Բեռնարդ Մեյդոֆ
Բեռնարդ Մեյդոֆ (անգլ.՝ Bernard Lawrence Madoff, ապրիլի 29, 1938[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 14, 2021[2][3], Federal Medical Center, Butner, Durham County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[3]), ամերիկացի գործարար, «NASDAQ» ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ։
Բեռնարդ Մեյդոֆ անգլ.՝ Bernard Lawrence Madoff | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1938[1] |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 14, 2021[2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Federal Medical Center, Butner, Durham County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հոֆստրա համալսարան, Բրուքլինի իրավաբանական դպրոց, Ալաբամայի համալսարան և Far Rockaway High School? |
Մասնագիտություն | բորսային միջնորդ, ֆինանսիստ, տնտեսագետ և բանկիր |
Ամուսին | Ruth Madoff? |
Ծնողներ | հայր՝ Ralph Madoff? |
Երեխաներ | Mark Madoff? և Andrew Madoff? |
Bernard Madoff Վիքիպահեստում |
1960 թվականին Ուոլ Սթրիթում հիմնել է «Bernard L. Madoff Investment Securities» ՍՊԸ-ն և ղեկավարել այն մինչև 2008 թվականի դեկտեմբերի 11-ը, երբ մեղադրվել է ամենամեծ բուրգի սխեման ստեղծելու մեջ։ 2009 թվականի հունիսի 29-ին Նյու Յորքի դատարանը Բեռնարդ Մեյդոֆֆին դատապարտել է 150 տարվա ազատազրկման` իր խարդախության համար։
Կենսագրություն խմբագրել
Բեռնարդ Մեյդոֆը ծնվել է 1938 թվականին հրեաների ընտանիքում և 1956 թվականին ավարտել է Նյու Յորքի «Far Rockaway» հեղինակավոր դպրոցը, որտեղ չէր համարվում գերազանց սովորող ուսանող։ Նա Լողի սիրահար էր։ 1960 թվականին ավարտել է Նյու Յորքի Հոֆսթրա քոլեջը՝ ստանալով քաղաքագիտության Բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում աշխատել է լողափում` որպես փրկարար և պարտեզի ոռոգման համակարգերի տեղադրող, դրանով կուտակելով 5 հազար դոլար։ Այս գումարով, 1960 թվականին, նա հիմնադրել է իր ընկերությունը` «Madoff Investment Securities»-ը:
Տասը տարի անց Բեռնարդն իր բիզնեսում ընդգրկել իր եղբորը՝ Փիթերին, իսկ ավելի ուշ՝ եղբորորդիներին՝ Ռոջերին և Շանուին, և իր երկու որդիներին՝ Մարկին և Էնդրյուին։
Մեյդոֆը մասնակցել է «NASDAQ» ամերիկյան ֆոնդային բորսայի ստեղծմանը, որը ներդրողների շահերից ելնելով զբաղվել է արժեթղթերի առք ու վաճառքով։
«Madoff Investment Securities»-ն այս բորսայի առևտրի 25 խոշոր մասնակիցներից մեկն էր, որի ստեղծողը կոչվում էր Ուոլ-Սթրիթի աչքի ընկնող գործիչ[4] և բորսայում էլեկտրոնային առևտրի ռահվիրա[5]։ Նա առաջիններից մեկն էր Նյու Յորքում, որն իր ընկերության փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ համակարգչով իրականացրեց[6][7]։
Մեյդոֆը ծառայում էր «NASDAQ» տնօրենների խորհրդում և նախագահում էր այն 1990-ականների սկզբին։ Բացի այդ, Մեյդոֆն աշխատել է որպես «Madoff Securities International» հեջ-ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, որը հիմնադրվել է 1983 թվականին, որի կենտրոնական կայանը գտնվում է Լոնդոնում։ Նաև 1985 թվականին նա Միջազգային արժեթղթերի մաքրման կոորպորացիայի հիմնադիրներից մեկն էր և տնօրենների խորհրդի անդամ, որը զբաղվում էր ֆինանսական քլիրինգով, ընկերությունների և պետությունների միջև անկանխիկ վճարումներով։
