Ֆոնդային բորսա

Ֆոնդային բորսան այն կազմակերպված շուկան է, որտեղ իրականացվում են արժեթղթերի առքուվաճառքի գործարքները։ Պատմականորեն սկզբում ստեղծվել են արտաբորսային շուկաները, բայց հետագայում արժեթղթերով գործարքների արագ աճը պահանջեց կազմակերպել ավելի կարգավորված առևտուր. ի հայտ եկան ֆոնդային բորսաները։ Ի սկզբանե ֆոնդային բորսան զբաղվում էր բացառապես արդյունավետ առևտրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ, սակայն շուկայի զարգացմանը զուգընթաց նրա խնդիրը ոչ այնքան առևտրի կազմակերպումն է, որքան դրա սպասարկումը։

Ֆոնդային բորսայի նկարագրություն խմբագրել

Դասական ֆոնդային բորսան իրենից ներկայացնում է գործարքային սրահով մի կառույց, որտեղ կնքվում են գործարքներ, սակայն համակարգչային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը հիմք հանդիսացավ արդեն էլեկտրոնային բորսաների ստեղծման համար (սրա օրինակ է նաև Հայաստանի ֆոնդային բորսան). ավանդական բորսան՝ բարձր բղավող աշխույժ երիտասարդներով, հեռախոսային և հեռագրային սարքերով, աստիճանաբար անցյալ է դառնում։ Էլեկտրոնային բորսան իրենից ներկայացնում է համակարգչային ցանց, որին միացած են բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների տերմինալները։

Բորսայի կանոնները խմբագրել

Ֆոնդային բորսան կազմակերպված շուկա է, ուստի այնտեղ գործարքներ կնքելիս, անհրաժեշտ է բոլոր կանոնները պահպանել, հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական լուրջ դժվարություններ (ընդհանրապես, ֆոնդային բորսաները գործում են կառավարության թույլտվությամբ)։ Ոչ բոլոր արժեթղթերը կարող են շրջանառվել բորսայում. թույլատրվում են միայն այն թողարկողների արժեթղթերը, որոնք համապատասխանում են բորսայի պահանջներին. դրանք հիմնականում խոշոր, ֆինանսապես ամուր ընկերությունների են պատկանում, նոր և ֆինանսապես ավելի թույլ ընկերությունների արժեթղթերը, սովորաբար, շրջանառվում են արտաբորսայական շուկայում։ Յուրաքանչյուր բորսա ինքն է մշակում էմիտենտների նկատմամբ պահանջները. բորսայի պահանջներին թողարկուղների համապատասխանության ստուգման հետ կապված առաջացել է հատուկ տերմին՝ ցուցակում (անգլ.՝ listing)։ Եթե արժեթղթերը համապատասխանեն ներկա պահանջներին, ապա դրանք թույլատրվում են բորսայական շրջանառության, եթե ոչ, ապա դրանք կարող են արգելվել. այդ գործընթացը կոչվում է delisting: Բաժնետիիրական ընկերութըունները սովորաբար ձգտում են, որ իրենց արժեթղթերը շրջանառվեն բորսայում, քանի որ դա խոսում է բաժնետիրական ընկերության հուսալիության որոշակի մակարդակի մասին. այն անցել է բորսայի մասնագետների ստուգման փուլը։

Փոխանակման տրամադրում է մեխանիզմ անաչառ լուծման բխող վեճերի. Որպեսզի հասնել այդ նպատակներն են հատուկ արբիտրաժային հանձնաժողովը, որը բաղկացած է անկախ փորձագետների ոլորտում առեւտրի եւ վեճերի լուծման։ Նրանք ապահովում անաչառ վերանայում առարկայի վեճի և որոշելու համար, թե որքանով է հասցված վնասի տուժող կողմի։

