Ստեփանավան

քաղաք Հայաստանում
(Վերահղված է Ջալալօղլիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանավան (այլ կիրառումներ)

Ստեփանավան, քաղաք Հայաստանի Լոռու մարզում։

Քաղաք
Ստեփանավան
Զինանշան

Ստեփանավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Ստեփանավան համայնք[1]
Հիմնադրված է1810 թ.
Առաջին հիշատակում978
Այլ անվանումներմինչև 1923 — '
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես14 կմ²
ԲԾՄ1 400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն12 800[2] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունստեփանավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (256)
Փոստային դասիչ1901-1905
Ավտոմոբիլային կոդ37
Ստեփանավանը
Պաշտոնական կայքstepanavan.am
Ստեփանավան (Հայաստան)##
Ստեփանավան (Հայաստան)
Ստեփանավան (Լոռու մարզ)##
Ստեփանավան (Լոռու մարզ)

Անուն խմբագրել

Քաղաքը ներկայիս անունը ստացել է Ստեփան Շահումյանի անունով։ Նախկինում բնակավայրը կոչվել է Օրան-Լոռի, հետագայում ռուսական և թուրքական ազդեցության հետևանքով որոշ ժամանակով նաև Կամենկա, Ջալալ-օղլի։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա, մերձակա լեռնագագաթը անտառապատ Արջասար սարն է, որը ծովի մակերևույթից բարձր է 1819մ։

Կլիմա խմբագրել

Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2 °C է, հունիսին՝ +16,7 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 683 մմ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։

Ստ. Շահումյանը Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել է Շվեյցարիայի բնության և կլիմայի հետ[3]։

Պատմություն խմբագրել

Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվեց Զաքարյաններին։

1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրեց Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին։

17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթում Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնում են Չեչմանիս բնակատեղին։

1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնում են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Անդրանիկ (նախկին՝ Լենինի) փողոցի 64 տան են 1883-1889թթ. բնակվել ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու ծնողները։

1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի («ջալալի որդի» թուրք.) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական Հասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ «Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810»”։

Ջալալօղլի քաղաքի հիմնադիրներից և քաղաքը շենացնողներից են նաև Գրիգորյանների, Առաքելյանների, Հակոբյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Չիլինգարյանների, Սարգսյանների, Դադիվանյանների և այլ առևտրական ընտանիքները։

19-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերով այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թթ. սովորել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արղությանը։

1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվել հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ, երկու օր կռիվ մղել թուրքերի դեմ Կլին գորա (Կույբիշև) տեղանքում։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին»”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչը» գրքի «Բերդ» գլխում։

1921 թ. փետրվարի 11-ին Լոռու «Չեզոք գոտին» վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկն էր, որն ընդգրկել է 30 գյուղ Ջալալօղլի և Վարանցովկա գյուղաքաղաքներով։ Կոմունիստական կուսակցության շրջանային կազմակերպությունը ղեկավարել են Արշակ Շահնազարյանը, Գառնիկ Մովսիսյանը, Երվանդ Բոգդանյանը, Ցոլակ Ավագյանը, Սերգեյ Գրիգորի Մութաֆյանը, Օնիկ Տիգրանի Հովհակիմյանը, Զավեն Տելեմակի Պապյանը, Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը, Վանիկ Ռուբենի Բալայանը, Յուրի Հայկի Ճշմարիտյանը։

Շրջխորհրդի գործկոմները ղեկավարել են Խ.Վարդանյանը, Պ.Ստամբոլցյանը, Լևոն Առաքելովը, Անանիա Բերբերյանը, Ս.Սարգսյանը, Արամ Պապյանը, Գևորգ Սաղաթելյանը, Ս.Հարությունյանը, Ա.Մկրտչյանը, Բորիս Անդրեասի Գյոզալյանը, Նիկոլայ Ստեպանովիչ Կարպենկոն, Մեսրոպ Միքայելի Մանասյանը, Յուրի Հայկի Ճշմարիտյանը, Ռուբիկ Ավետիքի Միրզոյանը, Հայկազունի Սերգեյի Վարդանյանը, Հովիկ Հայկազի Պառավյանը։ 1931-ից հրատարակվել է «Սոցիալիստական անասնապահություն» թերթը /1962-ից «Փարոս»՝ մինչև 1997թ./, 1991-1995թթ՝ «Լոռե» շաբաթաթերթը։

