Լոռեսթան օսթան (պարս.՝ استان لرستان, Օսթան-է Լոռեսթան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում։ Հարավից սահմանակից է Խուզեսթան, հարավ-արևելքից` Սպահան և Չհարմահալ և Բախտիարի, հյուսիս-արևելքից` Մարքազի և Համադան, հյուսիսից-արևմուտքից` Քերմանշահ, հարավ-արևմուտքից` Իլամ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 28 294 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 760 649 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Խորամաբադ քաղաքն է։

Լոռեսթան օսթան
պարս.՝ استان لرستان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԽորամաբադ
Բնակչություն1 760 649 մարդ (2016)[1]
Տարածք28 294 կմ²
Սահմանակցում էՔերմանշահի նահանգ, Իլամի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Խուզեսթան, Սպահանի նահանգ, Կենտրոնական նահանգ և Համադանի նահանգ
ISO 3166-2 կոդIR-15

Օսթանը ձևավորվել է Խուզեսթան օսթանի հյուսիսային տարածքների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Աշխարհագրություն խմբագրել

«Լոռեսթան» անունը նշանակում է «լոռերի երկիր»։ Օսթանի տարածքը հիմնականում լեռնային է և գտնվում է Զագրոսի լեռհամակարգի կենտրոնական մասում. Զագրոսի լեռնաշղթաները ձգվում են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Ամենաբարձր կետը Օշթոռանքուհ լեռնագագաթն է` 4 050 մետր, որը գտնվում է օսթանի արևելյան մասում` Ազնա քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Օսթանի հարավային և արևմտյան մասերում լեռների բարձրությունն ընկնում է` ամենահարավային հատվածում հասնելով մինչև 400-500 մ բարձրության։ Լեռների հողմահայաց լանջերն անտառապատ են[4]։

Այստեղից սկիզբ են առնում Իրանի կենտրոնական շրջանների կարևորագույն գետերը, ինչպիսիք են Զայանդեռուդը, Ջարահին, Քարունը, Քարխեն և այլն։ Միջլեռնային գոգավորություններում շատ են բերրի հարթավայրերը։ Այստեղ երբեմն տեղի են ունենում ջրհեղեղներ[5] և երկրաշարժեր[6]։

Կլիման հիմնականում ցածր խոնավ մայրցամաքային է, ձմեռային տեղումներով։ Խորամաբադում տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 530 մմ, բարձր լեռներում՝ 1270 մմ։ Հունիս-սեպտեմբեր ամիսները սովորաբար բացարձակ չորային են, սակայն Խորամաբադում դեկտեմբերին և հունվարին կարելի է ակնկալել հորդառատ անձրև։ Կլիմայի տեսանկյունից նահանգը կարելի է բաժանել երեք մասի. լեռնային շրջաններում բնորոշ են ցուրտ ձմեռները և չափավոր ամառները։ Կենտրոնական հատվածում, որտեղ և Խորամաբադ քաղաքն է, գարնանային սեզոնը սկսվում է փետրվարի կեսերից և ավարտվում մայիսի կեսերին։ Հարավային շրջանում տաք ամառներ և համեմատաբար մեղմ ձմեռներ են[7]։

Պատմություն խմբագրել

Լոռեսթանի հնագույն պատմությունը սերտորեն կապված է Հին աշխարհի պատմության հետ։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Զագրոսի լեռների տարածքում հաստատվում են նոր արիական ցեղեր և բնակություն են հաստատում բնիկ քասիտների, լոլոբիների և էլամացիների հետ։ Ծագումով այստեղից էր Իրանի առաջին պետության՝ Էլամի կառավարող արքայատոհմը (Ավան դինաստիա, շումերերեն՝ 𒀀𒉿𒀭𒆠, մ.թ.ա. 2700-1600)[8]: Ռազմատենչ քասիտներն իրենց իշխանությունը հաստատում են Միջագետքի խոշորագույն քաղաքում՝ Բաբելոնում (մ.թ.ա. 1600-1155): Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բրոնզեդարյան ժամանակաշրջանին վերագրվող իրերը, որոնք հայտնի են դարձել որպես «Լոռեսթանի բրոնզ»[9]։

«Լոռեսթանի բրոնզ»

Ավելի ուշ շրջանում Իրանի արևմտյան նահանգներ, այդ թվում՝ ներկայիս Լոռեսթան են գաղթում մարերեն լեզվով ցեղերը։ Լինելով սահմանային նահանգ՝ Աքեմենյանները[10], ապա նաև՝ Պարթև Արշակունիները և Սասանյանների այստեղ ամրություններ են կառուցում, որոնցից առավել լավ է պահպանվել Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը։ Հնադարյան շրջանին վերագրվող հուշարձանների կողքին առանձնակի տեղ են գրավում կավե սափորները, կուժերը և այլ կենցաղային իրեր։ Արաբական արշավանքներից հետո Լոռեսթանը կոչվում էր «Ջեբալ», «Լոռե քուչաք», «Փիշքուհ» և այլն[11]։

