Մոնրեպո

զբոսայգի Ռուսաստանում

Մոնրեպո (ֆր.՝ Mon Repos, «Իմ անդորր», «իմ հանգստություն»), ժայռոտ բնական զբոսայգի Վիբորգի Պաշտպանական ծովածոցի ափին, քաղաքի հյուսիսային մասում գտնվող Տվերդիշ կղզում։ Պաշտոնական անվանումն է Պետական, պատմաճարտարապետական, բնական թանգարան-արգելոց «Մոնրեպո զբոսայգի»[1]։ Գտնվում է Վիբորգի ծայրամասում՝ Վիբորգյան միկրոշրջանի հարևանությամբ։ Զբոսայգու հիմնական ճարտարապետական օբյեկտները (Նեպտունի տաճարը, գրադարանի մասնաշենքը և մասամբ՝ դաստակերտային տունը) ավերվել են 2011-2019 թվականներին։


🌐parkmonrepos.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մոնրեպոն ձմռանը
Զբոսանք նավակներով

Շվեդական ժամանակաշրջանում` 16-րդ դարում, Սլոտսհոլմեն (ժամանակակից անունը` Տվերդիշ) կղզու բակում՝ Վիբորգի ամրոցի տարածքում, կառուցվում է Լիլ Լադուգորդ անասնաբակը։ Ըստ լեգենդի՝ այդ տարածքը կոչվում էր «Հին Վյուբորգ»։ Առասպելից հետևում է, որ այստեղ եղել է կարելական բնակավայր, քաղաքի նախորդը։ 17-րդ դարում, 18-րդ դարի սկիզբին այդ հողերը վարձակալության են տրվել Վիբորգի քաղաքաբնակներին և շվեդական վարչակազմի պաշտոնյաներին[2]։

Մոնրեպո Արխիվացված 2016-08-17 Wayback Machine(գերմ.)

1710 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ, Պետրոս I-ը գրոհով վերցրել է Վիբորգի ամրոցը։ 1720-1740-ական թվականներին Վիբորգում ամրապնդվել են գերմանացիների քաղաքական դիրքերը։ Նիենի փախստականների շնորհիվ քաղաքում զգալիորեն աճել է գերմանական բնակչության մասնաբաժինը։

1760 թվականին Լիլ Լադուգորդայի երկիրը ժառանգական օգտագործման իրավունք է տվել Վիբորգի ամրոցի պարետ Պյոտր Ստուպիշինին (1718-1782)։ 1770 թվականին նա այստեղ կառուցել է իր ամառանոցային տնակը և սկսել առաջին աշխատանքները զբոսայգու ստեղծման ուղղությամբ, որը նա անվանել է Շառլոտենտալ՝ ի պատիվ իր կնոջ։ Ստուպիշինի ցուցումով այստեղ բերվել են բերրի հողեր, իրականացվել է հողերի բարելավում, կառուցվել է փայտե շքեղ տուն և ջերմոց, տնկվել են պտղատու այգի և սաղարթավոր ծառեր[3]։

Ստուպիշինի մահից հետո կարճ ժամանակ անց դաստակերտն անցել է կայսր Պավել I (1784-1787) կնոջ՝ Մեծ դքսուհի Մարիա Ֆեդորովնայի եղբորը՝ Վյուրտեմբերգյան արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմ Կարլին, որը նշանակվել էր Վիբորգի կուսակալ (գեներալ-նահանգապետ)։ Արքայազնը դաստակերտը կոչել է Մոնրեպո[4]։

Նիկոլայի ընտանեկան դաստակերտ խմբագրել

Առանձնատուն, 1830

Մոնրեպոյի առաջընթացը կապված է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի նախագահ Լյուդվիգ Հայնրիխ Նիկոլայի անվան հետ, որը ձեռք էր բերել դաստակերտը 1788 թվականին, իսկ 1803 թվականին պաշտոնաթող լինելուց հետո՝ ամբողջովին նվիրվել է իր սիրելի դաստակերտի կանաչապատմանը, զարդարելուն և բանաստեղծություններում գովաբանելուն։ Իր ընկերոջ՝ իտալացի ճարտարապետ Ժոզեֆ Մարտինելիի նախագծով նա դասական ոճով կառուցել է փայտե շքեղ առանձնատուն (1798-1804), գրադարանի մասնաշենք (1804) և այլ շինություններ։

