Մեդիչիներ (իտալ.՝ Medici), տոհմ Ֆլորենցիայում։ Կարևոր դեր է կատարել միջնադարյան Իտալիայի քաղաքների՝ տնտեսական և մշակութային կյանքում։ Տոհմի ներկայացուցիչները 15-րդ դարում հիմնել են Եվրոպայի խոշորագույն առևտրաբանկային ընկերություններից մեկը, եղել են Ֆլորենցիայի կառավարողներ (1434-1737, ընդմիջումներով), Հռոմի պապեր, պայքարել են ֆեոդալական ավագանու դեմ (14-րդ դար)։


Մեդիչիներ
Medici
ազնվական տոհմ և Արքունի տուն
ԵրկիրՖլորենցիա
Հիմնադրում8-րդ դար
ՀիմնադիրԱվերարդո
Կազմալուծում1743 թ.
ՏիտղեսներՖլորենցիայի դքսեր, Տոսկանայի դքսեր
ԱզգանունMedici? և de' Medici?
ԱնդամներԼորենցո Մեդիչի, Ֆրանչեսկո I, Ֆերդինանդո I, Կոզիմո II, Ֆերդինանդո II
ԴավանանքԿաթոլիկություն
ԳույքՎիլլաներ
ԵնթաճյուղերԼևոն XI, Կոզիմո II Մեդիչի, Կոզիմո I, Լորենցո Մեդիչի, Կոզիմո Մեդիչի, Կղեմես VII, Giovanni delle Bande Nere?, Եկատերինա Մեդիչի և Anna Maria Luisa de' Medici?
Կայքde-medici.com

Մեդիչիներից նշանավոր են (հիմնական ճյուղի ներկայացուցիչներից) Ջովաննի դի Բիչչին (1360-1429), Կոզիմո Ավագը (1389-1464), Լորենցո Մեդիչին՝ Ֆլորենցիայի կառավարիչ 1434 թվականից (1449-1492), Ջիովանին Մեդիչին (1475-1521), 1513 թվականից՝ Հռոմի պապ (Լևոն 10-րդ), Եկատերինա Մեդիչին՝ Ֆրանսիայի թագուհի, Հենրի II-ի կինը (1519-1589), Ջուլիո Մդիչին (1477-1534), 1523 թվականից՝ Հռոմի պապ (Կղեմես VII), Ալեսսանդրո Մեդիչին (1511-1537), Ֆլորենցիայի դուքս՝ 1532 թվականից, նրա սպանությունից հետո Մեդիչիների հիմնական ճյուղը ավարտվել է։ Մեդիչիների կողմնային ճյուղի գլխավոր ներկայացուցիչներն են՝ Կոզիմո I-ը (1519-1574), Ֆլորենցիայի դուքս՝ 1537 թվականից, միավորել է ամբողջ Տոսկանան և 1569 թվականից կոչվել է Տոսկանայի մեծ դուքս, Կոզիմո II-ը (1590-1621), Տոսկանայի մեծ դուքս՝ 1609 թվականից, Ջան Գաստոնեն (1671-1737), Տոսկանայի վերջին մեծ դուքսը Մեդիչիների տոհմից։ Մեդիչիների այս ճյուղին է պատկանել Ֆրանսիայի թագուհի (Հենրի IV-ի կինը) Մարիա Մեդիչին՝ Կոզիմո I-ի թոռնուհին (1573-1642

Ծագում խմբագրել

Մեդիչիների գերբը պալացցիո Պիտտիում

Ընտանիքի անվան ծագումը հստակ հայտնի չէ։ Համաձայն մի վարկածի՝ դինաստիայի հիմնադիրներից մեկը Կառլոս մեծի արքունիքում դեղագործ էր (medico): Մեկ այլ վարկածի համաձայն՝ ընտանիքն ի սկզբանե զբաղվել է դեղագործական առևտրով։ Երրորդ վարկածն այն է, որ Մեդիչիները ֆրանկների ռազմական ղեկավարների անմիջական ժառանգներն են։ Ըստ ընտանեկան ավանդույթի ընտանիքը սերում է Ավերարդո անունով ասպետից, որը 8-րդ դարի վերջին բնակություն է հաստատել Ֆլորենցիայի մերձակայքում գտնվող Մուջելո հովտում[1]։

