Երևանի բերդ


Երևանի բերդ (Ադրբեջանական։ İrəvan Qalası), պաշտպանական շինություն Երևանում` Հրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը։ Քանդվել է 1930-ական թթ.՝ Երևանի վերակառուցման տարիներին։

Երևանի բերդ

Ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի գրավումը։ Նկարիչ` Ֆրանց Ռուբո, 1827 թ.
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակբերդ
ՀամայնքԿենտրոն
Առաջին հիշատակում7-րդ դար
Գտնվում էԿոնդ թաղամաս, Երևանի կոնյակի գործարան, Կիլիկիա թաղամաս
Հիմնադրում7-րդ դար
Ներկա վիճակկանգուն չէ


Պատմություն խմբագրել

Երևանի բերդն ու հարակից շինությունները՝ ըստ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեի

Հին հայկական բերդը խմբագրել

Երևանի բերդն առաջին անգամ հիշատակում է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը։ Նա իր «Պատմութիւն» աշխատությունում գրում է, որ Երևանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբներին չի հաջողվել գրավել Երևանի բերդը («Եւ եկին ժողովեցան ի Երևան և մարտեան ընդ բերդին և ոչ կարացին առնուլ»)։ Վաղ միջնադարյան բերդը հիշատակվել է նաև այլ մատենագիտական աղբյուրներում։ Կարո Ղաֆադարյանը, հետազոտելով Երևանի միջնադարյան բերդին վերաբերող աղբյուրները, գտնում է, որ դրա մնացորդները պետք է փնտրել Կոնդ թաղամասում։ Այս հանգամանքը նա հիմնավորում է Երվանդ Շահազիզի և այլոց աշխատություններում հիշատակված այն պնդմամամբ, որ բերդը տարածվել է դեպի հյուսիս-արևմուտք։ Նա նշում է նաև, որ Ուրարտուի անկումից հետո Էրեբունի և Թեյշեբաինի քաղաքների բնակիչները, հավանաբար տեղաշարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատել նոր ջրային տարածքներում՝ Գետառ և Հրազդան գետերի շրջակայքում։ Կոնդում բերդի առկայության մասին վկայություն կա նաև Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում.

… Երևանու հազար տարեկան քավթառ … մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած … մարդակեր բերդը…

Ռևան խանի բերդը խմբագրել

16-18-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմների ընթացքում 14 անգամ ձեռքից ձեռք անցած Երևանի բերդը երկար պատմություն ունի։ 1502 թվականին Իրանի Սեֆյան Պարսկաստանի հիմնադիր շահ Իսմայիլը նվաճել է Երևանն Ակ-Կոյունլու պետությունից և հանձնել իր վեզիր Ռևան խանին։ Վերջինս շահի հրամանով 7 տարվա ընթացքում կառուցել է այստեղ բերդ՝ Զանգու գետի ձախ ափին[1]։ Այս ժամանակվանից սկսած Երևանը ձեռք է բերել ռազմական խոշոր նշանակություն՝ դառնալով խանության կենտրոնը։ Այդ տարիներից սկսած մի շարք պատմագիրներ այս իրադարձությունն են համարում որպես Երևան քաղաքի հիմնադրում[2]։ Նույն տեսությունը այսօր գերիշխող է Ադրբեջանում՝ միտված հերքելու անցյալում հայերի ներկայությունը տարածաշրջանում։ Ընդունելով հիմք, որ պարսկական ու օսմանյան պատմագրության մեջ Երևանը նշվում է հենց «Ռևան» անվանումով, ու հաշվի առնելով հենց «Երևան» գրվածքով բազմաթիվ մատենագիր ու վիմագիր հիշատակությունները սկսած VII-րդ դարից՝ կարելի է ենթադրել, որ նորընծա խանը ինքն է վերցրել մինչ այդ գոյություն ունեցող քաղաքի պարսկական անվանումը որպես իր անուն, այլ ոչ հակառակը։ Իսկ Չելեբին ու այլ պատմագիրներ բերդի հիմնադրման տարեթիվը նշել են որպես բուն քաղաքի հիմնադրման տարեթիվ։