Լյուդվիգի որդու՝ Պավել Նիկոլայի (եղել է դիվանագետ, մասնակցել է Ֆրիդրիխսհամի պայմանագրով Ռուսաստանի և Շվեդիայի միջև նոր սահմանների հաստատմանը) օրոք զբոսայգում կազմակերպվել և կահավորվել է հուզական ապրումների վայրեր՝ ինչպես ուրախ, այնպես էլ տխուր։ Այգում տեղադրվել են մի շարք ճարտարապետական նրբաճաշակ աշխատանքներ` Էպոսի հերոս Կալեվալա Վյայնեմյոյնենի արձանը (1873)` կանտելեն ծնկներին[5], թուրքական վրանը, չինական կամրջակը և Մարիենտուրմի չինական տաղավարը (տուրք տալով այդ ժամանակաշրջանի եվրոպական նորաձևությանը), տաղավար «Նարգիզ» աղբյուրի վրա (1820-ական թվականներ), Նեպտունի տաճարը (1830-ականներ, այժմ այն կոչվում է «Տաճարի տաղավար»), գոթական մուտքի դարպասները (1821), Պաուլշտայնի տաղավարը (1790-ականներ, կոչվել է Պաուլ Նիկոլայի անունով), «Ճգնավորի տնակը», տոսկանական սյունը, որը նվիրված է կայսրեր Պավել I-ին և Ալեքսանդր I-ին (1804), նեո-գոթական մատուռ Լյուդվիգսբուրգը (1822, ճարտարապետ Չ. Հ. Տետամ) և Նիկոլայի ընտանեկան գերեզմանատունը` Լյուդվիգշտայնի ժայռոտ կղզում գտնվող Մեդուզա Գորգոնայի դիմակով («Մի պահ, օ բլրակ, դու իմն ես, ապա ես հավերժ քոնն եմ լինելու». Լյուդվիգ Հենրիխի բանաստեղծությունները նվիրված են այն վայրին, որտեղ հետագայում վերջինս թաղվել է)։

1827 թվականին Լևկաթյան ժայռի վրա տեղադրվել է 1812 թվականի հայրենական պատերազմում զոհված Պաուլ Նիկոլայի կնոջ եղբայրների՝ իշխաններ Ավգուստի և Կառլ Բրոգլիոյի (նե դե Բրոգլի) կոթողը։ Կոթողը հաջողությամբ ներգծվել է շրջակա բնապատկերների մեջ և դարձել այգու խորհրդանիշերից մեկը։ Ռոմանտիկ դաստակերտի համբավն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ 1863 թվականին այգի է այցելել Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ը։

Երբ Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է դաստակերտի մի մասը ետ գնել Նիկոլայ ընտանիքից ռազմական ամրություններ կառուցելու համար, որոնք նախատեսված էին պաշտպանելու Սայմենյան ջրանցքից դեպի Ֆիննական ծոց ելքը, Նիկոլայը չի վաճառել իր նախնիների հողերը, այլ պահանջվող հողամասը հանձնել է անվճար վարձակալության պետությանը « այնքան ժամանակ, քանի կար դրա անհրաժեշտությունը»։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մոնրեպոն դարձել է ուսանողական քրիստոնեական շարժման համագումարների անցկացման վայր, որին մասնակցել է Նիկոլայ տոհմի վերջին տղամարդը՝ բարոն Պաուլ Գեորգ Նիկոլան։ 1918 թվականին ֆիննական քաղաքացիական պատերազմի ժամանակ նա փրկել է դաստակերտը սնանկացումից։ Պաուլ Գեորգ Նիկոլան մահացել է 1919 թվականի հոկտեմբերին և թաղված է Մոնրեպոյի ընտանեկան գերեզմանատանը։

Բարոն Նիկոլայի մահից հետո Մոնրեպոն անցել է նրա քույրերին, որոնցից ամենաերիտասարդը՝ Սոֆյա ֆոն Նիկոլայը (1862-1943), ամուսնացել է Կոստանդին ֆոն դեր-Պալենի (1861-1923) հետ։ Նիկոլայն ու Պալենը ապրել են Մոնրեպոյում մինչև 1939 թվականի ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև պատերազմը[6]։

1939-1944 թվականների պատերազմական ժամանակաշրջան խմբագրել

1939 թվականի նոյեմբերի վերջին սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։ Այն տևել է մինչև 1940 թվականի մարտը և ավարտվել Մոսկվայի հաշտության պայմանագրի ստորագրմամբ, որի պայմաններով Ֆինլանդիայի Վիբորգի նահանգի մեծ մասը, ներառյալ Վիբորգը և ամբողջ Կարելական պարանոցը, ինչպես նաև մի շարք այլ տարածքներ, անցել են ԽՍՀՄ-ին։ Ֆիննական բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց Ֆինլանդիա։ 1940 թվականի մարտի 31-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունեց ԽՍՀՄ օրենքը` Ֆինլանդիայից ստացված տարածքների մեծ մասը Կարելա-Ֆիննական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։

Արդեն 1940 թվականի գարնանը` պատերազմից անմիջապես հետո, Մոնրեպոն դարձել է խորհրդային նոր իշխանությունների հետաքրքրության առարկան։ Դաստակերտն ու այգին ճանաչվել են ճարտարապետական և պատմա-մշակութային արժեք ունեցող, որից հետո դաստակերտային համալիրում տեղակայվել է 123-րդ հրաձգային դիվիզիայի հանգստյան տունը։ Մինչ զինվորականները հանգստացել են, բռնագրավման հանձնաժողովներն աշխատել են Մոնրեպոյում։ Սկսվել է Մոնրեպոյի հայտնի արվեստի հավաքածուի իրերի բռնագրավումը։ Ամենաթանկարժեք ցուցանմուշները տեղափոխվել են Պետական Էրմիտաժ (դրանք մինչ օրս պահվում են ցրված տեսքով)։ Լենինգրադ է տեղափոխվել նաև Նիկոլայի ընտանեկան արխիվի մի մասը, որը Մոնրեպոյի տերերը` Նիկոլայի ընտանիքի անդամները, ֆոն դեր Պալենովը, չէին հասցրել (կամ չէին կարողացել) տարհանել։ Պետական հանրային գրադարանի ձեռագրերի բաժնում հայտնված թղթերը պահպանվել են որպես ամբողջական հավաքածու, բայց դրանք մասամբ գույքագրվել են միայն 1970-ականներին և հետազոտության շրջանառության մեջ չեն մտցվել մինչ այսօր։

