Մեդուզաներ, ծովային աղեխորշավորների՝ սցիֆոիդների և հիդրոիդների մեծ մասի սեռական սերնդի հիմնականում ազատ լողացող անհատները։ Առաջանում են բողբոջմամբ, նստակյաց անսեռ սերնդի՝ պոլիպի վրա։ Կիսաթափանցիկ, դոնդողանման մարմինը հովանոցաձև է կամ զանգակաձև, մի քանի մմ–ից մինչև 2, 3 մ տրամագծով, շոշափուկներով երիզված։ Բերանային անցքը հովանոցի ստորին մասում է, հաճախ շրջապատված բլթակներով։ Ստամոքսից ճյուղավորվում են աղիքանոթային համակարգի խողովակները։ Նյարդային համակարգն ավելի է զարգացած, քան պոլիպինը։ Ունեն տեսողական և հավասարակշռության զգայարաններ։ Մեդուզաները բաժանասեռ են, սեռական արգասիքները մեծ մասամբ դրվում են ջրում, որտեղ և կատարվում է բեղմնավորումը։ Սաղմը զարգանալով կպչում է հատակին և վերաճում պոլիպի։ Որոշ տեսակների մոտ սերունդների հաջորդականությունը բացակայում է, և մեդուզաները զարգանում են ձվից։ Մեդուզաները շարժվում են հովանոցի խոռոչից ջուրը դուրս հրելով։ Սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։ Որոշ մեդուզաների խայթոցից կարող է այրուցք առաջանալ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 376