Ռուբեն Վարդանյան (գործարար)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Վարդանյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Կառլենի Վարդանյան (մայիսի 25, 1968(1968-05-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, հասարակական և քաղաքական գործիչ, 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվար Արցախի Հանրապետության պետական նախարար[2]։

Ռուբեն Վարդանյան
Դիմանկար
Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունենում ՖԱՍՏ հիմնադրամի Գլոբալ Ինովացիան Ֆորումում 2022, Երևան, Հայաստան
Ծնվել էմայիսի 25, 1968 (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան և Ռուսաստան Ռուսաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգործարար և international forum participant
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Պետական նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշան
Կայքrubenvardanyan.info
Commons-logo.svg Ruben Vardanyan Վիքիպահեստում

Կենսագրական տեղեկություններ

Կրթություն

Ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում։

1985 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի №20 դպրոցը։

1986-1988 թվականներին զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում[3]։

1985-1992 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն։

Փորձաշրջան է անցել Իտալիայի Banca CRT-ում, ավարտել է Նյու Յորքում Merrill Lynch կողմից կազմակերպված՝ զարգացող շուկաներին վերաբերող դասընթացները (1992 թվական), կարճաժամկետ ծրագրեր է անցել INSEAD-ում (Ֆոնտենբլո, Ֆրանսիա, 2000 թվական), Եյլի համալսարանում և Սթենֆորդի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում (2012 և 2013 թվականներ)։

Բիզնես գործունեություն

1991-1992 թվականներին՝ «Տրոյկա Դիալոգ» բրոքերական ընկերության փորձագետ, առաջնային շուկայի բաժնի ղեկավար․ ընկերությունում աշխատել է հիմնադրման պահից ի վեր։

1992 թվականից ի վեր ղեկավարել է «Տրոյկա Դիալոգ»-ը՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի, այնուհետև՝ նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի ու «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները՝ մինչև 2012 թվականի հունվարի 23-ը, երբ ընկերությունը վաճառվեց Սբերբանկին։ Այնուհետև եղել է Սբերբանկ CIB-ի[4] համաղեկավարը (մինչև 2013 թվականի օգոստոսը), հետագայում՝ Սբերբանկի վարչության նախագահի խորհրդականն ու խորհրդի ղեկավարը (մինչև 2015 թվականի հոկտեմբեր)։

2002-2004 թվականներին Ռոսգոսստրախի գլխավոր տնօրենն էր, միաժամանակ ղեկավարում էր Տրոյկա Դիալոգ ընկերությունը։

2013 թվականին «Տրոյկա Դիալոգ»-ի գործադիր տնօրեն և նախկին գործընկեր Միխայիլ Բրոյթմանի հետ ստեղծել է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ»[5] ներդրումային ընկերությունը։ Գործենկերների հետ միասին հանդիսանում է Մոսկվայում պրեմիում դասի «Ռոմանով դվոռ» և «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնների սեփականատերն ու ղեկավարը։

Ներկայում «ԿամԱԶ», Ամերիաբանկ (Հայաստան) ընկերությունների տնօրենների խխորուրդների անդամ է, նաև ներգրավված է Թաթարստանի հանրապետության վենչուրային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում։ Ավելի վաղ եղել է տնտեսության առանցքային ուղղություններում գործող ռուսաստանյան և արտասահմանյան ընկերությունների տնօրենների, հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամ․ արդյունաբերություն (Sollers, «ԱվտոՎԱԶ», «Նովատեկ», «Սիբուռա», «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» և այլն), բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն (Ռուսաստանի վենչուրային ընկերություն և այլն), ֆինանսներ և ապահովագրություն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի կառուցվածքում ֆինանսական ինստիտուտ) տնտեսական հարցերով խորհուրդ, Մոսկվայի բանկ, Standard Bank Plc (Մեծ Բրիտանիա), «Ռոսգոսստրախ», Marsh & McLennan Companies (ԱՄՆ) և այլն), անշարժ գույք և ենթակառուցվածքներ (Շերեմետյեվո միջազգային օդանավակայան, AVICA)։

2000-ից 2012 թվականներին եղել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կառավարման բյուրոյի անդամ։ Այժմ ՌԱՁՄ-ի կորպորատիվ էթիկայի միավորված հանձնաժողովի արբիտրների կոմիտեի անդամ է։ Ռուսաստանում եղել է «Երիտասարդ նախագահների կազմակերպության» (Young Presidents Organisation — YPO) առաջին ղեկավարը։

