Հայկական էսկադրոն

Հայկական էսկադրոն, հայ մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանում ռուսական բանակում։ Ձևավորվել է 1722-ի ամռանը, Աստրախանում, հայերի նախաձեռնությամբ ու միջոցներով՝ կապված XVIII դ. 1-ին քառորդին հայ ժողովրդի ազատագրական պայքարի նոր վերելքի և Պետրոս I-ի պարսկ. արշավանքի հետ՝ հայկական երեք ջոկատների («Հեծյալ ջոկատ», «Էսկադրոն», «Հետախուզական խումբ») միավորումով։

Պատմություն խմբագրել

Նյութական անապահովությունը սահմանափակում էր Հայկական էսկադրոնի թվական աճը, սակայն 1725 թվականից մտցվել են ռուսական զինվորական կոչումներ՝ համապատասխան ռոճիկներով, ինչի շնորհիվ մարտիկների թիվը հասել է 600-700 հոգու, որոնք բաժանված էին 4-6 վաշտի։ Հայկական էսկադրոնը մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում ռուսական զորքերի մղած բոլոր մարտերին (1722-1735), 1735-1739 թվականների ռուս-թուրքական և 1741-1743 թվականների ռուս-շվեդական պատերազմներին։ Բազմաթիվ հայ մարտիկներ արժանացել են պետական պարգևների։

Հայկական էսկադրոնի շտաբը մինչև 1746 թվականը Աստրախանում էր, 1746-1764 թվականներին՝ Ղզլարում։ 1740-ական թվականների վերջից Հայկական էսկադրոնը քանակապես նվազել է՝ կապված հայ ազատագրական պայքարի ժամանակավոր թուլացման և ռուսական հուսարական ստորաբաժանումներում հայազգի զինվորականներ ներգրավելու հետ։ 1760-ական թվականներին Հայկական էսկադրոնը բաղկացած էր գերազանցապես սպաներից։ Կազմալուծվել է Եկատերինա II կայսրուհու 1764 թվականի մայիսի 10-ի հրամանագրով։ Հայ զինվորականների մի մասը, դուրս գալով ծառայությունից, ցմահ ստացել է իր հաստիքային ռոճիկը, մի մասն էլ ցանկությամբ տեղափոխվել է ռուսական բանակի կանոնավոր գնդերն ու հուսարական ստորաբաժանումները, նրանցից ոմանք հասել են զինվորական բարձր պաշտոնների (գնդապետ, գեներալ)։

Հայկական էսկադրոնի հրամանատարներն են եղել՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենց (1722-1724), Աղազար դի Խաչիկ Ախիջանենց (1724-1750), Պետրոս Կասպարով (1750-1760), Միրզաբեկ Մխիթար Վահանով (1760-1764)։

Գրականություն խմբագրել

  • Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի (հրատարակություն և ծանոթագրություն՝ Գ. Ախվերդյանի), «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, դդ 2, 3։
  • Խաչատրյան Հ., Հայ և ռուս ժողովուրդների զինակցությունը ռուսական բանակի կասպիական արշավանքում, Ե., 1972։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 175