Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սղնախ (այլ կիրառումներ)

Սղնախներ (մոնղ.՝ ամրություն, ապաստարան, թուրք․՝ sığınak), Արևելյան Հայաստանի լեռնային բերդերի և բնական ամրությունների անվանումը 18-րդ դարի 1-ին կեսին։

Հայկական սղնախների պատմություն խմբագրել

Սղնախներ ունեցել են հայկական գրեթե բոլոր նահանգները։ Համեմատաբար առատ տեղեկություններ են պահպանվել Արցախի և Սյունիքի սղնախների մասին, որոնց մելիքական տների ազատագրական պայքարը ռազմադիվանագիտական տեսանկյունից սերտորեն առնչվել են հարևան ժողովուրդների և ռուսական արքունիքի հետ։ Ղարաբաղի հինգ մելիքություններից յուրաքանչյուրն ունեցել է մեծ և փոքր սղնախներ, որոնց մի մասը (Դտիչ-Դորոզ, Ջրաբերդ, Կաչաղակաբերդ, Շիկասար-Քարագլուխ-Շոշ) հայտնի բերդ-ամրոցներ են եղել դեռևս վաղ միջնադարում։ Կառուցվել են նաև նորերը (Գյուլիստան, Ավետարանոց, Քոչիզ)։

Սղնախների զինուժը և մարտերը խմբագրել

Սղնախների զինական ուժերը գլխավորել է Մեծ սղնախը՝ Եսայի Հասան-Ջալալյանի և Ավան Յազբաշու գլխավորությամբ։ Մեծ սղնախը զորքեր է ունեցել նախ Ջրաբերդում, որտեղ 721 թվականի գարնանը ջախջախված ավարառու լեռնականները նահանջել են Կուրի ձախ ափը։ Հետագայում Մեծ սղնախի դերը փոխանցվել է Քարագլխին (Շոշի բերդ)։ Դիզակ գավառի սղնախը եղել է Տողա բերդը, Վարանդայինը՝ Քոչիզը (Հերհեր և Ծովաւոեղ գյուղերի մոտ) և Ավետարանոցը (Չանախչի)։ Թարթառի և Խաչենի հովիտներում նշանավորվել են Գյուլստանը, Ջրաբերդը, Հավքախաղացն ու Կաչաղակաբերդը։ Ղարաբաղի սղնախում տեղաբաշխվել են մոտ 30 հազար հեծյալ և 10 հազար հետևակ մարտիկներ, իսկ զինաբախումների ժամանակ զորակոչվել է բնակիչների մեծ մասը։ Սղնախներում ամրացած հայ զինական ուժը, փաստորեն, ապահովել է նահանգի անկախությունը շուրջ 6 տարի (1721—1727 թվականներ)։ Ղարաբաղի գավառներն այլևս հարկ չեն վճարել թուրք կամ պարսիկ բռնակալներին։ Սղնախների զինված ուժերը Պետրոս I-ի պարսկական արշավանքի ժամանակ, զինակցելով վրացիներին, պատրաստվել են կռվել ռուս զորքերի կազմում, շատ մարտիկներ են մտել հայկական զինուժի կազմի մեջ։ 1724 թվականի գարնանը Ավան Ցուզբաշին 2 հազարանոց զորախմբով Շոշից օգնության է շտապել Սյունիք, որտեղ թուրքական լծի դեմ պայքարը գլխավորում էր Դավիթ Բեկը։ 1725 թվականին սղնախները ոչնչացրել են Վարանդա գավառ ներխուժած թուրքական մի խոշոր զորաջոկատ։ 1726 թվականի աշնանը Մեծ սղնախը՝ Շոշի բերդը, ծանր մարտերում զգալի կորուստներ է պատճառել թուրքական բանակին և հարկադրել նահանջել։ Հետագա պայքարի կենտրոններ են դարձել Ջրաբերդն ու Գյուլստանը, որոնց հերոսական պաշտպանությունն ապահովել է Ղարաբաղի լեռնային գավառների անձեռնմխելիությունը։ Սզնախների պայքարը շարունակվել է մինչև 1728-1729 թվականները, երբ Եսայի Հասան-Ջալալյանի մահից (1728 թվականին) հետո մյուս ղեկավարները անցել են Ռուսաստան՝ հայրենիքի ազատագրման հեռանկարը կապելով հետագա իրադարձությունների նպաստավոր շրջադարձի հետ։

Շոշի սղնախ խմբագրել

Շոշի սղնախը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Այստեղ կատարված պեղումների արդյունքում պարզվեց, որ այն համընկնում է Շուշիի ներկա տարածքում մինչև Փանահի կողմից պարիսպների կառուցումը (18-րդ դարի 50-ական թվականներ) եղած ամրություններից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտի պարսպահատվածներին։ Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը տեղափոխվել են Երևան, վերականգնվել, հետո հանձնվել Շուշիի պատմա-երկրագիտական թանգարան։

Աղբյուրներ խմբագրել

  • ԼՂՀ կառավարությանն առընթեր «Զբոսաշրջության վարչություն», «ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 2005-2010 թթ.», Ստեփանականրտ, 2011 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։