Նիկոլայ Նեկրասով

Նիկոլայ Նեկրասով (ռուս.՝ Николай Алексеевич Некрасов, նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1821[1][2], Նեմիրով, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 27 1877 (հունվարի 8 1878)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։

Նիկոլայ Նեկրասով
Николай Некрасов
Ծնվել էնոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1821[1][2]
ԾննդավայրՆեմիրով, Bratslavsky Uyezd, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էդեկտեմբերի 27 1877 (հունվարի 8 1878)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ինքնակենսագիր, գրական քննադատ, լրագրող և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1841) և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրՀայրենական գրառումներ
ԱմուսինZinaida Nekrasova?
Համատեղ ապրողԱվդոտյա Պանաևա
Изображение автографа
Նիկոլայ Նեկրասով Վիքիդարանում
 Nikolay Nekrasov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տունը, որտեղ ծնվել է Նիկոլայ Նեկրասովը

Մանկությունն անցկացրել է Յարոսլավլի մոտ գտնվող Գրեշնևո (այժմ՝ Նեկրասովո) գյուղում, հոր կալվածքում։ 1832-1837 թվականներին սովորել է Յարոսլավլի գիմնազիայում։ 1839 թվականին ապարդյուն փորձել է ընդունվել Պետերբուրգի համալսարանը (1839-1840 թվականներին եղել է ազատ ունկնդիր)։ Զրկվելով հոր նյութական օժանդակությունից՝ Նեկրասովը կիսաանապաստան կյանք է վարել։ 1840 թվականին լույս է տեսել նրա «Երազներ և հնչյուններ» առաջին ժողովածուն, որն արժանացել է Վ․ Բելինսկու խիստ բացասական գրախոսությանը։

Նեկրասովի գաղափարական-ստեղծագործական ձևավորման համար վճռական գործոն եղավ ծանոթությունը Վ․ Բելինսկու հետ, որի ազդեցությամբ նա հեռացավ իրականության պատկերման կեղծ ռոմանտիկական դիրքերից և հարեց «նատուրալ դպրոցին»։ Նրա բանաստեղծությունները տոգորվեցին սոցիալական բովանդակությամբ («Ճանապարհին», «Հայրենիք»)։

Հոդվածներ, գրախոսություններ խմբագրել

Դիմանկար

Նեկրասովն իր հոդվածներում ու գրախոսություններում վճռականորեն պաշտպանել է գրականության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության գեղագիտական սկզբունքները, մերժել «արվեստը արվեստի համար» տեսությունը։ 1847 թվականից Ի․ Պանաևի հետ Նեկրասովը հրատարակել է «Սովրեմեննիկ» ամսագիրը։ 50-ական թվականների կեսերի հասարակական վերելքի շրջանում, երբ «Սովրեմեննիկ»-ում, Նեկրասովի նախաձեռնությամբ, ղեկավար դեր են ստանձնել Ն․ Չեռնիշեսկին և Ն․ Դոբրոլյուբովը, ամսագիրը դարձել է ռուս ազատագրական շարժման հետ սերտորեն կապված հեղափոխական դեմոկրատիայի մարտական օրգանը։ Նրանց հետ համագործակցությունը նպաստել է Նեկրասովի հեղափոխական-դեմոկրատական հայացքների ամրապնդմանը։ Խմբագրության ներսում գաղափարական սահմանազատման ժամանակ Նեկրասովը հրաժարվել է լիբերալ գրողների խմբի հետ համագործակցելուց, նրա համակրանքը եղել է Չեռնիշևսկու կողմը։ 1856 թվականին լույս է տեսել Նեկրասովի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը դարձել է ռուս առաջավոր գրականության հեղափոխական-դեմոկրատական ուղղության մանիֆեստը։ «Պոետն ու քաղաքացին» ծրագրային բանաստեղծության մեջ հաստատվել է Նեկրասովի՝ որպես հասարակական տրիբունի, քաղաքացիական ակտիվությունը․ աստիճանաբար նրա քնարերգության մեջ ուժեղացել են հեղափոխական մոտիվները («Խորհրդածություններ շքամուտքի առաջ», «Երգ Երյոմուշկային», «Մանուկների լացը», «Ասպետ մեկ ժամով»)։ 1859-1861 թվականների հեղափոխական իրադրության շրջանում խորացել է գյուղի, ժողովրդի կյանքի թեման։ Ճնշված գյուղացու նկատմամբ անկեղծ ցավով են տոգորված նրա «Մտորում», «Թաղում», «Կալիստրատ» բանաստեղծությունները և «Գեղջուկ երեխաներ» (1861), «Փերեզակներ» (1861), «Սառնամանիք-կարմիր քթիկ» (1863) պոեմները։ Ետռեֆորմյան Ռուսաստանում մարդկանց ծանր, ուժից վեր աշխատանքի դեմ ուղղված բողոք է արտահայտում, «Երկաթուղին» (1864) պոեմը, որը միաժամանակ լի է հավատով ժողովրդական ստեղծարար ուժերի նկատմամբ։ «Դոբրոլյուբովի հիշատակին» բանաստեղծությունը (1864) մարդկության ազատությանն ու երջանկությանը նվիրված հիմն է։ 60-ական թվականների սկիզբը Ներսակովի համար եղել է դաժան փորձությունների շրջան՝ Դոբրոլյուբովի մահը (1861), Չեռնիշևսկու և «Զեմլյա ի վոլյա» հեղափոխական գաղտնի կազմակերպության շատ անդամների ձերբակալությունը (1862), «Սովրեմեննիկ»-ի փակվելը (1866)։ Այս բարդ իրադրության մեջ նա հուսահատ փորձ է արել փրկելու ամսագիրը՝ հանդես գալով ինքնակալությանը հնազանդություն քարոզող բանաստեղծությամբ, որի համար հետագայում դառնորեն զղջացել է։ 1868 թվականին Նեկրասովն իր ձեռքն է վերցրել «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագիրը, որը և խմբագրել է մինչև իր կյանքի վերջը։

