Սեպուհ (տիտղոս)

հայկական և պարսկական ազնվական տիտղոս

Սեպուհ, հայ աշխարհիկ ազնվականության մի խավի (սեպուհներ) ներկայացուցիչների տիտղոսը միջնադարյան նախարարական Հայաստանում։Սեպուհները կազմում էին ազնվականության կրտսեր դասը վաղ ավատատիրական Մեծ Հայքում։ «Սեպուհ» են կոչվել նախարարի ու նրա տոհմի որդիները։ Ենթարկվել են նախարարին, զինվորական ծառայություն կատարել նրա զորամասում, իրականացրել այլ վասալական պարտականություններ (տես նաև «Ազատներ»)։ Խոշոր կամ ավագ նախարարական տոհմերի սեպուհները և կրտսեր նախարարների գահաժառանգները կոչվել են նաև ավագ սեպուհներ։ Վերջիններս հաճախ մասնակցել են նաև պետական գործերին (հրավիրվել են աշխարհաժողովների, ունեցել կնիք, վարել արքունի պաշտոններ և այլն)[1][2]։

Նախարարական հողատիրության քայքայումից հետո՝ IX–X դարերում որոշ սեպուհներ, ընդարձակելով իրենց կալվածքները, ձեռք բերելով ամրոցներ և կազմելով զինված ջոկատներ, վերածվել են գահակալ իշխանի՝ ձևականորեն ընդունելով գահերեց իշխանի վերածված նախարարի գերիշխանությունը։ ժամանակի ընթացքում կորցնելով իր նախնական սոցիալական իմաստը՝ «սեպուհը» օգտագործվել է ազնվական, ասպետ, ազատ, պայազատ նշանակությամբ[1][2]։

Հավանական է, որ Մեծ Հայքի թագավորության Սեպուհ տիտղոսը շատ մոտավորապես համընկնում է արևմտաեվրոպական բարոն, Կիլիկյան Հայաստանի պարոն, գուցե նաև՝ արևմտաեվրոպական ավագ բարոնետ տիտղոսներին։ Այնինչ Մեծ Հայքի թագավորության ավագ սեպուհ տիտղոսը ավելի շուտ համապատասխանում է արևմտաեվրոպական ավագ բարոն և դեր-կոմս տիտղոսներին։

Ավատատիրական բուրգը Մեծ Հայքում և սեպուհների տեղը նրանում խմբագրել

II-III-րդ դարերում Մեծ Հայքի թագավորությունում ստրկատիրական ֆորմացիան փոխարինվեց ավատատիրականով։Ավատատիրական կարգերը ստրկատիրականից հիմնականում տարբերվում են արտադրության հիմնական միջոցի` հողի մասնավոր սեփականատիրոջը պատկանելով։Ստրկատիրական կարգերի օրոք հողը պատկանում է հիմնականում թագավորներին։Ավատատիրական կարգերի ժամանակ հայկական հասարակությունը բաժանվում էր 2 դասակարգի` շահագործող ավատատերների և շահագործվող գյուղացիության։Ավատատերը հիմնական արտադրողին` գյուղացուն, ենթարկում են արտատնտեսական հարկադրանքի։Իշխանական բուրգի գագաթին Մեծ Հայքում գտնվում էր հայոց արքան, որը կրում էր Մեծ Հայքի «Մեծ թագավոր» տիտղոսը։Նրանից ներքև գտնվում էին բդեշխները` Աղձնիքի բդեշխը, որը կոչվում էր Մեծ բդեշխ, Գուգարքի բդեշխը, Նոր Շիրականի կամ Պարսկահայքի բդեշխը և Ծոփքի բդեշխը։Իշխանության բուրգի ավելի ստորին աստիճանին կանգնած էին նախարարները։Նախարար բառը պահլավական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է ցեղի, տոհմի ղեկավար։Նախարարները իրենց շուրջը համախմբում էին նույն տոհմի ավելի ստորակարգ ազնվականների։Սրանք Մեծ Հայքում կոչվում էին սեպուհներ։Սեպուհ թարգմանաբար նշանակում է տոհմի որդի։Ամբողջ ազնվականությունը Հայաստանում կոչվում էր ազատանի։«Ազատ» բառը թարգմանաբար նշանակում է «սերված»։