1583 թվականին՝ երբ Երևանն անցել է թուրքերին, թուրքական բանակը գլխավորող Ֆահրադ փաշան սկսել է վերակառուցել Երևանի բերդը։ Բերդի 45 օր տևած շինարարության համար Ֆարհադ փաշան օգտագործել է մի քանի ավերված եկեղեցիների և գերեզմանների քարերը։ Երբ հերթը հասել է «Երկու երեսի» եկեղեցուն, Առաքել անունով մի վարդապետ կարողացել է եկեղեցին պահպանելու թույլատրություն ստանալ փաշայից։ Սակայն հետագայում բոլոր կանգուն մնացած եկեղեցիները վերածվել են ախոռների։[փա՞ստ]

1639 թվականի պայմանագրով Հայաստանի արևելյան մասն անցավ Պարսկաստանին։ Երևանը դարձավ համանուն խանության վարչական կենտրոնը, իսկ բերդը՝ խանի և սարդարի նստավայրը։ 1679 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ բերդը վերածվեց ավերակների։ Երկրաշարժից բառացի շաբաթներ առաջ նշանակված ազգությամբ վրացի, կրոնափոխ Զալ խանը, Պարսկաստանից լրացուցիչ միջոցներ ստանալով, կարճ ժամանակում վերականգնեց այն։ Երկրաշարժից տուժել է ինչպես Երևանի բերդը, այնպես էլ մի շարք այլ շինություններ՝ եկեղեցիներ, մզկիթներ, խանի ապարանքը, բնակելի թաղամասերն և այլն։ Երկրաշարժից հետո Զալ խանը պարսկական արքունիքից ստացված համապատասխան օգնության և Երևանի շրջակա խանություններից հարկադիր աշխատանքի քշված գյուղացիների միջոցով վերակառուցել է գրեթե հիմնովին ավերված բերդը։ Բերդը վերջին անգամ վերանորոգվել է պարսկական տիրապետության շրջանում՝ Հուսեին-Ղուլի խանի կողմից։

Երևանի բերդը 1860 թ. երկրաշարժից հետո
«Երևանի բերդի գրավումը», Կառլ Բեգրով

Երևանի բերդը 1724 թվականին գրավեցին օսմանցիները։ 1735 թվականին Պարսկաստանի վերագրավելուց հետո մինչև 19-րդ դարի սկիզբը բերդը խանի նստավայրն էր։ Վերջին՝ Հուսեին Ղուլի խանի օրոք այստեղ կառուցվեցին շքեղ պալատ, հարեմ, բաղնիքներ, վառոդարան, մզկիթ։ Ընդարձակ հրապարակում գտնվող արհեստանոցները և խանութները պատկանում էին հայերին։ Աշխատանքն ավարտելով՝ երեկոյան նրանք վերադառնում էին քաղաք։ Ըստ Ժան Բապտիստ Տավերնիեյի՝ բերդում ապրում էին միայն մուսուլմաններ։ Բուն քաղաքում բնակվում էր 20 անգամ ավել բնակչություն[3]։

Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում (1804-1813 թթ. և 1826-1828 թթ.) Երևանի բերդի գրավումը դարձել էր գերխնդիր, ռուսական զորքերը երեք անգամ պաշարեցին Երևանի բերդը։ Այդ ժամանակաշրջանում Պարսկաստանի ամենավտանգավոր ախոյանը՝ Ռուսական կայսրությունը փորձում էր իշխանություն հաստատել արևելքում՝ այդպիսով իսկ անհանգստացնելով որոշ եվրոպական մեծ տերությունների, մասնավորապես Անգլիային և Ֆրանսիային։ Ուստի այդ երկրներից ստացված զինվորական օժանդակությունների շնորհիվ Երևանի բերդը դարձել էր անառիկ ամրոց։ Սա էր պատճառը, որ ռուսական զորքը ռուս-պարսկական պատերազմների ընթացքում երեք անգամ գրոհելուց հետո միայն կարողացավ գրավել բերդը։ Անառիկ բերդի գրավման համար սահմանվել էր նույնիսկ հատուկ մեդալ։

Առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ռուսական զորքերը 1804 թ. հուլիսին պաշարել են Երևանի բերդը։ Սակայն, հաշվի առնելով բերդի գրավման դժվարությունները, պարենի պակասությունը, տարածված հիվանդությունները, վերադարձել են Թիֆլիս։

1808 թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսվելուն պես ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչն արշավել է Երևան։ Սեպտեմբերի 29-ին Աշտարակի մոտ նա ջախջախել է Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը, սեպտեմբերի 30-ին գրավել Էջմիածինը, իսկ հոկտեմբերի 9-ին պաշարել Երևանի բերդը։

Երևանի բերդի հատակագիծը, 1827 թ.

1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը՝ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ և հայ կամավորականների օգնությամբ կարողացավ գրավել Երևանի բերդը։ Խաչատուր Աբովյանը, ով բերդի գրավման ականատեսն էր, գրում է.

... ամսի ... էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ։ Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ։ ... օր ... գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր։ Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը էսօր ա վեր գալիս։ Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր։

Երևանի գրավման համար Պասկևիչը ստացել է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը, պարգևատրվել Սուրբ Գևորգ երկրորդ աստիճանի շքանշանով։ Բազմաթիվ հայեր պարգևատրվել են «Երևանի բերդի գրավումը» մեդալով։

1864 թ. Երևանի բերդի կայազորը տեղափոխվել է Քանաքեռում կառուցված նոր զորանոցներ՝ համալիրի վատ վիճակի պատճառով։

1865 թ. բերդը գնել է առաջին դասի վաճառական Ներսես Թահիրյանը,[փա՞ստ] ով իր բարեկամ և նկարիչ Հովհաննես Այվազովսկու աջակցությամբ 1877 թ. բերդի տարածքում սկսել է գինու, իսկ 1887 թ. կոնյակի արտադրությունը։ Հետագայում 1899 թ. ռուսական առևտրաարդյունաբերական «Շուստով և որդիներ» ընկերությունը Թահիրյանից գնել է գինու, օղու և կոնյակի գործարանները։

Բերդի շինություններ խմբագրել

Երևանի 16-րդ դարի բերդի մասին հիշատակություններ են պահպանվել Առաքել Դավրիժեցու, Զաքարիա Ագուլեցու, Ղևոնդ Ալիշանի, Երվանդ Շահազիզի, ինչպես նաև իտալացի Ջեմելիի, անգլիացի Կեր-Պորտերի, Մորիեի, Դյուբուայի, թուրք պատմագիր Փեչևի-Իբրահիմի և այլոց աշխատություններում։ Սակայն այն մանրամասնությամբ նկարագրել է ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական Ժան Շարդենն (1673 թ.) ու Բատիստ Տավերնիեն (1655 թ.) աշխատություններում։

