Սպորտային խաղեր

Սպորտային խաղեր, խաղային մրցաձևեր, որոնց հիմքում ընկած են մրցության ընթացքում զանազան մարզական առարկաներով (սովորաբար գնդակ) որոշակի նպատակակետը (մրցակցի դարպասը, հրապարակը, այլ) խոցելու տեխնիկական և տակտիկական տարբեր հնարքներ։ Սպորտային խաղերի բովանդակությունը և կազմակերպումը կարգավորվում է պաշտոնական կանոններով։ Խաղերի մեծ մասը բնական շարժումների, ֆիզիկական վարժությունների (վազք, թռիչք, նետում և այլն) համալիր է, որ կատարում է խաղացողը մենակ կամ խաղընկերների համագործակցությամբ՝ ձգտելով ստեղծել հաղթանակի համար նպաստավոր խաղային իրավիճակ։

NBA-ի բոլոր աստղերի հանդիպումը «Կովբոյս» ստադիոնում (2010)

Սպորտային խաղերում մարզիկները անմիջական, մերձավոր պայքարի մեջ են մտնում միմյանց հետ։ Խաղերի լայն տարածումը պայմանավորված է նրանց մատչելիությամբ, բովանդակությամբ և կազմակերպման հարաբերական պարզությամբ, մասնակիցների և հանդիսատեսների վրա ներգործության ուժով։

Կարող են լինել թիմային (վոլեյբոյ, ֆուտբոլ, հոկեյ և այլն), անհատական (շախմատ, շաշկի են) և թիմային-անհատական (բադմիտոն, սեղանի թենիս, գոլֆ են)։ Մրցում են տարբեր տարիքի և սեռի անձինք։

Սպորտային խաղերի կանոնները մշակում են համապատասխան միջազգային ֆեդերացիաները, ազգային սպորտային խաղերինը (ամերիկյան ֆուտբոլ, գորոդկի, ռուսական շաշկի և այլն)՝ ազգային ֆեդերացիաները։ Անցկացվում են սպորտային խաղեր աշխարհի, մայրցամաքների, առանձին երկրների առաջնություններ։

Սպորտային խաղերը մտնում են օլիմպիական խաղերի, Ասիական խաղերի, Պանամերիկյան խաղերի, սպարտակիադաների և այլ միջոցառումների ծրագրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 82