Սասունցի Դավիթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունցի Դավիթ (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Սասունցի Դավիթ, «Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։
Սասունցի Դավիթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | գեղարվեստական անձ |
Սեռ | արական |
![]() |
Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննդից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Սասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Մսրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու անզիջում։
Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ Սասունցի Դավիթը հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ Սասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշները։
Ծանոթագրություններ
- ↑ Bedevian Ruth (փետրվարի 15, 2007)։ «Yervand Kochar - Incomparable Talent Evoked the National Spirit of Armenia»։ Armenian News Network / Groong։ University of Southern California։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 28
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 204)։ ![]() |