12-րդ դարում Մեդիչի ընտանիքը Մուջելո հովտից տեղափոխվում է Ֆլորենցիա՝ բնակություն հաստատելով Սան Լորենցո շրջանում, զբաղվելով վաշխառությամբ՝ արագորեն հարստանում է։ Առաջին Մեդիչին, որը 1201 թվականին հիշատակվել է Ֆլորենցիայի դատական արխիվներում՝ Կիարիսիմո Մեդիչին է։ Նրա ժառանգ՝ Արդինգո դե Մեդիչին 1296 թվականին ընտրվել է Ֆլորենցիայի արդարության գոնֆալոնյեր (բարձրագույն պետական պաշտոն)։ Հաջորդ 20 տարում այս պաշտոնում ընտրվել են Մեդիչի ընտանիքի ևս երկու ներկայացուցիչ։

Առևտրական գործարքներով մեծ հարստություն ձեռք բերելով և ստեղծելով բավականաչափ հզոր բանկային հաստատություն, 14-րդ դարի առաջին կեսից Մեդիչիներն ակտիվ մասնակցություն են ունենում ազնվականության դեմ աղքատ խավերի պայքարում՝ շատ ժամանակ պաշտպանելով ժողովրդական բանակին։ 1360 թվականին Բարտոլոմեո դե Մեդիչին ազնվականության դեմ անհաջող դավադրություն է կազմակերպում, որը ղեկավարում էր Ալբիցի բանկային ընտանիքը։ 1378 թվականին Բարտոլոմեոյի եղբայրը՝ Սալվեստրո Մեդիչին՝ Մեդիչի բանկային տան ղեկավարը, դարձավ արդարության գոնֆալոնյեր և դեմ լինելով ազնվականությանը, հրահրեց չոմպիների (իտալ.՝ Ciompi) ապստամբությունը։ Ապստամբությունը ճնշելուց հետո Սալվեստրոն վտարվեց, և ամբողջ Մեդիչիի ընտանիքը զրկվեց տասը տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Սալվեստրոի զարմիկը՝ Վիերի (Բերի) Մեդիչին, որը ժառանգել էր Մեդիչի բանկային տունը, հեռանալով քաղաքականությունից՝ ամբողջությամբ կենտրոնացավ բանկային բիզնեսի զարգացման վրա։ Վիերիի ջանքերով Մեդիչի բանկը նախ ստեղծեց մասնաճյուղեր Ֆլորենցիայի սահմաններից դուրս՝ Հռոմում և Վենետիկում։ Նրա օրոք էր, որ Մեդիչին դարձավ Ֆլորենցիայի ֆինանսապես ամենահզոր ընտանիքը[2]։

Մեդիչիների քաղաքական ուժի հիմնադիրը դարձավ Վիերի Մեդիչի եղբորորդին՝ Ջիովանի դե Բիչին էր (1360-1429), որը 1421 թվականին ընտրվեց արդարության գոնֆալոնյեր։ Ջիովանիի որդիները՝ Կոզիմոն (1389-1464) և Լորենցոն (1394-1440), Ֆլորենցիայի հանրապետության առաջին ակտիվ քաղաքական առաջնորդներն էին[3]։

Ծաղկում խմբագրել

Լորենցո Մեդիչին և նրա արքունիքը «Մոգերի երկրպագությունը» կտավում, որմնանկար Բենեցո Գացոլի, (1459—1461)

