Շիկակարմիր տառեղ

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 78-90 սմ է, թևերի բացվածքը՝ 120-150 սմ։ Գլուխը, վիզը, մարմինը ներքևից նարնջագույն-դարչնագույն են, գլուխը, վիզը՝ շերտավոր նախշերով։ Մուգ գագաթից տարածվում են մուգ գույնի փետրածփքեր, որոնք գլխի վրա բացակայում են, իսկ վզի ստորին մասինը ծածկում են կուրծքը։ Երիտասարդի մեջքի փետուրները բաց գույնի երիզով են, վզի կողքերը և հետին մասը բաց դարչնագույն են։ Առավել գործուն է արշալույսին և մթնշաղին։ Թռիչքի ընթացքում (նեղլիկ գլուխը դեպի մեջքը Ս-աձև ծալած պարանոցով) օձի է նմանվում։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, ծանծաղ ճահճուտներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է ձկներով, մանր ողնաշարավորներով, ջրային միջատներով։

Բնադրում խմբագրել

Բները հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից։ Բույնը գաղութային է՝ եղեգից հարթակ։ Բնադրում է խիտ եղեգնուտում, զբաղեցնում է բնադրագաղութի խորքային մասերը, վտանգի դեպքում խույս է տալիս առաջինը։ Բնադրագաղութը կարող է կազմել թռչունների այլ տեսակների հետ կամ սեփական տեսակի 6-12 զույգից։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից մայիս կամ հունիսի սկզբին։ Թխսակալում են արուն և էգը՝ 27-28 օր։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի 2-րդ կեսից, լիարժեք թռչելու ունակություն են ձեռք բերում հուլիսի 3-րդ տասնօրյակից։

Նշանակություն խմբագրել

Օգտակար է, նպաստում է կրծողների ոչնչացմանը։ Ձկնաբուծությանը հասցրած վնասը նվազագույն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկակարմիր տառեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկակարմիր տառեղ» հոդվածին։