Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-27 սմ, կենդանի զանգվածը՝ 23-25 գ։ Գլուխը մեծ է, պոչը՝ կարճ։ Մարմնի փետրածածկը վերևից մոխրակապտագույն է։ Կտուցը սև է, հիմքից դեպի ականջն է տարածվում սև, երկար ակնաշերտ։ Կզակը սպիտակ է, կուրծքը և փորը՝ բաց նարնջագույն։ Ներքնապոչին կան աղոտ սպիտակ պտեր։ Պոչի եզրային փետուրների ծայրերը մոխրագույն են ու սպիտակ։
Ճարպիկ է, հաճախ գլխիվայր մագլցում է ծառաբնով։ Սերմերը խցկում է ծառի կեղևի ճեղքերի մեջ, ապա հանում դրանց պարունակությունը։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, բարձրահասակ ծառերով գետափերին։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։
Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից մայիսի կեսը։ Բնադրում է փչակներում կամ արհեստական թռչնաբներում։ Բույնը կառուցում են արուն և էգը՝ կեղևի կտորներից, մամուռից, ապա ծեփում ցեխով։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից մայիսի վերջը։ Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրա-դարչնագույն պտերով 6-8 ձու։ Թխսակալում է էգը՝ 14-17 օր։ Ձագերը հայտնվում են մայիսից հուլիսի 1-ին տասնօրյակը։ Բնում ձագերին հիմնականում կերակրում է արուն, վտանգի դեպքում պաշտպանում է բույնը։ 25-27 օրական ձագերը հեռանում են բնից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։