Ափիոնային առաջին պատերազմ

Ափիոնային առաջին պատերազմ (1840-1842, չինարեն՝ 第一次鸦片战争, փինյին՝ Dìyícì Yāpiàn Zhànzhēng, պալլ․՝ Диицы япянь чжаньчжэн), Մեծ Բրիտանիայի պատերազմը Ցին դինաստիայի դեմ։ Անգլիական զորքերի նպատակն էր Չինաստանում բրիտանական առևտրային հետաքրքրությունների պաշտպանությունը, առևտրի ընդլայնումը, առաջին հերթին՝ ափիոնի (այստեղից՝ անվանումը), որին խոչընդոտում էր Ցին կայսրության կողմից ծովային առևտրի արգելքը։

Ափիոնային առաջին պատերազմ
Ափիոնային պատերազմներից

Չինական ռազմանավերը կործանող Նեմեսիսը, հունվարի 7, 1841
Թվական18 մարտ, 183929 օգոստոս, 1842[1]
ՎայրՉինաստան
ՊատճառՄեծ Բրիտանիան ցանկանում էր ներխուժել չինական շուկա
ԱրդյունքԲրիտանական հաղթանակ, Նանկինի պայմանագիր
Տարածքային
փոփոխություններ
Մեծ Բրիտանիան ստացավ Հոնկոնգը
Հակառակորդներ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
Ցին դինաստիա
Կողմերի ուժեր
19 000֊անոց զորք[2]200 000-անոց զորք
Ռազմական կորուստներ
69 զոհ, 451 վիրավոր18 000–20 000 զոհեր և վիրավորներ

Նախապատմություն խմբագրել

Եվրոպական գործարանները Գուանչժոուում

Եվրոպայի և Չինաստանի միջև ծովային ուղղակի առևտուրը սկսվել է 1557 թվականին, երբ պորտուգալացիները վարձակալեցին Մակաոյի առաջատար ուղեկալը։ Եվրոպայի մյուս ազգերը ևս հետևեցին Պորտուգալիայի օրինակին և արաբական, չինական, հնդկական ու ճապոնական առևտրականների հետ ներտարածաշրջանային առևտուրը զարգացնելու նպատակով ներխուժեցին ասիական ծովային առևտրային ցանց[3]։

Իսպանիայի կողմից Ֆիլիպինների ձեռքբերումից հետո ապրանքների փոխանակումը Չինաստանի և արևմտյան Եվրոպայի միջև կտրուկ աճեց։ 1565 թվականից Հարավային Ամերիկայի արծաթի իսպանական հանքերից տարեկան մեծ քանակությամբ արծաթ էր հոսում դեպի ասիական առևտրային ցանց, մասնավորապես, Չինաստան։ Եվրոպայում չինական ապրանքների նկատմամբ պահանջարկի աճին զուգընթաց դրանց դիմաց վճարումը կատարվում էր ձուլակտորների ուղղակի արտահանման միջոցով[3]։

Բրիտանական նավերը սկսեցին հայտնվել Չինաստանի ափերի մոտ 1635 թվականից։ Առանց որևէ պաշտոնական հարաբերություններ սկսելու բրիտանական վաճառականներն իրավունք ունեին Գուանչժոուից բացի առևտուր անել նաև Չժոուշանում և Սյամինում[4]։

Մեծ Բրիտանիայի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների սկզբում առևտրային հաշվեկշիռը զգալիորեն ուղղված էր դեպի չինական արտահանում։ Մինչ Եվրոպայում չինական ապրանքները համարվում էին էկզոտիկա և շքեղության նշան, Ցին դինաստիայի կայսրերի քաղաքականությունն ուղղված էր երկրի մեկուսացմանը, օտարերկրյա ազդեցության բացառմանը։ Այսպես, օտարերկրյա առևտրային նավերի համար բաց էր միայն մեկ նավահանգիստ, իսկ առևտրականներին արգելված էր ոչ միայն լքել նավահանգիստի տարածքը, այլև չինարեն սովորեցնել։ Չինաստանի կողմից առևտուր թույլատրվում էր միայն 12 առևտրականների համքարությանը։

Նմանատիպ պայմաններում եվրոպացի առևտրականները գրեթե հնարավորություն չունեին վաճառեու իրենց ապրանքները Չինաստանում, պահանջարկ ունեին միայն ռուսական մորթիները և իտալական ապակին։ Դա հարկադրում էր Անգլիային չինական ապրանքների անընդհատ աճող գնումների դիմաց վճարել թանկարժեք մետաղներով։ Փորձելով հավասարակշռություն հաստատել՝ անգլիական իշխանությունները չինացի կայսրերի մոտ առևտրային պատվիրակություններ էին ուղարկում, սակայն բանակցությունները երբեք հաջողությամբ չէին պսակվում։ Իրավիճակը լավ ներկայացնում են Ցյանլուն կայսեր խոսքերն ուղղված Գեորգ 3-րդի դեսպան լորդ Մաքքարթնիին (1793)․

