Մեսիա (հին եբրայերեն` ՄաշիախՕծյալ), հուդայականությունում և քրիստոնեությունում (մասամբ նաև այլ կրոններում) Աստծո ուղարկած «Փրկիչ», այն անձը որը փրկություն պետք է պարգևի մարդկությանը։ Հին Կտակարանի առաջին գրքերում Մեսիան օգտագործված է «թագավոր», «իդեալական միապետ» իմաստներով։ Հուդայի թագավորության կործանումից հետո և հատկապես հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում Մեսիայի գաղափարն արտահայտել է հրեաների անկախության ձգտումը (Դավիթ թագավորի տոհմից ծնված Մեսիա իբր պետք է վերականգներ Հրեական թագավորությունը)։ Մեսիայի նկատմամբ հավատը հեսսեների աղանդում կապվել է շահագործվողների սոցիալական պայքարի հետ (Մեսիան պետք է երջանկություն բերեր տառապյալներին)։ Քրիստոնեությունը Մեսիա է հայտարարել իր հիմնադրին՝ Հիսուս Քրիստոսին։ Քրիստոնեությունը Մեսիայի գաղափարը զրկել է քաղաքական և սոցիալական նշանակությունից, այն սահմանափակել միայն կրոնա-բարոյական իմաստով։ Քրիստոնեական Մեսիան, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, մարդկությանը փրկում էր սոսկ «նախնական մեղքից», «սատանայի տիրապետությունից», «ցույց տալիս ուղիղ ճանապարհը»՝ մնացածը թողնելով իր «երկրորդ գալստյանը»։ Մեսիայի գաղափարը, տարբեր մեկնաբանություններով, գոյություն ունի նաև իսլամում, բուդդիզմում, զրադաշտականության մեջ։

Սամուելն օծում է Դավթին (Դուրա-Եվրոպոս մ․թ․ 3-րդ դար)

Մեսիային բնորոշող բոլոր մարգարեությունները իրականացրել է միայն Հիսուս Քրիստոսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 467