Հայ ազատագրական պայքար

Հայ ազատագրական պայքար, շարժում՝ ուղղված օտար պետությունների լուծը թոթափելուն։ Այն մղվել է բոլոր այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը զրկվել է իր սեփական ինքնիշխան պետականությունից։ Մասնավորապես, 428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ մինչև 855-885 թվականները՝ նախ՝ ընդդեմ Իրանական պետության, հինգից յոթերորդ դարերում, ապա՝ արաբական արշավանքներից հետո, և Հայկական կիսանկախ պետականության՝ Արաբական խալիֆայության կողմից նվաճվելուց հետո՝ ընդդեմ արաբական տիրապետության։ Մեծ Հայքում՝ Բագրատունյաց պետության, իսկ Կիլիկիայում՝ տեղական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայկական ազատագրական շարժումը Մեծ Հայքի Արշակունյաց Թագավորության անկումից հետո

խմբագրել
Սահակ Բագրատունի եւ Մովսես Խորենացի

428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ մինչև 855-885 թվականները՝ նախ՝ ընդդեմ Իրանական պետության, հինգից յոթերորդ դարերում, ապա՝ արաբական արշավանքներից հետո, և Հայկական կիսանկախ պետականության՝ Արաբական խալիֆայության կողմից նվաճվելուց հետո՝ ընդդեմ արաբական տիրապետության։

Պայքար իրանական տիրապետության դեմ

խմբագրել

Իրանական տիրապետությունից Հայաստանն ազատագրելու եւ Հայկական Թագավորությունը վերականգնելու առաջամարտիկներից էր Բագրատունյաց տոհմը։

Այդ տոհմի նշանավոր իշխաններից Սահակ ասպետ Բագրատունին, որը վախճանվել է 482 թվականին, Բագրատունյաց տոհմի նահապետ իշխանն էր։ Նա կատարեց Հայկական Ազատագրական Շարժման եւ Հայ ազգի գոյատեւման համար մի կարևոր քայլ՝ պատվիրեց գրել Հայոց Պատմությունը։ Այդ պատվերը ստացավ եւ փայլուն կատարեց Մովսես Խորենացին։ Այսպիսով, եթե Մեծ Հայքի Վռամշապուհ Արշակունի արքան հայտնի է որպես Հայոց Գրերի ստեղծման կամ վերականգնման գաղափարի հեղինակ, գաղափար, որն իրականացրեց Մեսրոպ Մաշտոցը, ապա Սահակ Բագրատունին Հայոց ինքնության մյուս կարևոր զենքի՝ Հայոց Պատմության գրքի ստեղծման գաղափարի հեղինակն է, որը փայլուն իրականցրեց Մաշտոցի լավագույն աշակերտը՝ Մովսես Խորենացին։

Վահանանց ապստամբությունից, պարսկական կայազորի ջախջախումից և մարզպան Ատրվշնասպի տապալումից (481) հետո Սահակ Բագրատունին ընտրվել է Հայոց մարզպան և տանուտեր։

Հայաստանից վտարել է պարսկական զորքերը, թոթափել Սասանյանների տիրապետությունը, կազմել կառավարություն և հիմնվել Դվին քաղաքում։

482 թվականի գարնանը Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ պարսկական ներխուժողների դեմ մղած հաղթական ճակատամարտում Սահակ Բագրատունին գլխավորել է հայկական ծանրազեն այրուձին։

Սահակ Բագրատունին զոհվել է նույն թվականի ամռանը՝ պարսկական զորքերի դեմ մղած Ճարմանայի ճակատամարտում։

Պայքար արաբական տիրապետության դեմ

խմբագրել

Արաբական տիրապեոտության դեմ Հայաստանի պայքարի գագաթնակետը դարձավ Արմինիայի ապստամբությունը։ Այն տեղի ունեցավ 850-855 թվականներին Արմինիա կուսակալության տարածքում, որի մեջ մտնում էին Հայաստանի հիմնական մասը եւ հարևան Վիրքն ու Աղվանքը։ Պայքարը գլխավորել են Բագրատունի իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Ռազմական ընդհարումները տեղի են ունեցել ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում։