Մեզ ոչ ոք պետք չէ։ Վերադարձեք ձեզ մոտ։ Վերցրեք ձեր նվերները։

19-րդ դարում, այնուամենայնիվ, ապրանքը, որը հետաքրքրեց Չինաստանին, գտնված էր․ դա ափիոնն էր։

Չնայած Չինաստանում ափիոնի առևտրի և գործածման բացարձակ արգելքին (1729 և 1799 թվականների կայսերական հրամանագրեր)՝ սկսած 1773 թվականից Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը ստանում է բենգալյան ափիոնի գնման մենաշնորհ։ 1775 թվականին այն անօրինական կերպով, սակայն իր համար շատ շահավետ, Չինաստանում վաճառում է 1.4 տոննա ափիոն։ 1830 թվականին ափիոնի վաճառքի ծավալը կազմեց 1500 տոննա։ Չնայած այդ առևտրի բացարձակ անօրինականությանը՝ այն ստանում է բրիտանական իշխանությունների անվիճելի աջակցությունը, ինչի նպատակը Չինաստանի հետ դրական առևտրային հաշվեկշռի ապահովում էր։ Դա տեղի ունեցավ 1833 թվականին։

Ափիոնով բեռնված նավերը Լինդին կղզու մոտ, 1824

1834 թվականին բրիտանական առևտրականների ճնշման տակ Օստ-Հնդկական ընկերությունից խլվեց Չինաստանի հետ առևտրի մենաշնորհը, ինչն էլ հանգեցրեց ափիոնի վաճառքի նոր վերելքի, և 1835 թվականին ափիոնը կազմեց Չինաստանի ամբողջ ներմուծման շուրջ 3/4-ը․ ներկրված ափիոն էին ծխում ավելի քան 2 միլիոն մարդ։ 1838 թվականին ափիոնի վաճառքի ծավալը կազմեց 2000 տոննա․ տարբեր շերտերի և դասերի պատկանող միլիոնավոր չինացիներ գործածում էին այս թմրամիջոցը։ Ժամանակակիցների գնահատականներով թմրամոլներ էին դարձել քաղաքային պաշտոնյաների 10-20%-ը և շրջանների պաշտոնյաների 20-30%֊ը․ առանձին հաստատություններում դրա մեջ էր ներգրավված պաշտոնատար անձանց 50-60%֊ը։ Զինվորների և սպաների շրջանում ափիոն ծխելը դարձել էր կործանարար։ Չին ժողովուրդը գրեթե ամբողջությամբ բարոյազրկված էր։

Օստ-Հնդկական ընկերության մենաշնորհի կասեցումից հետո Գուանչժոուի վաճառականները միավորվելով ստեղծեցին իրենց առևտրային պալատը ափիոնի առևտրով զբաղվող Ջ․ Մետիսոնի գլխավորությամբ։ Վերջինս անմիջապես մեկնեց Լոնդոն, որպեսզի հասնի չինական շուկայի խնդրի լուծմանն ուժի միջոցով։ Չինաստանում անգլիական առևտրային կապիտալի ակտիվությունը կտուկ ուժեղացավ։ Անգլիական բուժուազիան պահանջում էր, որպեսզի կառավարությունը միջոցներ ձեռնարկի Չինաստանի «մեկուսացումը» կոտրելու նպատակով։ Դրա համար առաջարկվում էր գրավել որևէ առափնյա կղզի, օրինակ՝ Թայվանը։

Լոնդոնի գործարար միջավայրը գնալով ավելի շատ էր պահանջում «չինական հարցի» ուժային լուծում։ Որոշվեց առանց նախնական թույլտվության չինական «փակ» ափերի քարտագրման, առևտրային և ռազմական հետախուզություն սկսել։ Այդ առաջադրանքը պետք է կատարվեր Օստ-Հնդկական ընկերության գուանչժոուական խորհրդի կողմից բեռների գլխավոր պատասխանատու Լինդսեյի գլխավորությամբ։ Նրա նավը, Կալկաթայից ուղևորվելով Ճապոնիա, իբրև թե վատ եղանակի պատճառով շեղվեց ճանապարհից և ստիպված եղավ գնալ Չինաստանի ափով՝ մի «փակ» նավահանգստից դեպի մյուսը։ Չնայելով Պեկինի արգելքներին և տեղական իշխանությունների բողոքներին՝ 1832 թվականին Լինդսեյի խումբը կատարեց իր առաջադրանքը։ Այն ուսումնասիրեց Սյամեն, Ֆուչժոու, Նինբո և Շանհայ նավահանգիստները, իսկ այնուհետև այցելեց Թայվան։

