Պիստակ

բույսերի տեսակ

Խնկենի.Պիստակ (պարս.՝ پسته-չատտանգուշ), աղտորազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար ծառերի ու թփերի ցեղ։ Տարածված է Հին և Նոր աշխարհի մերձարևադարձային և մասնակիորեն արևադարձային շրջաններում։

Պիստակ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
Լատիներեն անվանում
Pistacia vera
Հատուկ պահպանություն

Տարածվածութունը և էկոլոգիան խմբագրել

Պիստակը տարածված է միջերկրածովյան շրջանում, հյուսիս-արևմտյան Աֆրիկայում, արևմտյան, միջին և արևելյան Ասիայում։ Պիստակի երկու տեսակ տարածված է կենտրոնական Ամերիկայում և ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում։

Պիստակն աճում է գորշահողերում, լեռնա-տափաստանային շագանակագույն բնահողում։ Սիրում է լույս, դիմացկուն է չորային եղանակի նկատմամբ, նախընտրում է կալցիումով հարուստ բնահող, որը շատ արագ յուրացնում է։ Կարող է դիմանալ մինչև -25 °C ցրտին։

Պիստակի թուփն աճում է մեկական, սակայն երբեմն պատահում են նաև պիստակի անտառներ։ Ծաղկում է ապրիլին, երբեմն` մարտին։ Պտուղները հասնում են սեպտեմբեր-նոյեմբերին։ Բնության մեջ պիստակը բազմանում է սերմերով, մշակման ժամանակ` պատվաստման միջոցով։

Նշանակությունը և կիրառումը խմբագրել

Պիստակի խիտ և ամուր ծառանյութն օգտագործվում է ատաղծագործության մեջ, իսկ խեժն օգտագործվում է բարձրորակ լաքերի արտադրության մեջ։ Ճյուղերն ու տերևներրը լայնորեն կիրառվում են դեկորացիայի մեջ, հատկապես` ֆլորիստիկայում։

Սննդի մեջ պիստակն օգտագործում են ավելի քան 2500 տարի։ Հին ժամանակներում Իրանում պիստակը համարվում էր դելիկատես, ինչպես նաև հարստության խորհրդանիշ։ Ամեն ընտանիք չուներ հնարավորություն իր սեղանին պիստակ դնել։

Մշակում խմբագրել

Գյուղանտեսության պատմության համաձայն, Իրանը եղել է այն առաջին տարածքներից, որտեղ իրականացվել են գյուղանտեսական աշխատանքներ։ Որոշ փորձագետների կարծիքով, Իրանը եղել է մշակաբույսերի աճեցման կենտրոն, ինչի մասին վկայում են այս երկրի տարբեր շրջաններում հայտնաբերված գտածոները։ Դրանց համաձայն, դեռևս հին ժամանակներից, կուռուցելով ջրմուղներ և ոռոգման համակարգ, հիմք են դրել գյուղատնտեսության արդիական համակարգի։ Իրանում հնագույն ժամանակներից մշակել են պիստակ։

Այսօր շրջանառվում են տարբեր կարծիքներ, թե կոնկրետ որ երկրում են առաջին անգամ սկսել աճեցնել պիստակի ծառը։ Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն, այդ երկիրը համարվում է Իրանը, իսկ օրինակ Ամերիկանա հանրագիտարանում նշված է, որ այն սկսել են աճեցնել Արևմտյան Ասիայում։

Մոհամմադ Հասան Աբրիշամին, ով հեղինակել է "Իրանական պիստակ" գիրքը, գրում է. "Տարածքը, որտեղ առաջին անգամ աճել է պիստակը, ներկայիս Իրանի Խորասան նահանգն է։ Իրանում պիստակ են աճեցրել նաև երկրի արևմտյան հատվածում, Նիշաբուրում և Ամուդարյա գետի ափերին": Պատմական տվյալների համաձայն, Աքեմենյան շրջանում Իրանում պիստակն աճել է ինքնաբուս։ Ինչպես նշել է ամերիկացի իրանագետ Բերթոլդ Լոֆերը, պիստակն իրանցիների համար մեծ նշանակություն է ունեցել։ Պիստակի ծառը հնագույն ժամանակներում ունեցել է պիստակա անվանումը, հետագայում` պահլավերենում դարձել է պիստակ։ Պարսկերենով այն կոչվում է փեսթե։

Իրանի Քերման, Ֆարս, Սեմնան, Ղազվին և մի շարք այլ նահանգներում այսօր աճեցվում է պիստակի 90 տեսակ։ Այսօր Իրանը համարվում է պիստակի ամենախոշոր արտահանողն աշխարհում։ Այսօր պիստակ մշակում են Հունաստանում, Սիրիայում, Իրանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայիում և այլ երկրներում։ Իրանում պիստակի արդյունաբերությունը շատ եկամտաբեր է։ Իրանում արտադրված պիստակն արտահանվում է միջազգային շուկաներ։ Իրանական պիստակի գնորդներ են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Թունիսը, Կանադան, Չիլին, Բրազիլիան և այլն։ Պիստակի բերքը հավաքում են հուլիսի վերջից օգոստոսի սկիզբը։ Սկզբում այն չորացնում են արևի տակ, ինչից հետո բերքը կարելի է պահել մեկ տարուց ոչ ավելի։ Այնուհետև պիստակը թրջում են աղաջրի մեջ և բովում։

Կիրառումը խմբագրել

Պիստակն ունի սննդային մեծ արժեք։ Այն պարունակում է ավելի քան 50 տոկոս յուղ, ինչպես նաև մեծ քանակությամբ սպիտակուցներ ու ածխաջրեր։ Դրանք բարձրացնում են օգանիզմի տոնուսը։ Պիստակն իր հետաքրքիր համի համար շատ սիրված է։ Պիստակն ուտում են ինչպես հում, այնպես էլ աղով կամ բոված վիճակում։ Այն ավելացնում են սալաթների մեջ, դրանով զարդարում են պատրաստի կերակուրները, ավելացնում են քաղցրավենիքի մեջ։

Պիստակն իր բուժիչ հատկութունների շնորհիվ օգտագործվում է նաև ավանդական բժշկության մեջ։ Պիստակը պարոնակում է մեծ քանկությամբ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր։ Այն օգտագործում են այրվածքների, ստոմատիտի և թունավորումների բուժման ժամանակ։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ պիստակն օգտագործվել է տուբերկուլյոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ։ Իր մեջ առկա մեծ թվով միկրոէլեմենտների շնորհիվ, պիստակը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։ Այն պակասեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը։ Պիստակը խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկակական հոգնածության ժամանակ։ Այն պարունակում է մեծ քանակությամբ միներալներ, ինչպես` պղինձ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում ու դրա շնորհիվ նպաստում է իմունային համակարգի ամրանդմանը։ Պիստակը ուժեղացնում է հիշողությունը, տեսողությունը, պարունակում է նյութեր, որոնք օգնում են մարսողական համակարգին, շաքարային դիաբետով հիվանդների մոտ թուլացնում է լարվածությունը։ Պիստակում առկա E վիտամինը բարելավում է մաշկի վիճակը, այն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Աղբյուրներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստակ» հոդվածին։