Վասակ Սյունի (մարզպան)

Վասակ Սյունի (387 - 452[1], Տիզբոն, Սասանյան Պարսկաստան), հայ իշխան և քաղաքական գործիչ, Վրաց (440-451) և Հայոց (441-451) մարզպան։ Բաբիկ Ա Սյունիի որդին, Սյունիների նախարարական տոհմից։

Վասակ Սյունի
Դրոշ
Դրոշ
Սյունիքի իշխան
410 - 451
Վրաց մարզպան
440 - 451
Հայոց մարզպան
441 - 451
 
Մասնագիտություն՝կառավարիչ
ԱզգությունՀայ
ԴավանանքՔրիստոնեություն
Ծննդյան օր387(0387)
Վախճանի օր454(0454)
Վախճանի վայրՏիզբոն, Սասանյան Պարսկաստան
ԴինաստիաՍյունիներ
ՀայրԲաբիկ Սյունի
ԶավակներԱտրներսեհ Սյունի և Բաբիկ Սյունի

Կենսագրություն խմբագրել

Պատանի տարիքում ապրել է Պարսից արքունիքում՝ որպես պատանդ։ Հոր մահից հետո վերադարձել է հայրենիք, տապալել հորեղբորը՝ Վաղինակ Սյունուն, և նրանից խլել Սյունյաց տանտիրությունը։ 420–ական թթ. աջակցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Հայաստանի արևելյան նահանգներում դպրոցներ հիմնելու և լուսավորություն տարածելու գործում։ Շահելով Պարսից արքունիքի վստահությունը՝ 440 թվականին Վասակ Սյունին նշանակվել է Վրաց, ապա Հայոց մարզպան։ Պարսից Հազկերտ II արքայի՝ հայերին զրադաշտականություն պարտադրելու մասին հրովարտակի մերժողական պատասխանին մասնակցելու համար, այլ երևելի նախարարների հետ կանչվել է Տիզբոն՝ պատասխանատվության։ Առերես հավատափոխության և որդիներին պատանդ թողնելու գնով վերադարձել է Հայաստան։ 449-451 թվականներին երկրում ծավալված ժողովրդա-ազատագրական շարժման ժամանակ Վասակ Սյունին վարել է այն կանխելու և արյունահեղ կռվից խուսափելու քաղաքականություն, գտնելով, որ առանց Բյուզանդիայի ռազմական օգնության հայկական սակավաթիվ ուժերը չեն կարող հաղթանակի հասնել պարսկական մեծաքանակ ուժերի դեմ։ Նրա գաղափարակիցներից էր Սպերի իշխան Տիրոց Բագրատունին։ Չհասնելով արդյունքի, Վասակ Սյունին վճռական պահին լքել է ապստամբներին, պառակտել պայքարի միասնական ճակատը՝ իր կողմնակից մի քանի նախարարների հետ անցնելով պարսկական զավթիչների կողմը։ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտ–ից հետո պարսկական պատժիչ զորքերի հետ մասնակցել է ապստամբության ճնշմանը, հալածել է Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներին, կալանավորել և Պարսկաստան է ուղարկել մի շարք նախարարների ու հոգևորականների։ Պարսից արքունիքը, երբ հարկադրված է եղել Հայաստանում մեղմել բռնությունն ու կամայականությունները, վարել սիրաշահելու քաղաքականություն, Վասակ Սյունուն նախ հեռացրել է մարզպանի պաշտոնից և բռնագրավել նրա ունեցվածքը, ապա կանչել է Տիզբոն, ձերբակալել և տանջամահ արել մահապարտների բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 247.