Գուանչժոուի պայքարը

1834 թվականի ամռանը Գուանչժոուի մոտ գտնվող բրիտանական գործարանի տարածք ժամանեց լորդ Ուիլյամ Նեպիրը, ով նշանակվել էր Չինաստանում անգլիական առրևտրի տեսուչ։ Նեպիրը մի կողմից պետք է ուսումնասիրեր Չինաստանում անգլիական առևտրի հեռանկարները և աստիճանաբար դիվանագիտական հարաբերություններ հաստատեր Պեկինի հետ, իսկ մյուս կողմից՝ շարունակեր ափի ուսումնասիրությունը պատերազմի դեպքի համար՝ չխառնվելով ափիոնային մաքսանենգության գործերին։

Չնայած այն հանգամանքին, որ Անգլիան Նեպիրին ուղարկել էր որպես իր առևտրային և դիվանագիտական ներկայացուցչի, Չինաստանի տեսանկյունից նա ընդամենը անգլիական վաճառականների ներկայացուցիչն էր, այսինքն՝ ոչ այնքան բարձր, որպեսզի կարողանար անմիջականորեն շփվել մարզպետի հետ։ Դա շատ դեպքերում կանխորոշում էրՆեպիրի առաքելության անհաջողությունը։ Նրա՝ Լյանգուանի մարզպետին ուղղված նամակը հետ վերադարձվեց, և ի պատասխան նամակը՝ խնդրողական բնույթի փոխելուն տրված մերժմանը, կայսերական կողմը պահանջեց «անամոթին» հեռացնել Գուանչժոուից։ Նեպիրը չցանկացավ ենթարկվել, և դրա հետևանքներն ի հայտ եկան 1834 թվականի օգոստոսին և սեպտեմբերին, երբ դադարեցվեց սննդամթերքի մատակարարումը անգլիական գործարանի չինական անձնակազմին և սահմանվեց առևտրային արգելք։ Հակամարտությունն արագորեն հասունանում էր։ Երբ ցիննական զորքերը գործարանն արգելափակեցին ցամաքի կողմից, անգլիացիներն այնտեղ զորք իջեցրեցին և Սիցզյանի գետաբերանին երկու ֆրեգատ կանգնեցրեցին։ Դրան ի պատասխան չինական առափնյա զինաշարերը պատնեշապատման կրակ բացեցին։ Ցիննական կողմի ամրությունը, զինված հակամարտություն սկսելու և դրանով իսկ առևտրային հարաբերությունների խափանման վախը Նեպիրին ստիպեցին լքել չինական տարածքները։ Դրանից հետո Լյանգուանի իշխանությունները վերսկսեցին առևտուրն այլ ազգերի, օրինակ՝ ամերիկացիների հետ, իսկ ահա բրիտանացիները պետք լքեին տարածքը՝ հեռանալով դեպի Վամպաո կամ Մակաո[5]։ Լորդ Նեպիրը ստիպված էր Մակաո վերադառնալ, որտեղ էլ մահացավ մի քանի օր անց[6]։

1836 թվականի վերջին, 1837 թվականի սկզբին Գուանչժոուում տեղի ունեցավ անգլո֊չինական հարաբերությունների նոր սրում։ 1837 թվականից սկսած Անգլիան սկսեց Գուանդուն նահանգի առափնյա ջրերում մշտապես պահել իր նավերը։ 1830-ականների վերջին Չինաստանի հարավում իրավիճակը գնալով ավելի էր սրվում։ Լոնդոնյան ներկայացուցչությունը, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հենրի Պալմերսթոնը, վերջնականապես որոշեցին դիմել չինական շուկայի «բացման» ուժային տարբերակին։ Անհրաժեշտ էր ընդամենը քիչ թե շատ համոզիչ առիթ։

Հակամարտության սկիզբը խմբագրել

Լին Ցզեսյույ

1839 թվականին կայսրը չինական կայսերական արտակարգ և լիազոր ներկայացուցիչ նշանակեց Լին Ցզեսյույին՝ հանձնարարելով վերացնել ափիոնի առևտուրը[7]։ Լինը բաց նամակ ուղարկեց Վիկտորիա թագուհուն՝ հարցականի տակ դնելով բրիտանական կառավարության բարոյական հիմնավորումը։ Նա գրում էր[8]

Ձերդ գերազանցությունը նախկինում այս կերպ պաշտոնապես չի ծանուցվել, և Դուք կարող եք հիմվել մեր խիստ օրենքների չիմացության վրա, սակայն ես այժմ տալիս եմ իմ երաշխիքը, որ մենք նպատակ ունենք վերջնականապես վերացնելու այս վնասաբեր թմրամիջոցը։

Նամակը երբեք չհասավ թագուհուն՝ հիմնավորվելով միայն մեկ աղբյուրի վրա, որ այն կորսվել է տեղափոխման ժամանակ[9]։ Լինը խոստացավ, որ ոչինչ իրեն հետ չի կանգնեցնի իր առաքելություններից[10]։

