Շարադասություն

Շարադասություն, քերականական արտահայտման միջոցներից մեկը։ Շարադասությունը բառական միավորների՝ յուրաքանչյուր լեզվի ներքին օրինաչափություններից բխող դասավորության ընդունված կարգն է նախադասություններում և բառակապակցություններում։ Ունի քերականական ու ոճաիմաստային դրսևորումներ։ Լեզուների տարբեր խմբերում շարադասությունը կարող է լինել կայուն և ազատ։ Անջատական ու վերլուծական լեզուներում (չինարեն, անգլերեն, ֆրանսերեն և այլն) շարադասությունը կայուն է և մեծ դեր ունի քերականական իմաստներն արտահայտելու գործում։ Բառերի դիրքով կարող է որոշվել նախադասության մեջ նրանց ունեցած պաշտոնը, խոսքամասային պատկանելությունը, ինչպես նաև նախադասությունների բնույթը։ Կցական (տես Կցական Լեզուներ) և թեքական (տես Թեքական լեզուներ), ընդհանրապես համադրական լեզուներում (հայերեն, ռուսերեն և այլն) շարադասությունը հիմնականում ազատ է՝ սերտորեն կապված հնչերանգի և տրամաբանական շեշտի հետ, որի շնորհիվ էլ նախադասություն կազմող միավորները և նախադասություններն օժտվում են ոճական բազմաթիվ կիրառություններով։ Այդ ազատությունը կամայական չէ։ Լեզուները որքան անջատականից անցնում են կցականի կամ թեքականի, այնքան շարադասության քերականական դերը նվազում է և, ընդհակառակը, որքան համադրականությունից անցնում են վերլուծականության, այնքան շարադասության դերն աճում է։ Շարադասությունը սոսկ ենթակայի ու ստորոգյալի և լրացման ու լրացյալի իրար նկատմամբ ունեցած դիրքավորում չէ, այլև նախադասություն կազմող միավորների ցանկացած հնարավոր դիրքային հարաբերություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։