Միջնադարում լոռերի հետ միասին նահանգի տարածքում բնակություն են հաստատել նաև յարսանիականության հետևորդներ՝ կրոնը տարածելով լոռերի ու լաքերի շրջանում։ Նրանք որոշ ընդհանրություններ ունեն զրադաշտականության, մանիքեության, միթրայականության հետ։ 1936 թվականին Ռեզա շահ Փահլավիի բանակը ասպատակեց տարածքը և նրանց հնազանդեցրեց[12]։ Մինչև այդ ժամանակահատվածը Լոռեսթանը համարվում էր փակ՝ այցելուների և ճանապարհորդների համար։ Առանձնապես վտանգ էր ներկայացնում երկրամասի կտրված լինելը, լեռնային լանդշաֆտը, կիսաքոչվոր ցեղերի ապրելակերպը[13]։

Բնակչություն խմբագրել

Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց, Խորամաբադ

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 689 650 մարդ` 382 805 տնային տնտեսություններում[14]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 754 243 մարդ, որոնք ապրում էին 462 260 տնտեսություններում[15]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 760 649 մարդ` 509 025 տնտեսություններում[16]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Խորամաբադը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 373 416 մարդ), Բորուջերդը (234 997 մարդ), Դորուդը (121 638 մարդ), Էլիգուդերզը (89 268 մարդ), Քուհդաշթը (89 091 մարդ), Նուռաբադը (65 547 մարդ), Ազնան (47 489 մարդ), Ալեշթարը (33 558 մարդ) և Փոլդոխթարը (26 352 մարդ)[17]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 1 134 908 մարդ կամ օսթանի բնակչության 64,5%-ը[16]։

Լոռերը և Լոռեսթանը խմբագրել

Իրանական ժողովուրդները բնակվում են ոչ միայն համանուն լեռնաշխարհում՝ Հինդուկուշից մինչև Փոքր Ասիա, այլև դրանից դուրս՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս տարածաշրջանը հայտնի է «Մեծ Իրան» անունով[18]։ Լոռերը դասակարգվում են որպես այս ժողովուրդների հարավարևմտյան մաս, իսկ լոռերենը սերտորեն կապված է պարսկերենի հետ[19]։ Այն ունի երկու խոշոր բարբառ՝ «լոռե բոզորգ» (մեծ լոռերեն), որով խոսում են բախտիարները (Չհարմահալ և Բախտիարի) և «լոռէ քուչեք» (փոքր լոռերեն), որով խոսում են լոռերը։ Լոռեսթանի երկրորդ խոշոր՝ Բորուջերդ քաղաքի բնակիչները խոսում են տեղական բարբառով։ Նահանգի հյուսիս-արևմուտքում խոսում են քրդերենի բարբառով՝ լաքերենով։ Լոռերի ճնշող մեծամասնությունը շիա մուսուլմաններն են, հանդիպում են նաև յարսանիներ (հիմնականում լաքերի շրջանում)։ Լոռեսթանից դուրս լոռերը բնակվում են Խուզեսթանի հյուսիսում և Իլամի նահանգի հարավում։

Լոռերն ունեցել են կիսանկախ պետականություն՝ Խորշիդների գլխավորությամբ (1155-1597, հյուսիսային շրջան)։ Վերջին միապետին գահընկեց է արել շահ Աբբաս I Սեֆին։ Մեկ այլ պետականություն գոյություն էր ունեցել հարավում՝ Ֆազլևիեների գլխավորությամբ (1160-1424)։ Այդուհանդերձ, մինչև 20-րդ դարը լոռերի մեծամասնությունը զբաղվում էր կիսաքոչվոր անասնապահությամբ, քաղաքաբնակ լոռերի մեծ մասը կենտրոնացած էր Խորամաբադում։ Փահլավիները փորձել են նստակյաց դարձնել լոռերին. Ռեզա շահի օրոք դա ուղեկցվել է բռնություններով ու հաջողության չի հասել, իսկ Մոհամմադ Ռեզա Փահլավին տնտեսական բարեփոխումներով լոռերին բնակեցրեց քաղաքներում։ Քաղաքային բնակչության աճը գրանցվել է հիմնականում իսլամական հեղափոխությունից հետո՝ Իրան-Իրաքյան պատերազմի տարիներին։ Լոռերի ընդհանուր թվաքանակը հասնում է հինգ միլիոնի, որի ավելի քան մեկ երրորդը բնակվում է Լոռեսթանում[20]։

Վարչական բաժանում խմբագրել

Լոռեսթան օսթանը բաժանված է 11 շահրեստանների (գավառների).