Լին Ցզեսյույիի «հուշագիրը» (չինարեն՝ 摺奏) գրված ուղղակիորեն Վիկտորիա թագուհուն

Ռազմական գործողությունների մեկնարկի անմիջական առիթ դարձավ Լին Ցզեսյույի գործունեությունը, ով 1839 թվականի մարտին Գուանչժոուում անգլիացիներից և ամերիկացիներից պահանջեց ամբողջ ափիոնի հանձնում, իսկ երբ նրանք հրաժարվեցին ենթարկվել, Լին շրջափակեց արտասահմանյան գործարանների տարածքը և հետ կանչեց դրանց չին անձնակազմին։ Նա փակեց նաև կայսերական կապուղին[11]։ Ափիոնի առևտրով զբաղվողները և բրիտանական առևտրի վերակացու Չարլզ Էլիոթը ստիպված էին հանձնել թմրամիջոցի ամբողջ պաշարը՝ ավելի քան 19 000 արկղ և 2 000 տուկ, որոնք Լինի հրամանով ոչնչացվեցին։ Երբ «վիրավորված» անգլիացիները տեղափոխվեցին Մակաո, Լինը թույլատրեց Գուանչժոուում առևտրով զբաղվել միայն նրանց, ով ստորագրում էր ափիոն բերելուց հրաժարվելու գրություն։ Քանի որ անգլիացիները ցուցադրաբար արհամարհում էին չինական օրենքները, Լինը օգոստոսին խախտողներին արգելափակեց Մակաոյում և ստիպեց նրանց տեղավորվել իրենց նավերում։ Բրիտանացի մրցակիցների համառությունից օգտվեցին ամերիկացիները՝ իրենց առևտրի ընդլայնման նպատակով։ Շատ անգլիացիներ ձգտում էին կատարել պահանջվող պարտավորությունները։

Չարլզ Էլիոթ

Նման բան թույլ չտալու համար Չարլզ Էլիոթը 1839 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին վախով և ռիսկի գնալով հրահրեց բրիտանական նավերի մի քանի հարձակում չինական ռազմական ջոնկաների վրա։ Երբ դա օգուտ չտվեց, անգլիացիները համաձայնվեցին ստորագրել թմրամիջոցի մաքսանենգությանը չմասնակցելու գրություն և դադարեցրեցին զինված բախումները Չժուցզյանի գետաբերանին։ Վերջին հաշվով Լինին հաջողվեց ճեղքել բրիտանական և ամերիկյան գործարարների շարքերը և վերսկսել արտաքին առևտուրը՝ կտրուկ կրճատելով ափիոնի սպառումը Գուանդունի ափերին։ Առաջին հաջողությունները պտտեցրին կայսեր գլուխը և նա որոշեց «բարբարոսներին» ծնկի բերել՝ 1839 թվականի դեկտեմբերից Չինաստանը հայտարարելով «փակ» Անգլիայի և Հնդկաստանի բոլոր գործարարների համար։ Բոլոր բրիտանացի գործարարները, նրանց ապրանքները և նավերը 1840 թվականի հունվարին հեռացվեցին Գուանչժոուից։ Լոնդոնում չինական շուկայի «փակումը» համարեցին Չինաստանի հետ պատերազմ սկսելու հարմար առիթ։

Ափիոնի առևտրով զբաղվողների հզոր լոբբին բրիտանական կառավարությանը ստիպեց 1840 թվականի ապրիլին Չինաստանին պատերազմ հայտարարել։ Նույն ամսին 4000 զինվորներով 40 նավերի նավատորմը դուրս եկավ Հնդկաստանից՝ ուղևորվելով Չինաստան։

Ամերիկայի նախագահն այդ պատերազմը արդարացի անվանեց[12]։

Կողմերի ուժերը խմբագրել

Անգլիական ուժեր խմբագրել

Բրիտանական էքսպեդիցիոն կորպուսը Հնդկաստանից դուրս գալու պահին բաղկացած էր 4 գնդերից․

  • Իռլանդական թագավորական 18-րդ գունդ, 582 անձ
  • Կամերոնաիռլանդական 26-րդ գունդ, 806 անձ
  • Գերֆորդշիրյան իռլանդական 37-րդ գունդ, 764 անձ
  • 49-րդ գունդ, 649 անձ
  • 2 հրետանային վաշտեր, 213 անձ
  • Ընդամենը 3 014 անձ

Հնդկական զորքերից մասնակցում էին կամավորներ․ Բենգալյան նախագահության բանակից մասնակցում էր Բենգալյան կամավորական գունդը (689 անձ), Մադրասյան նախագահության բանակից մասնակցում էր սակրավորների բաժինը (324 անձ)։ Առկա էր նաև հրետանային բաժին՝ 67 անձ․ հնդկական զորքերի ընդհանուր թիվը կազմում էր 1 080 անձ։

Ընդհանուր առմամբ ցամաքային ուժերը հասնում էին 4 094-ի՝ չհաշված սպասարկող անձնակազմը[13]։

