Լավ կառավարում

Լավ կառավարում, գործընթաց, որը գնահատում է, թե ինչպես են պետական հաստատությունները վարում պետական գործերը, տնօրինում պետական ռեսուրսները և երաշխավորում մարդու իրավունքների իրացումն այնպես, որ դրանք ըստ էության զերծ լինեն չարաշահումներից, կոռուպցիայից և պատշաճ կերպով հաշվի առնեն օրենքի գերակայությունը: Կառավարումը որոշումների կայացման գործընթացն է և այն գործընթացը, որի միջոցով որոշումներն իրագործվում են կամ՝ հակառակը[1]: Այս համատեքստում կառավարումը կարող է լինել կորպորատիվ, միջազգային, ազգային կամ տեղական, ինչպես նաև վերաբերել հասարակության այլ հատվածների միջև փոխգործակցությանը[1]:

Այսպիսով, «լավ կառավարում» հասկացությունը հանդես է գալիս որպես անարդյունավետ տնտեսությունները կամ քաղաքական մարմինները կենսունակ տնտեսությունների և քաղաքական մարմինների հետ համեմատելու մոդել[2]։ Այս հայեցակարգը կենտրոնանում է կառավարությունների և կառավարման մարմինների պատասխանատվության վրա՝ հասարակության որոշակի խմբերի փոխարեն զանգվածների կարիքները բավարարելու համար: Քանի որ «ամենահաջողակ» համարվող երկրները լիբերալ-ժողովրդավարական ​​պետություններն են, որոնք հիմնականում կենտրոնացած են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, լավ կառավարման չափանիշները հաճախ հենց այս պետությունների համապատասխան մարմինների հետ են համեմատում մյուս պետությունների պետական մարմինների աշխատանքը[2]: Օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունները և զարգացած երկրների իշխանությունները հաճախ «լավ կառավարում» երևույթը ներառում են այն պահանջների շարքում, որոնք համապատասխանում են կազմակերպության օրակարգին, ինչի արդյունքում «լավ կառավարումը» տարբեր համատեքստերում ստանում է տարբեր իմաստներ ու ունենում տարբեր նշանակություններ[3][4][5]:

Քաղաքականության մեջ

խմբագրել

Երկրների համատեքստում լավ կառավարումը լայն տերմին է, և այս առումով դժվար է գտնել մեկ միասնական սահմանում: Ըստ Ֆրենսիս Ֆուկույամայի (2013)՝ պետության կարողությունները և բյուրոկրատիայի անկախությունն այն երկու գործոններն են, որոնք որոշում են՝ կառավարումը գերազանց է, թե՝ սարսափելի: Դրանք նաև միմյանց լրացնում են այն իմաստով, որ պետք է թույլ տալ ավելի մեծ ինքնավարություն[6], երբ պետությունն ունի մեծ հնարավորություններ, օրինակ՝ հարկերի հավաքագրման ոլորտում, քանի որ բյուրոկրատները կարող են լավ կատարել իրենց պարտականությունները՝ առանց լուրջ առաջնորդության: Եվ հակառակը, հնարավորությունների ավելի ցածր մակարդակ ունեցող պետություններում նախընտրելի է գործողությունների ավելի քիչ ազատություն և ավելի խիստ կարգավորում:

Արդյունավետ կառավարման վերաբերյալ հետագա հեռանկարը հիմնված է արդյունքների վրա: Չկա լավ կառավարումը պատկերացնելու ավելի լավ տարբերակ, քան այն արդյունքները, որոնք էլ հենց պահանջում են քաղաքացիները, ինչպես օրինակ՝ անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը, ջրամատակարարումը, պայմանագրերի կատարումը, գույքի պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև ընտրելու իրավունքը և արդար վարձատրությունը: Դա պայմանավորված է նրանով, որ կառավարությունները գործում են իրենց քաղաքացիներին հանրային բարիքներ տրամադրելու մտադրությամբ[7]:

Նմանապես, լավ կառավարումը կարող է դիտվել որպես հանրային ծառայությունների արդյունավետ մատուցում, մարգինալացված խմբերի, օրինակ՝ աղքատների ու փոքրամասնությունների մասնակցության բարձրացում, քաղաքացիների կողմից կառավարությանը զսպելու և հակակշռելու հնարավորություն, քաղաքացիների և նրանց սեփականության պաշտպանության նորմերի հաստատում ու կիրառում, ինչպես նաև անկախ դատական համակարգերի առկայություն[8]:

Ռոբերտ Լոուսոնը Բո Ռոթշթեյնի «Կառավարման որակը. կոռուպցիան, սոցիալական վստահությունը և անհավասարությունը միջազգային տեսանկյունից» գրքի վերաբերյալ իր գրախոսության մեջ, որը հրապարկվել է 2011 թվականին[9], նշում է, որ հեղինակը լավ կառավարումը կապում է անկողմնակալության հայեցակարգի հետ. սա այն ​​է, երբ բյուրոկրատները կատարում են իրենց պարտականությունները՝ ելնելով հանրային, այլ ոչ թե սեփական շահից: Լոուսոնը հակադրվում է նրան՝ նշելով, որ օրենքի այս անկողմնակալ կիրառումն անտեսում է այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են տնտեսական լիբերալիզմը, ինչը կարևոր է տնտեսական աճի հետ կապի պատճառով[10]:

Մեգ Ռիթմայրը նշում է, որ միակուսակցական կառավարությունների արդյունավետությունը կարող է գրավիչ թվալ, բայց առաջնորդները պետք է խորը պատկերացում կազմեն երկրում իշխանության կառուցվածքի և «բարոյական տնտեսության» մասին: Իր «Անհուսալի կապեր. բիզնեսը և պետությունը ավտորիտար Ասիայում» գրքում Ռիթմայրն ուսումնասիրում է աշխարհի այդ հատվածում բիզնես առաջնորդների և ավտորիտար ռեժիմների զգայուն հարաբերությունները[11]:

Բո Ռոթշթեյնի և Յան Թեորելի կարծիքով՝ լավ կառավարման հիմնական բնորոշիչը պետական ինստիտուտների անաչառությունն է[12]:

Բիզնեսում

խմբագրել

Կորպորատիվ համակարգում լավ կառավարումը կարող է դրսևորվել հետևյալ հարաբերություններից որևէ մեկում.

  • պետական և կորպորատիվ կառավարման միջև,
  • կառավարման և աշխատակիցների ստանդարտների միջև,
  • կառավարման և աշխատավայրում կոռուպցիայի միջև։

Տարբեր շահագրգիռ կողմեր ​​տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում լավ կառավարումը կորպորատիվ հատվածում: Որոշ երկրներում ընդունվել է համապատասխան օրենսդրական համակարգ, որը նպատակ ունի ազդելու կորպորատիվ համակարգում լավ կառավարման վրա։ Այսպես, Միացյալ Նահանգներում 2002 թվականին ընդունված «Սարբեյնս-Օքսլի» օրենքը սահմանեց այն պահանջները, որոնց ձեռնարկությունները պետք է համապատասխանեն: Ազդարարի ինստիտուտը ևս լայնորեն օգտագործվում է կորպորացիաների կողմից՝ կոռուպցիայի և խարդախության դեպքերը բացահայտելու համար[13]:

Բարեփոխումներ և չափանիշներ

խմբագրել

Լավ կառավարումը խթանելու համար բարեփոխումների պետք է ենթարկվեն երեք ինստիտուտներ՝ պետությունը, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը[14]: Այդուհանդերձ, տարբեր մշակույթներում բարեփոխումների անհրաժեշտությունն ու պահանջարկը կարող են տարբեր լինել՝ կախված այդ երկրի հասարակության առաջնահերթություններից[15]։ Ամբողջ երկրի մակարդակով տարբեր նախաձեռնություններ և միջազգային շարժումներ շեշտը դնում են պետական կառավարման բարեփոխումների տարբեր տեսակների վրա: Բարեփոխումների յուրաքանչյուր շարժում սահմանում է այն չափանիշները, որոնք նրանք համարում են լավ կառավարում՝ ելնելով իրենց սեփական կարիքներից և օրակարգերից: Ստորև ներկայացված են միջազգային հանրությանը հայտնի կազմակերպությունների համար լավ կառավարման չափանիշների օրինակներ:

Միավորված ազգերի կազմակերպություն

խմբագրել

Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում լավ կառավարման գործում: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսքով՝ «լավ կառավարումն ապահովում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու օրենքի գերակայությունը, ժողովրդավարության ամրապնդումը, պետական ​​կառավարման ոլորտում թափանցիկության և կարողությունների խթանումը»: Սրանք իրագործելու համար ՄԱԿ-ը հետևում է ութ սկզբունքների[1].

  • Մասնակցություն․ մարդիկ պետք է կարողանան բարձրաձայնել իրենց կարծիքը օրինական կազմակերպությունների կամ ներկայացուցիչների միջոցով:
  • Օրենքի գերակայություն․ իրավական դաշտը պետք է անաչառ կերպով պահպանվի՝ հատկապես մարդու իրավունքների մասին օրենքների առումով:
  • Միտված փոխհամաձայնության․ հեշտացնում է փոխզիջումը տարբեր շահերի միջև՝ հասնելու լայն փոխհամաձայնության այն մասին, թե որն է լավագույնը համայնքի համար:
  • Արդարություն և ներառականություն․ մարդիկ պետք է հնարավորություններ ունենան բարելավելու կամ պահպանելու իրենց բարեկեցությունը:
  • Արդյունավետություն և օգտավետություն․ գործընթացները և հաստատությունները պետք է կարողանան հասնել արդյունքի, որոնք կբավարարեն իրենց համայնքի կարիքները՝ առավելագույնս օգտագործելով իրենց ռեսուրսները:
  • Հաշվետվողականություն․ պետական կառույցները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն հանրությանը և ինստիտուցիոնալ շահագրգիռ կողմերին:
  • Թափանցիկություն. ինֆորմացիան պետք է հասանելի լինի հանրությանը, ինչպես նաև լինի հասկանալի և մշտադիտարկվող:
  • Արձագանքողականություն. հաստատությունները և գործընթացները պետք է ծառայեն շահագրգիռ բոլոր կողմերին:

Արժույթի միջազգային հիմնադրամ

խմբագրել

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Բրեթոն Վուդս քաղաքում կայացած համաժողովի ժամանակ: 1996 թվականին ԱՄՀ-ն հայտարարեց, որ կխաթանի «լավ կառավարումն իր բոլոր ասպեկտներով՝ ներառյալ օրենքի գերակայության ապահովումը, հանրային ​​հատվածի արդյունավետության ու հաշվետվողականության բարելավումը և կոռուպցիայի դեմ պայքարը, որպես այն շրջանակի էական տարրեր, որտեղ տնտեսությունները կարող են բարգավաճել»[16]: ԱՄՀ-ն կարծում է, որ տնտեսությունների ներսում կոռուպցիան պայմանավորված է տնտեսության անարդյունավետ կառավարմամբ, այսինքն՝ այդ տնտեսությունները կա՛մ չափից դուրս շատ են կարգավորվում, կա՛մ՝ չափից դուրս քիչ[16]: ԱՄՀ-ից վարկեր ստանալու համար երկրները պետք է իրականացնեն ԱՄՀ-ի կողմից սահմանված արդյունավետ կառավարման քաղաքականություն[16]:

Համաշխարհային բանկ

խմբագրել

Համաշխարհային բանկը «լավ կառավարման» հայեցակարգը ներկայացրել է 1992 թվականին հրապարակված իր «Կառավարում և զարգացում» զեկույցում: Վերջինիս համաձայն՝ լավ կառավարումն էական լրացում է խելամիտ տնտեսական քաղաքականության համար և առանցքային այնպիսի միջավայրի ստեղծման և պահպանման համար, որը խթանում է ուժեղ և արդար զարգացումը: Համաշխարհային բանկի համար լավ կառավարումը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ հանրային հատվածի կառավարման կարողություններ և արդյունավետություն, հաշվետվողականություն, զարգացման իրավական դաշտ և տեղեկատվություն ու թափանցիկություն[17]:

«Համաշխարհային կառավարման ցուցիչներ»-ը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը գնահատում է աշխարհի ավելի քան 200 երկրներում կառավարման որակը: Դրա չափման համար ծրագիրն օգտագործում է կառավարման հետևյալ վեց ասպեկտները.  քաղաքացիական ազատություններ և հաշվետվողականություն, քաղաքական կայունություն և բռնության բացակայություն, կառավարության արդյունավետություն, մասնավոր հատվածի կարգավորման որակ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի վերահսկում: Ծրագիրն այս երկրներում կառավարման որակի ուսումնասիրությունն ու գնահատումն իրականացնում է 1996 թվականից[18]։

Ազդեցություններ

խմբագրել

Միջազգային մարդասիրական ֆինանսավորում

խմբագրել

Լավ կառավարումը, որպես այդպիսին, սահմանում է իդեալ, որին դժվար է ամբողջությամբ հասնել՝ չնայած զարգացման կողմնակիցները կարծում են, որ հենց դրա վրա է պետք միջոցներ նվիրաբերել[19]: Խոշոր դոնորները և միջազգային ֆինանսական հաստատությունները, ինչպես օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կամ Համաշխարհային բանկը, իրենց օգնությունն ու վարկերը տրամադրում են այն պայմանով, որ ստացող երկիրն այնպիսի բարեփոխումներ կկատարի, որոնք կապահովեն լավ կառավարում[1]: Դա հիմնականում պայմանավորված է վատ կառավարման և կոռուպցիայի միջև առկա սերտ կապով[20]:

Ժողովրդավարացում

խմբագրել

Քանի որ լավ կառավարման հայեցակարգը սահմանելիս հաճախ օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, ապակենտրոնացումը, կոնֆլիկտների խաղաղ լուծումը և հաշվետվողականությունը, լավ կառավարման սահմանումը խթանում է բազմաթիվ գաղափարներ, որոնք սերտորեն կապված են արդյունավետ ժողովրդավարական կառավարման հետ: Զարմանալի չէ, որ լավ կառավարման վրա կենտրոնացումը երբեմն կարող է հավասարեցվել ժողովրդավարական կառավարման խթանման հետ: Այնուամենայնիվ, 2011 թվականին արված ակնարկներից մեկում, որն անդրադառնում է «Օտարերկրյա զարգացման ինստիտուտի»-ի վերլուծաբան Ալինա Ռոչա Մենոքալի կողմից ժողովրդավարության և զարգացման միջև կապերի ուսումնասիրությանը, շեշտում է այս փոխկապվածության վերաբերյալ ապացույցների ոչ համոզիչ լինելը:

Օրինակներ

խմբագրել

Որոշ դերակատարների համար արևմտյան ժողովրդավարական կառավարման և լավ կառավարման հայեցակարգերի միջև սերտ կապի լավ օրինակներից է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից 2009 թվականի օգոստոսի 12-ին Նիգերիայում արված հետևյալ հայտարարությունը.

Կրկին հղում անելով նախագահ Օբամայի ելույթին՝ ասեմ, որ Աֆրիկային ավելի ուժեղ տղամարդիկ չեն պետք, այլ ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը: (Ծափահարություններ:) Առանց լավ կառավարման՝ ոչ մի քանակի նավթ կամ օգնություն, ոչ էլ ոչ մի ջանք չի կարող երաշխավորել Նիգերիայի հաջողությունը: Բայց լավ կառավարման դեպքում ոչինչ չի կարող կանգնեցնել Նիգերիային: Սա այն նույն ուղերձն է, որը ես հղում եմ իմ բոլոր հանդիպումների ժամանակ՝ ներառյալ այսօր կեսօրին ձեր նախագահի հետ իմ հանդիպման ժամանակ: Միացյալ Նահանգները սատարում է բարեփոխումների յոթ կետից բաղկացած օրակարգին, որը նախանշվել է նախագահ Յար'Ադուայի կողմից: Մենք հավատում ենք, որ ճանապարհների կառուցումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը, կրթությունը և այդ օրակարգի մյուս կետերը ցույց կտան այն կոնկրետ առաջընթացը, որին սպասում է Նիգերիայի ժողովուրդը
- :

Քննադատություն

խմբագրել

Սեմ Էջերի պնդմամբ՝ «կառավարման շուրջ առկա անորոշությունը հնարավորություն է տալիս օգտվողներին սահմանել և հաստատել իրենց սեփական պարամետրերը»[4]:

Եվա Պոլուհան և Մոնա Ռոզենդալն իրենց «Վիճարկելով լավ կառավարումը» գրքում կասկածի տակ են դնում արևմտյան ժողովրդավարական նորմերը, որոնք օգտագործվում են գնահատելու համար, թե ինչ է նշանակում «լավ» կառավարում[5]: Օգտագործելով քաղաքական մարդաբանական մեթոդները, նրանք գտնում են, որ կառավարությունները կարող են մտածել, որ հավատարիմ են որոշումների կայացման ժամանակ լավ կառավարման սկզբունքներին, սակայն մշակութային տարբերությունները հաճախ հանգեցնում են միջազգային հանրության տարբեր չափանիշների հետ հակասությունների[5]:

Լավ կառավարման քննադատության մեկ այլ աշխատություն է «Խելացի մարդու համար լավ կառավարման ուղեցույց», որի հեղինակը Սուրենդրա Մունշին է: Մունշին իր աշխատությունը գրել է լավ կառավարումը «վերակենդանացնելու» նպատակով։ Հեղինակի կարծիքով՝ շատերը կա՛մ անտեսում են պետական կառավարումը, կա՛մ ձանձրալի են այն համարում, կա՛մ էլ ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչ է դա: Այս գիրքն ընդհանրացված քննարկում է այն մասին, թե որն է լավ կառավարման նպատակը և ինչպես է հասարակության շրջանում այն ծառայում այդ նպատակին: Մունշին նշում է, որ իր գիրքն ուղղված է բոլոր նրանց, ովքեր հետազոտություններ են կատարում կամ պարզապես մտահոգվում են կառավարման խնդրով[21]:

Լավ կառավարման հայեցակարգն ուսումնասիրող մեկ այլ աշխատություն է Մայքլ Փ. Քրոզիերի «Համակարգերի վերաիմաստավորում. քաղաքականության ձևերը ժամանակակից կառավարման մեջ» աշխատությունը: Քրոզիերի հոդվածում քննարկվում են հաղորդակցման համակարգերում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան և դրա ազդեցությունը կառավարման վրա[22]: Հոդվածում ներկայացվում են լավ կառավարման վերաբերյալ տարբեր տեսակետներ։ Սա ընթերցողին հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպիսին է ժամանակակից կառավարումը տարբեր տեսանկյուններից: Քրոզիերի նպատակներից մեկն էր նաև հասարակության մեջ ձևավորել բաց մտածելակերպ այն մասին, թե ինչպես են հասարակության մեջ գործում կառավարումն ու քաղաքականությունը՝ հատկապես օրեցօր տեղի ունեցող մշտական փոփոխությունների պայմաններում։

Վերջին քննադատություններից մեկն ուղղված է այն գաղափարին, որ լավ կառավարումը և ինստիտուտները տնտեսական աճը բացատրող հիմնական գործոններից են, ինչպես այդ մասին պնդում են Քաուֆմանը, Քրաայը[23], Աճեմօղլուն և Ռոբինսոնը[24]։ Նրանք համաշխարհային զարգացման օրակարգերում առաջնային տեղ են հատկացնում ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Քննադատությունը հիմնովին վերաբերում է այն խնդրին, որ քիչ թվով երկրներ, որոնց հաջողվել է վերջին 70 տարիների ընթացքում արագ զարգանալ, չեն ունեցել «ճիշտ» տեսակի ինստիտուտներ։ Եվ հակառակը, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը[25] և Հարավային Կորեան[26], իրենց զարգացման ողջ ընթացքում մեծապես տուժել են կոռուպցիայից և զսպումների ու հակակշիռների բացակայությունից: Կամ, ինչպես ասում է զարգացման հարցերով տնտեսագետ Դենի Ռոդրիկը.

Չինաստանի կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված զարգացման ռազմավարությունը չէր հանգեցնի աճի այնպիսի տեմպերի, որոնք նկատվում են այս երկրում 1978 թվականից ի վեր, և չէր հանգեցնի նրան, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը կրճատվեր ավելի քան 400 միլիոնով[27]:

Արդյունքում նշվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը և պետական կառավարման բարեփոխումները կարող են շատ բացասական հետևանքներ ունենալ հատկապես անկայուն երկրներում[28][29], որտեղ տնտեսական աճի ճանապարհին կարող են զգալիորեն ավելի մեծ խոչընդոտներ լինել, քան կոռուպցիան կամ ինստիտուցիոնալ միջավայրի որակը[30][31], իսկ կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը և պետական կառավարման բարեփոխումները հաճախ ձախողվում են տեղական սոցիալ-քաղաքական պայմանների ոչ օպտիմալ ըմբռնման պատճառով[28][29][32]:

Բացի այդ, տարբեր հեղինակներ պնդում են, որ «լավ կառավարումը» ներկայացնում է զարգացման բավականին անօգուտ ծրագիր, քանի որ պարզ չէ, թե որոնք են «ճիշտ» ինստիտուտները և ինչպես պետք է դրանք իրագործվեն, «նույնիսկ եթե մենք ընդունենք, որ դրանք անհրաժեշտ են կամ օգտակար»[33][34]:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 "What is Good Governance". UNESCAP, 2009. Accessed April 6, 2021.
  2. 2,0 2,1 Khan 16
  3. Agere 1
  4. 4,0 4,1 Agere 4
  5. 5,0 5,1 5,2 Poluha, Eva; Rosendahl, Mona (2002). Contesting 'good' governance:crosscultural perspectives on representation, accountability and public space. Routledge. ISBN 978-0-7007-1494-0.
  6. Fukuyama, Francis (2013 թ․ հունվար). «What Is Governance?». Center for Global Development. Working paper 314.
  7. Rotberg, Robert (2014 թ․ հուլիս). «Good Governance Means Performance and Results». Governance. 27 (3): 511–518. doi:10.1111/gove.12084.
  8. Grindle, Merilee (2004 թ․ հոկտեմբեր). «Good Enough Governance: Poverty Reduction and Reform in Developing Countries». Governance. 17 (4): 525–48. doi:10.1111/j.0952-1895.2004.00256.x.
  9. Lawson, Robert (2012). «Book Review of Bo Rothstein: The quality of government: corruption, social trust, and inequality in international perspective». Public Choice. 150 (3–4): 793–795. doi:10.1007/s11127-011-9903-y. S2CID 153403374.
  10. Rothstein, Bo (2011). The quality of government: corruption, social trust, and inequality in international perspective. Chicago, IL: The University of Chicago Press.
  11. «Economic Growth Draws Companies to Asia. Can They Handle Its Authoritarian Regimes?». HBS Working Knowledge. 2023 թ․ նոյեմբերի 28.
  12. Rothstein, Bo; Teorell, Jan (2008). «What Is Quality of Government? A Theory of Impartial Government Institutions». Governance. 21 (2): 165–190. doi:10.1111/j.1468-0491.2008.00391.x. ISSN 0952-1895.
  13. Eaton, Tim V., and Michael D. Akers. "Whistleblowing and Good Governance". CPA Journal 77, no. 6 (June 2007): 66–71. Business Source Complete, EBSCOhost (accessed March 22, 2016).
  14. Agere 10
  15. Agere 11
  16. 16,0 16,1 16,2 «The IMF's Approach to Promoting Good Governance and Combating Corruption — A Guide». International Monetary Fund. 2005 թ․ հունիսի 20. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. «Governance and Development» (PDF). The World Bank. 1992. ISBN 0-8213-2094-7.
  18. Kaufmann, Daniel and Kraay, Aart, "Growth Without Governance" (November 2002). World Bank Policy Research Working Paper No. 2928.
  19. Agere 2
  20. "The IMF and Good Governance", IMF. Accessed August 12, 2009.
  21. Munshi, Surendra; Abraham, Biju Paul; Chaudhuri, Soma (2009 թ․ մարտի 12). The intelligent person's guide to good governance. New Delhi, India: Sage Publications. ISBN 9788178299310.
  22. Crozier, Michael P. (2010 թ․ հուլիսի 16). «Rethinking Systems». Administration & Society. 42 (5): 504–525. doi:10.1177/0095399710377443. S2CID 145540844.
  23. Acemoglu, D. and Robinson, J. A. (2012). Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty, Crown Business Publishing, New York.
  24. Acemoglu, D. and Robinson, J. A. (2012). Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty, Crown Business Publishing, New York.
  25. Ang, Y. Y. (2020). China's Gilded Age: The Paradox of Economic Boom and Vast Corruption, Cambridge University Press, Cambridge, UK.
  26. Kang, D.C. (Winter 2002), "Bad Loans to Good Friends: Money Politics and the Developmental State in South Korea", International Organization, Vol. 56, No. 1, pp. 177–207. JSTOR 3078674.
  27. Rodrik, D. (2007), "Can anyone be in favor of corruption?", available at: https://rodrik.typepad.com/dani_rodriks_weblog/2007/05/can_anyone_be_i.html
  28. 28,0 28,1 Kuipers, S. (2021), "Rethinking anti-corruption efforts in international development", Journal of Financial Crime, Vol. ahead-of-print No. ahead-of-print. doi:10.1108/JFC-08-2021-0176.
  29. 29,0 29,1 North, D.C. et al. (2013), "Limited Access Orders: An Introduction to the Conceptual Framework", North, D.C. et al. (eds.), In the Shadow of Violence: Politics, Economics and the Problems of Development, Cambridge University Press, Cambridge, pp. 1–23.
  30. Rodrik, D. (2008), "Second-Best Institutions", American Economic Review: Paper & Proceedings. Vol. 98, No. 2, pp. 100–104.
  31. Rodrik, D. (2014), "An African Growth Miracle?", working paper No. 20188, National Bureau of Economic Research, Cambridge, MA, June
  32. Marquette, H. and Peiffer, C. (2018), "Grappling with the 'real politics' of systemic corruption: Theoretical debates versus 'real-world' functions", Governance Vol. 31, No. 3, pp. 499–514.
  33. Matt Andrews (2008). The Good Governance Agenda: Beyond Indicators Without Theory, Oxford Development Studies, 36:4, 379–407, doi:10.1080/13600810802455120.
  34. Grindle, M.S. (2017), "Good Governance, R.I.P.: A Critique and an Alternative", Governance, Vol. 30, No. 1, pp. 17–22.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

World Bank Researchers Analysising Governance