Ֆոնդային բորսայի գործառույթները խմբագրել

  • Արժեթղթերի առուվաճառքի իրականացման համար որոշակի տեղի տրամադրում, այսինքն, առևտրի կենտրոնացում մի վայրում, որտեղ կարող են տեղի ունենալ թե՛ արժեթղթերի սկզբնական վաճառքը, թե՛ դրանց հետագա շրջանառությունը։
  • Բորսայական հավասարակշռված գնի բացահայտում, այսինքն, արժեթղթերի շուկայական, իրական գների ձևավորում։ Ֆոնդային բորսան միավորում է մեծ թվով մասնակիցների՝ այդ թվում և՛ վաճառողների, և՛ գնորդների, որոնք հանդիպում են ոչ միայն առևտրի պայմանների քննարկման համար, այլև բացահայտում են նաև փոխադարձ ընդունելի գինը։
  • Բորսայական առևտրի բացության, հրապարակայնության ապահովում՝ սակարկությունների և գործարքների թափանցիկություն։ Բորսան չի երաշխավորում, որ արժեթղթերում ներդրված միջոցները անպայման եկամուտ են բերելու, բայց ապահովում է իր ծառայություններից օգտվող միևնույն դասի բոլոր անձանց համար տեղեկությունների հավասար հասանելիութուն։
  • Ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումը և կենտրոնացումը արժեթղթերի վաճառքի կազմակերպման միջոցով։ Այսինքն, այն մի կողմից նպաստում է նոր միջոցների համաքագրմանը, մյուս կողմից՝ մեծացնում սեփականտերերի շրջանակը, բացի այդ, հնարավորություն ստեղծում ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքի համար։
  • Բորսայում կնքված գործարքների կատարման երաշխիքի ապահովում։ Ֆոնդային բորսաներն ապահովում են գործարքների կատարման երաշխիքներ, քանի որ
    • ցուցակման միջոցով նրանք ընտրում են ֆինանսապես կայուն և շահույթով աշխատող թողարկողների արժեթղթերը՝ դրանով ապահովելով վաճառվող և գնանշվող արժեթղթերի հուսալիությունը,
    • բորսայի կողմից հաստատված կարգով խիստ պայմաններ են կիրառում գործարքների կնքման, գրանցման և կատարման նկատմամբ, որի շնորհիվ առևտրի մասնակիցներն ավելի վստահ և ապահով են զգում իրենց,
    • իրենց հաշվարկային պալատների միջոցով ստեղծում են երաշխիքային և պահուստային հիմնադրամներ՝ գործարքների կատարումը երաշխավորելու նպատակով։
  • Արբիտրաժի ապահովում (վեճերի անարգել լուծման մեխանիզմ)։ Այն որոշում է անձանց այն շրջանակը, որոնք կարող են կատարել իրենց առջև դրված խնդիրը, ինչպես նաև տուժող կողմի համար հնարավոր փոխհատուցումները։ Խնդրի իրականացման համար շատ ֆոնդային բորսաներ ստեղծում են հատուկ արբիտրաժային հանձնաժողովներ։
  • Ծառայում է որպես տնտեսական բարոմետր գործարար ակտիվության համար՝ ինչպես առանձին ոլորտներում, այնպես էլ երկրում ընդհանրապես։ Ֆոնդային բորսայի իրավիճակը ներդրողներին տեղեկացնում է տնտեսական կառուցվածքի մասին և նրանց տալիս է կողմնորոշիչներ իրենց կապիտալը ներդնելու վերաբերյալ։

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք խմբագրել

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆոնդային բորսան ինքնակարգավորող կազմակերպություն է, որը որոշակի տեղում, օրենքով և այլ իրավական ակտերով ու իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերով հրապարակային առևտուր և իրականացնում է արժեթղթերի գնանշում։ Հայաստանում ֆոնդային բորսան կարող է ստեղծվել բացառապես ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակով։ Ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արժեթղթերի և ֆոնդային այլ ապրանքների (վարկային ռեսուրսներ, համաշխարհային չափանիշներին համապատասխանող թանկարժեք մետաղներ և այլն) առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն նրա անդամները։ Այլ անձիք կարող են մասնակցել ֆոնդային բորսայի գործարքներին միայն նրա անդամների միջոցով։

Հայտնի ֆոնդային բորսաներ խմբագրել

Զարգացած շուկա ունեցող և անցումային տնտեսությամբ երկրներում գործող հայտի ֆոնդային բորսաներից են՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ (NASDAQ OMX Group, inc.), ՆԱՅՍ Եվրոնեքստ (NYSE Euronext, Inc.), Նասդաք (Nasdaq Stock Market, Inc.), Նյու Յորքի ֆոնդային բորսա (New York Stock Exchange Group, Inc.), Եվրոնեքստ (Euronext N.V.), Ճապոնիայի բորսայական խումբ (Japan Exchange Group, Inc.), Տոկիոյի ֆոնդային բորսա (Tokyo Stock Exchange, Inc.), Իտալիայի բորսա (Borsa Italiana S.p.A.), Լոնդոնի ֆոնդային բորսա (London Stock Exchange plc), Գերմանական բորսա (Deutsche BՓrse AG), Մոսկվայի բորսա (Московская Биржа), Հայաստանի ֆոնդային բորսա (ՀՖԲ) և այլն։ Աշխարհի խոշորագույն կարգավորվող շուկաների օպերատորները՝ ՆԱՅՍ Եվրոնեքստը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը և Ճապոնիայի բորսայական խումբը առևտրային բնույթի բաց ընկերություններ են։ Նախկինում Նյու Յորքի և Տոկիոյի ֆոնդային բորսաներն իրենց անդամներին պատկանող ոչ առևտրային բնույթի կազմակերպություններ էին։ Առևտրային բնույթի բաց ընկերություններ են նաև Գերմանական բորսան, Լոնդոնի, Ավստրալիայի և մի շարք այլ ֆոնդային բորսաներ։ Իրականում առևտրային բնույթի բաց ընկերության իրավական կարգավիճակ ունեցող արժեթղթերի կարգավորվող շուկաների օպերատորներն ավելի արագ են հարմարվում արժեթղթերի շուկայի համընդհանրացմանը, միջազգային շուկայում առկա մրցակցությանը, ֆինանսական կենտրոններում բորսայական առևտրի կենտրոնացմանը և մասնագիտացված շուկաների թվի արագ աճին։

Գրականություն խմբագրել

  • Ա. Սալնազարյան «Արժեթղթերի շուկա» Երևան, 2009 թ.
  • Լ. Հ. Բադանյան «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» Երևան, 2010 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնդային բորսա» հոդվածին։