և Ղրիմի թերակղզում, մասնավորապես՝ Կերչում, վերջիններիս վաճառել բյուզանդացիներին։

«Ֆուլդսկյան տարեգրության» համաձայն՝ 892 թվականին մագյարները Առնուլֆ Կարինտացու բանակի հետ ներխուժել են չեխական հողեր՝ Մեծ Մորավիա։ 893 թվականին հունգարական զորքերն անցնում են Դանուբը և օժանդակում բուլղարների դեմ պայքարող Բյուզանդիայի Բարսեղ Բ Բուլղարասպան կայսերը։ Հայտնի է նաև, որ հունգարները 894 թվականին ներխուժել են Պանոնիա և դաշինք կնքել Մորավիայի մեծ իշխան Սվյատոպոլկ I-ի հետ։

Արշավանքների արդյունքներ խմբագրել

Համահունգարական առաջին թագավորության հիմնադիր, հունգարների առաջին «քրիստոնյա արքա» Իշտվան I-ը։

Մոտ 896 թվականին մագյարական խառնիճաղանճ հրոսակները՝ զորահրամանատար Արպադի գլխավորությամբ անցնում են Կարպատյան լեռնանցքները և ներխուժում Միջինդանուբյան դաշտավայր (ներկայիս Հունգարիայի տարածքը)։

899 թվականի հունգարական բանակը Բրենտա գետի շրջակայքում ջախջախիչ պարտության է մատնում Իտալիայի արքա Բերենգար I-ի գլխավորած ուժերին և ռազմակալում Ապենինյան թերակղզու հյուսիսային շրջանները։ Նրանք թալանում են Տրևիզո, Վիչենցա, Բրեշիա, Բերգամո և Միլան քաղաքները՝ ընդհուպ մինչև Վերոնայում գտնվող մինչև արքայի ոստանը, հրի և սրի մատնում ողջ հյուսիսային Իտալիայի բնակչությանը։ Հունգարների դեպի Իտալիա հաջորդ արշավանքը տեղի է ունենում 901 թվականին։ Հաջորդ տարի՝ 902-ին, քոչվորների զորաբանակներն ասպատակում են չեխական հողերը՝ ռազմախուժելով հյուսիսային Մորավիա։ 900 թվականի ի վեր գրեթե ամեն տարի մագյարները ռազմարշավներ են կազմակերպում նաև կաթոլիկ Արևմուտքի և Բյուզանդական կայսրության դեմ՝ նվաճելով նորանոր բազմաթիվ տարածքներ։

Մեզ հասած սկզբնաղբյուրների համաձայն՝ հունգարները Եվրոպայում ձեռնարկել են 45-47 արշավանք։ Դրանցից անհաջողության են մատնվել միայն 8-ը, մինչդեռ 37-ն ավարտվել են լիակատար հաղթությամբ։ Եվրոպայի կարևորագույն ռազմավարական կենտրոնների նվաճումը լուրջ սպառնալիք էր համարում գերմանացիների արքա և Սրբազան Հռոմեական կայսրության հիմնադիր Օտտոն I-ը։ Վերջինիս գլխավորած կանոնավոր բանակը 955 թվականին տեղի ունեցած Լեխի ճակատամարտում ջախջախիչ պարտության է մատնում մագյարական ցեղերին, որից հետո հունգարների պատմությունը սկսում է այլ ուղով ընթանալ։ 1001 թվականին մեկ ընդհանուր, կենտրոնացված պետության մեջ է հունգարներին միավորում Իշտվան I-ը, ով շուտով իր իշխանությունն էլ ավելի ամրապնդելու համար ընդունում է քրիստոնեությունը։ Եվ առհասարակ, Իշտվանն իր կառավարման ընթացքում մեծ տեղ էր հատկացրել քրիստոնեական արժեքներին՝ այն համարելով ավատատիրական երկպառակտչությունները հնազանդեցնելու կարևոր լծակ։ Անկախ թագավորության ձեռք բերումից հետո մագյարները թողնում են իրենց քոչվորական կենցաղավարությունը, որի արդյունքում էլ վերջիններիս շրջանում սկսում է տարածվել ֆեոդալական հարաբերությունները։ Կարճ ժամանակահատվածում երկիրը դառնում է Եվրոպայի կարևոր կենտրոննրից մեկը, որը քանիցս դիմակայում է գերմանական և բյուզանդական ճնշումներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gondolatok a kalandozásokról». www.c3.hu. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  2. Spinei, Victor (2009). The Romanians and the Turkic Nomads North of the Danube Delta from the Tenth to the Mid-Thirteenth Century (անգլերեն). BRILL. ISBN 9789004175365.

Գրականություն խմբագրել