2015 թվականին Վարդանյանը հիմնեց Phoenix Advisors ընկերությունը, որն առաջարկում է ընտանիքի բարեկեցության պաշտպանության և կառավարման ծառայություններ և օգնում է գործարարներին մշակել ժառանգորդության ծրագիր։

Բիզնես գործունեությունը կրթության ոլորտում

 
Դիլիջանի միջազգային դպրոցի գլխավոր մասնաշենքը ներսից

Ռուբեն Վարդանյանի նախագծերի մի մասը կապված է Ռուսաստանում և ԱՊՀ-ում կրթական նախաձեռնությունների հետ[6]։

Նա «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր-գործընկերն է, միջազգային հոգաբարձուների խորհրդի փոխնախագահը։ 2006-ից 2011 թվականներին եղել է դպրոցի տնօրենը։ Բացի այդ՝ Վարդանյանը գլխավորում է Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի դիտորդական խորհուրդն ու «Սկոլկովո» բիզնես-դպրոցի բարեգործության ու բարեկեցության կառավարման կենտրոնի փորձագիտական խորհուրդը։

Ռուբեն Վարդանյանը 16-ից 19 տարեկան դեռահասների համար նախատեսված UWC Դիլիջան դպրոցի (Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան) համահիմնադիրն է։ Հիմնադրումից ի վեր դպրոցում ուսում է ստացել 450 ուսանող՝ ավելի քան 80 երկրից։

2013 թվականին իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ համատեղ հիմնել է Scholae Mundi[7] կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, որը ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում է UWC Դիլիջան դպրոցի[8] և այլ կրթական հաստատությունների սաներին՝ կրթաթոշակների և դրամաշնորհների[9] տրամադրման միջոցով, ինչպես նաև համատեղ ծրագիր է սկսել Շոտլանդիայի Դեմֆրիս Հաուս կրթական կենտրոնի հետ, որը գործում է Ուելսի արքայազնի հովանու ներքո[10]։

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի և այլ երկրների մի շարք կրթական հաստատությունների խորհուրդների անդամ է կամ նախկինում եղել է. ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի (2014 թվականից) և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի (2014-2017 թթ.) հոգաբարձուների, Բրազիլիայի Fundação Dom Cabral (FDC) Բիզնես-դպրոցի (2009 թվական), Ճապոնիայի International Christian University-ի միջազգային խորհրդատվական (2011-2015) և Չինաստանի GuangHua կառավարման դպրոցի (2008-2014) խորհուրդների անդամ է։

2000-2016 թվականներին եղել է Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի նպատակային կապիտալի հիմնադրամի հոգաբարձուների, 2008-2009 թվականներին՝ հիմնադրամի խորհրդատվական խորհուրդների անդամ։ 2005-2008 թվականներին եղել է Միջազգային բակալավրիատի կազմակերպության (International Baccalaureate Organisation) հիմնադրամի խորհրդի անդամ։

Ռուբեն Վարդանյանը ընդգրկվել է Yidan Prize – 2019 (Հոնկոնգ) հանձնաժողովի կազմում։ Դա կրթության զարգացման ոլորտում ներդրման համար շնորհվող խոշորագույն մրցանակն է։

Հասարակական գործունեություն

IDeA հիմնադրամ

Ռուբեն Վարդանյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի[11] համահիմնադիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը[12]։

Այդ նպատակով IDeA հիմնադրամում մշակվել է Սոցիալ-տնտեսական զարգացման մասնավոր գործակալության (Private Agency for Socio-Economic Development, PASED) հայեցակարգը։ Համաձայն այդ հայեցակարգի՝ բարեգործական նախաձեռնությունների ֆինանսական կայունությունն ապահովվում է ներդրումային ծրագրերի միջոցով, որոնցից ստացված եկամուտները նորից ուղղվում են նախաձեռնությունների օպերացիոն գործունեության ապահովմանը։ Խառը կապիտալի՝ կոմերցիոն և բարեգործական ներդրումների օգտագործումը թույլ է տալիս սոցիալապես պատասխանատու գործարարության կայուն մոդել ստեղծել, որը համադրում է բիզնեսին և բարեգործությանը բնորոշ արդյունավետության չափորոշիչներ՝ ռիսկ-եկամտաբերություն հարաբերակցությունն ու սոցիալական ազդեցությունը։ Վերջնական արդյունքում այսպիսի մոդելը թույլ է տալիս պայմաններ ստեղծել երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար[13]։