Մոնրեպոյի դաստակերտից հանվել է այն ամենը, ինչը որոշակի արժեք է ներկայացրել, որից հետո խորհրդային իշխանությունները սկսել են որոշել դաստակերտի և զբոսայգու ճակատագիրը։ 1940 թվականի օգոստոսի վերջին դաստակերտի գլխավոր տունը փոխանցվել է ԽՍՀՄ Պաշտպանության ժողովրդական կոմիսարիատին։ Ռազմական կառույցի ներսում այն գտնվել է Լենինգրադի ռազմական օկրուգի հանգստյան տան իրավասության ներքո։ Երբ նույն տարվա աշնանը Վյուբորգում գործել է Կարլո-Ֆինլանդիայի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի ենթակայության տակ գտնվող Արվեստի գրասենյակը, պարզվել է, որ զորամասերը կամայական հատում են սոճու պուրակը և ծառուղին, որոնք տանում են դեպի Մոնրեպո։

Պարզվում է, որ այգում պահպանության ծառայութություն չկա, տաղավարները քանդվում են, իսկ Վյանեմեյնենի քանդակը պարզապես ավերվել է։ Հանձնաժողովը առաջարկեց հրապարակել կարգավորող փաստաթղթեր, ինչպես նաև «անցկացնել մի շարք հանրային դասախոսություններ՝ քաղաքի բնակչության լայն շերտերին ծանոթացնելու ինչպես հուշարձաններին, այնպես էլ դրանց պաշտպանության գործի կազմակերպմանը»։ Խորհրդային կառավարական հանձնաժողովը հայտարարեց, որ Յոհաննես Տականենի գլուխգործոցը ոչնչացվել է խորհրդային զինվորների կողմից։ Նարուկսի (հավանաբար Նարկիսոս) մարմարե արձանը նույնպես ավերվել էր, իսկ 19-րդ դարի սկզբի որմնանկարները ներկվել էին յուղաներկով։ Զբաղեցված լինելով ռազմական կազմակերպության կողմից՝ այգին գրեթե անհասանելի էր էրքսկուրսիաների համար և լիովին անհասանելի միայնակ այցելուների համար[7]։

1941 թվականի հունիսին պատերազմ սկսվեց ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև, որը դարձել էր Գերմանիայի դաշնակիցը։ Մինչև սեպտեմբերի վերջը ֆիննական զորքերը գրավեցին 1940 թվականին կորցրած բոլոր տարածքները։ 1941 թվականին ֆինները հարմարեցրեցին դաստակերտը ռազմական հոսպիտալի համար[4]։ Երեք տարիների ընթացքում, երբ Վիբորգը անցավ Ֆինլանդիային, նրա բնակիչները վերադարձան Մոնրեպո։ 1942-1944 թվականներին Մոնրեպոյի դաստակերտը պատկանում էր կոմս Նիկոլաս ֆոն դեր Պալենին (1896-1963)` բարոնուհի Սոֆիա Նիկոլայի և Կոնստանտին ֆոն դեր Պալենի որդուն[8]։ 1943 թվականի օգոստոսին Սոֆյա Լուիզա Տատյանա ֆոն դեր Պալենը մահացավ։ Նրան թաղեցին Լյուդվիգշտեյն կղզում գտնվող Նիկոլայ բարոնների ընտանեկան գերեզմանատանը։ Շուտով ընտանեկան գերեզմանատներից կմնան միայն պղծված հիշողություններ։

1944 թվականի ամռանը խորհրդային զորքերը հարձակողական գործողություն սկսեցին Կարելական պարանոցի տարածքում, իսկ հունիսի 20-ին նրանք գրոհով վերցրեցին Վիբորգը։ Պատերազմը Ֆինլանդիայի համար ավարտվեց 1944 թվականի սեպտեմբերին։ Վիբորգը և Մոնրեպոն կրկին տեղափոխվեցին Խորհրդային Միություն։ Մի քանի տարի անց Աննիկկի Տյահտիին գրեց զբոսայգուն նվիրված «Հիշո՞ւմ ես արդյոք Մոնրեպոն» երգը, որը 1950-ականներին գերազանցեց վաճառքի ռեկորդները Ֆինլանդիայում։ Արդեն տարեց հասակում Տյախտին այդ երգը կատարեց «Մարդն առանց անցյալի» ֆիլմում (2002)։

Խորհրդային տարիներ խմբագրել

«Մոնրեպո» զբոսայգի, «Մեռյալների կղզին»