Հայաստանում շահագործվող դասը իր ամբողջության մեջ կոչվում էր ռամիկ։Այս բառը թարգմանաբար նշանակում է ամբոխ։

Այսպիսով Մեծ Հայքում սեպուհները աշխարհիկ ավատատիրական բուրգում (պարզեցված տեսքով) գտնվում էին Արքայից, բդեշխներից և նախարարներից հետո 4-րդ աստիճանի վրա։ Ավելի բարդ կառույցի դիտարկման դեպքում նրանք գտնվել են 1. Արքայից, 2. Մեծ բդեշխից, 3. բդեշխներից, 4. ավագ նախարարներից, 5. նախարարներից, 6. ոստանիկներից, 7. ավագ սեպուհներից հետո, գրավելով 8-րդ աստիճանը։ Իսկ եթե միասին դիտարկենք աշխարհիկ և հոգևոր ավատատիրական կառույցները, ապա սեպուհները 1. Արքայից, 2. Կաթողիկոսից (հայրապետ, քահանայապետ), 3. Մեծ բդեշխից, 4. բդեշխներից, 5. ավագ նախարարներից, 6. նախարարներից, 7. եպիսկոպոսներից, 8. ոստանիկներից, 9. ավագ սեպուհներից հետո, գրավել են 10-րդ աստիճանը[3]։

Ազատներից՝ խոստակդարներից, սեպուհներից և ոստանիկներից էր կազմվում Մեծ Հայքի ընտրյալ զորախումբը։

Եթե մոտավորապես համեմատենք ավատատիրական Հայաստանի և ավատատիրական Եվրոպայի ազնվական տիտղոսների համակարգը, ապա համեմատական զուգահեռ շարքը հետևյալ տեսքը կարող է ունենալ.[3]

համարը
ավատա-
տիրական
բուրգում
հայկական
տիտղոսը
եվրոպական
տիտղոսները
1Արքայից Արքա,Իմպերատոր, Կայզեր, Կայսր
2Մեծ Արքա, ԱրքաՔինգ, Քյոնիգ, Ռեքս, Ռուա, Կորոլ, Կրալ
3Մեծ ԲդեշխԷրցհերցոգ, Արքիդուքս
4ԲդեշխՀերցոգ, Դուքս
5Ավագ նախարար, Գահերեց իշխանՄարկ-Գրաֆ, Մարքիզ
6ՆախարարԿոմս, Գրաֆ,
7Կրտսեր Նախարար, Գահակալ իշխան, Բերդատեր պարոնՎիկոնտ, Վիցե-կոմս, Փոխ-կոմս
8Ավագ սեպուհԴեր-Կոմս, Ավագ Բարոն
9Սեպուհ, Պարոն, ԲարոնԲարոն, Ավագ Բարոնետ
10Խոստակդար,Բարոնետ
11ՁիավորԱսպետ կամ շեվալիե՝ կավալեր, կաբալիերո

Խոստակդարներ խմբագրել

Միջնադարյան Մեծ Հայքի ազնվականության կամ ազատների դասի ստորին խավը կազմում էին խոստակդարները։ Մոտավորապես համապատասխանել են Կիլիկյան Հայաստանի ձիավորներին։Խոստակդար տիտղոսը ծագում էր միջին պարսկ. խվասթաք–դար–ավատատեր բառից։ Նշանակում էր խոստակ ստացող ավատատեր պարթև Արշակունիների, Սասանյանների պետությունում և Մեծ Հայքում։ Խոստակդարն իրավունք չուներ առանց խոշոր ֆեոդալի վաճառել կամ նվիրել խոստակը։ Խոստակդարն իր խոստակը կարող էր ժառանգել որդիներին կամ մերձավորներին՝ ըստ օրենքի և կտակի։ Ժառանգությունը որդիներին տրվել է ամբողջությամբ կամ յուրաքանչյուրին՝ իր բաժինը։ Խոստակդարի պարտքը պարտավոր էին վճարել նրա որդիները՝ ժառանգության իրենց բաժնին համապատասխան։ Այլադավանները խոստակդարի ժառանգորդ չէին ճանաչվում[4]։Խոստակդարները վաղ միջնադարյան Հայաստանի ավատատիրական բուրգում գտնվում էին ոստանիկներից ներքև, ամենայն հավանականությամբ՝ ենթակա էին նրանց և Կիլիկյան Հայաստանում վերածվեցին ձիավորների դասին, ինչպես որ սեպուհների դասը Բագրատունյաց Հայաստանում վերածվեց գահակալ իշխանների, իսկ Կիլիկյան Հայաստանում՝ բերդատեր պարոնների դասի[5]։