15-րդ դարի սկզբին Ջիովանի Մեդիչին հասավ ամենաբարձր դիրքերի, իսկ 1434 թվականին նրա որդին՝ Կոզիմոն, օգտվելով ազնվականության դեմ ժողովրդի դժգոհությունից, որոնք հաճախակի էին պատերազմում և անչափ բարձր հարկեր էին սահմանել, զավթեց իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանից մինչև դարի վերջը, Մեդիչիների դինաստիան ղեկավարել է հանրապետությունը և հայտնի դարձել Վերածննդի բոլոր ուղղությունների հովանավորությամբ։ Կոզիմոյի որդու՝ Պիեռո դե Կոզիմոյի օրոք, Մեդիչիների ժողովրդականությունը նվազեց. Նրանց դեմ կազմակերպվեց անհաջող դավադրություն, որը Ֆլորենցիան ներգրավեց Վենետիկի դեմ պատերազմում։ Պիեռո դե Կոզիմոյի որդիները՝ Լորենցոն և Ջուլիանոն, վերահաստատեցին Մեդիչիների դինաստիայի հեղինակությունը։ 1478 թվականին Պացիի դավադրությունը և Ջուլիանոյի սպանությունը միայն ուժեղացրին Մեդիչիների ազդեցությունը։

1492 թվականին Լորենցոյի մահից հետո նրա ավագ որդին՝ Պիեռո դե Լորենցոն, Ֆլորենցիայի ունեցվածքի մի քանի կարևոր բնակավայրեր հանձնվեց Կառլոս VIII-ին, որը շարժվում էր դեպի Նեապոլ, որի համար էլ որպես հայրենիքի դավաճան աքսորվեց։ 1494 թվականին վերականգնվեց ժողովրդավարական հանրապետությունը։ Պիեռո դե Լորենցոյի Նախկին դիրքին վերադառնալու բոլոր փորձերը անհաջող էին, և միայն 1512 թվականին Մեդիչիները դարձան հանրապետության ղեկավար[2]։

Պապություն և վտարում Ֆլորենցիայից խմբագրել

Երբ 1513 թվականին Պիեռոյի եղբայր Կարդինալ Ջիովանին, բարձրացավ պապական գահը, Լևոն X անվան տակ, Պիեռոյի որդի Լորենցոն և Ջուլիանոյի՝ Նեմուրի դուքսի որդի կարդինալ Իպոլիտոն (1511-1535), ստանձնեցին իրենց նախկին պաշտոնը Ֆլորենցիայում։ Հռոմի պապը Լորենցոին տվեց Ուրբինո դքսությունը և ամուսնացրեց ֆրանսիական թագավորական տան ազգականուհու` Մադլեն դե լա Տուր Դ'Օվերնի հետ։ 1519 թվականին Լորենցոյի մահից հետո, ոնր ուներ միայն մեկ դուստր՝ Եկատարինան՝ Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի ապագա կինը[4], իշխանությունն անցավ Ջուլիո Մեդիչիին՝ Ջուլիանոյի որդուն (Լորենցո Մեդիչիի եղբայր), մինչև 1523 թվականը, երբ նա դարձավ Հռոմի պապ Կղեմես VII–ը։ Ֆլորենցիայի հանրապետության ղեկավարումն անցավ Ալեսանդրո Մեդիչիին՝ Լորենցոյի ապօրինի որդուն և Կարդինալ Իպոլիտոյին՝ Նեմուրի դքսի ապօրինի որդուն։

Տոսկանայի մեծ դուքս խմբագրել

Կղեմես VII-ի ֆրանսիամետ քաղաքականությունը առիթ հանդիսացավ գերմանացիների կողմից Հռոմի թալանմանը, ինչն էլ հանգեցրեց Մեդիչիների արտաքսմանը Ֆլորենցիայից 1527 թվականին։ Այնուհետև պապը դաշինք կնքեց Կառլոս V-ի հետ և նրա օգնությամբ Ալեսանդրոն վերադարձավ Ֆլորենցիա։ Ամուսնալով Կառլոս V-ի ապօրինի դուստր Մարգարիտայի հետ, Ալեսանդրոն ստացավ դքսի կոչում և ժառանգական միապետական իշխանություն Ֆլորենցիայում։ Դուքս Ալեսանդրո Մեդիչին իր անառակությամբ մեծ դժգոհություն առաջացրեց, որն էլ ավարտվեց դավադրությամբ։ Ալեսանդրոն սպանվեց 1537 թվականին՝ իր ազգական Լորենցինոյի կողմից։ Մարդասպանը ստիպված եղավ փախչել Վենետիկ՝ որտեղ էլ 1548 թվականին սպանվեց։