Ցին կայսրության ուժեր խմբագրել

Պատերազմի սկզբի դրությամբ Ցին կայսրության զինված ուժերում հաշվվում էր 220 000 մարդ մանչժուրյան «ութշքանշանակիր բանակի» կազմից և 660 000 մարդ էթնիկ չինացիների «կանաչ շքանշանի զորքերի» կազմից։ Այդ ուժերը սփռված էին պետության ամբողջ տարածքով մեկ, և արդեն 35 տարի չէին մասնակցում կազմակերպված հակառակորդի դեմ տարվող ռազմական գործողություններին, լավագույն դեպքում կատարում էին ոստիկանական կամ հակապարտիզանական գործառույթներ։

Պատերազմի ընթացքը խմբագրել

Չինական ջոնկաների վրա բացված կրակը

Առաջին ռազմական բախումը տեղի ունեցավ 1839 թվականի նոյեմբերի 3-ին՝ անգլիական զորքերի կողմից Սիցզյանի գետաբերանին չինական նավերի վրա բացված կրակը։ Բուն պատերազմի սկիզբը համարվում է 1840 թվականի հուլիսը, երբ հրամանն արդեն ստացված էր, իսկ նավատորմը պատրաստ։

Անգլիական կողմի հիմնական մարտավարությունը նավատորմի խուսանավումն էր (Արևելաչինական ծովի ափի ուղղությամբ վերև դեպի Յանցզի գետի դելտա, մինչև կայսերական կապուղի), ամրությունների ռմբակոծումը գծային նավերով, ինչպես նաև կայսերական կապուղու (երկրի կարևորագույն տրանսպորտային զարկերակներից մեկի ) շրջափակումը։ Անգլիացիների ցամաքային բոլոր գործողությունները հեռանում էին ծովից կամ գետից և տարվում էին նավատորմի աջակցությամբ։

Չինական և բրիտանական նավերի մասնակցությամբ առաջին ճակատամարտը, 1839

Չինական բանակի հիմնական մարտավարությունը հնացած, բայց մեծ քանակությամբ զինամթերքով հագեցած ամրությունների պաշտպանությունն էր, գետերի վրա արգելքների տեղադրումը, պայթուցիկներով բեռնված նավերով անգլիական նավատորմի վրա հարձակումները։

Պատերազմի ընթացքում անգլիական զորքերը ցուցադրեցին իրենց նավատորմի և զինամթերքի զգալի առավելությունը, բարձր ճարպկությունը և կազմակերպվածությունը։ Չինական զորքերը, այդ թվում նաև բարձրակարգ մանչժուրյան ջոկատները, չկարողացան լուրջ հակահարված տալ, ինչը պայմանավորված էր զինամթերքին տիրապետելու անբավարարությամբ, զորքի ընդհանուր թույլ պատրաստավածությամբ, բանակի ցածր մարտական ոգով։ Պատերազմի ընթացքում խոշոր մարտերն անցնում էին անգլիական կողմի համեմատաբար փոքր կորուստներով և վիրավորներով, սակայն վերջիններս առավել մեծ կորուստներ էին ունենում կլիմայական շոգ պայմանների և արևադարձային հիվանդությունների պատճառով։ Այնուամենայնիվ, չինական կողմի կորուստները զգալիորեն շատ էին։

Պատերազմի նախնական փուլը խմբագրել

1840 թվականի հունիսին ադմիրալ Ջորջ Էլիոթի (Չարլզ Էլիոթի եղբոր) էսկադրիլիան ժամանեց Չժուցզյանի գետաբերանի մոտ և շրջափակեց այն[14]։ Նավերը ղեկավարում էր Ջեյմս Բրեմերը։ Նա չինական կառավարությունից պահանջում էր փոխհատուցել ընդհատված առևտրի պատճառով բրիտանացիների կրած վնասները[15]։

Հուլիսին անգլիացիները Չժուցզյան նահանգի ափերի մոտ գրավեցին Չժոուշան կղզիախումբը՝ այնտեղ իրագործելով ավազակություն և բռնություններ։ Միայն դրանից հետո Պեկինում գիտակցեցին պատերազմի վտանգը և միջոցներ ձեռնարկեցին ափերի պաշտպանության համար։

«Բարբարոսները» մոտենում են մայրաքաղաքին խմբագրել

Նավերի և կայազորի մեծ մասը թողնելով Չժոուշան կղզիախմբում՝ անգլիական էսկադրիլիան շարժվեց հյուսիս՝ դեպի Դեղին ծով, հերթականությամբ շրջափակելով չինական նավահանգիստները։ Օգոստոսին այն հատեց Բոհայի ծոցը, մտավ Բայխեի գետաբերան և խարիսխ գցեց Դագուի ափերին։ Կայսրը, վախենալով Պեկինին «բարբարոսների» այդքան մոտ գտնվելու փաստից, փորձեց բանակցություններ սկսել Էլիոթի հետ։ Դրանք վարում էր Ցիշանը՝ Չժիլի նահանգի երեցը։ Պալմերստոնից նրան ուղարկված թղթում ներառված էին հետևյալ պահանջները՝ ոչնչացված ափիոնի արժեքի փոխհատուցում, «Գունխան» ընկերության պարտքերի մարում, Չ. Էլիոթի ներողամտության հայցում, առափնյա կղզիներից մեկի հանձնում Անգլիային, Լոնդոնի ռազմական ծախսերի փոխհատուցում։ Փորձելով որքան հնարավոր է շուտ հեռացնել «բարբարոսներին» Պեկինից՝ Ցիշանը ադմիրալին խոստացավ կատարել պահանջների մեծ մասը, եթե բանակցությունները տեղափոխվեն Գուանդուն։ Հավատալով այդ խոստումներին՝ Էլիոթը էսկադրիլիան տեղափոխեց հարավ։

Բանակցություններ խմբագրել

«Չուանբիյան կոնվենցիա»

Կայսեր հրամանով բրիտանացիների հետ առևտուրը վերականգնվեց, ափիոնի դեմ պայքարը դադարեցվեց, պաշտոնից հեռացվեց Լին Ցզեսյույը, որը դարձավ «քավության նոխազ» և հետագայում աքսորվեց։ 1840 թվականի դեկտեմբերին Գուանչժոույում վերականգնվեցին անգլո-չինական բանակցությունները։ Դրանց ժամանակ Լինի փոխարեն Լյանգուանի երեց նշանակված Ցիշանը ընդունեց Պալմերստոնի բոլոր պահանջները, բացառությամբ մեկի՝ Սյանգան (Հոնկոնգ) կղզու պաշտոնական հանձնում Անգլիային։ Այդ ընթացքում կայսրը դարձի եկավ, հրաժարվեց վճարել ոչնչացված ափիոնի համար, «բարբարոսներին» հանձնել կղզիները և Գուանդուն ուղարկեց նոր ուժեր ուղարկեց։ Անգլիացիները 1841 թվականի հունվարի սկզբին գրոհով գրավեցին Չուանբին և շարժվեցին դեպի Հումեն։ Տեղեկանալով այդ մասին՝ կայսրը հունվարի 29-ին պատերազմ հայտարարեց Անգլիային և Գուանդուն լրացուցիչ ուժեր ուղարկեց։ Այդ ընթացքում վախեցած Ցիշանը վերականգնեց բանակցությունները Չ. Էլիոթի հետ և ստորագրեց այսպես կոչված «Չուանբիյան կոնվենցիան», որով բավարարվում էին անգլիացիների բոլոր պահանջները։ Իսկ ահա կայսերն ուղարկված զեկույցում նա խաբեության գնաց՝ թաքցնելով թմրամիջոցի համար գումարի վճարման համաձայնությունը և Հոնկոնգ կղզու հանձնումը Անգլիային։ Վերջինիս վրա միանգամից բարձրացվեց բրիտանական դրոշը։ Երբ խաբեությունը բացահայտվեց, կայսրը հրամայեց ձերբակալել դավաճանին։ Կոնվենցիան կորցրեց իր ուժը։

Պատերազմի վերսկսումը․ Գուանչժոուի ազատագրումը և ռազմական գործողությունների դադարեցումը խմբագրել

Պատերազմը վերսկսվեց։ 1841 թվականի հունվարին բրիտանական զորքերը երեք անհաջող մոտեցում կատարեցին Թայվանի հյուսիսային ափին գտնվող Քիլունգի նավահանգիստը գրավելու համար[16]։ 1841 թվականի փետրվարին բրիտանական զորքերը գրոհով գրավեցին Հումենը՝ Չժոուշանի կղզիախմբի կողմից հեռացնելով կայազորը։ Երեք ամիս անց կայսեր զարմիկ Իշանը, ով նշանակվել էր Գուանդունյան զորքերի հրամանատար, հարևան նահանգներից դուրս քաշեց ռազմական ուժերը և մայիսին հարձակում սկսեց անգլիացիների վրա, ինչն ավարտվեց չինական նավատորմի պարտությամբ։ Հակառակորդը հարձակման անցավ, գրավեց Գուանչժոուից հյուսիս գտնվող տարածքները և Իշանի զորքերին ստիպեց թաքնվել ամրությունների հետևում։ Բրիտանական հրետանին գնդակոծում էր քաղաքը, որտեղ ըգացվում էր ջրի և սննդի խիստ պակաս։ Հուսահատվելով՝ Իշանը մայիսի 26-ին հաշտություն խնդրեց, որից հետո երկու կողմերը ստորագրեցին «Գուանչժոուի ազատագրման համաձայնությունը»։ Վերջինս ենթադրում էր զորքերի հեռացում Գուանչժոուից, անգլիացիների կորուստների փոխհատուցում և չինական տարածքների վերադարձ։ Համաձայնության բոլոր պայմանների կատարումից հետո ռազմական գործողությունները դադարեցին։

