Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաոս (այլ կիրառումներ)

Քաոս, հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպը։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։

Քաոս
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1896-1897
Հրատարակվել է1898
ՎիքիքաղվածքՔաոս

Նախապատմություն խմբագրել

«Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական թվականներից։ Ներքուստ լարված աշխատանքը տևում է շուրջ տասնհինգ տարի, ինչի համար հիմք է հանդիսանում 1881-82 թվականներին Բաքվում մի նշանավոր գերդաստանում ծագած խռովությունը։

Վեպը գրելու ընթացքում Շիրվանզադեն մի քանի անգամ լինում է Բաքվում՝ նավթաշխարհի իր տպավորությունները ստուգելու և թարմացնելու։ Այդ ընթացքում վիպասանը գրում է.

Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։ Այստեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին՝ բարեկամի դեմ, եղբորը՝ եղբոր դեմ, որդուն՝ հոր դեմ։ Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստվում են իրարու կոկորդ կրծոտել։ Չկար մի շրջան, ուր մարդ կարողանար կես ժամ ազատ շունչ քաշել...
...Միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր[1]։
- Ալեքսանդր Շիրվանզադե

Սյուժե խմբագրել

Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։

Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։

Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում։

Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»։ Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։

Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։

Կերպարներ խմբագրել

  • Մարկոս աղա Ալիմյան - Ալիմյանների ընտանիքի հայրը
  • Ոսկեհատ Ալիմյան - Մարկոս Ալիմյանի կինը
  • Սմբատ Ալիմյան - Մարկոս Ալիմյանի ավագ որդին
  • Միքայել Ալիմյան - Մարկոս Ալիմյանի միջնեկ որդին
  • Արշակ Ալիմյան - Մարկոս Ալիմյանի կրտսեր որդին/ տառապում է թմրամոլությամբ
  • Մարթա - Մարկոս Ալիմյանի դուստրը
  • Իսահակ Մարութխանյան - Մարթայի ամուսինը
  • Սրաֆիոն Գասպարիչ - Ոսկեհատի եղբայրը
  • Դավիթ Զարգարյան - Ալիմյանների հաշվապահը
  • Շուշանիկ - Զարգարյանի եղբոր դուստրը
  • Սարգիս Զարգարյան - Շուշանիկի հայրը, անդամալույծ
  • Անտոնինա Իվանովնա - Սմբատի կինը
  • Ալեքսեյ Իվանովիչ - Անտոնինայի եղբայրը
  • Գրիշա - Միքայելի ընկերը
  • Անուշ Ղուլամյան- Գրիշայի քույրը, Պետրոս Ղուլամյանի կինը, Միքայելի սիրուհին
  • Սուլյան

Էկրանավորում խմբագրել

1973 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։Իսկ 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը նկարահանել է համանուն հեռուստասերիալ՝ բաղկացած 16 մասից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քաոս (վեպ) հոդվածին

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 179-186։