Վարդանյանի կողմի ստեղծված IDeA հիմնադրամը իր գործունեության մեջ ղեկավարվում է յոթ սկզբունքներով․

  1. Մասշտաբի և չափելի սոցիալ-տնտեսական արդյունքի համատեղում,
  2. Իրականացվող նախագծերի կառավարում՝ տեսլականից և մշակումից սկսած մինչև զարգացումն ու ներդրումը՝ լավագույն միջազգային փորձի կիրառմամբ,
  3. Գործընկերների, արտասահմանյան ներդրողների և պետության ներգրավման բաց հարթակ,
  4. Ներգրավվածություն՝ տեղի բնակիչների և կազմակերպությունների ակտիվ մասնակցություն, նրանց նախագծերին աջակցություն
  5. Բազմակի ազդեցություն, որը գործի է դնում երկարատև ազդեցության և փոփոխությունների շղթայական ռեակցիան,
  6. Երկարատև ֆինանսական կայունության մեխանիզմների ստեղծում՝ խառը կապիտալի՝ կոմերցիոն և բարեգործական ներդրումների օգտագործմամբ,
  7. Այլ նախագծերի հետ փոխգործակցություն և միաժամանակյա ազդեցություն տնտեսության մի շարք հատվածների վրա։

Այդ սկզբունքներին համաձայն իրականացվում են հետևյալ նախագծերն ու ծրագրերը։ «Տաթևի վերածնունդ», «Դիլիջանի զարգացում», «Սուրբ Գևորգ և Թբիլիսիի հին քաղաք», «Արցախի զարգացում» (այդ թվում և Մուշկապատ գյուղի եկեղեցու և Շուշիի մզկիթի վերականգնում), «Աջակցություն սիրիահայերին», FAST։

Վարդանյանի և իր գործընկերների կողմից 2010 թվականին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի մի մասն է[14]։ Ծրագիրը նախատեսում է Տաթևի վանական համալիրի վերականգնում և տեղական համայնքների զարգացում (աշխատատեղերի ստեղծում, համայնքներում գործարարության աջակցություն և տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացում)[15]։

Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը 2008 թվականին։ Ծրագրին աջակցել է 161 գործընկեր՝ 18 երկրներից։ Ծրագրի շրջանակում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվեց վանական համալիրի կառույցներից մեկը՝ Ձիթհանը։ 2016 թ․ վերականգնվել է վանական համալիրի Հյուսիսային մուտքը, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը։ Ներկայումս ընթանում է Սուրբ Աստվածածին վերդարպասյա եկեղեցու վերականգնումը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

2015 թվականի մարտին Նյու-Յորքում հայտարարվեց 100 LIVES համաշխարհային նախագծի մեկնարկի մասին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության[16] 100-ամյակին և սկիզբ դրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։ Հիմնադիրների՝ Ռուբեն Վարդանյանի, ամերիկացի բարերար և վենչուրային ներդրող Նուբար Աֆեյանի ու Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի մտահղացմամբ՝ նախաձեռնության նպատակն է հարյուր տարի անց մարդկության ուշադրությունը հրավիրել այն անձանց գործունեությանն, ովքեր այսօր օգնում են աղետալի վիճակում հայտնված մարդկանց՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր ժամանակին օգնել են փրկվել հայերին։ Այս նախագիծը ստացել է 200 գործընկերների աջակցություն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության[17] շրջանակներում հիմնվեց ամենամյա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity)[18]։ Մրցանակն անվանվել է Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով մեծ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու գործում՝ իր վերապրած արհավիրքների մասին պատմելով «Հոշոտված Հայաստան» գրքում, որի մոտիվներով համանուն ֆիլմ է նկարահանվել։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար։

Ընտրող հանձնաժողովի համանախագահն է կինոգործիչ և բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի առաջին համանախագահն էր Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը՝ 2015 թվականի մարտից մինչև իր մահը՝ 2016 թվականի հուլիսը։ Հանձնաժողովի անդամներ են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին և Օսկար Արիասը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար և Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը իրավապաշտպան, Enough նախագծի հիմնադիր Ջոն Պրենդերգաստը և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը։

2016 թվականին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին, Երևանում Ջորջ Քլունին հայտարարեց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի անունը։ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Բուրունդիի «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն էր, որը բացառիկ ավանդ է ունեցել այդ երկրում քաղաքացիական պատերազմի հետևանքով տուժած որբերին և փախստականներին օգնություն տրամադրելու գործում։

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը ստացավ է 100 000 դոլարի չափով պարգև և բարեգործության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 000 000 դոլար դրամաշնորհը փոխանցելով Բրազիլիայի, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության և Ռուանդայի մարդասիրական նախաձեռնություններին, որոնք պայքարում են մանկական չքավորության դեմ, օգնում են անչափահաս փախստականներին և զբաղվում նրանց վերականգմամբ[19]։

Ավրորա 2017 մրցանակի դափնեկիրը՝ հազարավոր կյանքեր փրկած բժիշկ Թոմ Քաթինան, ով միակ վիրաբույժն է Սուդանի Նուբա լեռներում, որոշեց $1 000 000-ի չափով դրամաշնորհն ուղղել այն կազմակերպություններին, որոնք աջակցում են Աֆրիկայի հեռավոր և անապահով, բժշկական օգնության հնարավորությունից զրկված շրջանների միսիոներական հիվանդանոցներին[20]։

«Ավրորա» ամենամյա մրցանակի երրորդ դափնեկիրը դարձել է Մյանմարում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար, այդ թվում կրթական իրավունքների համար պայքարող փաստաբան Չո Լա Աունը․Դափնեկիրը 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակը կիսել է երեք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք Մյանմարում փախստականներին բժշկական աջակցությունն և օգնություն են տրամադրում[21]։

2016 թ․-ից «Ավրորա» մրցանակի մրցանակակիրների կողմից ընտրված կազմակերպությունների հետ համատեղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օժանդակում է առողջապահության, կրթության և համայնքների զարգացման նախագծերին ողջ աշխարհում։

  • Ավելի քան 1 մլն մարդու համար տևական ժամանակով հասանելի են դարձել բժշկական ծառայություններ,
  • «Ավրորայի» բժիշկ-կամավորներ» ծրագրի մասնակիցները աջակցություն ստացան Քենիայում, Զամբիայում, Հայիթիում, Պերույում, Հարավային Սուդանում և Սուդանում,
  • Համալսարանների 748 ուսանողներ և 1114 տարրական և միջնակարգ դպրոցների ու մասնագիտական ուսումնարանների աշակերտներ կրթություն ստացան,
  • 558 հոգի ունեցան տներ, մանկական հաստատություններ և աշխատատեղեր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում անցկացվում են «Ավրորա երկխոսություններ»[22]՝ քննարկումներ մարդկության առաջ ծառացած հումանիտար խնդիրների շուրջ։ Համաժողովին մասնակցում են հումանիտար գործիչներ, հետազոտողներ, բարեգործներ, գործարարներ և քաղաքացիական ակտիվիստներ։ 2016 թ-ից «Ավրորա»-ի Երկխոսություններն անցկացվել են Երևանում, Բերլինում, Նյու Յորքում, Մոսկվայում, Լոնդոնում և Բուենոս Այրեսում։

«Ավրորա երկխոսությունների» շրջանակում հրապարակվում է «Ավրորա» մարդասիրական ցուցիչը, որը բացահայտում է նշանակալի հումանիտար մարտահրավերների շուրջ հասարակական ընկալումը[23]։

Philanthropy Infrastructure նախաձեռնություն

Իր ժամանակի զգալի մասը Ռուբեն Վարդանյանը նվիրում է Ռուսաստանում բարեգործության[24] ենթակառուցվածքների զարգացման հետ կապված նախագծերին։ 2014 թվականին նա նախաձեռնեց PHILIN[25] (Philanthropy Infrastructure – «Բարեգործական ենթակառուցվածքներ») նախագիծը, որը ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրում է բեք-օֆիսի բոլոր անհրաժեշտ ծառայությունները. ֆինանսական կառավարում, բյուջետավորում և հաշվետվությունների պատրաստում, կադրային վարչարարություն, իրավաբանական աջակցություն, գաղտնի հաշվապահություն։ Նախագծի նպատակն է ոչ առևտրային սեկտորի մասնագիտացումը[26]։

Բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն

2016 թվականին Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ ստեղծեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology, FAST)՝ երկրում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր ձևավորելու, Հայաստանի ու սփյուռքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները համախմբելու համար[27]։

Հիմնադրամի խորհրդատվական խորհրդի կազմում ընդգրկվեցին գիտնականներ, գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտների, ինչպես նաև տարբեր երկրների ակադեմիական համայնքների ներկայացուցիչներ. Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, գլխավոր դասախոս (2000–2016) Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ինժեներիայի և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), Գլոբալ նորարարությունների և առողջապահության ինստիտուտի տնօրեն, 2007–2009 թվականներին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի և Total SA-ի նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը (Ռուսաստան), Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիայի լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարող գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը (Հայաստան), ՓիքսԱրթ ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), ՀՀ Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը (Հայաստան)[28]։

Ռուբեն Վարդանյանը «Թաթարստանի Հանրապետության ներդրումային-վենչուրային ֆոնդ» ոչ կոմերցիոն կազմակերպության անդամ է (2016 թվականից), եղել է «Ռուսական վենչուրային ընկերություն» ԲԲԸ (2011–2012) և արևային էներգիայից հեղուկ վառելիքի արտադրության ոլորտի առաջատար Joule Unlimited, Inc. ընկերության (ԱՄՆ) տնօրենների խորհրդի անդամ (2010–2017):

Մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների պահպանություն

Հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, Ռուբեն Վարդանյանի ստեղծած IDeA հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկն է։ 2015 թվականին ավարտվեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի և իրականացվել է բացառապես բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի և այլոց միջոցներով։ Եկեղեցու մերձակայքում նախատեսվում է կրթամշակութային կենտրոն հիմնել[29]։

2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ տաճարի և եկեղեցական համալիրի բացման և օծման արարողությունը։ Այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին, այլ բարերարների հետ միասին, շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը[30]։ Վարդանյանը Մոսկվայում կառուցված Հայ առաքելական եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցական համալիրի 16 հիմնադիրներից մեկն է։

Հասարակական գործունեություն

Ռուբեն Վարդանյանը տարբեր ժամանակահատվածներում եղել է ռուսաստանյան արժեթղթերի շուկայի ենթակառուցվածք կազմող և դրա աշխատանքը կարգավորող տարբեր կազմակերպությունների խորհուրդների կազմում. ֆինանսական շուկայի զարգացման «Ռուսական առևտրային համակարգ» ոչ կոմերցիոն գործընկերության տնօրենների խորհուրդ (РТС ոչ կոմերցիոն կազմակերպություն) (1998–2001), Մոսկովյան ֆոնդային բորսայի բոսրային խորհուրդ (1997–2002), Արժեթղթերի շուկայի դաշնային հանձնաժողովի փորձագիտական խորհուրդ (1996–2002), «Դեպոզիտար-քլիրինգային ընկերություն» ՓԲԸ տնօրենների խորհուրդ (1995–1999), ինչպես նաև Ֆոնդային շուկայի մասնակիցների ազգային ասոցիոցիայի տնօրենների խորհուրդ (1997–2006), ընդ որում երկու տարի՝ 1997–1998, որպես խորհրդի նախագահ։

Պրոֆեսիոնալ կառավարիչների «2015 ակումբ» միավորման հիմնադիրներից մեկն է, որի նպատակն էր մշակել Ռուսաստանի զարգացման սցենարը մինչև 2015 թվականը։ 2010 թ-ից անդամակցում է Ա․ Մ․ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմադրամի հոգաբարձուների խորհրդին։

«Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուերի անդամ է։ 2016 թ-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոական խորհրդի անդամ է։ 2007 թ-ից մինչև 2014 թ․ եղել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008 թ-ից մինչև 2017 թ․՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

Գրքերի և ամսագրերի հրատարակություն

Ռուբեն Վարդանյանը BRICS Business Magazine միջազգային գործարար ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է։ 2003-2013 թվականներին եղել է «Россия в глобальной политике» ամսագրի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2016 թվականից գլխավորում է PwC-ի՝ «Ռուսաստանում տարվա գործարար գիրք» ամենամյա մրցանակի ժյուրին։

Ռուբեն Վարդանյանի, «Տրոյկա Դիալոգ» ընկերության, «Սկոլկովո» բիզնես-դպրոցի և մի քանի բարեգործական հիմնադրամների աջակցությամբ ռուսերեն թարգմանվել և հրատարակվել են ֆոնդային շուկայի մասին լավագույն աշխատանքները, համաշխարհային դասական բիզնես-գրականությունը[31], գեղարվեստական գրականության նորույթները, պատմությանը, տնտեսագիտությանը, սոցիոլոգիային, հասարակագիտությանը և այլ ոլորտներին առնչվող գրքեր։ Հայաստանում հրատարակվել են երկրի պատմության, մշակույթի, լեզվի և Հայոց ցեղասպանության մասին գրքեր։

Մեկենասություն

2006-2012 թվականներին Ռուբեն Վարդանյանը եղել է Ա. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Տարբեր տարիներին աջակցել է Ռուսաստանի ազգային նվագախմբին, որը գործում է Միխայիլ Պլետնևի ղեկավարությամբ, և Երիտասարդ կատարողների ամերիկառուսական նվագախմբին՝ լինելով դրանց Հոգաբարձուների խորհրդի անդամ (1996–2006 և 2001–2003 համապատասխանաբար)։

Պարգևներ

Ռուբեն Վարդանյանի պարգևների թվում է 1999 թվականին Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի կողմից շնորհված «Տարվա գործարար» մրցանակը, «Կարիերա» ամսագրի կողմից 1999 թվականին և 2000 թվականին շնորհված «Ռուսական կապիտալի շուկայում լավագույն գործարար-մենեջեր»-ի մրցանակը, 2004 թվականին Ernst & Young–ի կողմից շնորհված «Տարվա ձեռներեց» կոչումը[32], 2004 թվականին «Էլիտա ֆոնդային շուկա»-ի «Տարվա լավագույն ներդրող-բանկիր»-ի մրցանակը[33], GQ ամսագրի կողմից շնորհված «Տարվա մարդ» մրցանակը՝ որպես լավագույն գործարար, Ռուսաստանյան բանկային ֆորումի «Փառքի ծառուղի» մրցանակը՝ 20 տարի ռուսական ֆինանսական ոլորտին ծառայելու համար (2013) և այլ պարգևներ։

2001 թվականին Fortune ամսագիրը Ռուբեն Վարդանյանին ներառել է իր՝ «Նոր սերնդի 25 ծագող աստղերը» ցանկում։ Նույն տարում նա ընդգրկվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ապագայի 100 առաջնորդներ» ցուցակում։ 2013 թ․ արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի։ 2018 թ․-ին Թաթարստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հանրապետության հետ արդյունաբերության ոլորտում արդյունավետ համագործակցության, ձեռներեցության զարգացման և ակտիվ հասարակական գործունեության համար։ Նույն թվականին արժանացել է Միջազգային բիզնես ակադեմիայի նախագահի մրցանակին՝ կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Հենց այդ ժամանակ էլ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանը ու Նուբար Աֆեյանը, արժանացել են Common Ground Awards մրցանակին, որը շնորհվում է հակամարտությունների կարգավորման, տեղական համայնքներին զարգացման և խաղաղության ամրապնդման ասպարեզում բացառիկ նվաճումների համար։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Կինը՝ Վերոնիկա Ֆելիքսի Զոնաբենդը, 1990 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, աշխատել է Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, 1993 թվականից զբաղեցրել է «Տվերունիվերսալբանկ»-ի Արտարժույթի բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1994-1995 թվականներին սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության և Քաղաքագիտության դպրոցում «բանկային գործ և ֆինանսներ» մասնագիտացմամբ։ 1999 թվականից զբաղվել է գործարարությամբ։ Հայաստանում UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրն է և Տնօրենների խորհրդի նախագահը։ UWC[34] International (Մեծ Բրիտանիա) և Հայաստանում Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհուրդների անդամ է, ինչպես նաև գլխավորում է Teach For Armenia[35] հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Զբաղվում է ընտանեկան հիմնադրամի գործունեությամբ, որն իրականացնում է բարեգործական և սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր Հայաստանում և Ռուսաստանում[36]։

Ավագ քույրը՝ Մարինե Ալեսը, կոմպոզիտոր է, հայերեն և ռուսերեն լեզուներով երգերի հեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գեղարվեստական խորհրդի անդամ, «Նվիրիր կյանք - Հայաստան» բարեգործական հիմնադրամի[37] հոգաբարձուների խորհրդի անդամ[38]։

Ծանոթագրություններ

  1. http://gov.nkr.am/en/prime-minister/
  2. Արմենիա Sputnik (20230223T1627+0400)։ «Ռուբեն Վարդանյանը ազատվել է պետնախարարի պաշտոնից. Հարությունյանը մանրամասներ է հայտնել»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2023-02-23 
  3. «Рубен Варданян: "Мне в жизни невероятно повезло с менторами"»։ www.kommersant.ru։ 25 նոյ, 2013 թ. 
  4. https://www.sberbank-cib.ru/
  5. http://vbpartners.ru/
  6. ««У США тоже есть свои тараканы, но их меньше, чем у нас», - Рубен Варданян, инвестор, советник президента Сбербанка России»։ www.vedomosti.ru 
  7. [1] (չաշխատող հղում)
  8. https://uwcdilijan.org/
  9. «SPEAR'S Russia — MEDIACRAT | Publishing»։ publishing.mediacrat.com 
  10. «Forbes Life 07/2013»։ forbes.ru 
  11. [2] Archived 2017-02-16 at the Wayback Machine.
  12. «Ռուբեն Վարդանյան. «Բարգավաճման մոդելը պահանջում է կամք, հավակնություններ եւ ռիսկ»»։ mediamax.am 
  13. ««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ. Մեր մոտեցումը // IDeA հիմնադրամի կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 13 
  14. «Интервью Рубена Варданяна - Российский бизнес и технологии.»։ businesstechnology25.tass.ru 
  15. «Татевская канатка и будущее Сюника» // «Новое время», 16.02.10
  16. «К 100-летию геноцида армян запустят благотворительный проект 100 LIVES»։ lenta.ru 
  17. https://auroraprize.com/hy/
  18. «Рубен Варданян инвестировал в правозащиту»։ www.kommersant.ru։ 10 մրտ, 2015 թ. 
  19. ««Правозащитники, которые всю жизнь просили деньги, получат возможность отдавать их другим»»։ www.kommersant.ru։ 25 ապր, 2016 թ. 
  20. Доктор Том Катена за работу в Южном Судане получил премию «Аврора» // Tass.ru. – 2017. – 30 мая.
  21. «Премию «Аврора» в $1,1 млн получил борец за права рохинджа»։ www.rbc.ru 
  22. «Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ»։ mediamax.am 
  23. «Шарль Азнавур назвал лауреата Aurora Prize»։ www.kommersant.ru։ 29 մյս, 2017 թ. 
  24. Nast Condé (13 մրտ, 2017 թ.)։ «Почему Рубен Варданян умеет видеть будущее (и что он там разглядел)»։ GQ Россия 
  25. https://philin.org/
  26. Павлова Ольга (01 դեկ, 2016 թ.)։ «Работа с документами: как проект PHILIN помогает НКО» 
  27. «Ռուբեն Վարդանյան. «FAST-ը պետք է տեխնոլոգիական ճեղքման հիմք դառնա»»։ mediamax.am 
  28. «FAST հիմնադրամը մեկնարկում է»։ mediamax.am 
  29. «Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը (լուսանկարներ)» 
  30. «Российская и Ново-Нахичеванская Епархия Святой Армянской Апостольской Православной Церкви»։ armenianchurch.ru 
  31. ««Показатель стабильности общества – количество проектов с горизонтом 20-30 лет»// «Газета.ru», 19.09.2013»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին։ Վերցված է 2016-06-28 
  32. ««Игра вдолгую»// EY – Россия, «Предприниматель года»/Рубен Варданян/ www.ey.com/RU. Проверено 31 июля 2014 г.» 
  33. Победители национального конкурса «Элита фондового рынка» // www.naufor.ru. Проверено 31 июля 2014 г.
  34. http://www.uwc.org/
  35. «Հայաստանի ապագան կերտող Teach for Armenia-ի «դեսպանները»»։ mediamax.am 
  36. Знаменская Эла (06 սեպ, 2021 թ.)։ «IMG-20210902-WA0004» 
  37. [3] Archived 2018-02-22 at the Wayback Machine.
  38. ««Ձեզանից մեկը...»` Մարինե Ալես»։ auroraprize.com 


Հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են