8-րդ դարում տեղի ունեցած հակաարաբական ապստամբություններից այն տարբերվում էր առավել կազմակերպվածությամբ ու ձեռք բերած արդյունքներով։ Համազգային ելույթն ավարտվում է հայերի հաղթանակով, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում լիակատար ինքնավարություն, իսկ Արաբական խալիֆայության իշխանությունը դառնում է ձևական։ 855 թվականին Սմբատ Խոստովանողի մահից հետո իր որդին՝ ապստամբության հիմնական ղեկավար Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։

Հայկական Ազատագրական շարժումը Մեծ Հայքի Բագրատունյաց Թագավորության անկումից հետո

խմբագրել

Մեծ Հայքում՝ Բագրատունյաց պետության անկումից հետո՝ Հայ ազատագրական շարժումը շարունակվել է ընդդեմ տարբեր օտար նվաճողների՝ նպատակ ունենալով դարձյալ վերականգնել Հայկական անկախ պետականությունը։

Հայկական Ազատագրական Շարժումը Կիլիկիայի Հայկական Թագավորության անկումից հետո

խմբագրել

Կիլիկիայում Հայկական թագավորության անկումից հետո՝ Հայ ազատագրական շարժումը շարունակվել է ընդդեմ տարբեր օտար նվաճողների՝ նպատակ ունենալով դարձյալ վերականգնել Հայկական անկախ պետականությունը։

Ազատագրական շարժումը մինչև 17-րդ դար

խմբագրել

Հայ եկեղեցին, գնալով համոզվում էր, որ ինքը չի կարող լիարժեք կատարել Հայ ազգի ղեկավարման և պաշտպանության դերը, և դրա համար անհրաժեշտ է վերականգնել Հայոց պետականությունը։Հայկական Ազատագրական շարժման նշանավոր իրադարձություններից է Էջմիածնի եկեղեցական ժողովը։ Դա գաղտնի խորհրդաժողով էր, որը տեղի ունեցավ 1547 թվականին՝ Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսի գլխավորությամբ։ Դրա նպատակն էր ուղիներ գտնել Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու համար։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, հաճախակի պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու այլ հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Էջմիածինը Շարդենի փորագրությունում, 1670-ականներ

Հայաստանի ազատագրության խնդիրը քննարկելու համար կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցին Էջմիածնում խորհրդաժողովի է հրավիրել արևելահայ բարձրաստիճան հոգևորականությանը, տանուտերերին ու մելիքներին։ Ժողովն ընդունել է Վենետիկի դոժին ուղղված «Աղերսագիր տերանց Հայոց» փաստաթուղթը, որի հայերեն բնագիրը չի պահպանվել և հայտնի է միայն իտալերեն թարգմանությամբ։ Այդ թղթում հայ ազատագրական շարժման գործիչները, Վենետիկի Հանրապետությունը ներկայացնելով որպես «պաշտպան բովանդակ քրիստոնեության», ակնկալել են, որ նրանից պետք է սկսվի հայերի փրկությունն ու ազատագրումը։ Առանձին դիմումագրեր են ընդունվել՝ ուղղված Պողոս III պապին, որը պետք է գլխավորեր ու հովանավորեր հայերի, ինչպես նաև արևմտաեվրոպական մի քանի երկրների ազատագրության գործը։ Էջմիածնի ժողովը կաթողիկոսի գլխավորությամբ կազմել է պատվիրակություն, որի անդամներ են ընտրվել Զաքարիա եպիսկոպոսը, Դավիթ վարդապետը, Գրիգոր վարդապետ Վարագեցին և Լուսիկ սարկավագը։ 1547 թվականին պատվիրակությունը ժամանել է Կ.Պոլիս, հանդիպումներ ունեցել Կ. Պոլսի պատրիարքի հետ, իսկ 1548 թվականի աշնանը մեկնել է Վենետիկ։ Այստեղ պատվիրակությունը հանրապետության դոժին է ներկայացրել «Աղերսագիրը» և Հայաստանի ազատագրության հեռանկարների վերաբերյալ բանակցություններ վարել նրա հետ։