Լոռեսթան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[14]Բնակ. 2011[15]Բնակ. 2016[16]Վարչ. կենտրոն
Ազնա շահրեստան70 46271 58674 936Ազնա
Բորուջերդ շահրեստան320 547337 631326 452Բորուջերդ
Դելֆան շահրեստան137 385144 161143 973Նուռաբադ
Դովրե շահրեստան143 22141 756Սարաբե Դովրե
Դորուդ շահրեստան159 026162 800174 508Դորուդ
Էլիգուդերզ շահրեստան134 802140 275137 534Էլիգուդերզ
Խորամաբադ շահրեստան509 251487 167506 471Խորամաբադ
Ռումեշքան շահրեստան239 058Չաքաբոլ
Սելսելե շահրեստան73 81973 15475 559Ալեշթար
Փոլդոխթար շահրեստան74 53775 32773 744Փոլդոխթար
Քուհդաշթ շահրեստան209 821218 921166 658Քուհդաշթ
Ընդհանուր1 689 6501 754 2431 760 649
1Առանձնացվել է Խորամաբադ շահրեստանից
2Առանձնացվել է Քուհդաշթ շահրեստանից

Տրանսպորտ և կապ խմբագրել

Խորամաբադի օդանավակայան

Լոռեսթանը գտնվում է Թեհրան-Աբադան ավտոճանապարհին, որը հանդիսանում է Իրանի կարևորագույն ճանապարհներից մեկը՝ բեռնափոխադրման տեսանկյունից։ Ճանապարհը կապում է Արաք քաղաքը (Կենտրոնական նահանգ) Անդիմեշք քաղաքին (ԽուզեսթանԲորուջերդ, Խորամաբադ և Փոլդոխթար քաղաքների միջոցով։ Այս մայրուղին բաղկացած է երկու հատվածից՝ 56 և 37 ճանապարհներից, որոնք միավորվում են Բորուջերդում։ Թեհրանի և Խուզեսթանի միջև գտնվող ավտոմայրուղի 5-ը երկրորդ արագընթաց ավտոճանապարհն է, որը կապում է Բորուջերդը և Խորամաբադը։

Նահանգի տարածքում գտնվող գլխավոր օդային դարպասը Խորամաբադի օդանավակայանն է, որն օրական կանոնավոր թռիչքներ ունի դեպի Թեհրան։ Երկրորդ օդանավակայանը նախատեսվում է կառուցել Բորուջերդի հյուսիսում։

Իր լեռնային պայմանների շնորհիվ, Լոռեսթանն ունի Իրանի կարևոր երկաթգծերից մեկը։ Լոռեսոանի երկաթուղային ճանապարհը 215 կմ է, ունի 15 կայարան, 133 երկաթուղային թունել։ Երկաթուղին ընթանում է Դեզ և Սեզար գետերի ափով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. Lorestan
  5. «Նախագահը Լորեստանում է». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  6. «Իրանում ուժեղ երկրաշարժից տասնյակ մարդիկ են տուժել». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  7. Lorestan Land of Culture and Civilization
  8. Legrain, 1922, pp. 10, 12, 22.
  9. Zahlhaas, G. Luristan: Antike Bronzen aus dem Iran. Archäologische Staatssammlung München, Museum für Vor-und Frühgeschichte: München, 2002.
  10. "Archeologist: First signs of Achaemenids discovered in Western Iran". irna.ir. Archived from the original on 8 February 2017. Retrieved 28 April 2018.
  11. Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին
  12. Hamilton Alexander Rosskeen Gibb, Johannes Hendrik Kramers, Bernard Lewis, Charles Pellat, Joseph Schacht: title=The Encyclopaedia of Islam, Brill, 1954
  13. Stark, Freya, The Valley of the Assassins, J. Murray, London, 1934
  14. 14,0 14,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  15. 15,0 15,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  17. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  18. Frye, Richard Nelson, Greater Iran, ISBN 1-56859-177-2 p.xi: "... Iran means all lands and peoples where Iranian languages were and are spoken, and where in the past, multi-faceted Iranian cultures existed."
  19. Frye, Richard N. (1983). Handbuch der Altertumswissenschaft, Part 3, Volume 7. Beck. p. 29. ISBN 978-3406093975.
  20. "Iran" (PDF). New America Foundation. June 12, 2009


Սոլթանի մզկիթ, Բորուջերդ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոռեսթան» հոդվածին։