1938 թվականի նոյեմբերին ՀՍՍՌ Գերագույն Սովետի որոշմամբ Ստեփանավանը ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1960թ. քաղաքը գազաֆիկացվել է, 1963 թ. շահագործման է հանձնվել Պուշկինյան լեռնանցքի հեռուստաաշտարակը օդերևութաբանական կայանով 181 մ բարձրությամբ։ 1971թ. նոյեմբերի 30-ին գործարկվել է Պուշկինյան լեռնանցքի թունելը 1830 մ երկարությամբ, 1981 թվականին Ապակլու (ծովի մակերևույթից 1796մ) բարձունքի վրա շահագործվել է հեռուստատեսային վերահաղորդիչ կայանը 51,5մետր բարձրությամբ։

1923 թ. սեպտեմբերի 20-ին Լոռու Գավգործկոմի որոշմամբ ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի, Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան, որտեղ 1934 թ. բացվել է նրա տուն-թանգարանը։ Խորհրդայինացումից հետո քաղաքը տարբեր տարիների ղեկավարել են Գրիգոր Պապյանը, Մացակ Պապյանը, Մարութ Շմոյանը, Վասիլի Պավլովը, Գևորգ Գրիգորյանը, Գ.Ղազարյանը, Աբովյանը, Սերգեյ Չիլինգարյանը, Հայկուշ Սողոմոնյանը, Արուս Ջիլավյանը, Ժիրայր Մովսիսյանը, Մխիթար Ալեքսանյանը, Սուրեն Հակոբյանը, Սպարտակ Համբարյանը, Չիչակ Գևորգյանը, Ռազմիկ Օլոյանը, Արամ Բաբաջանյանը, Ռոմիկ Բաղրամյանը, Սարգիս Ղարաքեշիշյանը, Միշա Ղարաքեշիշյանը։ 2020-ի նոյեմբերից Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատարն է Արմեն Գրիգորյանը, 2021թ. նոյեմբերի 29-ից՝ համայնքապետ։

Արցախյան շարժում, արցախյան պատերազմ, երկրապահ ջոկատ

Արցախյան շարժման կենտրոնը Ստեփանավանում ԲՀԷՍ գործարանն է եղել։ Գործարանի տեխնիկական բաժնի ինժեներ Հովիկ Պառավյանն է Երևանից նորություններն ստացել ու հանրայնացրել։ Կապը եղել է Իգոր Մուրադյանը։ Հենց ԲՀԵՍ գործարանի տղերքը եղան Ստեփանավանում առաջին միտինգի կազմակերպիչներն ու ոգեշնչողները /Պառավյան Հովիկ, Մարիկյան Սարգիս, Աղաջանյան Արմեն, Պապյան Սպարտակ, Կատինյան Ռոմիկ, Այվազյան Անատոլի, Առաքելյան Վեհարի, Առաքելյան Արմեն, Հովհաննիսյան Արծրուն/:

1988թ. սումգայիթյան ջարդ ու կոտորածից հետո ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը հուշում էր զինվելու գաղափարը։ Տարվա վերջերին արդեն երևում էին առաջին ջոկատների սաղմերը։ Որպես տեղեկատվական ու ղեկավարման կենտրոն, այդ գործում հանդես էին գալիս «Ղարաբաղ» կոմիտեի տեղական ակտիվիստները (Հ.Պառավյան, Ս.Մարիկյան,)։ 1989-ի աշնանը Ստեփանավանի շրջանում կար ՀԱԲ-ի ջոկատը, որի հրամանատարն էր ուռուտեցի Գաբրիելյան Գենան։ Ջոկատի անդամներից էին Արմեն Հովասափյանը, Գևորգ Մխիթարյանը, Վարդան Ջիլավյանը, Արծրուն Վահրադյանը, շուլավերցի Սմբատը և ուրիշներ. թվով մինչև 15-18 հոգի։

