Ոտնացուպիկ
Ոտնացուպիկ
Ոտնացուպիկ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՔարադրանմաններ (Charadriiformes)
ԸնտանիքԲզակտուցավորներ (Recurvirostridae)
ՑեղHimantopus
ՏեսակՈտնացուպիկ (H. himantopus)
Միջազգային անվանում
Himantopus himantopus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ոտնացուպիկ (լատին․՝ Himantopus himanto), բզակտուցավորների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Կենսաբանական տարածում խմբագրել

Բնադրող-չվող և տարածված տեսակ է։ Բնակվում է լճափներին, ծանծաղ ճահճուտներում, թաց մարգագետիններում, գերադասում է նոսր բուսականությամբ դանդաղահոս ջրերը։ Սնվում է ծանծաղուտներում՝ ջրային միջատներով, խեցգետիններով և այլ անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը մարտի առաջին կեսից ապրիլի սկիզբ է։ Ապրիլի 20-ից նկատվում են բնադրազույգերի ձևավորումը և արուների հարսանեկան խաղերը. 2 ախոյան արուներ կանգնում են դեմառդեմ, վզերը ձգում-երկարացնում, թևերի ծայրերը կախում և թռչկոտում։ Այն արուն (թույլը), որը չի կարողանում գերազանցել դիմացինի ոստյունների բարձրությունը, ինքնակամ թողնում է «մարտադաշտը»։ Ոտնացուպիկները բնադրում են առանձին զույգերով, նաև՝ փոքր գաղութներով։

Մարմնի կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 35-40 սմ է, թևերի բացվածքը՝ 67-83 սմ, կենդանի զանգվածը՝ 130-150 գ։ Գլխի վերին մասը, մեջքը և թևերը սև են, ներքևից՝ սպիտակ։ Կտուցը սև է, ուղիղ, նրբագեղ, ոտքերը՝ վարդագույն, երկար ու բարակ։ Գլխի և ծոծրակի գույները փոփոխական են՝ սպիտակից մինչև խոշոր չափի սև հատվածով։ Հասուն արուի թիկնոցը բնադրման շրջանում փայլուն կանաչավուն սև է։ Էգի թևերը սև են, թիկնոցը՝ ավելի թույլ փայլով։ Հետբնադրման շրջանում արուի և էգի գագաթն ու ունկնկալը մոխրագույն են։ Երիտասարդի թիկնոցը և թևերը դարչնավուն են, փետուրները՝ բաց երիզված։ Թռչելիս նկատելի են դաստակի հոդում ծալված երկար ու եռանկյունաձև թևերը։

Բազմացում խմբագրել

240-245 մմ տրամագծով և խոտաբույսերի չոր ցողուններից պատրաստված բույնը դնում է գետնին՝ պատահական փոսիկում։ Ձվադրում է մայիսի առաջին տասնօրյակից հունիսի առաջին տասնօրյակը։ Դնում է 44 մմ տրամագծով, բաց դարչնագույն և սև պտերով 2-5 ձու (հաճախ ձվադրում է նաև ուղղակի գետնին)։ Թխսակալում են էգը և արուն՝ 25-26 օր։ Առաջին թռչող ձագերը նկատվում են հունիսի վերջին։ Վտանգի դեպքում, չհեռանալով բնի շրջակայքից, անհանգիստ թռչում է բնի շրջագծով և աղմկոտ ճիչեր արձակում։ Աշնանային չուն դիտվում է օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի առաջին կես։

Տարածվածություն խմբագրել

Ենթատեսակը տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում՝ մինչև Հարավային Եվրոպա, դեպի արևելք՝ մինչև Մոնղոլիա և դեպի հարավ՝ մինչև Հարավային Աֆրիկա, Մադագասկար և Ցեյլոն։ Հայաստանում հիմնականում բնադրում է Արարատյան հարթավայրում, ինչպես նաև Արփի ու Սևանա լճի շրջակայքում[1]։

Պահպանություն խմբագրել

Տեսակը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Համաձայն վերջին հաշվառումների՝ Հայաստանում գրանցված է 50-70 զույգ։ Մոսկվայի կենդանաբանական այգում, որտեղ հայտնի է անազատ պայմաններում բազմանալու մեկ դեպք, գտնվում է 6 առանձնյակ։

Տեսակը միշտ եղել է սակավաթիվ։ Ձվադրման ժամանակ վնաս են կրում ընտանի անասունների կողմից։ Ոտնացուպիկի թվաքանակի վրա ազդում է ճահիճների չորացումը, թունաքիմիկատների օգտագործումը և շրջակա գյուղերի բնակիչների կողմից բնադրման ընթացքում թռչուններին անհանգստություն պատճառելը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոտնացուպիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոտնացուպիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։