Դեղագետ, պրովիզոր, բարձրագույն դեղագործական կրթություն ունեցող մասնագետ, որը տիրապետում է դեղանյութերի հետազոտման, պատրաստման, չափորոշման, պահպանման, թողարկման և պահանջարկի որոշման մեթոդներին։ Դեղագետը կազմակերպում և իրականացնում է բնակչությանը տրվող դեղորայքային օգնության աշխատանքները։ Իմանալով դեղանյութերի դեղաբանական ազդեցությունը, դրանց կիրառման, համատեղելիության, փոխներգործության, հաջորդականության և ընդունման ժամանակի կանոնները, համանման ազդեցություն ունեցող այլ դեղանյութով փոխարինելու հնարավորությունները՝ դեղագետը այդ մասին տեղեկացնում է բժիշկներին։ Նա հայտնում է նաև դեղատնային ցանցում դեղորայքի առկայության և նոր դեղային պատրաստուկների մասին։ Դեղագետը պացիենտների առողջապահությամբ զբաղվող առողջապահական թիմի անդամ[1][2]։ Դեղագետի կոչում տրվում է դեղագործական ինստիտուտների, բժշկական ինստիտուտների և համալսարանի դեղագործական ֆակուլտներն ավարտողներին։

Բժիշկը և դեղագետը։ Պատկեր «Կյանքի Գրքից», Ֆլորենցիա 1508

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։