«Մուսավաթ» (ադրբ.՝ Müsavat – հավասարություն), ադրբեջանական ազգային կուսակցություն։ Ստեղծվել է Բաքվում, 1911 թվականին՝ «Մուսուլմանական դեմոկրատական մուսավաթ կուսակցություն» անվամբ։ Հիմնադիր-ղեկավարներն էին Մ․ Ռասուլզադեն, Գ․ Շարիֆզադեն և ուրիշներ։ «Մուսավաթ»-ի ծրագրի հիմքում ընկած էր պանթյուրքիզմը և պանիսլամիզմը։ Ծրագիրը նախատեսում էր ստեղծել թուրք-մուսուլմանական միասնական պետություն Թուրքիայի գլխավորությամբ, ընդգրկելով նաև Ադրբեջանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո «Մուսավաթ»-ը միավորվեց «Ֆեդերալիստների թուրքական կուսակցության» հետ, հոկտեմբերին՝ I համագումարում աննշան փոփոխություններով ընդունեց նրա ծրագիրը և կոչվեց «Ֆեդերալիստ-մուսավաթականների թուրքական դեմոկրատական կուսակցություն»։ Գլխավոր օրգանը «Իսթիքլալ» («Անկախություն») թերթն էր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Մուսավաթ»-ը վարեց հակախորհրդային քաղաքականություն, դարձավ Անդրկովկասում հակաբոլշևիկյան գլխավոր ուժերից մեկը։ Ադրբեջանական զանգվածի վրա իրենց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով «Մուսավաթ»-ի ներկայացուցիչները մտան Բանվորների դեպուտատների խորհրդի կազմի մեջ։ 1917 թվականի հոկտեմբերի 31 (նոյեմբերի 13)-ին Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո մուսավաթականները 1918 թվականի մարտի 18-ին խռովություն բարձրացրին, սակայն ջախջախվեցին։ «Մուսավաթ»-ի ներկայացուցիչները մտան Անդրկովկասյան հատուկ կոմիտեի, ապա Անդրկովկասյան կոմիսարիատի, այնուհետև Անդրկովկասյան սեյմի կազմի մեջ։ Երկրամասի հակաբոլշևիկյան այլ կուսակցությունների հետ համատեղ «Մուսավաթ»-ը իրականացրեց Անդրկովկասի անջատումը Խորհրդային Ռուսաստանից։ 1918 թվականի մայիսի սկզբին մուսավաթականները Թիֆլիսում կազմեցին իրենց կառավարությունը և մայիսի 27-ին Ադրբեջանը հռչակեցին անկախ։ Հունիսին, հաստատվելով Գյանջայում, մուսավաթական կառավարությունը անգլիական ինտերվենտների աջակցությամբ շարունակեց պայքարը խորհրդային իշխանության դեմ։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Բաքվում խորհրդային իշխանության տապալումից և թուրքական ինտերվենտների կողմից անգլիացիներին դուրս քշելուց հետո, իշխանությունը ձևականորեն անցավ մուսավաթականներին, սակայն փաստորեն հաստատվեց թուրքական ռազմական դիկտատուրա։ Անտանտի առջև Թուրքիայի կապիտուլյացիայից հետո, նոյեմբերի 17-ին անգլիական ինտերվենտները նորից մտան Բաքու։ Մուսավաթականները, հենվելով նրանց վրա, լիկվիդացրին 1918 թվականի Բաքվի կոմունայի սոցիալիստական միջոցառումները։ Դառնալով Ադրբեջանում կառավարող կուսակցություն՝ «Մուսավաթ»-ը ուժեղացրեց պայքարը բոլշևիկյան շարժման դեմ։ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունն իր զինված ուժերի 3/4-ը կենտրոնացրեց Հայաստանի հետ սահմանակից շրջաններում։ Ադրբեջանում ծայր առան Հայ բնակչության ջարդեր և կոտորածներ։ Ղարաբաղում, 1920 թվականի գարնանը ավերակների վերածվեց Շուշին, բազմաթիվ հայկական գյուղեր հողին հավասարվեցին, բնակչությունը ոչնչացվեց։ 1919 թվականին անգլիացիները հարկադրված հեռացան Ադրբեջանից, և 1920 թվականի ապրիլին ապստամբները տապալեցին մուսավաթական վարչակարգը։ Ադրբեջանում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո «Մուսավաթ»-ը դադարեց գոյություն ունենալուց, իսկ շատ մուսավաթականներ, անցնելով արտասահման, հատկապես Թուրքիա, շարունակեցին հակախորհրդային գործունեությունը։

Մուսավաթ
ադրբ.՝ Müsavat Partiyası
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ադրբեջան
ԱռաջնորդArif Hajili?
ՀիմնադիրAbbasgulu Kazimzade?, Mahammad Ali Rasulzade? և Taghi Naghiyev?
Հիմնադրված1911
Գաղափարախոսությունազատականություն, համաթյուրքականություն և Պանիսլամիզմ
ՇտաբԲաքու, Ադրբեջան և Բինագադի շրջան, Բաքու, Ադրբեջան
Միջազգային պատկանելություն«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Q16414548?, Freedom? և National Council of Democratic Forces?
Կայքmusavat.org.az
 Musavat Party Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 88
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսավաթ» հոդվածին։