Սահմանական եղանակ

Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն կամ եղելություն։

Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ գործողություն ոչ թե բացարձակ կերպով, այլ խոսողի ներկայացմամբ, այսինքն՝ սահմանական եղանակով կարող են արտահայտվել նաև այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, բայց դա քերականական տեսակետից նշանակություն չունի[1]։

Հայերենում բայի սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, մեկը՝ պարզ։ Բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում են անկատար, ապակատար, վաղակատար ձևաբայերով ու օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով։

Սահմանական եղանակի յոթ ժամանակաձևերից մեկը (անկատար ներկա) մտնում է ներկա ժամանակի մեջ, մեկը (ապակատար ներկա)` ապառնի ժամանակի մեջ, իսկ մնացած հինգը (վաղակատար ներկա, վաղակատար անցյալ, անկատար անցյալ, ապակատար անցյալ, անցյալ կատարյալ) մտնում են անցյալ ժամանակի մեջ։

Անկատար ներկա խմբագրել

Անկատար ներկան (սահմանական ներկա) ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։ Օրինակ` հավաքում եմ, կարդում եմ։ Կազմվում է անկատար ձևաբայով ու օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկում եմներկում ենք
II դեմքներկում եսներկում եք
III դեմքներկում էներկում են

Անկատար ներկան կազմվում է՝

   անկատար դերբայ+օժանդակ բայի ներկա ժամանակաձևով

Անկատար ներկայի բայաձևերով կարող են արտահայտվել նաև այնպիսի գործողություններ, որոնք հատկապես պայմանավորված չեն խոսելու պահով։

  • Անկատար ներկայի բայաձևերով են արտահայտվում բոլոր ժամանակների համար ընդունելի ճշմարտությունները։ Դա կոչվում է նաև մշտական կամ ընդհանրական ներկա։ Օրինակ՝ Ջուրը հեղուկ է։ Ընդհանուր կամ մշտական ներկան լայն առումով սահմանումի կամ բնութագրման ներկա է։
  • Անկատար ներկայով է արտահայտվում բայի ևս մեկ իմաստային նրբերանգ՝ առածական ներկան։ Օր․՝ Կուշտն անոթուն մանր է բրդում, Ճտերն աշնանն են հաշվում։
  • Անկատար ներկայով ցույց են տրվում նաև այնպիսի գործողություններ, որոնք արդեն կատարվել են։ Սա կոչվում է պատմական ներկա։ Օրինակ՝ 405 թ. Մեսրոպ Մաշտոցն ստեղծում է հայոց գրերը։ Սա ոճական յուրահատուկ հնարանք է, որի շնորհիվ անցյալի գործողությունները մտովի տեղափոխվում են ներկա ժամանակ և ներկայացվում որպես խոսքի պահին հարաձիգ կատարվող գործողություն։
  • Անկատար ներկայով արտահայտվում են իբրև կարգ, կանոն, սովորույթ կրնվող գործողությունները, որոնք ընդգրկում են մի որոշակի ժամանակաշրջան։ Օրինակ՝ Ամեն գիշեր մռայլ ծերունին մեն-մենակ իջնում է վար, բաց է անում երկաթե դռները ժանգոտ բանալիով, համրում է տոպրակները և ավելացնում նոր ոսկիներ (Շիրվանզադե
  • Անկատար ներկայով կարելի է արտահայտել կատարելի գործողություն, որ խոսողի կողմից ընկալվում են որպես ստույգ, անառարկելի։ Օրինակ՝ Երկու օրից մեկնում եմ արտասահման։

Անկատար անցյալ խմբագրել

Անկատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։ Օրինակ՝ Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր վառվող օղակի վրայով (Ա. Բակունց

Անցյալ անկատարը կազմվում է անկատար դերբայով ու օժանդակ բայի անցյալի ձևերով։ Օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկում էիներկում էինք
II դեմքներկում էիրներկում էիք
III դեմքներկում էրներկում էին

Անկատար անցյալով արտահայտվում են նաև անցյալում որպես կանոն, սովորույթ կատարվող կամ կրկնվող գործողությունները։ Դա կոչվում է ընդհանուր կամ սովորույթի ու կրկնության անցյալ։

Ապակատար ներկա խմբագրել

Ապակատար ներկան (սահմանական ապառնի) ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն։ Կազմվում է ապակատար դերբայով ու օժանդակ բայի ներկայի ձևերով։ Օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկելու եմներկելու ենք
II դեմքներկելու եսներկելու եք
III դեմքներկելու էներկելու են

Ապակատար ներկան կազմվում է՝

  ապակատար դերբայ+օժանդակ բայ

Ապակատար անցյալ խմբագրել

Ապակատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո կատարելի գործողություն։ Օրինակ՝ Երկու ամիս մնալու էր գյուղում։

Անցյալ ապակատարը կազմվում է ապակատար դերբայով ու օժանդակ բայի անցյալի ձևերով։ Օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկելու էիներկելու էինք
II դեմքներկելու էիրներկելու էիք
III դեմքներկելու էրներկելու էին

Վաղակատար ներկա խմբագրել

Վաղակատար ներկան (սահմանական անցյալ) ցույց է տալիս ներկա մի ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Կազմվում է վաղակատար դերբայով ու օժանդակ բայի ներկայի ձևերով։ Օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկել եմներկել ենք
II դեմքներկել եսներկել եք
III դեմքներկել էներկել են

Վաղակատար ներկայի իմաստային գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք, որպես կանոն, ցույց են տալիս այնպիսի գործողություն, որին խոսողն ինքը ներկա չի եղել, այլ պատմում է որպես եղելություն, ի տարբերություն անցյալ կատարյալի, որին խոսողն ականատես է եղել կամ իրեն դնում է գործողության կատարման վայրկյանի մեջ[2]։

Վաղակատար անցյալ խմբագրել

Վաղակատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Օրինակ՝ Երկու ամիս մնացել էր գյուղում։

Անցյալ վաղակատարը կազմվում է վաղակատար դերբայով ու օժանդակ բայի անցյալի ձևերով։ Օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկել էիներկել էինք
II դեմքներկել էիրներկել էիք
III դեմքներկել էրներկել էին

Անցյալ կատարյալ խմբագրել

Անցյալ կատարյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ավարտված գործողություն։ Այն արտահայտում է մի անցյալ ժամանակակետում առանց որևէ տևականության կատարված, ավարտված գործողության իմաստ։

Անցյալ կատարյալի բայաձևերը կազմվում են բայի երկրորդ (կատարյալի) հիմքով ու դիմաթվային համապատասխան վերջավորություններով։ Պարզ, կրավորական, պատճառական ու բազմապատկական բայերն ստանում են -ի, -իք, 0/-եց, -ինք, -իք, -ին վերջավորություններ, օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքներկեցիներկեցինք
II դեմքներկեցիրներկեցիք
III դեմքներկեցներկեցին

Սոսկածանցավոր բայերի անցյալ կատարյալը կազմվում է կատարյալի հիմքով ու -ա, -ար, -ավ, -անք, -աք, -ան վերջավորություններով։ Օրինակ՝

Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքմոտեցամոտեցանք
II դեմքմոտեցարմոտեցաք
III դեմքմոտեցավմոտեցան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 287։
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 293։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանական եղանակ» հոդվածին։