Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և Օսվենցիմ մահվան ճամբար (Աուշվից համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz), Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար, (գերմ.՝ Konzentrationslager Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Birkenau), Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz-Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz-Birkenau)), Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարների համալիր, որն իր գործունեությունը ծավալել է 1940-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում օկուպացված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքում։ Համաշխարհային պրակտիկայում ընդունված է այս ճամբարը կոչել «Աուշվից»[3], իսկ լեհերենով՝ «Օսվենցիմ». գերմանական կողմը ճամբարը կոչել է հենց Աուշվից։ Խորհրդային և ռուսական տեղեկատուներում[4] ու մամուլում[5][6] համակենտրոնացմանը ճամբարը կոչվել է Օսվենցիմ[7]։

Օսվենցիմ
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ, թանգարան, մահվան ճամբարներ և ճարտարապետական անսամբլ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունOświęcim County?
Մակերես192 հեկտար, 191,97 հեկտար
Կազմված էԲիրկենաու համակենտրոնացման ճամբար, Auschwitz III Monowitz concentration camp? և Օսվենցիմ
Մասն էԱուշվից-Բիրկենաու պետական թանգարան
Անվանված էՕսվենցիմ
Ղեկավար կազմակերպությունSS Main Economic and Administrative Office?
Հիմնադրված էմայիսի 20, 1940
Բացվածմայիսի 20, 1940
Քանդվել էհունվարի 27, 1945
ՏնօրենՌուդոլֆ Հյոս
Իրադարձություններliberation?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն[1] և անշարժ հուշարձան[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Օսվենցիմ ճամբարը 1945 թվականի հունվարի 27-ից հետո
Բիրկենաու (Աուշվից 2) ճամբարի գլխավոր դարպասները, 2014 թվական

Խորհրդային Կարմիր բանակի կողմից 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարն ազատագրվել է։ Հենց այդ օրն էլ՝ հունվարի 27-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։

Շուրջ 1.4 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը ազգությամբ հրեաներ, սպանվեցին Օսվենցիմում 1941-1945 թվականների ընթացքում[8]։ Աուշվից-Բիրկենաունն ամենամեծ ու ամենաերկարակյաց մահվան ճամբարն էր՝ ստեղծված Երրորդ ռայխի կողմից։ Այսօր այն Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկն է համարվում։

Ճամբարի տարածքում 1947 թվականին ստեղծվել է թանգարան, որն այսօր կոչվում է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան, որը ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է։

Կառուցվածք խմբագրել

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը բաղկացած էր երեք հիմնական ճամբարներից՝ Աուշվից 1, Աուշվից 2 և Աուշվից 3։ Ճամբարի ընդհանուր տարածքը կազմում էր ավելի քան 500 հա։

Աուշվից I խմբագրել

Այն բանից հետո, որբ 1939 թվականին Լեհաստանի այս տարածքն անցավ գերմանական զորքերի վերահսկողության ներքո, Օսվենցիմ քաղաքն անվանափոխվեց և դարձավ Աուշվից։ Օսվենցիմում առաջին համակենտրոնացման ճամբարը դարձավ Աուշվից 1-ը[9], որը ծառայեց որպես ամբողջ ճամբարի վարչական կենտրոն։ Այն հիմնադրվել է 1940 թվականի մայիսի 20-ին աղյուսից միհարկանի և երկհարկանի զորանոցների հենքի վրա, որոնք առավելապես ավստրիական էին, հետո՝ լեհական։ Աուշվից 1-ի շինարարները սկզբնական շրջանում Օսվենցիմ քաղաքի հրեական համայնքի բնակիչներն էին։ Նախկին զորանոցի բանջարեղենի պահեստը վերակառուցվել էր որպես I դիակիզարան և դիարան։

Շինարարության մեկնարկի ժամանակ որոշվեց, որ բոլոր միհարկանի շինություններին պետք է ավելացնել նաև երկրորդ հարկը։ Կառուցվեցին նաև լրիվ նոր մի քանի երկհարկանի կառույցներ։ Աուշվից I ճամբարում ընդհանուր առմամբ հաշվվում էր 24 երկհարկանի շինություններ (բլոկներ)։ № 11 բլոկում («Մահվան բլոկ») գտնվում էր ճամբարային բանտը. այստեղ ամիսը երկու-երեք անգամ գումարում էին արտակարգ նիստեր, որի ժամանակ որոշում էին մահվան դատավճիռները։ 1941 թվականի սեպտեմբերի 6-ից սկսած մինչև 1942 թվականի փետրվարի 28-ը № 1, 2, 3, 12, 13, 14, 22, 23 բլոկներում տեղաբաշխվել են խորհրդային ռազմագերիները, որոնց հետագայում տեղափոխեցին Աուշվից II/Բիրկենաու։