Վերջին ժամանակաշրջան խմբագրել

Ալեսանդրոյի մահով, ընդհատվեց Մեդիչիների ճյուղը, որը գալիս էր Կոզիմո Մեծից։ Ֆլորենտինացիների հանրապետությունը վերականգնելու փորձերը ավարտվեցին անհաջողությամբ՝ Կառլոս V-ը պնդեց իշխանությունը հանձնել դուքս Կոզիմո Մեդիչիին՝ Կոզիմո Մեծի եղբայր Լորենցոյի ժառանգին։ Բնատուր խելացի քաղաքական գործիչ և բռնակալ Կոզիմո I-ը (1537-1574) իր ձեռքում կենտրոնացնելով բացարձակ միապետական իշխանությունը՝ իր առջև խնդիր դրեց Տոսկանական մեկ պետություն ձևավորել։ Ինկվիզիցիայի միջոցով դաժանորեն հետապնդելով իր հակառակորդներին, կիրառելով բռնագրավումներ և մենաշնորհներ, զգալի գումարներ հավաքելով նավատորմի ստեղծման համար, նվաճեց Սիենան և դաշնակիցներ գտավ արտաքին քաղաքականության մեջ։ Հռոմի Պապ Պիոս V-ից նա ստացել էր Մեծ Դուքսի կոչում և հանդիսավոր կերպով թագադրվել Հռոմում[2]։

Տոհմի շահերից ելնելով Կոզիմոն փորձեց ընդլայնել իր ընտանիքը։ Նա հովանավորեց Օտավիանո Մեդիչին և նրա որդիներին (որոնցից մեկը՝ Ալեսանդրոն, հետագայում դարձավ Հռոմի պապ Լևոն XI-ը), չնայած նրանք պատկանում էին ուրիշ տոհմի։ Կոզիմոն որպես ընտանիքի անդամ ճանաչեց Ջան-Ջակոմո Մեդիկինիին, ծագումով Միլանից և նրա եղբորը օգնեց ձեռք բերել պապական գահը (Պյոս IV): Ընտանեկան ավանդույթներին հավատարիմ Կոզիմոն հովանավորեց լուսավորությունը և վերականգնեց Պիզայի համալսարանը։

Կոզիմո I-ի որդին և իրավահաջորդը՝ Ֆրանչեսկոն (1574-1587), շարունակեց իր հոր գործը, բայց տաղանդներով նրան զգալիորեն զիջում էր։ Նա ենթարկվում էր երկրորդ կնոջը՝ Բիանկա Կապելոյին, որի ազդեցությունը հատկապես վնասակար էր ֆինանսների համար։ Ֆրանչեսկոն հովանավորեց բնական գիտությունները։ Նրան հաջորդեց կրտսեր եղբայրը՝ Կարդինալ Ֆերդինանդո I-ը (Ֆերնանդո) (1587-1609)՝ Մեդիչի դուքսերից լավագույնը։ Ընդդիմանալով մրցակից կրտսեր եղբոր՝ Պիետռոյի ինտրիգներին` Ֆերնանդոն զերծ էր նախորդների բռնակալ քաղաքականությունից։ Նա հովանավորում էր արվեստը և գիտությունը և հարստացնում Ուֆֆիցի թանգարանի հավաքածուն։ Ֆերնանդոն հատկապես մտահոգված էր գյուղատնտեսությամբ և առևտրով. թեթևացրեց հարկերի բեռը, նվազեցրեց մենաշնորհները, չորացրեց Մարեման և նավահանգիստ կառուցեց Լիվորնոյում։ Արտաքին քաղաքականության մեջ նա Ֆլորենցիան մերձեցրեց Ֆրանսիային՝ ամուսնացնելով Ֆրանչեսկոյի դուտր Մարիային Հենրի IV-ի հետ[4]։ Թողնելով կարդինալական աստիճանը, Ֆերնանդոն ամուսնացավ Քրիստինա Լոթարինգացու հետ։ Այս ամուսնությունից նրա որդին՝ Կոզիմո II-ը նրա իրավահաջորդն էր (1609-1621)։