Մեյդոֆը հայտնի էր իր բարեգործական աշխատանքներով։ Երբ 2006 թվականին եղբորորդի Ռոջերը լեյկեմիայից մահացավ, դրանից հետո նա պարբերաբար նվիրատվություններ էր կատարում քաղցկեղի և շաքարախտի բուժման ուղիները հետազոտելու համար։ Կնոջ հետ հիմնադրել է «Madoff Family Foundation»-ը, որը միլիոնավոր դոլարներ է նվիրել թատրոններին, թանգարաններին, ուսումնական հաստատություններին և հրեական բարեգործական կազմակերպություններին։ Բացի այդ, Մեյդոֆը Հրեական Յեշիվա համալսարանի բիզնես դպրոցի փաստաբանների խորհրդի գանձապահն էր և Հոֆստրայի համալսարանի փաստաբանների խորհրդի անդամ։ Մեյդոֆը նաև նախընտրական նվիրատվություններ է կատարել ամերիկացի քաղաքական գործիչների համար, որոնք հիմնականում դեմոկրատական կուսակցության անդամներ են։ Մեյդոֆը դահուկավազքի և գոլֆի մի քանի էլիտար ակումբների անդամ էր, ուներ բնակարաններ Մանհեթենում, տներ Պալմ Բիչում և Ֆրանսիայում։ Բահամյան կղզիներում նա ուներ իր սեփական զբոսանավը։
2008-ին նա մեղադրվեց ամենամեծ բուրգի սխեման ստեղծելու մեջ։ 2009-ի հունիսի 29-ին Նյու Յորքի դատարանը Մեյդոֆին դատապարտեց 150 տարվա ազատազրկման իր խարդախության համար։
Բեռնարդ Մեյդոֆի որդիներից մեկին` Մարկ Մեդոֆին, գտել էին կախված վիճակում` 2010 թվականի դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի իր տանը։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Մարկը վկա էր իր հոր գործին, բայց նրան մեղադրանք չէր առաջադրվել որպես հանցակից։ 2009-ին նա մեղադրվեց Նյու Յորքում և Կոնեկտիկուտում ընդհանուր առմամբ 66 միլիոն դոլարի չափով շքեղ բնակարանների ապօրինի ձեռքբերման մեջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Muere en prisión el financiero Bernie Madoff (իսպ.) — Barcelona: La Vanguardia Ediciones, SL, 2021. — ISSN 1133-4835
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Sacks E. Bernie Madoff, mastermind behind largest Ponzi scheme in history, dies at 82 — NBC News, 2021.
- ↑ Tom Leonard (2008 թ․ դեկտեմբերի 15). «Bernard Madoff: Wall Street's Wizard of Oz» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Factfile: Bernard Lawrence Madoff. — Businessworld Magazine, 12.12.2008
- ↑ Alan Feuer, Christine Haughney (2008 թ․ դեկտեմբերի 12). «Standing Accused: A Pillar of Finance and Charity» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Jonathan Spicer (2008 թ․ դեկտեմբերի 12). «NEWSMAKER-Madoff's confounding success finally dissected» (անգլերեն). Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն խմբագրել
- Հարրի Մարկոպոլոս Բեռնար Մեդոֆի բուրգի սխեման. Հետաքննել պատմության մեջ ամենամեծ խաբեությունը = No One Would Listen: A True Financial Thriller. — М.: «Диалектика», 2012. — 368 с. — ISBN 978-5-8459-1686-0
Արտաքին հղումներ խմբագրել
- Олег Сулькин (2008 թ․ դեկտեմբերի 22). «Бернард и его Шоу». Итоги, № 52 (654). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- Олег Маслов (2009 թ․ ապրիլի 3). «Бернард Мэдофф и мировой кризис». Независимое аналитическое обозрение. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդ Մեյդոֆ» հոդվածին։ |