Ստալինյան մրցանակ

Ստալինյան մրցանակ (ռուս.՝ Сталинская премия), 1940-1954 թվականներին գիտության և տեխնիկայի, ռազմական գիտելիքների, գրականության և արվեստի բնագավառներում ունեցած ձեռքբերումների համար, ինչպես նաև արտադրական աշխատանքի մեթոդների արմատական կատարելագործմանն ուղղված ներդրումների համար ԽՍՀՄ քաղաքացիներին խրախուսելու նպատակով տրվող մրցանակ։ 1954 թվականից հետո չի շնորհվել, իսկ 1966 թվականին հավասարեցվել է նորաստեղծ ԽՍՀՄ Պետական մրցանակին։

Ստալինյան մրցանակ
Տեսակմրցանակ, շքանշան և պարգև
Կազմված էՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակ, 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրվել է1941
Անվանված էԻոսիֆ Ստալին

Մրցանակի սահմանում խմբագրել

Ստալինյան մրցանակները կամ Ստալինի անվան մրցանակները սահմանվել են ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի երկու որոշումներով.

1) «Ստալինի անվան մրցանակի և թոշակի (կրթաթոշակ, կենսաթոշակ) սահմանման մասին»։ Ընդունվել է 1939 թվականի դեկտեմբերի 20-ին` Իոսիֆ Ստալինի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այն սահմանում էր 16 անուն մրցանակ, յուրաքանչյուրը 100 հազար ռուբլի գումարի չափով և շնորհվում էր ամեն տարի` գիտության և արվեստի գործիչներին, մեծագույն աշխատանքի համար` հետևյալ բնագավառներում.

Նույն որոշմամբ սահմանվել էր նաև 10` առաջին (100 հազար ռուբլի), 20` երկրորդ (50 հազար ռուբլի) և 30` երրորդ (25 հազար ռուբլի) աստիճանների Ստալինյան մրցանակներ, որոնք պետք է շնորհվեին յուրաքանչյուր տարի, համապատասխանաբար` լավագույն հայտնագործության և ռազմական գիտելիքների ոլորտում մեծագույն ձեռքբերումների համար[1]։

2) «Գրականության ասպարեզում Ստալինի անվան մրցանակի սահմանման մասին»։ Ընդունվել է 1940 թվականի փետրվարի 1-ին։ Այն սահմանում էր չորս մրցանակ, յուրաքանչյուրը 100 հազար ռուբլու չափով, որը պետք է շնորհվեր գրականության մեծագույն ստեղծագործության համար։ Դրա հետ միասին շեշտվում էր, որ չորս մրցանակները շնորհվում էին յուրաքանչյուր ժանրի համար մեկ մրցանակ` պոեզիա, արձակ, դրամատուրգիա և գրական քննադատություն[2]։

Մրցանակների քանակը և գումարի չափը բազմիցս փոփոխվել է։ Որպես հավելում, 1949 թվականին սահմանվել է նաև «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային Ստալինյան մրցանակը։ Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Ստալինը անձամբ հետևում էր թեկնածուների ընտրությանը և հաճախ միանձնյա որոշում այն շնորհելու հարցը։

Մրցանակի պատմություն խմբագրել

Ստալինյան մրցանակի գումարները վերցվում էին Ստալինի աշխատանքների հրատարակության հոնորարներից, որոնք տպագրվում էին նաև արտասահմանում[3]։ Շատ հնարավոր էր, որ գումարներ էին տրամադրվում նաև նրա աշխատավարձից, քանի որ նա զբաղեցնում էր երկու բարձրագույն պաշտոն (ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ), որոնցից յուրաքանչյուրի համար նա ամսական ստանում էր 10 հազար ռուբլի։

1942-1943 թվականներին գրեթե բոլոր մրցանակակիրները, մրցանակից ստացված իրենց գումարները փոխանցել են Պաշտպանության հիմնադրամին[4]։ Այդ իսկ պատճառով 1944-1945 թվականներին Ստալինյան մրցանակ չի շնորհվել, քանի որ գումարները ծախսվում էին ռազմաճակատին նյութական օգնություն տրամադրելու համար։ Հաճախ մրցանակների գումարը ծախսվում էր բարեգործական նպատակների վրա[5]։ Մրցանակը տրվում էր ոչ թե ողջ վաստակի համար, այլ կոնկրետ աշխատանքի և որևէ ձեռքբերման համար։ Քանի որ այն սահմանվել էր որպես նյութական խթան, ապա շնորհվում էր հիմնականում միջին տարիքի կամ երիտասարդ գործիչների։ Սովորաբար մրցանակի հետ տրվում էր նաև շքանշան։ Մրցանակակիրները օգտվում էին կոնկրետ արտոնություններից` անվճար երթևեկություն, ԲՈւՀ-երում երեխաների անվճար ուսուցում և այլն։