Ֆլորենցիայի անկում խմբագրել

Էլեոնորա Տոլեդացու դիմանկարը որդու հետ, Բրոնձինո, 1545, Ուֆֆիցի, Ֆլորենցիա

Կոզիմո II-ի կառավարումը՝ Արևելքը նվաճելու իր ֆանտաստիկ պլաններով և Իսպանիային լիովին հնազանդվելով, սկիզբ դրեց Ֆլորենցիայի անկմանը։ Միայն լուսավորության հովանավորությունը (Կոզիմո II-ը հովանավորեց Գալիլեյին, ով հայտնաբերեց Յուպիտերի չորս ամենամեծ արբանյակները և նրա պատվին անվանեց Մեդիչիների աստղեր) մնաց անփոփոխ ինչպես նրա, այնպես էլ նրա որդու՝ իրավահաջորդի՝ Ֆերդինանդո II-ի (1610-1670) օրոք[5]։ Ֆերդինանդո II-ը գահ է բարձրացել հոր մահից հետո` 1621 թվականի փետրվարի 28-ին։ Ֆերդինանդոյի անչափահաս լինելու պատճառով մինչև 1628 թվականը դքսության ժամանակավոր կառավարչի պարտականությունները կատարել են մայրը՝ Մարիա Մագդալենան և տատը` Տոսկանայի Մեծ դքսուհի Քրիստինա Լոթարինգացին։ Այդ ժամանակ Տոսկանան գրեթե բարձիթողի վիճակում էր։ Հետագայում Ֆերդինանդոն ջանասիրաբար աշխատեց երկրի վիճակի բարելավման համար, բայց անօգուտ։ Ֆերդինանդոյի բազմաթիվ եղբայրներից հայտնի են հատկապես Մատեոն, որը մասնակցել է Երեսնամյա պատերազմին (1618-1648) և վերջինը՝ Կարդինալ Լեոպոլդոն, ով նույնպես պաշտպանում էր Գալիլեյին։

Ֆերդինանդոյի որդին և իրավահաջորդը՝ Կոզիմո III-ը (1670-1723), որը առանձնանում էր կեղծ բարեպաշտությամբ և մանրախնդրությամբ, չկարողացավ կանգնեցնել Ֆլորենցիայի անկումը։ Նրա որդիները սերունդ չունեին։ Կոսիմո III-ը ստիպեց եղբորը՝ Կարդինալ Ֆրանչեսկոյին, թողնել հոգևոր աստիճանը և ամուսնանալ։ Սակայն այս ամուսնությունը նույնպես անպտուղ մնաց։ Կոզիմոյի որդին՝ Ջան Գաստոնեն (1723-1737) հիվանդ էր և գրեթե ոչ մի մասնակցություն չունեցավ կառավարման գործում։ Նրա իրավահաջորդ՝ քրոջ՝ Աննա Մարիայի մահով, 1743 թվականին ավարտվեց կառավարող Մեդիչիների ճյուղը։ Դինաստիայի կողմնային ճյուղերից Ֆլորենցիայում պահպանվել են Մեդիչի Տորնակվինչիները (Tornaquinci), Կաստելինա մարկիզները, իսկ Նեապոլում՝ Օտտիանոյի իշխանները (Ottaiano) և Սարլոյի դքսերը[2]։

Դինաստիա խմբագրել

Դինաստիայի ներկայացուցիչներ խմբագրել

  • Ջիովանի դե Բիչի
  • Կոզիմո I Ավագ
  • Լորենցո Մեդիչի
  • Ջուլիանո Մեդիչի
  • Բարտոլոմեո Մեդիչի
  • Ալեսանդրո Մեդիչի

Հռոմի պապեր խմբագրել

ԴիմանկարԱնունԱշխարհիկ անունպոնտիֆիկատ
Լևոն XՋիովանի Մեդիչի2171513-1521
Կղեմես VIIՋուլիո Մեդիչի2191523-1534
Պիոս IVՋիովանի Անջելո Մեդիչի2241559-1565
Լևոն XIԱլեսանդրո Օտավիանո Մեդիչի2321605 ապրիլի 1-27