Պեկինում որոշեցին, որն պատերազմն ավարտվել է և սկսեցին ծովափնյա շրջաններից զորքերի դուրսբերումը․ անգլո-չինական առևտուրը վերսկսվեց։ Այս ընթացքում Լոնդոնը չվավերացրեց Չուանբիյան կոնվենցիան՝ վերանայելով Չինաստանի նկատմամբ իր վարած քաղաքականությունը։ Որոշվեց գլխավորը հարվածն ուղղել Յանցզիի ստորին հոսքի շրջան և կտրել Մեծ ջրանցքը՝ դրանով իսկ մեկուսացնելով Պեկինն ու Չժիլին կենտրոնական նահանգներից։ Դրան պետք է հաջորդեր հարված Տյանցզին-Պեկին ուղղությամբ։ Անգլիայից Պոտինջերի գլխավորությամբ գրոհայինների նոր էսկադրիլիա ուղարկվեց։

1841 թվականի օգոստոսին հետազոտող ուժեր ժամանեցին Ֆուցզյանի ափ, գրոհով վերցրեցին Գուլանյույ կղզու ափը և ժամանակավորապես գրավեցին Սյամեն քաղաքը։ Սեպտեմբերին անգլիացիները մոտեցան Չժոուշանի կղզիախմբին և վեցօրյա համառ մարտերից հետո կրկին գրավեցին այն։ Հոկտեմբերին առանց որևէ մարտի նրանք զբաղեցրեցին Չժենհայը և Նինբոն, որտեղ անցկացրեցին ձմեռը։ Կայսեր հրամանով այնտեղ ուղղվեցին մեծ ուժեր, սակայն 1842 թվականին մարտին նրանց հարձակումը անգլիացիների վրա պսակվեց անհաջողությամբ։ Իրավիճակն ավելի էր բարդացնում այն հանգամանքը, որ չինական ջրերում հայտնվել էին ամերիկյան և ֆրանսիական էսկադրիլիաներ, և միևնույն ժամանակ գնալով վատանում էր Ցին կայսրության վիճակը։ Պեկինում որոշեցին դիմել անգլիական ուժերի խաղաղեցմանը և բանակցությունների գնալ, սակայն պոտինջերի նպատակը բանակցությունները չէին․ նա ցանկանում էր թելադրել Լոնդոնի կամքը։

Անգլիացիների որոշիչ հարձակումը խմբագրել

Չեն Խուաչենի (陈化成)՝ Սունցզյանի պաշտպանության հերոս

Մայիսին անգլիացիները, յոթ ամիս Չժեցզյանում տեղակայվելուց հետո, թողեցին ձմեռելու վայրը և ռազմական գործողությունները տեղափոխեցին Ցզյանսուի նահանգ։ Հունիսի համառ մարտերից հետո նրանք գրավեցին Ուսունը, Բաոշանը և Շանհայը հանձնվեցին առանց որևէ դիմադրության։ Հետազոտական խումբը, հզոր դիմադրության հանդիպելով Սունցզյանում, Յանցզիով շարժվեց դեպի վերև։ Հուլիսին կեսին այն հասավ Յանցզիի և Մեծ ջրանցքի հատմանը և առանց մարտի գրավեց Գուանչժոուն՝ կտրելով դեպի մայրաքաղաք տարվող մթերքի հիմնական ճանապարհը։ Այնուհետև, երկրօրյա արյունալի մարտերից և մեծաթիվ կորուստներից հետո գրավվեց Յանցզիից ջրանցքի հարավային հատվածի մուտքի մոտ տանող Չժենցզյան խոշոր քաղաքը։ Անգլիացիներ, գրոհի սպառնալիքներով, օգոստոսի սկզբին մոտեցան Նանկինին։ Այստեղ Պոտինջերը կայսերական չափից դուրս վախեցած պատվիրակներին գրեթե թելադրեց խաղաղության պայմանները։ 1842 թվականի օգոստոսի 29-ին անգլիական «Կորնուելս» նավի վրա ստորագրվեց այսպես կոչված «Նանկինյան համաձայնագիրը»։

Պատերազմի արդյունքը խմբագրել

Պատերազմի արդյունքը Մեծ Բրիտանիայի հաղթանակն էր, որն ամրագրվեց 1842 թվականի օգոստոսի 29-ի Նանկինյան համաձայնագրով։ Ցին կայսրությունը վճարեց 15 000 000 արծաթե լյան (21 000 000 դոլլար) փոխհատուցում, Բրիտանիային հանձնեց Հոնկոնգ կղզին և բացեց չինական նավահանգիստները անգլիական առևտրի համար։ Անգլիայի թագավորությունը ափիոնի վաճառքից եկամտի հսկայան աղբյուր ստացավ։

