Նոր Խարբերդ

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր Խարբերդ (այլ կիրառումներ)

Նոր Խարբերդ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, Երևան-Արտաշատ ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Նոր Խարբերդ
Հուշարձան Մեծ եղերնի զոհ խարբերդցիներին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԿամո Կակոյան
Հիմնադրված է1929 թ.
Մակերես7,67 կմ²
ԲԾՄ920 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն7366 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նոր Խարբերդ (Հայաստան)##
Նոր Խարբերդ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Երևանից սկսվող և Նոր Խարբերդով անցնող ճանապարհը 1930-ականների սկզբին։

Նոր Խարբերդը 1955 թվականից քաղաքատիպ ավան էր Հայկական ՍՍՀ Մասիսի շըրջանում, շրջկենտրոնից 4 կմ հս–արլ հեռավորության վրա[2]։ Ավանի տարածքով է անցնում Երևան–Մասիս երկաթուղին և Երևան–Արտաշատ խճուղին[2]։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն էր։ Կարևոր ձեռնարկություններից էին ոչ գործվածքային Նոր Խարբերդ կտորեղենի ֆաբրիկան, «Հայբնագույնքարեր» և ԴՕՍԱԱՖ–ի արտադրական կոմբինատները[2]։ Կոլտնտեսությունն զբաղվում էր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ[2]։ Ավանում էին գտնվում Հայկ․ ՍՍՀ ԴԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ինկուբացիոն թռչնաբուծական կայանը, կային նաև տնկարանային, ջերմոցային տնտեսություններ[2]։ Ուներ 2 միջնակարգ, մեկ երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, զառամյալների տուն–ինտերնատ, 2 մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան, դեղատուն[2]։

1929 թվականին Նոր Խարբերդը հիմնել են Արևմտյան Հայաստանի` Խարբերդ նահանգի Թլկատին (Խույլու) գյուղից տեղափոխված հայերը, որոնք 1915 թվականի Եղեռնից հետո կարողացել են կենդանի մնալ և վերադառնալ այժմյան Հայաստան։ Հայտնի է, որ Նոր Խարբերդի հիմնադիր բնակիչների խումբը բաղկացած էր ընդամենը 17 հոգուց.

Օհանյան ընտանիք 4 բնակիչ՝

Օհանյան Խաչատուր, Օհանյան (Երևանյան) Շնորհիկ, Օհանյան Ասատուր(5 տ․ տղա), Օհանյան Ալիս(7 տ․ աղջիկ)։

Շուշանյան ընտանիք 5 բնակիչ՝

Շուշանյան Գրիգոր, Շուշանյան (Ադամյան) Մարթա, Շուշանյան Սարգիս(6 տ․ տղա), Շուշանյան Հասմիկ (3 տ․ աղջիկ), Շուշանյան Սերոբ (2 տ․ տղա)։

Մկրտչյան ընտանիք 6 բնակիչ՝

Մկրտչյան Խաչիկ, Մկրտչյան Հարություն, Մկրտչյան Մկրտիչ, Մկրտչյան Նարգիզ, Մկրտչյան Սաթենիկ, Մկրտչյան Աղավնի (2 տ․ աղջիկ)։

Բաղրամյան ընտանիք 2 բնակիչ՝

Բաղրամյան Մկրտիչ, Բաղրամյան Ռեհան (Հայկուշ)։

Նոր Խարբերդի բանջարանոցը 1930-ականներին

Գյուղը 1938 թվականին վերանվանվել է Նոր Կյանք, իսկ 1965 թվականից՝ Նոր Խարբերդ։

Նախկինում ունեցել է Խարաբերդ, Խարբերդ, Նոր Կյանք անվանումները։ Մինչև 1996 թվականը եղել է քաղաքատիպ ավան։

Գյուղը տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից ունի 920մ բարձրություն։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

ՏարիԲնակչություն
19804097 մարդ[3]
20016186 մարդ[3]
20045641 մարդ[3]
20117366 մարդ[1]


Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 1985 տնտեսություն, 2 միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 404 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 197 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար կազմում են 41 և 19 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 39 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Նոր Խարբերդ - Հայկական Սովետական Հանրագիտարան». hy.wikisource.org. էջ 358. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Խարբերդ» հոդվածին։