Ֆլորենցիայի արդարության գոնֆալոնյերներ[6] խմբագրել

  1. Արդինգո (1296)
  2. Գուչո (1299)
  3. Ավերարդո (1314)
  4. Սալվեստրո (1378)
  5. Ջիովանի I դե Բիչի (1421)
  6. Կոզիմո I Ավագ (1438)
  7. Պիեռո I (1461)
  8. Ալեսանդրո (1531—1532)

Ֆլորեցիայի հանրապետության կապիտան գեներալներ խմբագրել

  1. Ջուլիանո II Մեդիչի (1513—1516)
  2. Լորենցո II Մեդիչի (1516—1519)
  3. Կղեմես VII Հռոմի պապ (1519—1523)

Ֆլորենցիայի դքսեր խմբագրել

ԴիմանկարԱնունՍկիզբԱվարտՀարաբերությունները նախորդի հետ
Ալեսանդրո Մեդիչի24 հոկտեմբեր 15296 հունվար 1537Կարդինալ Իպոլիտո դե Մեդիչիի զարմիկը, Լորենցո II դե Մեդիչիի անօրինական որդին
Կոզիմո I Մեդիչի6 հունվար 153721 ապրիլ 1574Ալեսանդրո դե Մեդիչիի հեռավոր զարմիկը

Տոսկանայի Մեծ դքսեր խմբագրել

ԴիմանկարԱնունՍկիզբԱվարտՀարաբերությունները նախորդի հետ
Կոզիմո I6 հունվար 156921 ապրիլ 1574Ալեսանդրո դե Մեդիչիի հեռավոր զարմիկը
Ֆրանչեսկո I21 ապրիլ 157417 հոկտեմբեր 1587Կոզիմո I դե Մեդիչիի ավագ որդին
Ֆերդինանդո I17 հոկտեմբեր 158717 փետրվար 1609Ֆրանչեսկո I դե Մեդիչի եղբայրը, Կոսիմո I դե Մեդիչիի որդին
Կոզիմո II17 փետրվար 160928 փետրվար 1621Ֆերդինանդո I դե Մեդիչիի ավագ որդին
Ֆերդինանդո II28 փետրվար 162123 մայիս 1670Կոսիմո II դե Մեդիչիի ավագ որդին
Կոզիմո III23 մայիս 167031 հոկտեմբեր 1723Ֆերդինանդո II դե Մեդիչիի ավագ որդին
Ջան Գաստոնե31 հոկտեմբեր17239 հուլիս 1737Կոզիմո III դե Մեդիչիի երկրորդ որդին

Արվեստ խմբագրել

Մեդիչիները, որոնք ղեկավարում էին Ֆլորենցիան (Վերածննդի մշակութային կենտրոններից մեկը), մեծ ազդեցություն են ունեցել բազմաթիվ արվեստի գործերի ստեղծման գործում։ Նրանք արվեստի առատաձեռն հովանավորներ էին (հովանավորում էին նկարիչներին, ճարտարապետներին), և պարզապես շռայ պատվիրատուներ[7]։

Ուֆֆիցի պատկերասրահը, որը լցված էր հսկայական քանակությամբ արվեստի գլուխգործոցներով, դինաստիայի անձնական տիրապետության տակ էր, մինչև 18-րդ դարում իշխող կլանի վերջին ներկայացուցիչ Աննա Մարիա Լուիզա Մեդիչին այն նվիրեց քաղաքին։

