Գոլֆստրիմ (անգլ.՝ Gulf Stream), ծովային տաք հոսանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Այն քարտեզների վրա հայտնվել է Բենջամին Ֆրանկլինի օրոք և նախաձեռնությամբ։ Լայն առումով Գոլֆստրիմը կոչվում է տաք հոսանքների այն հզոր համակարգը, որ ձգվում է 10 հզ կմ՝ Ֆլորիդա թերակղզու ափերից մինչև Շպիցբերգեն ու Նոր երկիր կղզիները։ Բուն Գոլֆստրիմը սկսվում է Ֆլորիդա թերակղզու հարավից (դուրս գալով Մեքսիկական ծոցից), խառնվում Անտիլյան հոսանքի ջրերին ն ընթանում մինչև Նյուֆաունդլենդյան ծանծաղուտը, շփվում Լաբրադորյան սառը հոսանքի հետ, շեղվում արևելք և այդտեղից կոչվում Հյուսիսատլանտյան հոսանք։ Գոլֆստրիմ առաջանում է պասատային քամիների կողմից Յուկատանի նեղուցով դեպի Մեքսիկական ծոցը ջրերի հսկայական զանգվածներ բերվելու և այնտեղ կուտակվող ջրերի ու Ատլանտյան օվկիանոսին կից մասերի մակարդակների միջև տարբերություն առաջանալու պատճառով։ Դեպի օվկիանոս ելքի մոտ հոսանքի հզորությունը 25 միլիոն3/վրկ է (20 անգամ գերազանցում է երկրագնդի բոլոր գետերի ծախսը), հյուսիսային լայնության 38°-ի տակ՝ 82 միլիոն մ3/վրկ։ Ֆլորիդայի նեղուցի շրջանում հոսանքի շերտի հաստությունը 700 - 800 մ է, լայնությունը՝ 75 կմ, արագությունը՝ 6 - 10 կմ/ժ։ Գոլֆստրիմ հոսանքի ջուրը տաք է և աղի։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 25 °C - 26 °C է, աղիությունը՝ 36,2 - 36,4 ‰։ Ջրի ջերմաստիճանի փոփոխությունը կախված է արևադարձային տաք ջրերը բերող պասատային քամիների ուժից։ Դեպի հյուսիս-արևելք Գոլֆստրիմը հոսանքը լայնանում է (Նյուֆաունդլենդյան ծանծաղուտի մոտ մինչն 200 կմ), արագությունը պակասում, ջերմաստիճանը իջնում։ Գոլֆստրիմը տաք հոսանքի համակարգը մեծ ազդեցություն ունի ինչպես Եվրոպայի կլիմայի, այնպես էլ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերի ջրաբանական ն կենսաբանական բնույթի վրա։ Գոլֆստրիմի շնորհիվ Մուրմանսկ նավահանգիստը տարին բոլոր բաց է նավարկության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 150
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլֆստրիմ» հոդվածին։