1549 թվականի գարնանը պատվիրակությունը ժամանել է Հռոմ, նրան է միացել Պետրոս Երեց Եթովպացին, որն էլ կաթողիկոսին ներկայացրել է Պողոս III պապին։ Պատվիրակությունը Հռոմում մնացել է շուրջ մեկ տարի, որի ընթացքում Ստեփանոս Ե Սալմաստեցին մի շարք բանակցություններ է վարել Պողոս III պապի, իսկ վերջինիս մահից հետո՝ նաև Հուլիոս III պապի հետ։ Քաղական բանակցություններին նախորդել է կաթողիկոսի հայտարարությունը իր ենթակա 27 եպիսկոպոսների անունից՝ պապին հնազանդվելու և Հայ եկեղեցին լատինականին ենթարկելու վերաբերյալ։ Սույն զոհողությունը նախապայման էր դիվանագիտական հետագա բանակցությունների համար և ազգաքաղաքական նկատառումներով հանձնարարված էր Էջմիածնի ժողովի կողմից։ Բանակցությունների նման ընթացքով բավարարված՝ Հուլիոս III պապը 1550 թվականի ապրիլի 25-ին հանձնարարական նամակներով Ստեփանոս Ե Սալմաստեցուն ուղարկել է Հռոմեական սրբազան կայսր (Գերմանիա) Կառլոս V-ի և Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստան) թագավոր Սիգիզմունդ II Օգոստոսի մոտ՝ բանակցությունները շարունակելու։ Սակայն Վիեննայում ու Վարշավայում ևս հայ-արևմտաեվրոպական բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել։

Հաջորդ կարևոր իրադարձությունը Հայ ազատագրական շարժման զարգացման գործում եղավ Սեբաստիայի ժողովը։ Այն կայացավ 1562 թվականին։ Փաստորեն դա հանդիսանում էր Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու նպատակով հրավիրված հայ հոգևոր եւ քաղաքական վերնախավի գաղտնի խորհրդակցություն։ Կայացել է գարնանը, Սեբաստիայի Սուրբ Նշան եկեղեցում՝ Միքայել Ա Սեբաստացու նախագահությամբ։ Մասնակցել են մոտ 30 բարձրաստիճան հոգևորականներ և առևտրա-արհեստավորական խավերի ներկայացուցիչներ։ Հայաստանի ազատագրության միակ հնարավոր ուղին համարելով արևմտաեվրոպական տերությունների օժանդակությունը՝ Սեբաստիայի ժողովը վճռել է դիմել Հռոմի Պիոս IV պապին։ Այդ կապակցությամբ քննվել է նաև հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերության հարցը, որոշվել, հանուն օտար լծից ազատագրման, ընդունել Հռոմի եկեղեցական գերիշխանությունը։ Գրվել են Պիոս IV-ին հղված երկու ծածկագիր փաստաթուղթ, առաջինը՝ հավատարմագրական (Հայոց եկեղեցու հպատակության հավաստումը), երկրորդը՝ քաղաքական (եվրոպական երկրների ռազմական օգնությամբ Հայաստանի ազատագրման ծրագիրը) բնույթի։ Վերջինիս կցված էր մանրամասն տեղեկագիր Հայաստանի բնակավայրերի, եկեղեցիների, վանքերի, բնական հարստությունների, ինչպես նաև հայ ժողովրդի մասին։ Դիմումները Հռոմ տանելու համար Սեբաստիայի ժողովն ընտրել է հատուկ պատվիրակություն՝ Աբգար Թոխաթեցու, նրա որդի Մուչթանշահ Աբգարյան Թոխաթեցու և Ալեքսանդր երեցի մասնակցությամբ։ Պատվիրակության կշիռն ու հեղինակությունը բարձրացնելու համար Սեբաստիայի ժողովն Աբգար Թոխաթեցուն վկայագիր է տվել, որ իբր նա սերում է արքայական տոհմից։ 1564 թվականի աշնանը Սեբաստիայի ժողովի դիմումները հանձնվել են Պիոս IV պապին։ Վերջինիս պահանջով Աբգար Թոխաթեցին և Ալեքսանդր երեցը գրել և նրան են ներկայացրել նաև Հայոց եկեղեցու դավանագիրը։ Սկսված բանակցությունները շարունակելու համար պապն անհրաժեշտ է համարել անձամբ տեսակցել Հայոց կաթողիկոսին։ Աբգար Թոխաթեցուն հանձնարարվել է պապի նվիրակի հետ վերադառնալ Հայաստան և Հայոց կաթողիկոսին առաջնորդել Հռոմ։ Սակայն պապի նվիրակը ճանապարհին (Կիպրոսում) մահացել է և բանակցություններն ընդհատվել են։ Հայաստանը արևմտաեվրոպական տերությունների օժանդակությամբ ազատագրելու փորձերն արդյունք չեն տվել, որովհետև Հռոմի պապին ու կաթոլիկ Եվրոպային հետաքրքրում էին ոչ թե Հայաստանի ազատագրման, այլ հայերի դավանանքի ու եկեղեցական միության հարցերը։