Ավագ սեպուհներ խմբագրել

Ավագ սեպուհները մտել են Մեծ Հայքի ավագանու դասի մեջ։ Իսկ Ավագանին Մեծ Հայք պետության՝ որոշում կայացնող վերնախավն էր. համազգային նշանակություն ունեցող վճիռները Հայոց թագավորը սովորաբար կայացրել է Ավագանու հետ խորհրդակցելուց հետո[6]։

Ոստանիկներ խմբագրել

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» շատ անհստակ և չափազանց լայն է մեկնաբանում «Ոստանիկ» բառի նշանակությունները[7]:. «Ոստանիկ (հնացած), 1. գոյական, Ոստանի՝ մայրաքաղաքի բնակիչ։ 2.Արքունիքում ծառայող ազնվական: 3.Բարձր տոհմերից, ազնվական։ 4.Տղամարդու հատուկ անուն։»

Խոշորագույն հայագետներից մեկը՝ Ստեփան Մալխասեանցն իր անանցելի արժեք ունեցող «Հայերէն բացատրական բառարանում» առավել ճիշտ է բացատրում «Ոստանիկ» միջնադարյան տերմինի նշանակությունը։ Ուշագրավ է հատկապես տերմինի երկրորդ նշանակությունը. ածական՝ 1.Արքունական ոստանի բնակիչ։ 2.ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏՈՀՄԻՑ ՍԵՐՎԱԾ: 3.Ոստանի, մեծ քաղաքի բնակիչ: 4. փոխաբերաբար՝ Բարեկիրթ, քաղաքակիրթ, մշակված[8]։

Խոշորագույն հայագետներից Հրաչյա Աճառյանը իր «Հայերէն արմատական բառարանում» ստուգաբանելով «Ոստան» բառը, մեկնաբանում է նաև «Ոստանիկ» տերմինի նշանակությունը, ցույց տաով, որ միջնադարյան հայ աղբյուրների տվյալների, մասնավորապես Եղիշեի, Ղազար Փարպեցու, Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի պատմական երկերի համաձայն[9][10][11]՝ «Ոստանիկ» նշանակել է «Արքունական ցեղ», «Արքունական տուն», «Արքունական գունդ»[12]։

Իրականում ոստանիկները, ըստ էության, արքունական սեպուհներն էին, այսինքն՝ արքայատոհմի սեպուհները։ Եթե արքայատոհմը դիտենք որպես մի առանձնահատուկ նախարարական տոհմ՝ երկրի թիվ մեկ և գերագահ նախարարական տոհմը, որին սերնդե-սերունդ պատկանում էին երկրի արքայական գահն ու թագը, ապա արքունական տոհմի ավագագույն սեպուհից բացի, որը՝ արքայազն թագաժառանգն էր, մնացած բոլոր սեպուհները ինքնաբերաբար դառնում էին ոստանիկներ, այսինքն՝ արքայական տոհմի ազնվականներ՝ արքունական սեպուհներ[5]։

