Սուրբ Թադեոս եկեղեցի (Մասիս)
Սուրբ Թադեոս եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Սուրբ Թադեոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Արարատի մարզ, Մասիս |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Մասյացոտնի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետ | Արթուր Թարխանյան Անահիտ Թարխանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 2015, հոկտեմբերի 4 |
Առաջին հիշատակում | 1991 |
Saint Thaddeus Church, Masis Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
1991 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրվել է եկեղեցու կառուցման վայրը, և նույն տարում կատարվել է Եկեղեցու հիմնարկեքը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2003 թվականին՝ բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ 2015 թվականին եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները։
Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կառուցված այս եկեղեցին կոչվել է Սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Սուրբ Թադեոս եկեղեցին օծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին։
Անմիջապես եկեղեցու մուտքի առջև տեղակայված է մոմավառության ընդարձակ սրահը։ Եկեղեցու բակում է գտնվում Հրանտ Վարդանյանի հիշատակի աղբյուրը։
2016 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Մեծ եղեռնի սրբադասված 1,5 միլիոն նահատակների հիշատակին։ Խաչքարը կերտված է մեկ ամբողջական տուֆ քարից (քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան)[1]։
Ճարտարապետություն խմբագրել
Սուրբ Թադեոս եկեղեցու ճարտարապետներն են Արթուր և Անահիտ Թարխանյանները։ Այն հայկական եկեղեցաշինության ավանդույթների ու ժամանակակից ճարտարապետական և շինարարական լուծումների համադրություն է[2]։ Եկեղեցին եռաստիճան է, ըստ Անահիտ Թարխանյանի, տարբերվում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով։ Անահիտ Թարխանյանի ներկայացմամբ՝ եկեղեցու ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը, և որոնց միջոցով ձևավորվում է ամբողջ կոնստրուկտիվ համակարգը։ Գմբեթը հենված է կիսախաչվող կամարների վրա։ Եկեղեցին դրսից և ներսից երեսպատված է յուրահատուկ ոճով։ Կենտրոնից դեպի եզրերը գույները դառնում են ավելի բաց, իսկ հիմքից դեպի գմբեթը՝ ավելի մուգ[3]։ Տաճարի բարձրությունը, առանց գմբեթի խաչի, 33 մետր է, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի տարիները։ Եկեղեցին շրջապատող պարսպի ամբողջ երկայնքով փորագրված է աստվածաշնչյան 33 պատգամ[4]։
Տես նաև խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
- Խորան
- Մոմավառության սրահում
- Գմբեթ
- Եկեղեցու մուտք
- Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար
- Գլխավոր մուտք դեպի եկեղեցու տարածք
- Մոմավառության սրահ
- Հրանտ Վարդանյանի հիշատակի աղբյուր
- Եկեղեցու տեսարան արևմուտքից
- Եկեղեցու տեսարան արևելքից
- Եկեղեցու պարսպին փորագրված աստվածաշնչյան 33 պատգամ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Միքայել և Կարեն Վարդանյանների հովանավորությամբ խաչքար է տեղադրվել Սուրբ Թադեոս եկեղեցու բակում
- ↑ Հայ եկեղեցաշինական ավանդույթների և ժամանակակից ճարտարապետական լուծումների համադրություն` Սուրբ Թադեոս
- ↑ Մասիսի նորաօծ Սուրբ Թադեոս եկեղեցին կառուցվել է ճարտարապետական հնարքով. Անահիտ Թարխանյան
- ↑ 20 տարի առաջ սկսվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու կառուցումը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Թադեոս եկեղեցի (Մասիս) կատեգորիայում։ |