70-ական թվականներ խմբագրել

Ներսակովի կինը

Նեկրասովի 70-ական թվականների ստեղծագործություններում արտացոլվել են դեմոկրատական շարժման նոր վերելքի ժամանակաշրջանի, հեղափոխական նարոդնիկության, հեղափոխականորեն տրամադրված մտավորականության՝ դեպի ժողովուրդը գնալու շարժման կարևորագույն գծերը։ Նա գրել է Ռուսաստանի հեղափոխական անցյալին նվիրված պոեմներ, երգել դեկաբրիստների սխրանքը («Պապը», 1870), նրանց հավատարիմ ու հայրենասեր կանանց անձնազոհությունը («Ռուս կանայք», 1872-1873)։ Ավելի սուր է դարձել Նեկրասովի երգիծանքը․ բարեմիտ չինովնիկներին ու ազնվատոհմ երեսպաշտներին մերկացնող վաղ շրջանի բանաստեղծություններից նա անցել է քաղաքական ոչնչացնող ծաղրի, ծաղրել է ինքնակալական կարգերը, բուրժուա գործամոլներին ու բյուրոկրատներին, ճորտատեր-կալվածատերերին ու լիբերալ գործիչներին, ցարական գրաքննությունը, մամուլի կեղծ ազատությունը («Լրագրային», «Երգեր ազատ խոսքի մասին», «Դատարան», «Մոտ անցյալը», 1871, «ժամանակակիցներ», 1875-1876

Նեկրասովի գլուխգործոցը խմբագրել

Նեկրասովի ստեղծագործության գլուխգործոցը «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» (1866-1876) պոեմն է, որը 19-րդ դարի կեսերի ժողովրդական կյանքի իսկական բանաստեղծական հանրագիտարան է։ Նրա հիմնական թեման, ըստ Վ․ Ի․ Լենինի, գյուղացիության արթնացումն է «դարավոր քնից», նրա ձգտումը՝ «պայքար մղել լիակատար ազատության համար»։ Նեկրասովը ստեղծել է ճնշված գյուղացիների կերպարների մի ամբողջ պատկերասրահ։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Գրիշա Դոբրոսկլոնովը, որը մարմնավորում է գյուղացի հեղափոխականի, ազատության ժողովրդական իդեալը կրողի գծերը։ Ե՛վ բովանդակությամբ, և՛ ձևով նորարարական այս ստեղծագործության մեջ լայնորեն օգտագործված է ժողովրդական բանավոր պոեզիան։ Նեկրասովը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն իր ժամանակի դեմոկրատական ուղղության բանաստեղծների, այլև ընդհանրապես ռուս պոեզիայի հետագա զարգացման, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունների վրա։

Նեկրասովի պոեզիան խմբագրել

Նեկրասովի պոեզիան լայն ընդունելություն է գտել նաև հայ իրականության մեջ։ Բանաստեղծի նկատմամբ հայերը հետաքրքրություն են ցուցաբերել դեռես նրա կենդանության օրոք։ Գրող և լրագրող Ի․ Պանաևի միջոցով, որի մայրը հայուհի էր, Պետերբուրգի առաջավոր հայ երիտասարդությունը համախմբվել է «Սովրեմեննիկ»-ի շուրջը։ Ռ․ Պատկանյանը Նեկրասովի ստեղծագործությունների հայ առաջին թարգմանիչներից է։ Իր գաղափարական ուղղությամբ նեկրասովյան «Սովրեմեննիկ»-ին առավել մոտ էր կանգնած «Հյուսիսափայլ»-ը, որը Նեկրասովից թարգմանաբար մի շարք նյութեր է հրապարակել։ Նեկրասովի «Լռիր դու, մուսա վշտի, վրեժի» ստեղծագործությունը բարերար ազդեցություն է ունեցել «Հյուսիսափայլ»-ի շուրջը համախմբված բանաստեղծներ Միքայել Նալբանդյանի, Սմբատ Շահազիզի, Գ․ Բարխուդարյանի, Մ․ Մադաթյանի, Գ․ Բուդաղյանի և ուրիշների վրա։ 70-ական թվականներից սկսած՝ Նեկրասովի բանաստեղծությունները և նրա մասին հոդվածներ հաճախ են տպագրվել հայ պարբերական մամուլում («Հայկական աշխարհ», «Բազմավեպ», «Աղբյուր», «Տարազ», «Մուրճ», «Մշակ», «Արձագանք», «Արարատ», «Թատրոն», «Լումա» և այլն)։ Նախահեղափոխական տարիներին Նեկրասովին թարգմանել են Խորեն Ստեփանեն, Ք․ Քուշներյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը, Գ․ Բարխուդարյանը, Աթաբեկ Խնկոյանը և ուրիշներ։ Այս գործում մեծ է հատկապես Ալեքսանդր Ծատուրյանի դերը, որը «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի (1906) երկրորդ գրքում ընդգրկել է նաև Նեկրասովից իր կատարած թարգմանությունները։ Խորհրդային շրջանում Նեկրասովին թարգմանել են Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը, Նաիրի Զարյանը, Գեղամ Սարյանը, Սողոմոն Տարոնցին, Պարույր Սևակը, Գևորգ Էմինը, Թաթուլ Հուրյանը և ուրիշներ։ 1971 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում հրավիրվել է համամիութենական գիտական կոնֆերանս՝ «Նեկրասովը և ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունը» թեմայով։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նեկրասով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նեկրասով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 216