Հայերը Վենեսուելայում

Հայերի թիվը Վենեսուելայում կազմում է 3.000 մարդ[1], այլ տվյալներով՝ մինչև 4.000 մարդ[2]։ Կարակասում բնակվում է 1.500 հայ, մնացյալները Կունամա, Մարակայ, Պուերտո Լա Կրուս, Վալենսիա, Բարսելոնա քաղաքներում։

Խաչքար Վենեսուելայի Կարակաս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ

Պատմություն խմբագրել

Չնայած հայկական համայնքը ձևավորվել է 1930-ական թվականներին, հայերի հոսքը Վենեսուելա առավելապես սկսվել է 1950-ականներից հետո, հիմնականում 1966 թվականին։ Գաղթել են հիմնականում Մերձավոր Արևելքից, մասնավորապես Սիրիայից։ Նավթային հարուստ պաշարների շնորհիվ աշխատատեղերի պահանջարկին զուգընթաց Վենեսուելա են գաղթել հայեր նաև Կիպրոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից։

Զբաղվում են գործարարությամբ, առևտրով, արդյունաբերությամբ, ձեռնարկատիրությամբ, նավթագործությամբ, ոսկերչությամբ։ Կան նաև մտավորականներ։ Համայնքում գործում են 1965 թվականին հիմնված «Արարատ» հայկական ընկերակցությունը, Տիկնանց և Երիտասարդաց միությունները, ՀՅԴ տեղական գրասենյակը։

Հայ-վենեսուելական հարաբերություններ խմբագրել

Վենեսուելայի խորհրդարանը 2005 թվականի հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Երկրի հայ համայնքի նախաձեռնած փաստաթուղթը քննարկման էր դրվել խորհրդարանի պատգամավոր Հուգո Մորալեսի և իրավաբան Ժանետ Մադրիսի կողմից։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կարակաս

2009 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Մոսկվա)[3]։

Վենեսուելայի հոգևոր հովվություն խմբագրել

Վենեսուելայի հոգևոր հովվությունը[4], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հարավային Ամերիկայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող միակ կրոնական կազմակերպությունն է, որը ներկայացնում է Վենեսուելայում բնակվող առաքելական հայության հոգևոր կյանքը։ Միաժամանակ, Կիլիկիո միակ կառույցն է, որը չի կոչվում «թեմ», քանի որ որևէ այլ եկեղեցի չի ներառում։

Առաջնորդանիստը երկրի միակ եկեղեցին է՝ Կարակասի սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այն հիմնադրվել է 1987 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշջյանի կողմից, ունի շաբաթօրյա դպրոց, երիտասարդական ակումբ և այլ կազմակերպություններ։

Կարակասում համայնքի հովանավորությամբ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հարավային (Լատինական) Ամերիկայի hայ hամայնքների kրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը». Government of Armenia. 2009 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Վենեսուելայի հայ համայնք». hayernaysor.am. Armenian Ministry of Diaspora. 2013 թ․ նոյեմբերի 26. «2009 թվականի տվյալներով` Վենեսուելայում բնակվում է շուրջ չորս հազար հայ։»
  3. «Երկկողմ հարաբերություններ». www.mfa.am. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
  4. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.