Գերմանիայի և Լեհաստանի միջև ուժի չկիրառման հռչակագիր

«Գերմանիայի և Լեհաստանի միջև ուժի չկիրառման հռչակագիր» (լեհ.՝ Deklaracja między Polską a Niemcami o niestosowaniu przemocy) (կոչվում է նաև Գերմանիայի և Լեհաստանի միջև չհարձակվելու մասին պայմանագիր, Պիլսուդյան Հիտլերի պակտ[1][2][3][4][5][6]), համատեղ հռչակագիր, որը ստորագրվել է Գերմանիայի և Լեհաստանի կողմից 1934 թվականի հունվարի 26-ին։ Այդ փաստաթղթի ընդունումը նպաստել է երկու պետությունների միջև հարաբերությունների ժամանակավոր կարգավորմանը։

Պատմություն խմբագրել

Գերմանիայի դեսպան Հանս-Ադոլֆ Ֆոն Մոլտկեն, Լեհաստանի ռազմական նախարար Յուզեֆ Պիլսուդսկին, Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսն ու Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յուզեֆ Բեկը 1934 թվականի հունիսի 15-ին Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրումից 5 ամիս անց

Հռչակագիրը Բեռլինում ստորագրել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին ֆոն Նեյրատը և Բեռլինում Լեհաստանի դեսպան Յուզեֆ Լիպսկին 1934 թվականի հունվարի 26-ին։ Ստորագրումը տեղի է ունեցել Հիտլերի և Լեհաստանի գեներալ-տեսուչ Պիլսուդսկու նախաձեռնությամբ։ Պիլսուդսկին թերագնահատել է Հիտլերի հավակնությունները՝ համարելով նրան ռացիոնալ և խելամիտ քաղաքական գործիչ։ Ուժի չկիրառման մասին հռչակագրի ստորագրումը Հիտլերի ղեկավարությամբ գերմանական կառավարության առաջին արտաքին քաղաքական հաջողություններից մեկն էր։ Ավելին, Հիտլերը փորձում էր Լեհաստանին ներքաշել ԽՍՀՄ-ի դեմ ուղղված միության մեջ։

Հռչակագրի ստորագրմանը նախորդել են Վերսալյան համաձայնագրերի խախտմամբ իր հիմնական դաշնակից Ֆրանսիային Գերմանիայի դեմ պատերազմի մղելու Լեհաստանի անհաջող փորձերը։ Ֆրանսիայի մերժումը, ինչպես նաև 1933 թվականի ամռանը չորս պակտի ստորագրումը (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա)[7] ուժեղացրել են Լեհաստանի մտավախությունները, որ «մեծ» տերությունները պատրաստ կլինեն ճգնաժամի դեպքում զոհաբերել «փոքր» շահերը։ Արդյունքը եղել է Գերմանիայի հետ երկկողմ պայմանագրով հնարավոր ագրեսիայից իրեն պաշտպանելու փորձը։ Բացի այդ, Լեհաստանի դիրքորոշման վրա ազդել է այն փաստը, որ միջին եվրոպական քաղաքականության մեջ ձևավորվել է Լեհաստանի և Հունգարիայի հստակ արտահայտված միությունը՝ ուղղված փոքր Անտանտի դեմ (Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Ռումինիա)։ Լեհաստանի ղեկավարությունը Գերմանիայից (նաև Չեխոսլովակիայի և, հնարավոր է, Ավստրիայից և Հարավսլավիայից) ակնկալում էր ակտիվ փոխադարձ աջակցություն Վերսալի սահմանների վերաբաշխման հարցերում։ Մասամբ այդ սպասելիքներն արդարացել են 1938 թվականի Մյունխենյան համաձայնագրից հետո, երբ Գերմանիան, Հունգարիան և Լեհաստանը ձեռնամուխ են եղել Չեխոսլովակիայի տարածքի բաժանմանը[8]։