Արդեն 1945 թվականի հունվարին զբոսայգու տարածքի մասնաշենքերից մեկը` գրադարանային թևաշենքը, հանձնվում է Բուդյոննու անվան Կապի ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիայի հանգստյան տանը։

Պահպանվել են 1947 թվականի օգոստոսին Լենինգրադի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի նիստի արձանագրությունները, որոնցից կարելի է եզրակացություններ անել այդ ժամանակվա Մոնրեպոյում տիրող իրավիճակի մասին։ Վիբորգում գտնվող «Մոնրեպո» զբոսայգին վարձակալած Բուդյոնու անվան ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիան, միջոցներ չի ձեռնարկել այս տարվա փետրվարին փոթորկի հետևանքով ավերված «Բարեկամության տաճար»-ը պահպանելու և վերանորոգելու համար, որի արդյունքում հուշարձանը թալանվել է վառելափայտի համար»։ Գործադիր կոմիտեի անդամները նախազգուշացրել էին, որ «եթե 1947 թվականի ընթացքում <...> պայմանագրերով նախատեսված վերանորոգումները չկատարվեն, նրանց կողմից օգտագործվող հուշարձանները հետ կվերցվեն»։ Սակայն ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, որը կվկայեր պայմանագրային պարտավորությունների կատարման մասին։

Մոնրեպո այգին աշնանը

Վիբորգի քաղաքային իշխանությունները դաստակերտի համալիրի շինություններից մեկը հատկացրին մանկապարտեզին, իսկ զբոսայգու տարածքը օգտագործվում էր, որպես մշակույթի և հանգստի պուրակ։ Զինվորական գերատեսչության հանգստյան տունը դարձավ քաղաքային տնտեսության մի մասը։

1952 թվականին դաստակերտի Գլխավոր շինությունը և Գրադարանի մասնաշենքը անցան պետական պահպանության ներքո` որպես ճարտարապետական հուշարձաններ։

1953 թվականի մայիսին Մոնրեպոյում բացվեց «Մշակույթի և հանգստի պուրակ»։ 1954 թվականին Մոնրեպոյում, ի թիվս այլ միջոցառումների, անցկացվեց «ժողովրդական փառատոն՝ նվիրված Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման երեք հարյուրերորդ տարեդարձի»։

1950-ականների կեսերից «Անտառային հեքիաթ» մանկապարտեզը տեղափոխվեց դաստակերտի Գլխավոր տուն։ Գրադարանի թևը վերածվեց բնակելի շինության, ջերմոցը փոխանցվեց կոմունալ տնտեսությունների քաղաքային գրասենյակին։ Իսկ պտղատու այգին և հատապտղի դաշտով հողատարածքը հատկացվեցին դպրոցին՝ որպես փորձարարական դաշտ։ Այգու տարածքը և դաստակերտային համալիրը բաժանվել էին այնպիսի գրասենյակների և կազմակերպությունների, որոնց չէր հետաքրքրում այգու խնամքը կամ դրա ապագան։

1960 թվականին ՌՍՖՍՀ Նախարարների խորհուրդը ընդունեց որոշում, որի համաձայն «նախկին Մոնրեպո այգու» ամբողջ գույքն ու դաստակերտային համալիրը հայտարարվեցին հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան։ Ընդ որում մինչև 1960 թվականը իշխանությունները ծախսել են մոտ 200 հազար ռուբլի զվարճանքի հարմարանքներ գնելու համար։ Սակայն, հաջորդ տարվա ընթացքում դրանք չտեղադրվեցին։ Հետագայում, զվարճանքի հարմարանքները այնուամենայնիվ տեղադրվեցին։ Այգում կարելի էր տեսնել կարուսելների բետոնե հիմքերը, որոնք հանվեցին միայն 1980-ականների վերջին։

1960-ականներին կոմս Նիկոլաս ֆոն դեր Պալենը կարողացավ գալ Մոնրեպո և տեսնել իր նախկին դաստակերտը։ Ամենից շատ նա ցնցված էր, տեսնելով Լյուդվիգշտայն կղզում գտնվող իր նախնիների ընտանեկան գերեզմանատունը պղծված։ 1966 թվականին քաղաքային հանգստի պուրակը ստացավ Կենտրոնական զբոսայգու կարգավիճակ և անվանվեց Միխայիլ Կալինինի անունով։ Դրանից հետո Վիբորգում ամբողջ մշակութային միջոցառումները (համերգներ, արձակուրդներ, տոնակատարություններ, մարզական մրցումներ) անցկացվում էին Մոնրեպոյում։ Երկու տարի անց Կալինինի անվան հանգստի և մշակույթի զբոսայգին ստացավ այգու հողամասի սեփականության իրավունքը։

1981 թվականին Կալինինի անվան հանգստի և մշակույթի զբոսայգու կոլեկտիվը փոքր քաղաքների մշակույթի և հանգստի զբոսայգիների ստուգատեսում արժանացավ Մշակույթի նախարարության դիպլոմի, իսկ 1982 թվականի հուլիսին՝ Մշակույթի և ժամանցի կենտրոնական զբոսայգում անցկացվեց ջրամոտորային սպորտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությանը մանրակրկիտ նախապատրաստվելու արդյունքում իրականում ոչնչացվեց պուրակի կենտրոնական մասում գտնվող պատմական հիդրավլիկ համակարգը։

