Սարգիս Ա Սևանցի

Սարգիս Ա Սևանցի (անհայտ - 1022, ամփոփվել է Հոռոմոսի վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019 թվականներին։ Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն։ Ուսանել է Սևանավանքում։ Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայրն էր։ Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ։ 992 թվականին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի։ 1006 թվականին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և Կատրանիդե թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները։

Սարգիս Ա Սևանցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1022
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)՝ քաջալերելով ժողովրդին։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ։ Հայտնի է իր շինարարական գործունեությամբ, 1010 թվականին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է Սբ. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։ Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող Տեր երկնիցը, որը գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը։

Սարգիս Ա Սևանցին 1019 թվականին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին։

Արտաքին հղումներ խմբագրել

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Հայոց պատմությունը Սարգիս Սևանցի կաթողիկոսի օրոք Արխիվացված 2010-11-26 Wayback Machine


Նախորդող՝
Խաչիկ Ա Արշարունի
Կաթողիկոս
992–1019
Հաջորդող՝
Պետրոս Ա Գետադարձ