Հռչակագրի տեքստում հատուկ նշված է եղել, որ այն չի չեղյալ հայտարարի Գերմանիայի և Լեհաստանի կառավարությունների կողմից երրորդ երկրներին նախկինում տրված պարտավորությունները։ Իր դաշնակիցներին ավելի հանգստացնելու համար Լեհաստանն անմիջապես երկարաձգել է չհարձակվելու մասին լեհ-խորհրդային պայմանագիրը,որի ավարտին մնացել էր ավելի քան մեկ տարի (սակայն հաջորդած տարիների ընթացքում լեհական կառավարությունը շարունակում էր Խորհրդային սպառնալիքը դիտարկել որպես ավելի լուրջ, քան գերմանական, և հետևողականորեն արգելափակել էր խորհրդային-լեհ-չեխոսլովակյան հակահերմանյան դաշինքի ստեղծման փորձերը)։ Նախատեսվում էր չհարձակվելու պարտավորության պահպանում ուժի մեջ և պայմանավորվող կողմերից մեկի՝ երրորդ պետությունների դեմ պատերազմի մեջ մտնելու դեպքում։

Ստորագրված հռչակագրի հետևանքներից մեկը դարձել է 1937 թվականի նոյեմբերի 5-ին ազգային փոքրամասնությունների մասին գերմանա-լեհական պայմանագիրը։ Ֆորմալ առումով նրա հիմքում դրվել է «ազգային փոքրամասնությունների իրավունքների փոխադարձ հարգանքի» սկզբունքը։ Իրականում խոսքը Լեհաստանում պլացդարմի ապահովման մասին էր՝ լեհական մարզերի գերմանացի բնակչության շրջանում ազգայնական քարոզչություն ծավալելու համար[9]։

Հիտլերը միակողմանիորեն խզել է Լեհաստանի հետ չհարձակվելու մասին պայմանագիրը 1939 թվականի ապրիլի 28-ին այն պատրվակով, որ Լեհաստանը հրաժարվել է Գերմանիային հնարավորություն ընձեռել քենիգսբերգ (այժմ Կալինինգրադ) արտատարածքային խճուղային ճանապարհի կառուցման համար, այսպես կոչված, լեհական միջանցքի տարածքով։ Լեհաստանը, սակայն, վկայակոչելով հռչակագրի տեքստը, շարունակել է այն համարել գործող՝ մինչև 1939 թվականի սեպտեմբերի 1-ին իրականացված Գերմանիայի հարձակումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. K.Lapter, Pakt Piłsudski-Hitler. Polsko-niemiecka deklaracja o niestosowaniu przemocy z 26 stycznia 1934 r., Warszawa 1962, Cz II dok 11.
  2. Sabine Hering. Die Geschichte der Sozialen Arbeit in Osteuropa 1900—1960. http://www.sweep.uni-siegen.de/Sweep_PDF/4siso%20osteuropa.PDF Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
  3. Ernst B. Haas. The Balance of Power as a Guide to Policy-Making. The Journal of Politics, Vol. 15, No. 3 (Aug., 1953), pp. 370—398
  4. «WAR DEUTSCHLAND ALLEIN SCHULD?» von Prof. Dr. Berthold Rubin, DSZ- Verlag München
  5. Вольфганг Випперман. Европейский фашизм в сравнении 1922—1982. Перевод с немецкого А. И. Федорова. Wolfgang Wippermann. Europaischer Faschismus im Vergleich. (1922—1982). Suhrkamp 1983 ISBN 3-518-11245-7
  6. Tajny układ Hitler-Piłsudski? Dariusz Ratajczak. Nr 6 (5.02.2006) http://www.myslpolska.icenter.pl/index.php?menu=historia&parStrona=1&nr=2006020506402 Արխիվացված 2007-04-13 Wayback Machine
  7. Этот договор так и не вступил в силу.
  8. См., например, Тибо П. Эпоха диктатур (1918—1947 гг.). М., 1998.
  9. Внешняя политика третьего рейха (1933—1945) / Н. В. Павлов // MGIMO.ru. — 2012

Գրականություն խմբագրել