1980-ականներին զբոսայգին ընկավ անմխիթար վիճակի մեջ և Դմիտրի Լիխաչովի ղեկավարությամբ արշավ սկսվեց Վիբորգում թանգարան ստեղծելու և շենքերը վերջնական ոչնչացումից պաշտպանելու համար[9]։ 1982 թվականին, Վիբորգի ճարտարապետ Վ. Վ. Դմիտրևի նախագծով վերակառուցվեցին 1950-ականներին շարքից դուրս եկած մուտքի փայտե դարպասները։

1988 թվականին ստեղծվեց թանգարան, որը ներկայումս կոչվում է «Պատմա-ճարտարապետական և բնական թանգարան-արգելոց» «Մոնրեպո պարկ»։ Կալինինի անվան մշակույթի և ժամանցի զբոսայգու զվարճանքի հարմարանքները տեղափոխվեցին Մարտկոցային լեռ և սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այդ ժամանակ զբոսայգու գրեթե բոլոր տաղավարները քանդվեցին, ջրահեռացման համակարգը չէր գործում, իսկ լճակների մի մասը չորացան, մյուսը՝ վերածվեց ճահճի, իսկ դաստակերտի շենքերը ամբողջությամբ նեխել էին։ «Մահացածների կղզու» գերեզմանները ամայի էին և պղծված։

Ռուսաստան։ Ներկայիս ժամանակաշրջան խմբագրել

Ճգնավորի խրճիթը՝ վերականգնված 1912 թվականին

1990-ականներին և 2000-ական թվականներին գոյություն ունեցող հուշարձանների վիճակը շարունակում էր աստիճանաբար վատթարանալ՝ կապված ֆինանսական ծանր վիճակի հետ։ Այսպիսով, գլխավոր դաստակերտային շենքը և գրադարանի մասնաշենքը վթարային վիճակի պատճառով ամբողջովին փակվել էին այցելությունների համար, չնայած վերջինիս վերականգնման աշխատանքների սկսելու փորձերին։ Այնուամենայնիվ, հուշարձանների մի մասը, հաջողվել էր վերականգնել (Լյուդվիգսբուրգի մատուռը Լյուդվիգշտայն կղզում), իսկ որոշ մասը նույնիսկ վերակառուցվել էին պատմական նախագծերով` Չինական կամրջակները (վերականգնվել են 1998 և 2002 թվականներին), Նեպտունի տաճարը (1999) և Թեյարան-տաղավարը (2002)։ Զբոսայգում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ մշակութային միջոցառումներ` «Դուռ դեպի ամառ» երաժշտական փառատոնը, «Ոսկե աշունը Մոնրեպոյում» կրոնական հանդիպումները[10], պոեզիայի և պարային միջոցառումներ։

2011 թվականի ամռանը ամբողջովին այրվեց «Նեպտունի տաճարը», որը թանգարան-արգելոցի տնօրեն Եվգենի Տրուֆանովի կարծիքով հրկիզում էր։ Մոնրեպոյում հրդեհը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ սկսվել էր այգու այդ հատվածի վերականգնման երկրորդ փուլը[11]։ 2012 թվականին վերակառուցվեց ճգնավորի խրճիթը, ինչպես նաև հարակից փայտե հետիոտնային կամրջակները։

2017-2020 թվականների վերականգնումներ խմբագրել

2017 թվականի վերջին Մոնրեպո զբոսայգում սկսվել են լայնամասշտաբ վերականգնման աշխատանքներ, որոնց ընթացքում նախատեսվում է վերակառուցել գլխավոր դաստակերտային տունը և Գրադարանային մասնաշենքը ցուցահանդեսային և դասախոսական դահլիճների հարմարեցմամբ, վերանորոգել «Նարկիսոս» աղբյուրը և Գլխավոր դարպասը, վերակառուցել խնձորի այգին, այգեպանի տան համալիրը ջերմոցով և բանջարանոցային տնտեսությամբ։ Բացի այդ, նախատեսվում է վերակառուցել այգու ափամերձ հատվածն ու կառանատեղը, իրականացնել հողային աշխատանքներ, հատել հին ծառերը և տնկել նոր ծառեր և թփեր։

Իրականում վերակառուցումը վերածվել է բազմաթիվ սկանդալների։ 2017 թվականի դեկտեմբերին այգում հատվել էր 1,385 ծառ՝ իբր թե սանիտարական նորմերին չհամապատասխանելու պատճառով[12]։ Դրանց որոշ մասը տեղակայված էին այգու զգալի տեսանելի հատվածում և դրանց հատումը հարուցեց քաղաքի բնակիչների զանգվածային վրդովմունքը։ Հարկ է նշել, որ վերակառուցման ամբողջ ժամանակահատվածում զբոսայգին չի նախատեսվել փակել այցելուների համար, միայն մուտքի սահմանափակումներ էին կիրառվելու ուղղակիորեն աշխատանքների իրականացման տեղամասերում։ Հասարակական ակտիվիստների տեղեկություններով մինչև 2019 թվականի սկիզբը վերակառուցման անվան տակ գրադարանի մասնաշենքն ամբողջովին քանդվել է, և սկսվել է գլխավոր դաստակերտային տան ապամոնտաժումը[13][14][15]։