1989թ.օգոստոսին տեղի «Ղարաբաղ» կոմիտեն պաշտոնապես գրանցվեց «Զարթոնք» հասարակական կազմակերպություն (նախագահ՝Հ.Պառավյան), որի կազմավորած ջոկատը ամենամեծն ու կազմակերպվածն էր։ Ջոկատի կազմում էին Ռոմիկ Կատինյանը /հրամանատար/, Գյառ-Գյառ գյուղից Վազգեն Մաթևոսյանը, Սուրիկ Նազարյանը /Փոքրիկ/, Անդրանիկ Ավետյանը, Մնացը, Ուռուտից Անատոլի Այվազյանը, Մայիս Գաբրիելյանը /Քեռի/, Սպարտակ Կիրակոսյանը…. Սկզբնական շրջանում ջոկատի գործունեությունը սահմանափակվում էր սահմանամերձ գյուղերում /Ջիլիզա,  Նոյեմբերյանի շրջան/ հերթապահություններ կատարելով։

1989 թվականի ամառը Հաղարծինում, իսկ նույն տարվա աշնանը Ջիլիզայում կազմակերպվեցին հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները համակարգելու, սահմանային շրջանները պաշտպանելու հարցերին նվիրված գաղտնի խորհրդակցություններ, որին մասնակցեցին նաև ստեփանավանցիները Հ.Պառավյանի ղեկավարությամբ։ Դրանից հետո ջոկատի գործունեությունը ղեկավարվում էր Երևանից, իսկ սպառազինության հարցը լուծվում էր տեղի ուժերով։

1990թ. օգոստոսին ՀԱԲ-ի լուծարումից հետո Ստեփանավանի ՀԱԲ-ի տղերքից մեծ մասն անցավ դաշնակցության ջոկատը, մի մասը ՝ ՀՀՇ-ի ջոկատը, իսկ մի քանի հոգի էլ հիասթափություն ապրեցին, չմիացան ոչ մի ջոկատի։

1990թ. աշնանը ՀՀՇ «Զարթոնք» կազմակերպության և ջոկատի հրամանատարության համատեղ որոշմամբ ջոկատի հրամանատարությունը ստաննձնում է սովետական բանակի կադրային զինվորական, Աֆղանստանի պատերազմի մասնակից Հրաչ Շահվերդյանը։ Դրանից հետո ջոկատի գործունեության որակը կտրուկ փոխվեց։ Հրաչի աֆղանական պատերազմի փորձին ավելացել էր նաև Արցախում մինչ այդ մի քանի մարտական գործողության մասնակցելու փորձը։ 

Ջոկատն Արցախում առաջին մարտական մկրտությունն անցավ 1991-ին։ Դա Մարտակերտի հյուսիսում ընթացող ռազմական գործողություններն էին, որին ստեփանավանցիները Հրազդանի և Սևանի ջոկատների հետ կազմել էին «Փառանձեմ» ծածկանունով ջոկատը։ Միացյալ այդ ջոկատն անվանում էին նաև SSR /Սևանի, Ստեփանավանի, Հրազդանի սկզբնատառերը/: 1992-ին ջոկատն արդեն առավել մարտական վիճակում էր։ Ջոկատը մատակարարվում ու ղեկավարվում էր շրջխորհրդի կողմից, որի նախագահ էր ընտրվել (1990թ. հունվար) Ստեփանավանի ՀՀՇ կազմակերպության ղեկավար Հովիկ Պառավյանը։

Ջոկատի կենսագրության փառավոր էջերից է Շուշիի ազատագրման ու Լաչինի ,,միջանցքի»,, բացման մարտական գործողություններին մասնակցելը։ Շուշիի գրավման ժամանակ ջոկատը կռվել է «26» պայմանական անունը կրող ստորաբաժանման կազմում, որի հրամանատարն էր հետագայում Ազգային Հերոսի կոչմանն արժանացած Յուրա Պողոսյանը։ Ջոկատը սկզբում դիրքավորվել է Ստեփանակերտի գերեզմանների մոտ, վարել է պաշտպանական մարտ, որպեսզի Ջանհասանի կողմից հարձակում չլինի Ստեփանակերտի վրա։ Այնուհետև անցել են հարձակման, մտել Շուշի։ Մարտերի ընթացքում ջոկատը տվել է մեկ զոհ, չորս վիրավոր։ Քարինտակի մոտ զոհվել է Հովհաննես Քալաշյանը /Ուզբեկը/: Շուշիից հետո ջոկատը մասնակցեց Լաչինի ազատագրմանը։ Մայիսի 23-ին նրանք վերադարձան Ստեփանավան։ Այդ օրը տղաներին Պուշկինյան լեռնանցքի նշանավոր Դեդուշկի աղբյուրի մոտ ժողովուրդը դիմավորեց զուռնա դհոլով։ Շուշիի, Լաչինի ազատագրումներին մասնակցելն ավելացրեց Ստեփանավանի ջոկատի արդեն հայտնի բարի համբավը։ Կարճ դադարից հետո ջոկատը մեկնեց Նոյեմբերյան՝ մասնակցելու Ոսկեպարի պաշտպանությանը։ Այստեղ թեժ կռիվների մասնակցեցին տղաները, որի ժամանակ հինգը վիրավորվեցին, այդ թվում ծանր վիրավորվեց ջոկատի հրամանատար Հրաչ Շահվերդյանը /հունիսի 13-ին/:

Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։

2010 թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։1988 թ. Երկրաշարժից հետո շատ երկրներից մարդիկ են եկել ու օգնել , օրինակ ամերիկացիները կառուցել են Ամերիկական թաղամասը , ռումինացիները Ռումինական թաղամասը, գերմանացիները հիվանդանոցը և այլն։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Ստեփանավան քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այդպիսի հուշարձաններից են տարբեր դարերով թվագրվող ամրոցներ, բնակատեղիներ, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ և այլն։ Քաղաքի տարածքում գտնվող 62 հուշարձան 2004 թվականի դրությամբ ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես պետության կողմից պահպանվող օբյեկտներ[4]։

Լոռու բերդ ամրոց խմբագրել

Ստեփանավան քաղաքի տարածքում է գտնվում հռչակավոր Լոռի բերդ ամրոցը։ Այն կառուցված է Ձորագետ և Ուռուտ գետերի հատման վայրում գտնվող և երեք կողմից խորը ձորերով շրջապատված փոքր հարթավայրում։ Կառուցվել է Լոռու թագավորության արքա Դավիթ Անհողինը մոտվավորապես 1005-ից 1020 թվականներին։

Հայտնի ստեփանավանցիներ խմբագրել

  • Ավետիք Սահակյան (ՀՀԴ անդամ, հասարակական քաղաքական գործիչ, 1918 թ առաջին խորհրդարանի նախագահ)։
  • Ցոլակ Վարդազարյան - դիրիժյոր, մենակատար, Հայաստանում ջազի հիմնադիրներց
  • Սոս Սարգսյան (Հայաստանի թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ)։
  • Յակով Խաչիկյան (հայ փիլիսոփա, ակադեմիկոս, «Ստեփանավանցիներ» հանրագիտարանի հեղինակ)։
  • Աշիկ Սահակյան - սեյսմաբան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Սուրեն Պապիկյան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
  • ԽՍՀՄ /ՍՍՀՄ/ Գերագույն Սովետի դեպուտատներ են ընտրվել Մացակ Պապյանը, Հերսիկ Հակոբյանը
  • ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի և ՀՀ ԱԺ դեպուտատներ են ընտրվել Մացակ Պապյանը, Գառնիկ Մանուկյանը, Լիդիա Գոլովինան, Հակոբ Շահպարոնյանը, Ասլան Գալոյանը, Վարդանուշ Թունյանը, Բորիս Գյոզալյանը, Հռիփսիկ Վիրաբյանը, Պոլկա Սավթալյանը, Սերգեյ Դրագան, Բավական Պողոսյանը, Կիմա Պապոյանը, Արմենակ Ջանջուղազյանը, Վանիկ Բալայանը, Մեսրոպ Մանասյանը, Վարդան Գևորգյանը, Յուրի Ճշմարիտյանը, Արամ Բաբաջանյանը, Հովիկ Պառավյանը, Վռամ Գյուլզադյանը, Արփինե Դավոյանը:
  • Նիկոլայ Ժիրնով - Ուկրաինայի ԶՈւ աջակցության ուժերի հրամանատարության նախկին ղեկավար[5]։

Քույր-քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Դենդրոպարկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Ստեփանավան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  3. «Տեղական տնտեսական զարգացում։ Ստեփանավան» (PDF). www.smednc.am. Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն. Մայիս, 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 16.07.2018-ին.
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ընդունված 29.01.2004 թվականին, ստորագրված 04.02.2004 թվականին, (թվային արխիվացված տարբերակը arlis.am կայքում)։
  5. «Николай Жирнов, командующий Сил поддержки ВСУ». www.ukrinform.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանավան» հոդվածին։