Կառնակ (հին եգիպտերեն՝ Իպետ-Իսուտ), տաճարների համալիր հնագույն Թեբե քաղաքի տարածքում (մ.թ.ա. XX դարից մինչև մ.թ.ա. I հազարամյակի վերջ), Նոր թագավորության ժամանակաշրջանի (մ.թ.ա. XVI - XI դարեր) գլխավոր պետական սրբավայրը Եգիպտոսում։ Կոչված լինելով փառաբանել փարավոնների հզորությունը՝ համալիրն աչքի է ընկնում զանգվածեղ ծավալների բարդ համադրումով, ճոխ հարդարանքով։ Ամոն-Ռա աստծո տաճարը (մ.թ.ա. XVI - XII դարեր) լրացվել է հելլենիստական և հունական ժամանակաշրջաններում։ Նոր թագավորության սրբավայրի բնորոշ տիպն է. երկայնական առանցքով միմյանց հաջորդում են դահլիճներ և բակեր, որոնք ընդգրկում են տարբեր ժամանակներում կառուցված փոքր տաճարներ։ Համալիրի ուշագրավ կառույցը մեծածավալ բազմասյուն դահլիճն է՝ հիպոստիլը, որի որմերն ու սյուների բները զարդարված էին գունավոր ռելիեֆներով։ Ամոն-Ռայի տաճարի մոտ են Հոնսու աստծու (մ.թ.ա. XII դար) և Մուտ աստվածուհու (մ.թ.ա. XVI - XV դարեր) տաճարները։ Նեղոսից դեպի սրբարան էր տանում սֆինքսների ուղին։ Կառնակի ճարտարապետներից են Ինենին, Հապուսենեբը, Պուիմրան, Մենմուտը, Մենհեպերասսենեբը, Ամենհոտեպ Կրտսերը, Իուպան։

Ամոն Ռա աստծու տաճարը Կառնակում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 271
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառնակ» հոդվածին։