Տեղեկատվություն զբոսայգու մասին խմբագրել

Մոնրեպոյի զբոսայգին տեղակայված է Վիբորգի մերձակայքում՝ Վիբորգի ծովածոցի Պաշտպանական ծովախորշի ափին, Տվերդիշ կղզու հյուսիսարևմտյան մասում[16]։ Զբոսյգու տարածքը կազմում է 161.4371 հա է[17]։

Թանգարան-արգելոցի պատմական առանցքը կազմում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի դաստակերտա-պարկային համալիրը։ Այն իր մեջ ներառում է դասականության փայտե ճարտարապետության հուշարձաններ (գլխավոր դաստակերտային տուն և գրադարանի մասնաշենք) և ռոմանտիկ ոճի բնական ժայռոտ զբոսայգիների եզակի հուշարձան, որի ստեղծման գործում մեծ դեր են խաղացել ճարտարապետներ Ժոզեֆ Անտուան Մարտինելին, Ավգուստ Մոնֆերանը, Ժան֊Ֆրանսուա Տոմա դե Տոմոնը, Անդրեյ Շտակենշնեյդերը, Չարլզ Հետկոտ Տետամը, նկարիչներ Յոհան Մետտենլեյտերը և Պիետրո դի Գոտտարդո Գոնզագոն, քանդակագործներ Յոհաննես Տականենը, Գոտհիլդ Բորուպը (ֆիններեն՝ Gotthelf Borup), պարտեզային վարպետներ Ի. Բիստերֆելդը և Ցվեյգերը։

Այգու պատմական մասը օրգանականորեն վերածվում է անտառապարկային զանգվածի արժեքավոր բնատեսարաններով, որը գտնվում է հատուկ ֆիզիկա-աշխարհագրական շրջանում Ֆենոսկանդիայում։ Այս տարածքը բաղկացած է երկու խոշոր տեղամասերից, որոնք հարավից և հյուսիսից հարակից են պուրակի պատմական կորիզին։ Այն բնութագրվում է սառցե դարաշրջանի եզակի լեռնազանգվածով ու ժայռերով ռափակիվի գրանիտներով (կարել. rapakivi - «փտած քար»), որոնց բարձրությունը որոշ շրջաններում հասնում է մինչև 20 մետրի[18]։

Տեսարժանություններ խմբագրել

ԱնվանումԿոորդինատներՆկարագրությունԼուսանկար
Գլխավոր դարպասներ60°43′49″ հս․. լ. 28°43′32″ ավ. ե.HGЯOՆեո-գոթական ոճի մուտքի փայտե դարպասներ` զարդարված սլաքավոր աշտարակներով և մետաղական դեկորով։
Այգեպանի տուն60°43′51″ հս․. լ. 28°43′43″ ավ. ե.HGЯOՓոքր առանձնատուն սպասավորների համար։ Այժմ այստեղ տեղակայված է այգու վարչակազմը։
«Առյուծ» քանդակ60°43′52″ հս․. լ. 28°43′43″ ավ. ե.HGЯOՖինլանդիայի անկախությունը խորհրդանշող հուշարձան Պետրովյան լեռան վրա՝ տեղադրված Պետրոս I-ի հուշարձանի պատվանդանին։ Պատերազի ժամանակ տապալվել է գետնին և վնասվել։
Դաստակերտ60°43′55″ հս․. լ. 28°43′40″ ավ. ե.HGЯO1804 թվականին կառուցված դասական ոճի առանձնատուն Նիկոլայի ընտանիքի համար։ Խորհրդային շրջանում գործել է որպես հանգստի տուն և մանկապարտեզ, որի արդյունքում շենքի որոշ տարրեր չեն պահպանվել․ իրականանում է վերականգնում։
Գրադարանի կողաշենք60°43′56″ հս․. լ. 28°43′38″ ավ. ե.HGЯOՆիկոլայի ընտանիքի գրադարանի շենքը, որը եղել է Ֆինլանդիայի ամենամեծ գրադարաններից մեկը։ Վերանորոգվում է։
Բրոգլիո եղբայրների կոթող60°43′55″ հս․. լ. 28°43′51″ ավ. ե.HGЯOԳորշ-կանաչ մարմարե հուշակոթող, որը կառուցվել է Լևկադյան ժայռի վրա՝ ի հիշատակ Պաուլ Նիկոլայի կնոջ եղբայրների, որոնք զոհվել են Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։
Ամբարտակ60°43′56″ հս․. լ. 28°44′01″ ավ. ե.HGЯOՎիբորգի ծովածոցից «Ռոզենտալ» հովիտը բաժանող հողե ամբարտակ։ Ամբարտակի վրա ծառուղի կա։
«Ռոզենտալ» հովիտ60°43′56″ հս․. լ. 28°44′01″ ավ. ե.HGЯOՆախկինում ծովածոցի մի հատված, որը պարսպապատվել էր ամբարտակով։ Մոնրեպոյի ծաղկման շրջանում այստեղ տարատեսակ վարդեր են աճել։
«Լիրա» սիբիրյան մայրի60°43′56″ հս․. լ. 28°44′08″ ավ. ե.HGЯOՊսակաձև սիբիրյան սոճի, որը քնար է հիշեցնում։
Չինական կամրջակներ60°44′01″ հս․. լ. 28°44′05″ ավ. ե.HGЯOԿոր կամրջակներ․ ծառայում են նաև որպես ջրանցքում ջրի մակարդակը կարգավորող ամբարտակներ։
Ընկնող քար60°44′00″ հս․. լ. 28°44′11″ ավ. ե.HGЯOՏաշված քարե մեծաբեկոր, որը «անկման» տեսք ունի։ Կոմպոզիցիան համալրում է կեչին, որը կարծես հենարան լինի։
«Պամպուշինկա»60°44′02″ հս․. լ. 28°44′09″ ավ. ե.HGЯO«Պամպուշինկա»՝ Պաուլ Նիկոլայի մանկական կեղծանունն է։ Այգու այս անկյունում նա ստեղծել է կոմպոզիցիա, որը չի պահպանվել։
Երկու կայսրերի սյուն60°44′02″ հս․. լ. 28°44′03″ ավ. ե.HGЯOԿայսր Պետրոս I-ի և Ալեքսանդր I-ի համար կանգնեցված հուշասյուն։ Առանց նրանց մասնակցության բարոն Լյուդվիգ Նիկոլայը հաջողություններ չէր ունենա և չէր դառնա Մոնրեպո դաստակերտի սեփականատերը։
Նավամատույց60°43′59″ հս․. լ. 28°43′49″ ավ. ե.HGЯOՊաշտպանիչ ծովածոցի ափին ձևավորված մեծաբեկորներ, որոնց մոտակայքում կան մի քանի նստարաններ՝ ծովային համայնապատկերները վայելելու համար։
Թեյի տաղավար60°43′58″ հս․. լ. 28°43′45″ ավ. ե.HGЯOԹեթև տաղավար՝ տեղադրված բլուրներից մեկի գագաթին, այգու առավել տեսանելի կետերից մեկում։
Ելիսյան դաշտեր60°43′58″ հս․. լ. 28°43′40″ ավ. ե.HGЯOԱյգու կենտրոնական հովիտը, որն անվանվել է 18-րդ դարի նորաձևության միտումներով։
Սոճի60°43′59″ հս․. լ. 28°43′41″ ավ. ե.HGЯOԼենինգրադի մարզում այս տեսակի ամենահին ծառն է, մոտ 400 տարեկան է։
Նեպտունի տաճար60°44′06″ հս․. լ. 28°43′39″ ավ. ե.HGЯOՀրվանդանի վրա գտնվող անտիկ տաղավար, որն ի սկզբանե կոչվում էր բարեպաշտության տաճար։ Կից տեղադրված է եղել Նեպտունի արձանը, որը հետագայում տեղափոխվել է տաղավարի ներս, որի կապակցությամբ էլ այն ձեռք է բերել իր ժամանակակից անվանումը։ Տաղավարը բազմիցս քանդվել և վերականգնվել է, քանդակները չեն պահպանվել։
Լյուդվիգշտայն կղզին60°44′08″ հս․. լ. 28°43′31″ ավ. ե.HGЯOՆիկոլայի ընտանեկան գերեզմանատուն․ կղզու կազմի հիմնական տարրը նեո-գոթական մատուռն է։ Կղզում գտնվող դամաբարանում թաղված են Նիկոլայի ընտանիքի անդամները։ Նախկինում կղզին կապված էր մայրցամաքի հետ լաստանավային անցումով, այժմ կղզին փակ է այցելությունների համար։
«Մեդուզայի քարայր»60°44′06″ հս․. լ. 28°43′33″ ավ. ե.HGЯOԱրհեստական քարանձավ, որը նպատակ ուներ այցելուների շրջանում առաջացնել վախի և բնության ուժի զգացում։ Պատերից մեկի վրա դաջված է եղել Մեդուզա Գորգոնայի պատկերը, որը չի գոյատևել։
«Նարկիսոս» աղբյուր60°44′05″ հս․. լ. 28°43′17″ ավ. ե.HGЯOԸստ լեգենդի՝ աղբյուրի ջուրն ի վիճակի է բուժել աչքի հիվանդությունները, և աղբյուրի սկզբնական անունը եղել է «Սիլմյա», որը ֆիններեն նշանակում է «աչք»։ Աղբյուրն իր ժամանակակից անվանումը ստացել է այն բանից հետո, երբ կառուցվել է Նարկիսոսի արձանով տաղավարը։
