Հաշոմեր (եբրայերեն՝ השומר‎ «Պահապաններ»), հրեական պաշտպանական կազմակերպություն Պաղեստինում, որը կազմավորվել էր 1909 թ. ապրիլին։ Այն Բար-Գիորա ինքնապաշտպանական խմբավորման արդյունքն էր և լուծարվեց 1920-ին Հագանայի հիմնադրումից հետո[1]։ Հաշոմերը պատասխանատու էր Իշուվում հրեական բնակավայրերի պաշտպանության, հրեական համայնքները արտաքին հյուպատոսարանների և արաբական պահակախմբերի կախվածությունից ազատելու և նրանց անվտանգության ապահովման համար։ Խմբավորման գլուխ կանգնած էին երեք իսրայելցիներ` Իսրայել Շոխաթը, Իսրայել Գիլադին և Մենդել Պորտուգալին։

Հաշոմեր
Ընդհանուր տեղեկություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Օսմանյան կայսրություն
Ստեղծվեց1909

Պատմություն խմբագրել

Հաշոմերը ստեղծվել է սոցիալիստական սիոնիստների` հիմնականում Պոալ Սիոնի անդամների կողմից, այդ թվում՝ Իսրայել Շոխաթի, Մանյա Շոխաթի, Եզկել Հենկինի, Յիցխակ Բեն-Ցվիի և Բեն-Ցվիի կնոջ՝ Ռահել Յանաիտի կողմից, որոնցից մի քանիսը նախկինում ձևավորել էին Բար-Գիորա կոչվող փոքրիկ գաղտնի խմբավորումը, որը հսկում էր Սեհերա համայնքը (այժմ՝ Իլանիա) և Մեսհան (այժմ՝ Քֆար Թավոր)։ Բար-Գիորան հիմնադրվել է 1907-ի սեպտեմբերի 29-ին՝ Իսրայել Շոխաթի, Ալեքսանդր Զեյդի, Եզկել Հենկինի կողմից Յիցխակ Բեն-Ցվիի Ջաֆայում գտնվող բնակարանում։ Երկու տարի անց՝ 1909-ի ապրիլի 12-ին, Բար-Գիորայի ղեկավարությունը Մեսհայում կայացած ժողովի ժամանակ որոշեց կազմալուծել իրենց կազմակերպությունը և ստեղծել ավելի մեծը՝ «Հաշոմեր»-ը։ Ավելի վաղ բնակիչները պարտավորվում էին պաշտպանել իրենց հողերն ու համայնքները, իսկ Հաշոմերը Պաղեստինի բոլոր հրեական համայնքների համար կազմակերպված պաշտպանություն ապահովելու առաջին փորձն էր։ 1910-ին Եզկել Հենկինը Շոմերից առաջինը ձի վարեց և դարձավ ձիավարժ։ Նա մյուս «Պահապաններին» սովորեցրեց ձի վարել։ Այդ իսկ պատճառով հանձնաժողովը նրա համար ձի ձեռք բերեց, որին նա անվանեց «Սիպորա»։

Զենք գնելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը շատ մեջ խոչընդոտ էր։ Եհոշուա Հանկինի խորհրդով նրանք Սեհերայի կառավարիչ Եղիաու Կրուսին խնդրեցին իրենց վարկեր տրամադրել։ Առաջին զենքերը ձեռք բերելուց հետո խմբավորման որոշ անդամներ նույնիսկ կարճ ժամանակով զենքը վայր չէին դնում։

Հաշոմերի անդամները 1909 թ․

Նրանք կրում էին տեղական հագուստ և հետևում էին բեդուինների, դրուզինների և չերքեզների սովորույթներից շատերին։ Նրանք նաև ոգեշնչվում էին կազակների պատմությունից։ Առաջին Շոմրիմները (պահակախմբերը) ծառայությունն իրականացնում էին առանց ձիերի, բայց շուտով ձեռք բերեցին ձիեր, ինչը մեծապես բարձրացրեց պահակախմբերի արդյունավետությունը։ Մենդել Պորտուգալին սահմանեց անդամակցության կանոնները։

Գողի հետ հանդիպում մի՛ փնտրեք։ Հետապնդեք նրան և կրակեք միայն ծայրահեղ դեպքում։ Ի վերջո, նա պատրաստվում է գողանալ մի տոպրակ հացահատիկ, ոչ թե սպանել Ձեզ, այնպես որ, մի՛ սպանեք նրան, պարզապես դուրս հանեք։ Գիշերները մի՛ քնեք։ Եթե լսում եք ոտնաձայներ, օդ կրակեք։ Եթե զգում եք, որ գողը մի քանի քայլ հեռավորության վրա է, և դուք կարող եք կրակել այնպես, որ նա ձեր վրա չհարձակվի, ապա օդ կրակեք։ Կրակեք նրան միայն այն դեպքում, եթե ձեր կյանքին վտանգ է սպառնում։
Հաշոմերի անդամները

Օգտագործված զենքերը նույնն էին, ինչ տեղացիներինը, ներառյալ միափող կամ երկփող հրացաններ, «Յունանի» և «Օսմանլի» մեկփողանի մուշկետներ, տարբեր հրացաններ և Մաուզերի ատրճանակներ։ Ժամանակակից հրացանները, որոնք հայտնի են որպես «Աբու-Համզա», ամենահեղինակավորներն էին և երբեմն գողացվում էին տեղացիների կողմից։ Բոլորը կրում էին «շիբիբիյե» (արաբական դաշույն) և «նաբութ» (դագանակ կամ մահակ)։ Զինամթերքը թանկ և դժվար հանդիպող էր, այդ իսկ պատճառով ստեղծվեցին արտադրության պարզունակ կենտրոններ։

Հաշոմերը հաջողությամբ ապահովում էր երկրի բնակավայրերի պաշտպանությունը, ինչն էլ երբեմն արթնացնում էր կողոպտիչների ու աշխատանքից զրկված արաբ պահակախմբերի զայրույթը և պատասխան գործողությունների միջոցով թշնամանք սերմանում արաբ բնակչության մեջ։ Ավելի վաղ բնակիչների մի մասը մտավախություն ուներ, որ Հաշոմերը կարող է խաթարել ստատուս քվոն տեղի բնակչության հետ։ Առաջին աշխարհամարտի տարիներին նրա անդամներից շատերը Օսմանյան կառավարության կողմից աքսորվեցին Անատոլիա, քանի որ նրանք թշնամական (ռուս) ազգերի ներկայացուցիչներ էին, որոշներն էլ կախաղան հանվեցին։ Երբ թուրքերը բռնեցին Նիլիի խմբից Յոսեֆ Լիշանսկուն, նա պատմեց այն ամենը, ինչ գիտեր, այդ թվում «Հաշոմեր»-ի տասներկու անդամների մասին տեղեկությունները։ Այնուամենայնիվ, խումբը գոյատևեց։

Հաշոմերի հուշահամալիրը Թել Հաիում

1920-ին որոշվեց կազմավորել ավելի լայնամասշտաբ խմբավորում` Հագանան, որը պիտի բավարարեր Պաղեստինում աճող հրեական համայնքի կարիքներն ու դիմագրավեր նոր պաշտպանական մարտահրավերներին։ Հաշոմերի շատ անդամներ միացան հրեական լեգեոնին, իսկ մյուսները միացան հեծյալ ոստիկանությանը և նշանակալի դեր խաղացին Թել Հաիի և Երուսաղեմի պաշտպանության գործում՝ 1920 և 1921 թվականների արաբական անկարգությունների ժամանակ։ 1920-ի հունիսին Հաշոմերը դադարեց գոյություն ունենալ որպես առանձին մարմին։ Այնուամենայնիվ, խմբավորման անդամները միմյանց հետ կապ պահեցին և կարևոր ներդրում ունեցան Իշուվի պաշտպանության գործում։ Հագանան ինքնին դարձավ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կորիզը։

Բացի երկրի հրեական բնակավայրերի պահակախմբի դեր կատարելուց՝ Հաշոմերի անդամները ստեղծեցին իրենց սեփական մի շարք բնակավայրերը, ներառյալ Թել Ադաշիմը, Թել Հաիը և Քֆար Գիլադին։

Նշանավոր անդամներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ха-Шомер՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշոմեր» հոդվածին։