Ափիոնային առաջին պատերազմը դարձավ Ցին դինաստիայի աստիճանական թուլացման սկիզբը, ինչը հանգեցրեց նրան, որ չինական շուկան բացվեց եվրոպական համայնքի համար, իսկ չինական նավահանգիստներով ափիոնի ներկրումն օրինականացվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Le Pichon, Alain (2006). China Trade and Empire. Oxford University Press. pp. 36–37. ISBN 0-19-726337-2.
  2. Martin, Robert Montgomery (1847). China: Political, Commercial, and Social; In an Official Report to Her Majesty's Government. Volume 2. James Madden. pp. 81–82.
  3. 3,0 3,1 Gray 2002, էջ 22-23.
  4. Spence 1999, էջ 120.
  5. Michie, Alexander (28 August 2012). The Englishman in China During the Victorian Era: As Illustrated in the Career of Sir Rutherford Alcock Volume 1 (Vol. 1 ed.). HardPress Publishing. ISBN 9781290636872.
  6. "The Napier Affair (1834)" Արխիվացված 2014-12-04 Wayback Machine. Modern China Research. Institute of Modern History, Chinese Academy of Social Sciences.
  7. England and China: The Opium Wars, 1839–60
  8. Commissioner Lin: Letter to Queen Victoria, 1839 Արխիվացված 2015-09-11 Wayback Machine. Modern History Sourcebook.
  9. Hanes & Sanello 2004, էջ 41.
  10. Kort, June M. Grasso, Jay Corrin, Michael (2009). Modernization and revolution in China : from the opium wars to the Olympics (4. ed. ed.). Armonk, N.Y.: Sharpe. ISBN 978-0765623911.
  11. [web.jjay.cuny.edu/~jobrien/reference/ob36.html "China: The First Opium War"]. John Jay College of Criminal Justice, City University of New York. Retrieved 2 December 2010Quoting British Parliamentary Papers, 1840, XXXVI (223), p. 374
  12. Кошелев В. С., Оржеховский И. В., Синица В. И. Всемирная история Нового времени. XIX - начало XX века / Под. ред. В. С. Кошелева. — Мн.: «Народная асвета», 1998. - էջ 271
  13. А. М. Бутаков, А. Е. Тизенгаузен, Опиумные войны, М. 2002., էջ 9
  14. Spence 1999, p. 153-155.
  15. The London Gazette: no. 19930. pp. 2990–2991. 15 December 1840.
  16. Elliott, Jane E. (2002). Some Did it for Civilisation, Some Did it for Their Country: A Revised View of the Boxer War. Chinese University Press. ISBN 9789629960667. p. 197

Գրականություն խմբագրել

  • Gray, Jack (2002). Rebellions and Revolutions: China from the 1800s to 2000. Short Oxford History of the Modern World. New York։ Oxford University Press. ISBN 978-0-19-870069-2.
  • Spence, Jonathan D. (1999). The Search for Modern China (second ed.). New York։ W.W. Norton & Company. ISBN 0-393-97351-4.
  • Beeching, Jack, The Chinese Opium Wars, Hutchinson, 1975, Harcourt, 1976.
  • Hsin-Pao Chang. Commissioner Lin and the Opium War. (Cambridge,։ Harvard University Press, Harvard East Asian Series, 1964).
  • Fay, Peter Ward, The Opium War, 1840–1842: Barbarians in the Celestial Empire in the early part of the nineteenth century and the way by which they forced the gates ajar (Chapel Hill, North Carolina։ University of North Carolina Press, 1975).
  • Greenberg, Michael. British Trade and the Opening of China, 1800–42. (Cambridge։ Cambridge University Press, Cambridge Studies in Economic History, 1951). Various reprints. Uses Jardine Matheson papers to detail the British side of the trade.
  • Manhong Lin. China Upside Down: Currency, Society, and Ideologies, 1808–1856. (Cambridge, Mass.։ Harvard University Asia Center, Harvard East Asian Monographs, 2006). ISBN 0674022688. Detailed study of the economics of the trade.
  • Lovell, Julia, The Opium War: Drug, Dreams and the Making of China (London, Picador, 2011 ISBN 0-330-45747-0). Well referenced narrative using both Chinese and western sources and scholarship.
  • Polachek, James M., The Inner Opium War (Cambridge, Massachusetts։ Council on East Asian Studies, Harvard University, 1992.) Based on court records and diaries, presents the debates among Chinese officials whether to legalise or suppress the use and trade in opium.
  • Waley, Arthur, The Opium War Through Chinese Eyes (London։ Allen & Unwin, 1958; reprinted Stanford, California։ Stanford University Press, 1968). Translations and narrative based on Lin's writings.
  • Correspondence Relating to China (1840). London։ Printed by T. R. Harrison.
  • The Chinese Repository (1840). Volume 8.
  • Непомнин О. Е. История Китая: Эпоха Цин. XVII — начало XX века Արխիվացված 2008-03-03 Wayback Machine. — М.։ Восточная литература, 2005. ISBN 5-02-018400-4
  • Кошелев В. С., Оржеховский И. В., Синица В. И. Всемирная история Нового времени. XIX - начало XX века / Под. ред. В. С. Кошелева. — Мн.։ «Народная асвета», 1998.
  • А. М. Бутаков, А. Е. Тизенгаузен, Опиумные войны, М. 2002.

Արտաքին հղումներ խմբագրել