Կարմիր հրապարակ (Վիբորգ)

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Кра́сная площадь), Վիբորգի գլխավոր հրապարակը, որը չորս կողմից սահմանափակված է Լենինի պողոտայով, Սուվորովի պողոտայով, Սեվերնայա փողոցով և Ուշակովի փողոցով։

Կարմիր հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե Շվեդիայի և Ռուսաստանի քարտեզների վրա այն կոչվել է Կարմիր Ջրհորի հրապարակ (շվեդ.՝ Röda Brunns Torget), ֆիններեն՝ Կարմիր աղբյուրի հրապարակ (ֆիններեն՝ Punaisenlähteentori)[1], տեղանքի անվանումը կապվում է այստեղ տեղակայված ջրհորի անվան հետ, որը կոչվել է «կարմիր», ինչպես նշվում է լեգենդում, 1599 թվականին նոր գահակալ Կառլ IX Վասայի հրամանով գահընկեց արված թագավոր Սիգիզմունդ III Վազայի համախոհների մահապատժից հետո։ Փոխարքա Արվիդ Տավաստը և նրա որդին գլխատվել են և նրանց գլուխները դրվել էր Կլոր աշտարակի մոտ։ Այս իրադարձությունը կոչվել է «վիբորգյան ջարդ»։ 20-րդ դարի երեսունականներին, երբ քաղաքում անցկացվել է ջրամատակարարման ժամանակակից համակարգ, ջրհորն այլևս անհրաժեշտ չի եղել, և այն լցվել է։ Հրապարակի հյուսիսային կողմում կառուցվել է տաղավար իր բեռնային կշեռքներով, իսկ տարածքն օգտագործվել է շուկայական առևտրի կազմակերպման համար։

Խորհրդա-ֆիննական պատերազմից (1939-1940) հետո հրապարակը ստացել է ներկայիս անվանումը, և 1957 թվականին կշեռքային տաղավարի տեղում կանգնեցվել է Լենինի հուշարձանը[2]։

Հրապարակում անցկացվում են հիմնական տոներին նվիրված միջոցառումներ` «Քաղաքի օր», «Հաղթանակի օր» և այլն[3]։

Տարածքը պատված է սալահատակով։ Լենինի հուշարձանի ետևում կանգնեցված են դրոշաձողեր։ Տարածքի շենքերի ստորին հարկերում տեղակայված են խանութներ, սրճարաններ, բանկեր և այլ կազմակերպություններ։

Կառուցապատում խմբագրել

Հրապարակի ճարտարապետական համալիրի ամենահին հատվածը ներկայումս գոյություն չունի։ 1877 թվականին ճարտարապետ Ֆրեդերիկ Օդենվալի նախագծով հրապարակի հյուսիսարևմտյան կողմում կառուցվել են երկու փայտե մեկ հարկանի բնակելի շենքեր։ 1904 թվականին դրանք վերակառուցվել են Աուգ Կարլսոնի նախագծով։ Ավելացվել են ապակե ցուցափեղկեր և երկու շենքերին կից կառուցվել են նեղ կցակառույցներ, որոնք երեսապատվել են քարերով։ Շենքերից մեկում տեղակայված էր մարզային բանտի խանութը։ Երկու շենքերն էլ չեն պահպանվել։ Խորհրդային տարիներին նախատեսված էր դրանց տեղում կառուցել ԽՄԿԿ-ի քաղաքային կոմիտեի և քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի շենքը ներկառուցված տրիբունայով։ Այդ տարածքում մինչև 20-րդ դարի վերջը պահպանվել է տրիբունան, իսկ 2005 թվականին կառուցվել է ժամանակակից բնակելի շենք, որտեղ տեղակայված են խանութներ ու բանկերի մասնաճյուղեր։ 1938 թվականին Օ. Կալիոյի նախագծով ֆունկցիոնալիզմի ոճով կառուցվել է երեք մասից բաղկացած բազմաբնակարան շենք բանկային տարածքներով և մշակութային հաստատություններով։

Դեղագործական տուն 20-րդ դարի սկզբին
Գինեժուժկալ հանրության նախկին ռեստորան

Տարածքում պահպանված ամենահին շենքը, այսպես կոչված, «Դեղատների տուն»-ն է, որը գտնվում է Լենինի և Սուվորովի պողոտաների անկյունում (հարավային անկյուն)։ Շենքի նախագիծը 1887 թվականին մշակել է Ֆրեդրիկ Տեսլեֆը։ Շինարարությունն ավարտվել է 1888 թվականին։ Եռահարկ շենքի առաջին հարկը զբաղեցրել է Էրկկի Կոյվուլեխտոյի դեղատունը, որը հիմնադրվել է 1857 թվականին։ 1905 թվականին շենքի արտաքին տեսքը փոխվել է ճարտարապետ Ալլան Շուլմանի նախագծով, իսկ դեղատան մի մասը հաձնվել է Rauta ja Konetarve Oy ընկերությանը։ Խորհրդա-ֆիննակա պատերազմի (1939-1940) տարիներին շենքը զգալիորեն վնասվել է և հետպատերազմյան տարիներին այն վերստին նախագծվել ու կառուցվել է։ Ճակատային մասը զգալիորեն պարզեցվել է։

1890 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Յոհան Բրյունոլֆ Բլոմկվիստը մշակել է ակումբի քարե շենքի նախագիծ Ուշակովի և Սեվերայա փողոցի անկյունում։ Շենքը նախագծված է եղել նոր-վերածննդի ոճով։ Սկզբում շենքում տեղակայված է եղել ժուժկալների ընկերության ռեստորանը, 1898-1935 թվականներին՝ քաղաքային գրադարանը, այնուհետև՝ Մեծահասակների կրթության ինստիտուտը։ 1941-1944 թվականներին (պաշտոնապես մինչև 1947 թվականը) շենքում գործել է քաղաքային թատրոնը, 1949 թվականից՝ «Պիոներների պալատը», ներկայումս տարածքը զբաղեցնում են տարբեր կազմակերպություններ։ 1890 թվականին «Դեղատան շենքին» կից Յոհան Բլոմկվիստը նախագծել է երկհարկանի կողաշենք, որտեղ էլ տեղակայվել է Rauta ja Konetarve Oy ընկերության խանութը։

Ճարտարապետ Ալան Շուլմանի նախագծով Լենինգրադյան մայրուղուց դեպի հրապարակ մուտքը 1902-1905 թվականներին կառուցապատվել է հյուսիսային մոդեռն ոճի աշտարակներով երկու բնակելի շենքերով։ Նրա հետ ներդաշնակորեն համատեղվել է 1907 թվականին ճարտարապետ Պաավո Ուոտիլայի նախագծած վաճառական Ֆեոդոր Մոսկվինի համար կառուցված բազմաբնակարան շենքը, որի առաջին հարկում տեղակայված են խանութներ, իսկ շենքը զարդարում են երկու յուրահատուկ աշտարակներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Площадь Пунайсенляхтеентори (Красная площадь) - Описание квартала». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  2. Красная площадь
  3. «Статьи — Легенды города Выборга — Легенда о Красном колодце». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել