Առաքել Սյունեցի

հայ փիլիսոփա


Առաքել Սյունեցի (գրաբ.՝ Առաքել Սիւնեցի[1], մոտ 1350[2][3] - 1425[2][3]), հայ վարդապետ[1], եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս[1], Սյունյաց մետրոպոլիտ (1407-1425)[1], Տաթևի վանքի վանահայր[1], մատենագիր[1], տաղասաց[1], ծաղկող[1], տաղասաց[1], փիլիսոփա, քերական, երաժշտության տեսաբան։

Առաքել Սյունեցի

Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունըԱռաքել արքեպիսկոպոս Սյունեցի
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսՍյունիքի մետրոպոլիտ
Կառավարման սկիզբ1407
Կառավարման ավարտ1425
Ծնվել է1350
Մահացել է1425
Ազգությունհայ
ԿրթությունՏաթևի համալսարան
Հոգևոր աստիճանարքեպիսկոպոս

Գրիգոր Տաթևացու քրոջ որդին[1]։

Կենսագրություն խմբագրել

Կրթությունը ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և իր մորեղբայր[1] Գրիգոր Տաթևացուն։ 1407 թվականից Սյունյաց մետրոպոլիտն էր։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտական-լուսավորական կենտրոնի բարգավաճմանը։ 1407 թվականին Առաքել Սյունեցին ծաղկել է իր եղբոր՝ նահատակ Բարսեղ քահանայի գրած ավետարանը[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

«Ադամգրքի» 1799 թվականի հրատարակության առաջին էջերը

Առաքել Սյունեցու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։ Առաքել Սյունեցու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»-ն է (1403 թվական, վերահրատարակվել է 1799 թվականին), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Առաքել Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքն է։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։

Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»-ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Առաքել Սյունեցին ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Առաքել Սյունեցին գործածել է ժողովրդական բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։ Փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա-իդեալիստական կողմը. գտնում էր, որ առանց Աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա–փիլիսոփայական առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Առաքել Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական և սենսուալիստական գաղփարները։ Ըստ Առաքել Սյունեցու, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։

Առաքել Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Նրա «Ադամգիրք»-ը հորինվածքով դրամատիկական երկ է, որը, ենթադրվում է, ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • Վարք և Ներբողեան Ս․ Աթանագինեայ,
  • Տեսությիւն բանիցն Դաւթի անյաղթի թէ ամենայն չար տանջելի,
  • Լուծմունք սահմանաց Դաւթի,
  • Սահմանադրությիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց են յաստիճան քահանայութեան,
  • Պատմութիւն չարչարանաց Ս․ Գրիգոր Լուսաւորչի,
  • Պատմութիւն Ներսիսի մեծի,
  • Գովասանութիւն Սաղմոսաց Դաւթի,
  • Տաղ ձեռնադրութեան,
  • Աղօթք ոտնլուայի,
  • Յիշատակարան ի վերայ Աստուածաշունց գրոց,
  • Վեցօրէից Արարչութեան և ուրիշ այլ տաղեր[1]։

Առաքել Սյունեցու գլուխգործոցն է՝ Ադամագիրքը (Կողգիրք), որը ունի 1740 տուն ոտոնավոր և գրվել է 1401-1402 թվականներին։ Տառերի սկզբնատառերը հոդում են իր անունը[1]։

Երկեր խմբագրել

  • «Լուծումն, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթի...», Մադրաս, 1797 թ. (Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց»-ի հետ),
  • «Ադամգիրք», Վենետիկ, 1907 թ.,
  • «Դրախտագիրք», Վենետիկ, 1956 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 533
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Սյունեցի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Սյունեցի» հոդվածին։