Սեպուհ տիտղոսի ծագումը և ստուգաբանությունը խմբագրել

«Սեպուհ» տիտղոսը, ըստ արդի գիտական գրականության մեջ շրջանառվող տեսակետների, ծագում է հին իրանական լեզուներից, մասնավորապես՝ զենդ ավեստայի՝ viso–puthra – «տոհմի որդի» տերմինից։ Իսկ բառի իմաստը բացատրում է որպես «ասպետ, ազնուականութեան մի աստիճան»՝ հղում անելով միջնադարեան հայ հեղինակներ Եղիշեի, Ղազար Փարպեցու և Արիստակես Լաստիվերցու երկերին[13]։Այդ տեսակետն է ներկայացված Գևորգ Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարանում»՝ հղելով Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանին»[14]։. Սեպուհ - «սեպուհ, ազնվական»։ Փոխառություն է իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն vispuhr, այլև ավեստերեն vīsō-puθra-[14]:Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»[15]՝ Սեպուհը ստուգաբանվում է որպես գոյական՝ պատմական բառ՝ 1. նախարարական տոհմից սերած իշխան հին Հայաստանում։ 2. Ընդհանրապես՝ ազնվական ծագում ունեցող անձ, ազատ։ որպես ածական՝ 3. Սեպուհներից կազմված, բաղկացած։ Օրինակ՝ Սեպուհ Գունդ։ 4. Ոերպես ածական, նշանակում է նաև Առաջին, առաջնակարգ, գերազանց. օրինակ՝ Սեպուհ պարտք, սեպուհ դեսպան։Նույն բառարանի համաձայն՝ կին սեպուհը, ինչպես նաև սեպուհի կինը կոչվել են սեպուհուհի[15]։

Նմանատիպ ստուգաբանություն ենք տեսնում նաև Լիբանանում 1990-ականների սկզբներին արևմտահայերեն հրատարակված բացատրական բառարանում[16]՝ «Սեպուհ - գոյական անուն. 1.Միջնադարեան Հայաստանի մէջ՝ նախարարական տոհմէ սերած իշխան։ 2. Ազնուական ծագում ունեցող անձ։ 3. Հայաստանի լեռներէն մէկուն անունը։ 4. ածական՝ սեպուհներէ կազմուած։ 5. (փոխաբերաբար) գլխաւոր, առաջնակարգ։ 6. վիճակը՝ սեպուհութիւն։»

Սեպուհ տերմինի արդիական կիրառությունը խմբագրել

Սեպուհ տերմինի կիրառումը հայկական տաճարականների զորագնդում խմբագրել

Արդի ժամանակաշրջանում սեպուհ տիտղոսը դարձյալ դրվել է կիրառության մեջ։Մասնավորապես մամուլում տվյալներ են հայտնվել հայկական տաճարական (տամպլիերների ռազմա-կրոնական միաբանությանն) զորախմբի ստեղծման մասին։Ըստ «Մեդիալաբ.ամ» համացանցային լրատվամիջոցի՝ «Մի շարք աղբյուրներ տեղեկություններ են տարածել այն մասին, թե Երևանի «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում տեղի է ունեցել հայ տամպլիերների (տաճարականների) խորհրդակցությունը։ Այլ մանրամասներ հանդիպման և դրա մասնակիցների մասին դեռևս հայտնի չեն, հաղորդում է Asekose.am-ը և հիշեցնում, որ հայ տաճարականների մասին առաջին անգամ սկսեցին խոսել անցյալ տարի [2011թ.], այն բանից հետո, երբ Երուսաղեմի տաճարի Գերագույն զինվորական օրդենը (OSMTH) հայտարարեց «հայ տաճարականների գունդ» կամ «տամպլիերների կոմանդորություն» ստեղծելու մտադրության մասին։ Ընդ որում, տրվում էին բավականին հայտնի անհատների անուններ։ Ասվում էր, որ հայկական գնդում կան 17 ասպետներ և սեպուհներ։ Տարեկան անդամավճարը Երևանի ասպետների համար ընդամենը 100 եվրո է։»[17]

Սեպուհ տերմինի կիրառումը հայկական ռազմական մամուլում խմբագրել

1988-2015թթ. ընթացքում հայկական գիտական շրջանակներում և մամուլում տարբեր առաջարկներ են արվել վերականգնելու հին հայկական ռազմական կոչումները։ Մասնավորապես 2012թ. ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյանի կողմից առաջարկվել է Հայաստանի արդի ռազմական տերմինաբանության կատարելագործման շրջանակներում հնարավորինս հայացնել նաև ռազմական կոչումների ցանկը, հրաժարվելով բազմաթիվ օտարալեզու կոչումներից, այդ թվում՝ սեպուհը, որպես ռազմական կոչում՝ մտցնել Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի սպայական կազմին տրվող կոչումների ցանկի մեջ[18]։