Երևանի բերդն ունեցել է ձվաձև տեսք և զբաղեցրել է 7 հա տարածություն՝ չորս հազար քայլ շրջագծով։ Արևմտյան կողմից այն պաշտպանված է եղել Հրազդանի՝ 15 սաժեն (ռուսական երկարության միավոր, 1 սաժենը հավասար է 7 ոտնաչափի կամ 213 սմ) խորություն ունեցող ձորով։ Այդ մասը եղել է հողածածկ և ծառայել բերդապաշտպան հրանոթների համար։ Մյուս երեք կողմերից շրջապատված է եղել 10, 5-12 մ բարձրությամբ երկշարք ատամնավոր պարիսպներով, որոնք շարված են եղել չթրծված աղյուսից կամ հասարակ հողաշերտից։ Պարիսպներից առաջինը կառուցվել է 1583 թ.՝ Ֆահրադ փաշայի կողմից, իսկ երկրորդը՝ 1603 թ. Շահ-Աբասի կողմից։ Այդ երկու պարիսպները միմյանցից գտնվել են 17-20 սաժեն հեռավորության վրա և ունեցել են 50-60 աշտարակ և բուրգ։ Երկրորդ պարիսպի երկարությունը եղել է 500 արշին (ռուսական երկարության չափ. 1 արշինը հավասար է 71 սմ)։ Հաստ և բարձր պարիսպներն ունեցել են որմնածերպեր, որոնք հարմարեցրած են եղել հրետանու ու հրացանակիրների պաշտպանությանը։ Պարիսպները շրջապատված են եղել լայն ու խորը խրամներով, որոնք վտանգի ու հարձակումների ժամանակ լցվել են ջրով։ Բերդն ունեցել է երկու մեծ ու ամրակուռ դարպասներ` երկաթե ամուր դռներով ու փականներով։ Երկու դարպասներն էլ ունեցել են հատուկ պահակախմբեր, որոնցից առաջինը՝ «Բաբը-շիրվան»-ը, գտնվել է հյուսիսային կողմում, իսկ երկրորդը՝ «Թավրեզ-գափուս»-ը, հարավային կողմում։ Բացի երկու հիմնական դարպասներից բերդն ունեցել է նաև գաղտնուղի, որը դուրս է եկել դեպի Դալմայի այգիներ, այնուհետև դեպի Հրազդան գետը՝ պաշարման ժամանակ գետից ջուր վերցնելու նպատակով։

Սակայն Երևանի բերդը սոսկ պաշտպանական կառույց չէր։ Պատերից ներս տարածվում էր մի ամբողջ թաղամաս, որը ներառում էր խանի ապարանքը, երկու մզկիթ, խանի բաղնիքը, զորանոցներ, պահեստներ, զինանոցներ, կրպակներ, խանութներ, բնակելի տներ, այլ շինություններ, որոնց թվում նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու ավերակներն էին, Երևանի պատմության թանգարան․ Երևանի բերդի պատմության արդի մեկնաբանության փորձ որը ենթադրաբար կառուցված է եղել նախքան բերդի կառուցումը։ Ըստ Շարդենի՝ բերդի ներսում եղել է 800 բնակելի տուն։ Դրանք կառուցված են եղել ոչ թե որոշակի հատակագծով, այլ անկանոն կերպով։ Այդ շինությունների մի մասը ծառայել է բերդի կարիքներին, իսկ մյուս մասը եղել է բնակարաններ, որոնք պաշարման ժամանակ ծառայել են իբրև ապաստարաններ։ Սակայն հետագայում սարդարները բերդն ամբողջությամբ վերցրել են իրենց ձեռքը, այնտեղից վտարել հայ և պարսիկ բնակիչներին՝ խռովություններից խուսափելու նպատակով։ Այնպիսով, արդեն 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին բերդում մշտաբնակ քաղաքացիներ չեն եղել, քանի որ այն ամբողջությամբ ծառայել է հարեմին ու կայազորին։[փա՞ստ]

Ռուսական տիրապետտության շրջանում՝ 1827 թ. Երևանի բերդը դարձել է հայկական մարզի կառավարչի, ապա Երևանի գավառապետի, իսկ 1850-1864 թթ. նահանգապետի նստավայրը։ 19-րդ դարի երկրորդ կեսից բերդը կորցրել է իր ռազմական նշանակությունը՝ իր տեղը զիջելով բնակելի թաղամասերին։ Ցեղասպանության տարիներին այստեղ կառուցվել են տներ Արևմտահայաստանից գաղթականների համար։

Բերդի տարածքը ներկայումս բաժանված է Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու գործարանի, Գլենդել Հիլզ բնակելի թաղամասի ու Մայրաքաղաքային զորամասի միջև։

