Հետաքրքրություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հետաքրքրություն, առարկայի կամ երևույթի նկատմամբ վերաբերմունք (իմացական պահանջմունքի դրսևորում), խոսում է անձի համար երևույթի գրավչության և արժեքավորության մասին։ Հետաքրքրությունն անձի ակտիվության կարևորագույն դրդապատճառներից է, ձևավորվում է, երբ նյութական ու հոգևոր արժեքները անձի համար սուբյեկտիվ նշանակություն են ստանում, առաջացնում դրական հույզեր։ Անձի զարգացման տարիքային բոլոր փուլերում հետաքրքրությունները կազմում են նրա մոտիվացիոն հիերարխիայի կենտրոնական համակարգերից մեկը և բնութագրում են մարդուն։ Մշակութային արժեքների յուրացմանն ու իմացական ոլորտի ընդլայնմանը զուգընթաց՝ անձի հետաքրքրությունները, որոնք սկզբում բնածին կողմնորոշման ռեֆլեքսի ինքնաբեր դրսևորումներ էին, դառնում են ավելի կայուն, գիտակցված ու կամածին։ Նախորդ փուլերին հատուկ որոշ հետաքրքրություններ անհետանում են, և առաջ են գալիս նորերը։ Անձի հոգեկան հասունության նշաններից մեկը նրա հետաքրքրությունների հասարակական օգտակարությունն է, ստեղծագործական բնույթը և մանկական սևեռումներից ազատ լինելը։ Հետաքրքրություն ընկած է նպատակադրման կարևորագույն պրոցեսի հիմքում։ Անձն իր նպատակներն ընտրում է այն առարկաների ու երևույթների ոլորտից, որոնց նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերում։ Հետաքրքրությունն ակտիվացնում է անձի ուշադրությունն ու իմացական գործընթացները (ընկալում, հիշողություն, մտածողություն և երևակայություն), ընդլայնում և խորացնում է աշխարհի մասին նրա գիտելիքները։ Հետաքրքրության բավարարումը սովորաբար չի հանգեցնում նրա չքացմանը, այլ խորացնում ու առաջացնում է նոր հետաքրքրություններ, որոնք, որպես դրդապատճառներ, էլ ավելի են ակտիվացնում անձին։ Անձի հետաքրքրությունների բովանդակությունն արտացոլում է այն սոցիալ-մշակութային միջավայրի արժեքները, որում նա ձևավորվել և գործում է։ Միաժամանակ անձի անհատականությունը առավել լրիվ ու յուրօրինակ է դրսևորվում հենց իր հետաքրքրությունների համակարգում։ Կայուն հետաքրքրությունները նաև համապատասխան ընդունակությունների անհետաքրքրության առկայության նշաններ են։

հետաքրքրություն

Իմացական հետաքրքրություն խմբագրել

Այն կարևորագույն ու բարձրագույն հետաքրքրությունները, որոնք առանձին մղում են դեպի երևույթների խոր իմացություն, ակտիվացնում են ուսումնական և հետազոտական գործունեությունը։ Իմացական հետաքրքրություններն ուղղակիորեն բավարարում են մարդու իմացական պահանջմունքը, այլ ոչ թե օժանդակ ֆունկցիոնալ դեր են խաղում՝ այլ պահանջմունքների բավարարման համար պայմաններ ստեղծելով։Դպրոցական տարիքում ինքնուրույն իմացական հետաքրքրությունների առկայության նշաններ են՝ լրացուցիչ գրականություն կարդալու, տարբեր խմբակների պարապմունքներին մասնակցելու՝ աշակերտի ձգտումը և վարքի այլ դրսևորումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 372