Հայ-հոնական դաշինք, ռազմական դաշինք, կնքվել է հայերի և հոների միջև՝ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի։ Կնքվել է Վարդանանց պատերազմի ժամանակ, 450 թ.-ի Խաղխաղի ճակատամարտում հայերի հաղթանակից հետո։ Խաղխաղի ճակատամարտի հաղթական ելքից հետո, հայ–աղվանական ուժերը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ, գրավեցին Ճորա պահակը և ոչնչացրին պարսկ. կայազորը։ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ռազմական հսկողությունը հանձնարարեց Աղվանից իշխան Վահանին, որը և փոխօգնության դաշինք կնքեց Կովկասյան մեծ լեռնաշղթայի հս–արլ. շրջաններում հաստատված հոների (նույնպես ենթարկված Սասանյանների հարձակումներին) հետ։ Սակայն հոները հայերին օգնեցին միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո, երբ պարսկ. զորքերին դիմադրող հայ իշխանները վերստին դիմեցին նրանց։ Վերջիններս, ավերելով նորից պարսիկներին անցած Ճորա պահակի ամրությունները, ասպատակեցին Պարսից տերության սահմանները և վերադարձան մեծ ավարով ու գերիներով։ Եղիշեն գրում է, որ Պարսից արքունի ատյանը հոների այդ արշավանքի մեղադրանքը նույնպես բարդեց Հայոց մարզպան Վասակ Սյունու վրա։