Ցեխաբուժություն

Ցեխաբուժություն, պելոթերապիա, տարբեր ծագման բուժիչ ցեխերի և ցեխանման նյութերի (տորֆ, պարաֆին, օզոկերիա են) կիրառումը կուրորտային և արտակուրորտային պայմաններում։ Ցեխերը բուժիչ նպատակներով օգտագործել են դեռևս Հին Հունաստանում, Եգիպտոսում, Հռոմում։ Ցեխաբուժությունը լայն կիրառում է ստացել 18-րդ դարի վերջից և 19-րդ դարի սկզբից, եվրոպական երկրներում (Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա և այլն)։

Կինը հանքային լոգանքից դուրս գալիս

Օրգանիզմի վրա բուժիչ ցեխերն ունեն ջերմային, քիմիական և մեխանիկական ազդեցություններ, ջերմայինն արտահայտվում է ցեխերի ջերմատարողությամբ, ջերմահաղորդմամբ և ջերմությունը պահպանելու հատկությամբ, քիմիականը պայմանավորված է նրանց մեջ պարունակվող օրգանական և անօրգանական միացություններով, միկրոտարրերով, գազերով են։ Մեխանիկական ներգործությունն առավելապես արտահայտվում է ցեխային լոգանքների և ընդհանուր ապլիկացիաների, մասնավորապես ներխոռոչային պրոցեդուրների ժամանակ։

Ցեխաբուժությունը մասնավորապես բարերար է ազդում ներքին օրգանների ֆունկցիայի, արյունաստեղծման պրոցեսների, վեգետատիվ նյարդային համակարգի վրա, փոփոխում է օրգանիզմի իմունաբանական պրոցեսների ռեակտիվությունը, նվազեցնում ալերգիական ռեակցիաների ինտենսիվությունը, բարելավում հյուսվածքների վերականգնողական պրոցեսները։ Ախտահարված օջախի վրա ունենում է մետեղային (հակաբորբոքիչ, ցավազրկող, ներծծող և հյուսվածքների սնուցումը բարելավող) ազդեցություն։

Սռավել տարածված ցեխային ապլիկացիա է տեղայինը, որի ժամանակ ցեխը դրվում է մարմնի որոշակի, որպես կանոն, ախտահարված մասերի վրա՝ «ձեռնոցների», «գուլպաների», «օձիքի», «անդրավարտիքի» և այլ ձևերով։ Կիրառվում են նաև ցեխաբուժության զուգակցված ձևերը (գալվանա-ցեխաբուժություն, դիաթերմա-ցեխաբուժություն, դիաթերմա-գալվանացեխաբուժություն, ցեխաինդուկ-տոթերմիա)։ Ցեխաբուժական պրոցեդուրաները կատարվում են օրընդմեջ կամ երկու օր անընդմեջ երրորդ օրվա ընդմիջումով, ցեխի ջերմաստիճանը՝ 37-46 °C, տևողությունը՝ 15-20 րոպե (հազվադեպ 30 րոպե)։

Հակացուցված է սուր բորբոքային հիվանդությունների, տուբերկուլոզի, սրտի ապակոմպենսացված արատների, արտահայտված աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, երակների հանգուցավոր լայնացման, արյան հիվանդությունների, երիկամների քրոնիկական հիվանդությունների ժամանակ։

Հայաստանում կիրառվում է տորֆաբուժությունը։ Վայոց Ձորիի և Լոռու մարզերում հայտնաբերվել են բուժիչ տորֆի մոտ 100 հանքակուտակումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։