Այն բանից հետո, երբ որոշվեց Օսվենցիմում կառուցել համակենտրոնացման ճամբար, քաղաքի լեհ բնակիչներին արտաքսեցին քաղաքից։ Սա տեղի ունեցավ երկու փուլով։ Առաջինը 1940 թվականի հունիսին էր, երբ արտաքսվեցին ավելի քան 2 հազար լեհեր։ Երկրորդ փուլը 1940 թվականի հուլիսն էր, երբ արտաքսեցին Կորոտկայա, Պոլնայա և Լեգիոներների փողոցների բնակիչներին։ Նույն թվականի նոյեմբեր ամսին տեղի ունեցավ արտաքսման երրորդ փուլը, երբ արտաքսվեց Զասոլե շրջանի բնակչությունը։ Արտաքսման երևույթը շարունակվեց մինչև 1941 թվականը. մարտ և ապրիլ ամիսներին վտարվեցին Բաբիցե, Բուդի, Ռայսկո, Բժեզինկա, Բրոշչկովիցե, Պլավի և Խարմենժե գյուղերի բնակիչները։ Ընդհանուր առմամբ բռնի կերպով գաղթեցին 40 կմ² տարածքիում ապրող բնակիչներ. այդ տարածքը համարվեց «Աուշվից ճամբարի հետաքրքությունների ոլորտ»։ 1941-ից 1943 թվականներին այստեղ ստեղծվեցին օժանդակ ճամբարներ գյուղատնտեսական տիպի՝ ձկնային տնտեսություն, թռչնաբուծարան և անասնաֆերմա։ Գյուղատնտեսական ողջ մթերքն առաքվում էր ՍՍ-ի զորքերին։ Համակենտրոնացման ճամբարը շրջափակված էր բարձր լարման կրկնակի ցանկապատերով։

1942 թվականի գարնանը Աուշվից I ճամբարը երկու կողմից երիզվեց երկաթբետոնե ցանկապատով։ Աուշվից, իսկ հետո նաև Աուշվից II/Բիրկենաու, Աուշվից III/Մոնովիցի ճամբարների պահպանությունն իրականացնում էին ՍՍ-ի զինծառայողները՝ «Մեռած գլուխ» միավորումից։

Կալանավորների առաջին խումբը, որը բաղկացած էր 728 լեհ քաղբանտարկյալներից, ճամբար բերվեց 1940 թվականի հունիսի 14-ին։ Առաջին երկու տարիների կալանավորների թիվը տատանվում էր 13-ից 16 հազարը, իսկ 1942 թվականին հասավ 20․000-ի։ Ճամբարի կալանավորները բաժանվում էին դասերի, որը երևում էր նաև նրանց հագուստից․ հագուստի վրա կարված էր համապատասխան նշանը։ Շաբաթվա վեց օրերը, բացի կիրակիից, բոլոր կալանավորնեը պարտադիր պետք է աշխատեին։ Սաստիկ հոգնեցնող աշխատանքային գրաֆիկն ու աղքատիկ սնունդը պատճառ հանդիսացան, որ մահացության մակարդակն արագորեն աճի։ Աուշվից I ճամբարում կային առանձին բլոկներ, որոնք տարբեր նպատակներկ համար էին ծառայում։ № 11 բլոկում տեղի էր ունենում ճամբարի կարգը խախտողների պատիժները։ Այստեղ չորս կարգազանցներին տեղափոխում էին այսպես կոչված «կանգնած խցեր», որոնց մակերեսը ընդամենը 90x90 սմ էր։ Այստեղ նրանք ստիպված պետք է կանգնած մնային ամբողջ գիշեր։ Առավել դաժան ձևեր էին կիրառում մահվան ճամբարում, որոնք հանգեցնում էին դանդաղ մահվան։ Մեղավորներին կամ փակում էին հերմետիկ բանտախցում, որտեղ նրանք մահանում էին թթվածնի պակասից, կամ էլ պարզապես սովամահ էին անում։ 10 և 11 բլոկների միջև գտնվում էր կտտանքների բակը, որտեղ կալանավորներին ենթարկում էին կտտանքների, ապա՝ գնդակահարում։ Պատը, որի տակ կատարվում էր գնդակահարությունը, մինչև պատերազմի ավարտը ապամոնտաժվեց։ № 24 բլոկի երկրորդ հարկում, մինչև 1943 թվականը գործում էր հասարակաց տուն։

1941 թվականի սեպտեմբերի 3-ին, ճամբարի պարեկի տեղակալ օբերշտուրմֆյուրեր Կարլ Ֆրիչի հրամանով առաջին անգամ կիրառվեց Ցիկլոն B գազը․ համար 11 բլոկի նկուղային խցերում այդ գազով թունավորեցին կալանավորներին։ Դրա արդյունքում սպանվեցին 600 ռազմագերիներ ԽՍՀՄ-ից և 250 լեհ քաղբանտարկյալներ՝ հիմնականում հիվանդ[10]։ Փորձը համարվեց հաջողված և I դիակիզարանի շենքը վերաձևափոխվեց գազի խցիկի։ Այդ խուցը գործեց 1941-ից 1942 թվականները, որից հետո դարձավ ՍՍ-ի ռմբապաստարանը։ Արդյունքում խուցն ու I դիակիզարանը վերակառուցվեցին իրականի նման և այսօր էլ ցուցադրվում են թանգարանի տարածքում՝ որպես նացիստական դաժանությունն արտացոլող հուշարձան։

