Մանկության օրեր

Մանկության օրեր, Միքայել Նալբանդյանի ստեղծագործություններից մեկը։

Բանաստեղծության նկարագիրը խմբագրել

Այս բանաստեղծը հետադարձ ակնարկով քննում է իր կյանքը, սկսած մանկությունից։ «Կյանքի խորհուրդ»-ին սահմանումը կատարվում է հեղափոխական խորը նվիրումով, նաև մտավորական ուժգին թափով ու հստակությամբ, որոնք հատուկ էին Նալբանդյանի անհատականությանը։

Մանկության Օրեր[1] խմբագրել

Մանկությա՜ն օրեր, երազի նման

Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․

Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․

Ընդունակ միայն ուրախացնելու։

Ձեզանից հետո եկավ գիտություն

Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,

Ամեն բան ընկավ մտածության տակ,

Րոպե չմնաց ազատ կամ ունայն։

Գիտակցությունը հաջորդեց սորան․

Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․

Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․

Որպես փարատիչ տրտում ցավերիս։

Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց

Նույնպես լալագին, նույնպես վշտահար,

Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․

Ուրախացուցիչ չգտա մի լար։

Ես այն ժամանակ միայն զգացի,

Որ այդ ցավերից ազատվելու չեմ,

Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ

Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։

Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ

Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․

Ես այն ժամանակ անհոգ ու ազատ

Կարծում էի ինձ աշխարհի իշխան։

Գերության շղթան ինձ զգալի չէր,

Եվ ոչ բռնության անգութ ճանկերը․

Ձեզանից հետո ծանրացան նոքա,

Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։

Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ,

Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան,

Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է

Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։

Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ

Առանց քնարի, անզարդ խոսքերով․

Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,

Խավարի ընդդեմ պատերազմելով։

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,

Սուր է հարկավոր կտրճի ձեռքին․

Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա,

Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։

Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,

Յուր եռոտանու վերա փրփրի․

Թո՛ղ միջին դարու գաղափարներով

Ամբոխը խաբել ճգնի աշխատի։

Թո՛ղ նա թարգմանե զրպարտությունը,

Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,

Մենք ազատության ենք միայն թարգման,

Միայն այս խոսքս ունինք բերանում։

«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,

Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․

Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․

Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։

Վերլուծություն խմբագրել

Բանաստեղծության սկզբում հեղինակը հիշում է իր մանկության օրերը, որոնք այն երջանիկ ու անհոգ օրերն էին, որ անցան-գնացին, և որոնք միայն ուրախացնելու էին ընդունակ։ Այդ օրերից հետո արդեն եկավ գիտակցությունը և հեղինակը սկսեց ծանր հայացքով նայել աշխարհին, և ամեն ինչ սկսեց ավելի խորը մտածել ու ազատ րոպե նրան չմնաց։ Գիտակցության գիտակցմանը հաջորդեց ազգի վիճակի մասին մտահոգությունը։ Հեղինակը սկսեց մեղադրել Ապոլոնին՝ իրեն փարատիչ քնարը տալու համար։ Եվ այդ փարատիչ քնարը հեղինակի ձեռքում հնչեց լալագին և վշտահար, ինչպես սիրտն էր զգում և այդ երգի մեջ ոչ մի ուրախ լար հեղինակը չգտավ։ Այդ ժամանակ նա արդեն զգաց, որ չի կարող ազատվել ցավերից, այնքան ժամանակ, մինչև իր ազգը ստրուկ է և օտարների իշխանության տակ է։ Հետո կրկին հիշում է թե մանկության օրերը, ինչ շուտ անցան ու գնացին, երբ այն ժամանակ մտածում էր, թե նա աշխարհի իշխանն է՝ տերը։ Մանկությունից հետո, կրկին նշում է, որ գերության (մտքի) շղթաները արդեն ծանրացել են իր վրա և անիծում է այդ օրերը։ Քնարին կրկին ասում է, որ լուռ մնա, չհնչի, իսկ Ապոլոնին ասում է, որ հետ վերցնի նրան և տա ուրիշ մարդու, ով ունի դրա կարիքը։ Ասում է, որ նա պետք է հրապարակ դուրս գա առանց քնարի ու առանց քնքուշ բառերի։ Պիտի գոչի, բողոքի բոլորի դիմաց։ Հետո ասում է, թող որ Դելփի պատգամախոսը թարգմանի զրպարտությունը, մխիթարվի ծովի ափերում, բայց ինքը՝ հեղինակը, միայն ազատություն պետք է թարգմանի։ Վերջին քառատողում Նալբանդյանը դիմում է Աստծոն․

«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,

Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․

Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․

Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մանկության օրեր — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.