Բարոնետ տիտղոսի ավագ աստիճանը՝ որպես սեպուհին շատ մոտավորապես համապատասխանող եվրոպական ազնվական տիտղոս խմբագրել

Բարոնետ կամ անգլ.՝ baronet[19] հապավվում է որպես Bart կամ Bt[19]: Նրա իգական համարժեքը, որը շատ հազվադեպ է կիրառվում՝ բարոնետուհի, անգլ.՝ baronetess[20][20], կամ[19], հապավումը՝ "Btss"), ազնվական անձ է, որը կրում է բարոնետության իրավունքներ,իսկ ժառանգական տիտղոսը շնորհվում է Բրիտանական թագի կողմից։ Հետաքրքիր է, որ բարոնետի տիտղոսի շնորհումը նախապես մտցվել է Անգլիայում, 14-րդ դարում։ Ընդ որում դա արել է Շոտլանդիայի Ջեյմս VI, այսինքն՝ Հակոբ VI կամ նույն ինքը՝ Անգլիայի Ջեյմս I, Հակոբ I արքան՝ 1611 թվականին, որպես դրամական մեծ միջոցների հավաքման ձև։

Քանի որ բարոնետ տիտղոսը մտցված է Մեծ Բրիտանիայում՝ կարելի է ասել թագավորի հրամանով և բավական ուշ ժամանակաշրջանում՝ 14-րդ դարում, ապա սեպուհի համապատասխանեցումը ավագ բարոնետին խիստ մոտավոր բնույթ է կրում։ Ըստ էության սեպուհ հայկական տիտղոսն ավելի մոտ է Բարոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբ Մանանդյան, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հ․ 4, Երևան, 1981։
  2. 2,0 2,1 Николай Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908․
  3. 3,0 3,1 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, Ավատատիրական Հայաստանի ռազմական կառույցը, Երևան, 2015թ., անտիպ։
  4. Խոստակդար, Ն. Արզումանյան։ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 77 | [1]
  5. 5,0 5,1 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, Ավատատիրական Հայաստանի ռազմական կառույցը, Երևան, 2015, անտիպ։
  6. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, էջ 599։
  7. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան: Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1980։ Հատոր 4, Էջ 112:
  8. Ստեփան Մալխասեանց։ Հայերէն բացատրական բառարան։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երևան, 1944։ Հատոր 3, էջ 572։
  9. Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի մատենագրութիւնք։ Ե դար։ էջ 5-158։ Եղիշեի վարդապետի Վասն Վարդանայ և Հայոց Պատերազմին։ Վենետիկ, 1859 թուական։ Մաս Դ, էջ 71։
  10. Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց։ Ե դար։ Տփղիս, 1904 թուական։
  11. Յովհաննու Կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց։ (Պատմութիւն Յովհաննու Կաթողիկոսի)։ Բ տպագրութիւն։ Երուսաղէմ, 1867 թուական։
  12. Հրաչեայ Աճառեան։ Հայերէն արմատական բառարան։ Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երևան, 1926։ Հատոր 3, Էջ 570։
  13. Հրաչեայ Աճառեան։ Հայերէն արմատական բառարան։ Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երևան, 1926։ | [2]
  14. 14,0 14,1 Գևորգ Ջահուկյան, «Հայերեն ստուգաբանական բառարան»։ «Ասողիկ» Հրատարակչություն, Երևան, 2010։ | [3]
  15. 15,0 15,1 Էդուարդ Բագրատի Աղայան։ Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ | [4]
  16. Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան և Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Հայոց լեզուի նոր բառարան։ Կ. Տօնիկեան և Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ, 1992։ | [5]
  17. «Խորհրդավոր հանդիպում «Արմենիա-Մարիոտ»-ում», 29-05-2012, © Medialab.am | [6]
  18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, 2012թ. հունվար։
  19. 19,0 19,1 19,2 Collins, Baronet, 23 September 2014, Collins Dictionary
  20. 20,0 20,1 Randome House, Baronetess, Dictionary.com, 15 August 2016(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 302