Սարդարի պալատ խմբագրել

Սարդարի պալատի հայելապատ դահլիճը
Սարդարի պալատը

Բերդի ամենատպավորիչ շինությունը եղել է սարդարի (խանի) պալատը։ Այն բազմաթիվ անգամ քանդվել և վերակառուցվել է՝ հարմարեցվելով այս կամ այն խանի պահանջներին։ Վերջին անգամ ընդարձակվել է 1798 թվականին, Մահմուդ խանի օրոք։

Սարդարի պալատը եղել է քառանկյուն և ընդարձակ շինություն, որը բաղկացած էր տարբեր բաժիններից։ Կառուցվել է պարսկական ճարտարապետական ոճով։

Սարդարի պալատը Հրազդան գետի ափին, Կարմիր կամուրջն ու բերդը

Սարդարի պալատը բաղկացած է եղել երկու մասից՝ բուն պալատից և հարեմից։ Վերջինս ունեցել է 200 ոտնաչափ երկարություն և 125 ոտնաչափ լայնությունը։ Ունեցել է երկհարկ և եռահարկ սենյակներ ու միջանցքներ։ Հետագայում, երբ ռուսները գրավել են Երևանը, այդ ընդարձակ պալատը վերանորոգվել է և վերածվել հիվանդանոցի։

Հիշատակության է արժանի հատկապես պալատի հայելապատ հանդիսասրահը (Շուշաբանդ-այվանը), որտեղ Երևանի սարդարը սովորաբար անցկացրել է իր ազատ ժամանակը։ Սրահը հայելապատ է կոչվել, որովհետև դրա քիվերը ծածկված են եղել գույնզգույն հայելիներով, որոնք անդրադարձրել են լույսը տարբեր հարթությունների վրա՝ ստեղծելով գույների խաղ։ Առաստաղը զարդարված է եղել գույնզգույն ծաղիկների, հիմնականում վարդի ու հիրիկի որմնանկարներով, իսկ դահլիճի պատերին փակցված են եղել ութ պատկեր, որոնցում նկարված են եղել վերջին սարդար Հուսեին Ղուլի խանը, Ֆաթ-Ալի շահը և այլք։

Պալատի լուսամուտից գեղեցիկ տեսարան է բացվել դեպի Հրազդան գետն ու հարակից դաշտը, խանի այգիներն ու Արարատ լեռը։ Պալատի դիմաց տարածվող այգիներում աճեցրել են միայն հայկական «Ոսկեհատ» խաղողի տեսակը, որից պատրաստվել է որակյալ գինի։ Այդ պատճառով հաճախ պարսիկները հայերից խարջի (հարկ) դիմաց պահանջել են խաղողի այդ տեսակը։ Պատահական չէ նաև խաղողի տեսակին տրված «խարջի» անվանումը։ Սարդարի այգիները պահպանվել են մինչև 1990-ական թվականները։[փա՞ստ]

Հանդիսասրահի պատուհանից սարդարը հաճախ զբաղվել է զինագործությամբ։ Նա ուղղում էր իր գնդակները գյուղացիների ավանակներին, որոնք անցնում էին Հրազդանի աջ ափի ճանապարհով դեպի Խոջա-Փիլավի կամուրջը (գտնվել է բերդի հյուսիսարևմտյան հատվածում, սարդարների ապարանքի տակ, կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտի հետ)։ Այդտեղից նա հետևել է նաև վերադարձող քարավաններին, որոնք մեծ եկամուտ էին բերում քաղաքին։

1919 թվականին Երևան ժամանած գեներալ Հարբորդի խմբի կողմից արված տեսանյութում երևում է, որ Սարդարի պալատի ձորին նայող մասը դեռևս կանգուն է, չնայած գտնվում է խարխուլ վիճակում։