Խրճիթի ճգնավորը60°44′09″ հս․. լ. 28°43′14″ ավ. ե.HGЯOԿեչու գերաններից համեստ կառույց, որը հիշեցնում է հասարակ և բարեպաշտ կյանքը։
«Ցանկությունների քարայր»60°44′11″ հս․. լ. 28°43′15″ ավ. ե.HGЯOՓոքր քարե անցում այն ժայռերի տակ, որը առանձնացնում է «ժայռերի թագավորությունը» մնացած այգուց։ Ենթադրվում է, որ եթե ցանկություն եք պահում քարայրի ներսում, դա միանշանակ իրականանում է։
«Վյայնեմյոյնեն» քանդակ60°44′12″ հս․. լ. 28°43′15″ ավ. ե.HGЯOՖինլանդիայի ժողովրդական էպոսի «Կալեվալայի» գլխավոր հերոսի՝ Վյայնեմյոյնենի արձանը։ Գտնվում է Սուրբ Նիկոլայի քարե կիրճում։ Պարբերաբար քանդվել և վերականգնվել է։
Աշխարհի ծայր60°44′14″ հս․. լ. 28°43′14″ ավ. ե.HGЯOԱյգու պատմական մասի ավարտը, որից հետո սկսվում է անտառը։ Աչքի է ընկնում քարե աստիճաններով։
Ժայռոտ թումբ60°44′01″ հս․. լ. 28°43′29″ ավ. ե.HGЯOԳրանիտե ուղղաբերձ ժայռ, որի երկայնքով գտնվում է այգու գլխավոր ծառուղիներից մեկը։ Այն շրջվում է դեպի հյուսիս, ուստի երբեմն նույնիսկ մայիսին այն ծածկված է ձյունով և սառույցով։
Կեղծ զամբյուղ60°43′59″ հս․. լ. 28°43′37″ ավ. ե.HGЯOԼանդշաֆտային կոմպոզիցիա Ելիսեյան դաշտերում, փիճի (նախկինում՝ երեք հատ)` շրջապատված հին լորենիներով։ Հյուսիսային քամիների պատճառով ծառերը թեք են աճում։
Սառցե մառան60°43′56″ հս․. լ. 28°43′38″ ավ. ե.HGЯOՆկուղ սարալանջին, որտեղ տեղակայված է սրճարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственный историко-архитектурный и природный музей-заповедник «Парк Монрепо»
  2. «Парк Монрепо». Независимый Выборгский портал. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Фридрих I, Фридрих Вильгельм Карл» (ռուսերեն). Hrono. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  4. 4,0 4,1 Статьи по истории Монрепо Արխիվացված 2016-03-05 Wayback Machine vbrg.ru
  5. Эта скульптура неоднократно терпела ущерб от вандалов. Ещё в 1871 году неизвестные разбили первую гипсовую статую Вяйнемяйнена. Тогда её заменили скульптурой, отлитой в металле, см. Борис Соколов. Монрепо на карте романтической эпохи. В начале лета 2007 года на своё место была возвращена копия статуи Вяйнемёйнена, но уже через полтора месяца её повредили вандалы, отбив пальцы руки героя эпоса Калевалы.
  6. «Монрепо. Краткий исторический очерк». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Михаил Ефимов. Mon-repos по-советски. «Новый Берег» 2010, № 29». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  8. Род фон дер Пален (фон Пистолькорс)
  9. М. А. Лямина Статья об истории Монрепо
  10. «Официальный сайт просветительского проекта «Русское богоискательство»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Парк «Монрепо» скорбит: огнём уничтожен храм Нептуна». vyborg.tv. 8.06.2011. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  12. «Справка о вырубках в музее-заповеднике «Парк Монрепо»». Парк Монрепо. 2017 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  13. https://www.svoboda.org/a/29691287.html
  14. «Главный усадебный дом в Монрепо полностью демонтирован» (ռուսերեն). Градозащитный Петербург. 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Как спасти деревянные памятники в эпоху разрушения исторического сознания?» (ռուսերեն). Градозащитный Петербург. 2019 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  16. Фотогалерея
  17. «План и фото имения, 1929 год» (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. «Государственный музей-заповедник Парк Монрепо». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Николаи Л. Имение Монрепо в Финляндии" (1804) / Пер. М. Костоломова с комментариями. — СПб.: ЦСКН, 2011. — 144 с.
  • Мартынова А. Г. Выборг, парк Монрепо и окрестности в творчестве художников XVI—XIX вв. / А. Г. Мартынова. — СПб.: Принт, 2018. — 304 с., ил., 38 цв. вкл. ISBN 978-5-901724-68-2.
  • Мартынова А. Г. К вопросу художественного образа Выборга, парка Монрепо и окрестностей в финской живописи 1899—1926 гг. / А. Г. Мартынова // Искусство и культура. — 2018. — № 4(32). — С. 41-46.
  • Мартынова А. Г. Уникальный выборгский скальный, пейзажный парк Монрепо в живописи и графике художников XVIII — начала XXI в. / А. Г. Мартынова // Материалы XXV Царскосельской научной конференции «Сады и парки. Энциклопедия стиля» — 2019. — Ч.I. — С. 494—508.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեպո» հոդվածին։