Զբաղվածություն
Զբաղվածություն, ՀՀ օրենքով չարգելված և ՀՀ Զբաղվածության Ոլորտը Կարգավորող Հիմնական Իրավական ակտերով նախատեսված գործունեության տեսակներ, որոնց մեջ մտնում են.
- գործատուների մոտ վճարովի կամ վարձու աշխատանքային գործունեությունը՝ ներառյալ ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ այդ աշխատանքի դիմաց վարձատրություն չնախատեսող դեպքերի,
- ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների իրականացումը քաղաքացիաիրավական պայմանագրով
- անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը
- արտոնագրային վճար վճարողի գործունեությունը
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը
- ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը[1]։
Հայաստանում գործում է Զբաղվածության պետական գործակալությունը[2], որը, հանդիսանալով զբաղվածության ոլորտը կարգավորող Լիազոր մարմին, իրականացնում է տարբեր ծրագրեր բարձրացնելու համար երկրի բնակչության տնտեսական ակտիվությունը։
Ըստ զբաղվածության կարգավիճակի՝ զբաղվածներին տարանջատում են վարձու և ոչ վարձու աշխատողների։Վարձու աշխատող է համարվում այն անձը, ով աշխատում է գործատուի հետ կնքած պայմանագրի, աշխատանքի ընդունման հրամանի կամ բանավոր համաձայնության հիման վրա, և իր աշխատանքի դիմաց ստանում է դրամական և/կամ բնաիրային փոխհատուցում՝ աշխատավարձի տեսքով։ Ոչ վարձու աշխատող է համարվում այն անձը, ով իրեն ինքնուրույնաբար է ապահովում եկամտաբեր տնտեսական գործունեություն և ներգրավված է սեփական գործում՝ բիզնեսում, որպես զբաղված անձ, միևնույն ժամանակ կայացնում է արտադրական որոշումներ կամ լիազորում է այլ անձանց, և իր գործունեությունն իրականացնում է վարձու աշխատողների ներգրավմամբ կամ առանց վարձու աշխատողների։
Ոչ վարձու աշխատողների տեսակները ըստ կարգավիճակի։ խմբագրել
- Գործատուն անձ է, ով իրականացնում է եկամտաբեր աշխատանք/գործունեություն ինքնուրույն կամ մեկ կամ մի քանչ գործընկերների հետ համատեղ, որի ընթացքում և աշխատանքի կատարման նպատակով մշտապես ներգրավում է մեկ կամ ավելի վարձու աշխատողներ։
- Ինքնազբաղվածն այն անձն է, ով ինքնուրույն կամ մեկ և ավելի գործընկերների հետ զբաղված է և կատարում է եկամտաբեր աշխատանք՝ առանց աշխատողներ ներգրավելու, իսկ աշատողների ներգրավման դեպքում, այդ աշխատանքը մշտական բնույթ չի կրում։
- Առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամն այն անձն է, ով աշխատում է ընտանիքին կամ իր տնային տնտեսությանը պատկանող ընտանեկան կազմակերպությունում։ Այս աշխատանքները կատարվում ենք օժանդակելու և օգնելու համար ընտանեկան կազմակերպությանը, որի դիմաց աշխատողը չի ստանում դրամական կամ բնաիրային փոխհատուցում։
- Արտադրական, սպառողական կոոպեերատիվի անդամն այն անձն է, ով կոոպերատիվում ներգրավված աշխատող/անդամ է, մյուս անդամների հետ հավասար իրավունքներով մասնակցում է արտադրության կազմակերպմանը, ստացված արտդրանքի իրացմանը, ինչպես նաև կազմակերպության եկամուտների բաշխմանն առնչվող հարցերի լուծմանը։
Զբաղվածություն չի համարվում տնտեսական գործունեություն չհամարվող, ինչպես օրինակ՝ մուրացկանությունն ու գողությունը, և եկամուտ չհետապնդող կամավոր աշխատանքները, որոնք կատարվում են այլ տնային տնտեսությունների կամ կազմակերպությունների համար անվարձահատույց, այդ թվում սեփական տան, բնակարանի մասնակի շինարարության կամ վերանորոգման համար են իրականացվում։Զբաղվածության մակարդակը զբաղվածների թվաքանակի մասնաբաժինն է աշխատանքային ռեսուրսներում[3]։
Զբաղվածության հիմնական տեսակները և ձևերը խմբագրել
Զբաղվածությունը էկոնոմիկայի զարգացման հիմնական պայմաններից մեկն է։ Աշխատանքը մարդուն ապահովում է հասարակական կարգավիճակ, հեղինակություն, մասնագիտական պիտանիություն և վերջին հաշվով, հպարտություն։ Ըստ իրային բովանդակության, զբաղվածությունը՝ դա մարդկանց գործունեություննէ ուղղված անձնական, կոլեկտվ և հասարակական պահանջմունքների բավարարմանը և եկամտի ստացմանը։