Նկարիչներ, ովքեր աշխատել են Մեդիչիների համար խմբագրել

  • Անդրեա դել Վերոկկիո, քանդակագործ և նկարիչ՝ Կոզիմո Մեդիչիի գերեզմանաքար (1465), Պիեռո և Ջովաննա Մեդիչիների գերեզմանան
  • Միքելանջելո, աշխատանքներ Լորենցո Մեդիչիի համար, Ֆլորենցիայի Սան Լորենցո Մեդիչի ընտանեկան եկեղեցու ֆասադային ձևավորում, Նոր Սակրիստիա (Մեդիրիների մատուռ), Ջուլիանոյի և Լորենցո Մեդիչիներիի գերեզման և այլն։
  • Բենոցո Գոցոլի, նկարազարդել է որմնանկարներ պալացցո Մեդիչի Ռիկարդիի համար
  • Սանդրո Բոտիչելլի, Ջուլիանո Մեդիչիի դրոշը, Ջուլիանո Մեդիչիի դիմանկարը, «Մոգերի երկրպագությունը», որտեղ պատկերված են Մեդիչիների ներկայացուցիչները (1475-1478), և այլն։
  • Բենվենուտո Չելինի — աշխատել է Կոզիմո Մեդիչիի համար։
  • Ջամբոլոնիա, քանդակագործ՝ Կոզիմո I Մեդիչիի, Մերկուրի Մեդիչիի ձիարձանն։
  • Անյոլո Բրոնձինո, Կոզիմո I Մեդիչիի արքունական նկարիչ։
  • Ջորդանո Լուկա, պալացցո Մեդիչի Ռիկարդիի որմնանկարներ։
  • Ջորջո Վազարի
  • Ֆրա Ֆիլիպպո Լիպպի, Սբ. Միքայելի զոհասեղան և այլն։
  • Անջելիկո, Սան Մարկոյի զոհասեղան (1438-1440) Սուրբ Մարկոսի վանքի համար։
  • Պոնտորմո, Մեդիչիների վիլլայի որմնանկարներ (1519—1521), և այլն։
  • Ռաֆայել Սանտի, Հռոմի Պապ Լևոն X-ի դիմանկարը, կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսիի հետ։
  • Տիցիան, Իպոլիտո Մեդիչիի դիմանկարը (1532—1533):

Ճարտարապետություն և շինություններ խմբագրել

Մշակույթում խմբագրել

  • Անգլիացի ֆանտաստ գրող Թերրի Փրաթչեթի գրքերում Անկ-Մորկպորկ քաղաքի տիրակալը խորամանկ և սառնասիրտ լորդ Վետինարին (անգլ.՝ Vetinari): «Անասնաբույժ» բառից բխող նրա ազգանունը հղում է Մեդիչիին։ Օգտագործված են Լորենցո Մեդիչիի որոշ առանձնահատկություններ, օրինակ՝ Վետինարին հովանավորում է գյուտարար Լեոնարդ Շեբոտանսկուն, ինչպես Մեդիչին հովանավում էր Լեոնարդո դա Վինչիին։
  • Assassin's Creed II համակարգչային խաղում ներկայացվում է Պացցիների դավադրությունը ընդդեմ Մեդիչի ընտանիքի։ Լորենցո Մեդիչին նաև խաղի հիմնական հերոսներից է։
  • Eternal Champions: Challenge from the Dark Side համակարգչային խաղում Սոֆիա Ռիփթայդը հանդիսանում է Մեդիչի ընտանիքի անդամ։
  • Just Cause 3 համակարգչային խաղում գործողությունները տեղի է ունենում Միջերկրական ծովի մտածածին Մեդիչի կղզում։
  • «Դա Վինչիի դևերը» հեռուստասերիալում (2013-2015) դեպքերը տեղի են ունենում Ֆլորենցիայում՝ Լորենցո Մեդիչիի և նրա եղբոր՝ Ջուլիանոյի օրոք։
  • «Թագավորությունը» հեռուստասերիալում (2013-2017) դեպքերը տեղի են ունենում Ֆրանսիայում՝ Հենրի II-ի և Եկատերինա դե Մեդիչիի օրոք։
  • «Մեդիչի» հեռուստասերիալը (2016-2019) պատմում է Մեդիչի դինաստիայի մասին։
  • «Մեղք» հեռուստասերիալը (2019) նկարագրում է Միքելանջելոյի հարաբերությունները Մեդիչի ընտանիքի հետ՝ որպես իր գործերի պատվիրատուներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «МЕДИЧИ». www.krugosvet.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Text "Энциклопедия Кругосвет" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «About Florence, history of Florence». www.aboutflorence.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 «Medici Family – – Encyclopædia Britannica». Encyclopædia Britannica. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Medici: Godfathers of the Renaissance . Renaissance . Galileo». www.pbs.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Text "PBS" ignored (օգնություն)
  6. «I Priori e i Gonfalonieri di Giustizia di Firenze, i Dodici e i Gonfalonieri delle Compagnie (1282-1343)» (PDF).
  7. «Medici Patronage». employees.oneonta.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել