Արյան արհեստական շրջանառություն

Արյան արհեստական շրջանառություն, հիվանդի օրգանիզմում հատուկ սարքի օգնությամբ ստեղծվող արյան արհեստական հոսք։

Արյան արհեստական շրջանառություն
Սրտաթոքային սարք պսակային շունտավորման վիրահատության ժամանակ
 Cardiopulmonary bypass Վիքիպահեստում

Արհեստական շրջանառությունը կարելի է իրականացնել ինչպես ամբողջ օրգանիզմում, այնպես էլ առանձին օրգաններում (օրինակ՝ վերջույթներում)։ Արհեստական շրջանառության արդի սարքերի օգնությամբ, որոնք ունեն պոմպ (սրտի դեր է կատարում), թթվածնարար (փոխարինում է թոքերին), կարելի է սրտի և խոշոր անոթների բնածին ու ձեռքբերովի արատների վերացման վիրահատություններ կատարել։ Վիրահատության ընթացքում հիվանդի սիրտը ժամանակավորապես անջատվում է արյան հոսքից, իսկ արյունը երակներից խողովակածայրակների միջոցով պոմպով ներծծվում է արհեստական շրջանառության սարքի մեջ, ապա անցնում թթվածնարարով, որտեղ հարստանում է թթվածնով ու վերադարձվում հիվանդի օրգանիզմ։ Նշված սարքը հնարավորություն է տալիս արյան շրջանառությունը հիվանդի օրգանիզմում պահպանել բավականին երկար ժամանակ, որն անհրաժեշտ է վիրահատության համար։ Ավարտից հետո սարքն անջատվում է, և սրտի աշխատանքի հաշվին վերականգնվում է արյան բնական հոսքը։

Արյան արհեստական շրջանառությունը կարող է կիրառվել նաև ներքին հիվանդությունների կլինիկայում՝ սրտի հիվանդությունների բուժման ժամանակ՝ հիվանդ սրտի ժամանակավոր, մասնակի բեռնաթափման համար։ Այդ դեպքում հիվանդի արյունատար անոթներին միացվում է սարքը, որի միջոցով հեռացվում է արյան մի մասը։ Սարքը, աշխատելով հիվանդի սրտի հետ զուգընթաց, փոքրացնում է վերջինիս բեռնվածությունը։

Առանձին օրգանների (օրինակ՝ վերջույթների) համար արյան արհեստական շրջանառությունը կիրառում են, երբ որոշ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ է լինում ներարկել օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող պատրաստուկներ։ Դրա համար հիվանդի վերջույթի արյան հոսքը մեկուսացնում են ընդհանուր շրջանառությունից և միացնում արհեստական շրջանառության սարքին։ Վերջույթի արյան հոսք են ներարկում անհրաժեշտ դեղանյութը, որն արհեստական շրջանառության շնորհիվ չի մտնում արյան ընդհանուր հոսքի մեջ։ Գործողության ավարտից հետո սարքն անջատվում է, և վերջույթում վերականգնվում է արյան բնականոն հոսքը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյան արհեստական շրջանառություն» հոդվածին։