Ամենաշատ Ստալինյան մրցանակ ստացել է ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը (յոթ մրցանակ)։ Վեց անգամ մրցանակի արժանացել են կինոռեժիսորներ Իվան Պիրևը և Յուլի Ռայզմանը, կինովավերագրող Իլյա Կոպալինը, դերասան և ռեժիսոր Նիկոլայ Օխլոպկովը, գրող Կոնստանտին Սիմոնովը, կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը, դերասան Նիկոլայ Բոգոլյուբովը, ավիակոնստրուկտորներ Ալեքսանդր Յակովլևը, Արտեմ Միկոյանը և Միխայիլ Գուրևիչը։

Ստալինի մահից հետո, 1954 թվականից Ստալինյան մրցանակ այլևս չի շնորհվել։ Ստալինի անձի պաշտամունքը արմատախիլ անելու շրջանակներում, 1956 թվականին սահմանվեց Լենինյան մրցանակը, իսկ 1966 թվականին սահմանվել է ԽՍՀՄ Պետական մրցանակը, որը հավասարեցվել էր Ստալինյան մրցանակին։ Ստալինյան մրցանակի փաստաթղթերը, վկայականները և կրծքանշանները փոխարինվում էին Պետական մրցանակի փաստաթղթերով և նշաններով։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ստալինի անվան մրցանակակիրներից մի քանիսը հետագայում ենթարկվել են բռնաճնշումների, օրինակ` պետական գործիչ Նիկոլայ Վոզնեսենսկին, գեներալ-լեյտենանտ Պավել Մեշիկը, դերասան Վենիամին Զուսկինը։ Ստալինյան մրցանակը ետ է վերցվել գիտնական Սերգո Բերիայից, քաղաքական գործիչ Լավրենտի Բերիայից, ակադեմիկոս Անդրեյ Սախարովից և մի շարք այլ մրցանակակիրներից։

Հայազգի Ստալինյան մրցանակակիրներ խմբագրել

Ստորև ներկայացվում են այն հայազգիները, ովքեր արժանացել են Ստալինյան մրցանակի.

ՄրցանակակիրըՄասնագիտությունըՏարեթիվը
Աբրահամ Ալիխանով ֆիզիկոս1941, 1948, 1953
Արտեմ Ալիխանյան ֆիզիկոս1941, 1948
Լևոն Օրբելի ֆիզիոլոգ1941
Արտավազդ Ավագյան կենսաբան1941, 1951
Արտեմ Միկոյան ավիակոնստրուկտոր1941, 1947, 1948, 1949, 1952, 1953
Արամ Խաչատրյան կոմպոզիտոր1941, 1943, 1946, 1950
Մարտիրոս Սարյան նկարիչ1941
Սերգեյ Մերկուրով քանդակագործ1941, 1951
Վաղարշ Վաղարշյան դերասան1941, 1952
Թամարա Խանում երգչուհի և պարուհի1941
Համո Բեկնազարյան կինոռեժիսոր1941
Հրաչյա Ներսիսյան դերասան1941
Ավետ Ավետիսյան դերասան1941
Ալեքսանդր Թամանյան ճարտարապետ1942, հետմահու
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո ռեժիսոր1942, 1943
Ալեքսանդր Մելիք-Փաշաև դիրիժոր1942, 1943
Իվան Կնունյանց քիմիկոս1943, 1948, 1950
Ռուբեն Սիմոնով ռեժիսոր1943, 1947, 1950
Մովսես Գրիգորյան փիլիսոփա1944
Վիկտոր Համբարձումյան աստղագետ1946, 1950
Ստեփան Մալխասյանց ակադեմիկոս1946
Վաղինակ Շահումյան անասնաբույծ1946
Կոմիտասի անվան պետական լարային քառյակ -1946
Սերգեյ Ասլամազյան թավջութակահար1946
Ավետ Գաբրիելյան ջութակահար1946
Միքայել Տերյան ալտահար1946
Նիկիտա Բալաբանյան ալտահար1946
Հայկանուշ Դանիելյան երգչուհի1946
Վանո Մուրադելի կոմպոզիտոր1946, 1951
Դմիտրի Նալբանդյան նկարիչ1946, 1951
Արմեն Գուլակյան դերասան և ռեժիսոր1946, 1950
Միքայել Թավրիզյան դիրիժոր1946, 1951
Շարա Տալյան երգիչ1946
Ագրիպինա Վահանովա բալետի պարուհի1946
Ավետիք Իսահակյան բանաստեղծ1946
Խաչատուր Կոշտոյանց ֆիզիոլոգ1947
Գրիգոր Շահումյան մեքենաշինարար1948
Ալեքսանդր Հարությունյան կոմպոզիտոր1949
Անդրանիկ Իոսիֆյան ֆիզիկոս1949
Սերգեյ Բալասանյան կոմպոզիտոր1949
Աշոտ Վահրամյան քիմիկոս1950
Արշա Օվանեսովա կինովավերագրող1950
Էդուարդ Էզով օպերատոր և ռեժիսոր1950
Թաթուլ Ալթունյան խմբավար1950
Դավիթ Մալյան դերասան1950, 1952
Գուրգեն Գաբրիելյան դերասան1950
Հովհաննես Ավագյան դերասան1950
Գարուշ Խաժակյան դերասան1950
Ֆրունզե Դովլաթյան դերասան և կինոռեժիսոր1950
Մետաքսյա Սիմոնյան դերասանուհի1950
Հովհաննես Իսակով ծովակալ1951
Շավարշ Աղաբաբյան գյուղատնտես1951
Մարկ Գրիգորյան ճարտարապետ1951
Մարիետա Շահինյան գրող1951
Գևորգ Էմին բանաստեղծ1951
Առնո Բաբաջանյան կոմպոզիտոր1951
Զարուհի Դոլուխանյան երգչուհի1951
Սուրեն Քոչարյան ասմունքող1951
Աշոտ Պետրոսյանց կոմպոզիտոր1951
Ռաֆայել Իսրայելյան ճարտարապետ1951
Հարո Ստեփանյան կոմպոզիտոր1951
Վարդան Աճեմյան ռեժիսոր1951
Աշոտ Միրզոյան նկարիչ1951
Տաթևիկ Սազանդարյան երգչուհի1951
Գոհար Գասպարյան երգչուհի1951
Ավագ Պետրոսյան երգիչ1951
Վահրամ Գրիգորյան երգիչ1951
Սերգեյ Մերգելյան մաթեմատիկոս1952
Ռուբեն Միրիմանով մեխանիկ1952
Նորայր Սիսակյան կենսաքիմիկոս1952
Դավիթ Աթաբեկով գինեկոլոգ1952
Միխայիլ Կարապետյանց քիմիկոս1952
Սիլվա Կապուտիկյան բանաստեղծուհի1952
Լևոն Արիստակեսով կինովավերագրող1952
Աշոտ Սաթյան կոմպոզիտոր1952
Գուրգեն Ջանիբեկյան դերասան1952
Գևորգ Աշուղյան դերասան1952
Օլգա Գուլազյան դերասանուհի1952
Անատոլիա Եղյան դերասանուհի1952

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление СНК СССР об учреждении премии и стипендии имени Сталина. // Правда. 1939. № 351 (21 декабря).
  2. Постановление СНК СССР об учреждении премий имени Сталина по литературе. // Правда. 1940. № 32 (2 февраля).
  3. В. С. Бушин Культурки не хватает // Завтра, № 3(320), 2000]
  4. «…академики А. Е. Арбузов, С. С. Наметкин и А. Е. Порай-Кошиц внесли 200 тыс. рублей на приобретение вооружения для Красной Армии из Государственной премии, которой были удостоены в 1943 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  5. «В. Ф. Войно-Ясенецкий передал 130 тыс. рублей из полученной им в 1946 премии первой степени «на помощь сиротам, жертвам фашистских извергов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.