Բաղնիք խմբագրել

Բաղնիքն ամբողջովին կառուցված է եղել մարմարից և զարդարված է եղել պարսկական նախշերով։ Բաղնիքին կից եղել է ջրավազան՝ 15 սաժեն երկարությամբ, 4 սաժեն լայնությամբ և 3 արշին խորությամբ։ Այն ծառայել է ամառը լոգանք ընդունելու համար։ Թե՛ բաղնիքը, թե՛ ջրավազանը քանդել են 1830 թ.։

Քարավանատուն խմբագրել

Խանի պալատից ոչ հեռու՝ 500 քայլ հեռավորության վրա, եղել է մի քարավանատուն (մուտքը՝ ութսուն քայլ երկարությամբ)։ Շենքը եղել է քառակուս՝ բաղկացած երեք խոշոր և վաթսուն մանր սենյակներից։ Ունեցել է նաև ընդարձակ գոմեր և մեծ խանութներ։ Շենքի դիմաց գտնվել է հրապարակը՝ շրջապատված մթերային խանութներով, իսկ կողքին՝ մի մզկիթ և երկու սրճարան։ Բերդն ունեցել է նաև փոքրիկ շուկա, որի շուրջ տարածվել են մանր կրպակներ։

Մզկիթներ խմբագրել

Աբաս Միրզայի մզկիթը

Խանի ապարանքից բացի բերդում եղել է երկու մզկիթ (այդ ժամանակ Երևանում կար 8 մզկիթ, որոնցից երկուսը գտնվել են բերդում)։ Դրանցից առաջինը՝ Ռեջեփ Փաշայի մզկիթը, կառուցվել է 1725 թ. թուրք Ռեջեփ փաշայի օրոք։ Այն եղել է չորս սյուների վրա հենված կամարակապ մի շինություն։ Ըստ ավանդության տեղում եղել է հին հունական եկեղեցի, որի տեղում կառուցվել էր ժամանակին մզկիթը։ Թուրքական տիրապետության ժամանակ այն եղել է սուննի դավանության մզկիթ։ Հետագայում, երբ Պարսկաստանը վերագրավել է քաղաքը, այդ մզկիթը վերածել են զինանոցի։ Իսկ 1827 թվականին՝ Երևանը պարսկական լծից ազատագրվելուց հետո` 1839 թվականին այն վերածվել է ռուսական եկեղեցու։ Եկեղեցին կոչվել է Եկեղեցի Հովանավորության Տիրամոր Կույսին (Սբ. Պոկրով)՝ ի հիշատակ բերդի գրավման։ XX դարի սկզբներին այն քանդվել է։

Երկրորդ պարսկական մզկիթը կառուցվել է XIX դարի սկզբներին, Երևանի վերջին սարդար Հուսեին խանի և պարսից Ֆաթ-Ալի շահի օրոք։ Շիա դավանության այս մզկիթը կոչվել է Աբաս Միրզայի մզկիթ (Աբաս Միրզա ջամի)։ Դրա ճակատային ու գմբեթի արտաքին կողմերը ամբողջովին պատված են եղել կանաչ ու կապույտ փոքրիկ քառակուսի հախճապակիներով։ Երևանի գրավումից հետո, երբ բերդում տեղակայվել է ռուսական կայազոր, Աբաս Միրզա ջամին դարձել է զինանոց։ Թե՛ թուրքական մզկիթի, թե՛ Աբաս Միրզա ջամի ավերակները պահպանվել են մինչև 1930-ական թվականները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ЧЕЛЕБИ, ЭВЛИЯ (17-րդ դար). «КНИГА ПУТЕШЕСТВИЙ - ЗЕМЛИ ЗАКАВКАЗЬЯ И СОПРЕДЕЛЬНЫХ ОБЛАСТЕЙ МАЛОЙ АЗИИ И ИРАНА». Библиотека - Восточная литература. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Juan de Persia (1604). Relaciones de Don Juan de Persia. Valladolid: Juan de Bostillo. էջ 313.
  3. Tavernier, Jean Baptist (1684). The Six Voyages through Turkey, into Persia and the East Indies. London.

Օգտագործված աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 567