Տարբերում են զբաղվածության երեք հիմնական տեսակ՝ լրիվ, ռացիոնալ և արդյունավետ։
Լրիվ զբաղվածությունը՝ դա հասարակության կողմից աշխատունակ բնակչությանը տրված հնարավորությունն է զբաղվել հասարակական օգտակար աշխատանքով, իրականացնել անհատական և կոլեկտիվ վերարտադրություն բնակչության պահանջմունքները բավարարելու համար։
Ռացիոնալ զբաղվածությունը՝ ենթադրում է աշխատանքային ռեսուրսների, նրա սեռահասակային և կրթական կառուցվածքի նպատակահարմար վերաբաշխում և օգտագործում։
Արդյունավետ զբաղվածությունն՝ իրականացվում է վերարտադրության ինտնենսիվ տիպի պահանջներին համապատասխան, տնտեսական նպատակահարմար և սոցիալական արդյունավետության չափանիշներով, կողմնորոշվում է ձեռքի, ոչ օգտակար և ծանր ֆիզիկական աշխատանքի կրճատումը։
Տարբերում են նաև զբաղվածության հիմնական և հատուկ ձևեր։
Զբաղվածության հիմնական ձևը կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ և ներքին տիպային կանոններով։
Հատուկ ձևը կամ ոչ տրադիցիոն զբաղվածությունը՝ տանը կատարվող աշխատանք և այլն, իրականացվում է որոշակի իրավական նորմաներին համապատասխան։ ԱՄՆ-ում, Անգլիայում այս ձևի մեջ զբաղված է աշխատուժի ավելի քան 30%-ը։
Արդի էտապում աշխարհի զարգացած երկրներում գերակշռում է զբաղվածության տեղեկատվական տեսակը, որը կապված է ինֆորմացիայի հավաքման, մշակման և այն արտադրության ու շրջանառության ոլորտին ներկայացնելու հետ։
Զբաղվածության դասական տեսություն խմբագրել
Զբաղվածության դասական տեսությունը հիմնված է հետևյալ 2 դրույթների վրա․
- ենթադրվում է, որ ամբողջական ծախսերի մակարդակը դժվար թե անբավարար լինի լրիվ զբաղվածության ժամանակ ստեղծված ամբողջ արտադրանքը գնելու համար,
- եթե նույնիսկ ամբողջական ծախսերը անբավարար լինեն, ապա արագ կսկսեն գործել կարգավորման այնպիսի լծակներ, ինչպիսիք են գինը, աշխատավարձը և տոկոսադրույքը։
Զբաղվածության քեյնսյան տեսություն խմբագրել
Ըստ Քեյնսի տեսության կապիտալիզմի ժամանակ բացակայում է այն մեխանիզմը, որը կարող է երաշխավորել լրիվ զբաղվածությունը։ Կապիտալիզմը ինքնակարգավորվող համակարգ չէ, իսկ տնտեսական տատանումները օրինաչափ են։ Տնտեսությունը կարող է հասնել արտադրության ամբողջական ծավալի հավասարակշռության նաև ինֆլյացիայի և գործազրկության որոշակի պայմաններում։ Քեյնսականները ուղղակի մերժում էին դասականների տոկոսադրույքի, գնի և աշխատավարձի հարաբերակցության հետևյալ պոստուլատները՝
- տոկոսադրույքը չի կարող կատարել կարգավորիչ ֆունկցիայի դեր և խնայողությունները հավասարեցնել ինվեստիցիաներին, քանի որ խնայողություններ և ինվեստիցիաներ իրականացնող սուբյեկտները առաջնորդվում են տարբեր շարժառիթներով,
- քեյնսականները հերքում էին նաև դասականների երկրորդ մոտեցումը՝ գների և աշխատավարձի ճկունության փաստարկը, քանի որ ինչպես ցույց է տալիս արգելանվի էֆֆեկտը բազմաթիվ գործոնների առկայությունը անհնարին է դարձնում գների և աշխատավարձի քիչ թե շատ էական իջեցումը։ Նույնիսկ դրանց իջեցման դեպում գործազրկության հաղթահարումը հնարավոր չէ, քանի որ գների և աշխատավարձի իջեցումը նշանակում է եկամտի կրճատում, որն էլ իր հերթին ուղեկցվում է ամբողջական ծախսերի նվազմամբ։
Քեյնսականները գտնում էին, որ անկումների և ճգնաժամերի ժամանակ կորստից խուսափելու համար անհրաժեշտ է ամբողջական պահանջարկի մակրոտնտեսական կարգավորում պետության կողմից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՀՀ Զբաղվածության Ոլորտը Կարգավորող Հիմնական Իրավական ակտերի ժողովածու.- Եր.: Անտարես, 2016. էջ 8
- ↑ «Զբաղվածության պետական գործակալության կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Աշխատանքի շուկան ՀՀ-ում 2011-2015 թթ.: Եր. 2016: Էջ 47-48