Աուշվից II (Բիրկենաու) խմբագրել

Աուշվից 2 (հայտնի է նաև Բիրկենաու կամ Բժեզինկա) ճամբարը հենց այն վայրն է, որը բոլորը պատկերացնում են Օսվենցիմ ասելիս։ Այստեղ, միհարկանի փայտաշեն բարաքներում պահվել են հարյուր հազարավոր հրեաներ, լեհեր, ԽՍՀՄ ռազմագերիներ, գնչուներ և այլազգի կալանավորներ։ Այս ճամբարի բնակիչների թիվը հասել է շուրջ մեկ միլիոնի։ Այս հատվածի շինարարությունը սկսվել է 1941 թվականի հոկտեմբերին։ 1942 թվականին շահագործման հանձնվեց I հատվածը, որտեղ գտնվում էին տղամարդկանց ու կանանց ճամբարները։ 1943-ից 1944 թվականներին շահագործման հանձնվեց II հատվածը, որտեղ գտնվում էին գնչուական ճամբարը, տղամարդկանց կարանտինը, տղամարդկանց հիվանդանոցը, հրեական ընտանեկան ճամբարը, ամբարային տարածքներն ու «Դեպոճամբարը»՝ Հունգարիայի հրեաների ճամբարը։ 1944 թվականին կառուցվեց նաև III հատվածը։ Կիսակառույց շինություններում 1944 թվականի հունիս և հուլիս ամիսներին տեղավորել էին հրեուհիներ, որոնք գրացված չէին ճամբարի գրանցամատյանում։ Այս ճամբարն անվանում էին նույնպես «Դեպոճամբար», իսկ հետո՝ «Մեքսիկա»։

Առաջին խմբին, որը կազմում էր եկածների մոտավորապես ¾-ը, ուղարկեցին գազի խցիկներ մի քանի ժամերի ընթացքում։ Այդ խմբի կազմի մեջ էի մտնում բոլոր նրանք, ովքեր որակվել էին անաշխատունակ՝ հիվանդները, ծեր մարդիկ, հաշմանդամները, երեխաները, զառամյալները։

Աուշվից 2 ճամբարում կային 4 գազի խցիկ ու 4 դիակիզարան։ Բոլոր չորս դիակիզարանները կառուցվեցին 1943 թվականին։ 24 ժամվա ընթացքում՝ բացի երեքժամյա ընդմիջումից, որի ժամանակ վառարաններն էին մաքրում, 30 վառարանում այրում էին մոտավորապես 5000 մարդու, իսկ 16 վառարաններում՝ I և II դիակիզարաններում՝ 3 հազար մարդու։ Երբ 1944 թվականի ամռանը Բիրկենաու ճամբարի IV և V դիակիզարաններում տեղը չէր բավարարում, մահացածներին այրում էին խրամատներում։

Օսվենցիմի պարեկ Ռուդոլֆ Հյոսը վկայեց[11].

Ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը Օսվենցիմ եմ ուղարկում կուսակցության և ՍՍ-ի գործակատարների, որպեսզի նրանք անձամբ տեսնեն, թե ինչպես են վերացնում հրեաներին։ Բոլորը խորը տպավորություն էին ստանում։

Կալանավորների երկրորդ խումբը ստրկական աշխատանքի ուղարկվեց զանազան արտադրամասերում։ 1940 թվականից մինչև 1945 թվականը Աուշվից համալիրին կցված ֆաբրիկաներում աշխատում էին 405 հազար կալանավորներ։ Նրանցից 340 հազարը մահացել են կա՛մ հիվանդություններից, կա՛մ ծեծից, կա՛մ գնդակահարությունից։ Հայտնի է այն դեպքը, երբ Օսկար Շինդլերը փրկեց շուրջ հազար մարդու կյանք իր գործարանում աշխատելու համար։ Այդ ցուցակից թվով 300 կանայք սխալմամբ հայտնվեցին Օսվենցիմում. Շինդլերը կարողացավ նրանց դուրս հանել ու տեղափոխել Կրակով։

Երրորդ խումբը երկվորյակներն էին ու թզուկները, որոնց բժշկական զանազան փորձերի էին ուղարկում։ Այդ փորձերը հիմնականում կատարում էր Յոզեֆ Մենգելեն, որին անվանում էին «մահվան հրեշտակ»։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսվենցիմ» հոդվածին։