Ազատագրական շարժումը 17-րդ դարում

խմբագրել

17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Հայ ազատագրական պայքարի վերելք

խմբագրել

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով[1]։ Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում։ Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում։ Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին։ Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում։

Վերելքի նախադրյալներ

խմբագրել

Հայաստանի ազատության և անկախության վերականգնման համար հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։ Կրետե կղզին թուրքերից պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին հակաթուրքական պատերազմին հաղորդել համաքրիստոնեական բնույթ[2]։

Կրետեի պատերազմ և հայ ազատագրական շարժում

խմբագրել

Կաթոլիկ Արևմուտքի հետ անարդյունք բանակցությունները առժամանակ կասեցրին հայ ազատագրական որոնումները։ Միայն 17-րդ դարի 40-ական թվականների կեսերին օրակարգ մտցվեց Հայաստանի ազատագրության հարցը՝ կապված Կրետեի պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական իրադրության հետ։ Այս իրադարձությունն էր, որ առաջ քաշեց Օսմանյան Թուրքիայի դեմ ձեռնարկվելիք համաքրիստոնեական խաչակրաց արշավանքի գաղափարը[2]։ Հայ առևտրական բուրժուազիան իր երևելի ներկայացուցիչներից մեկի Մուրադ (Շահմուրատ)Բաղիշեցուն 1666 թվականին ուղարկում է Ֆրանսիա։ Նա առաջինն էր, որ փորձեց մշակել Հայաստանի ազատագրության ծրագիր, որի համաձայն Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ժողովուրդները պետք է համատեղ ապստամբություն բարձրացնեին տիրապետող վարչակարգի դեմ և տապալելով այն՝ վերականգնեին ինչպես Բյուզանդական կայսրությունը, այնպես էլ Հայկական թագավորությունը։ Այս ծրագրի հիմնական նախապայմանը պետք է լիներ Ֆրանսիայի մասնակցությունը պատերազմին։ Հայերը ֆրանսիական կողմնորոշումից չհրաժարվեցին անգամ Կրետեի պատերազմում Վենետիկի կրած ծանր պարտությունց հետո։Մուրադ Բաղիշեցին 1672 թվականին հատուկ ուղերձով դիմում է Լյուդովիկոս 14-ին և նրան ներկայացնում հայերի ազատագրական ակնկալիքները։ Կ. Պոլսի նախկին պատրիարք Հովհաննես Թութունջին, որը նախապես եղել էր Եթովպիայում և փորձել այդ երկիրը ևս ներգրավել հակաթուրքակական պայքարի մեջ, 1680 թվականի փետրվարին Մուրադ Բաղիշեցու, Սողոմոն Լևոնյանի, Զաքարիա վարդապետ Սիսիանցու և Ջուզեպ Հալեպցու հետ, Վերսալի արքայական պալատում բանակցում էր Ֆրանսիայի թագավորի հետ։Սակայն հայ-ֆրանսիական բանակցությունները շուտով ընդհատվում են, քանզի Ֆրանսիան 1686 թվականին պատերազմներով եվրոպական մի քանի երկրների դաշնախմբի դեմ, ոչ միայն հրաժարվեց Օսմանյան կայսրության դեմ խաչակրաց արշավանք ձեռնարկելու գաղափարից, այլև իր վրա վերցրեց Ավստրիայից և գերմանական այլ տերություններից Թուրքիային պաշտպանելու պարտականությունը։ Այս պարագան թելադրեց Հովհաննես Թութունջի վարդապետին՝ գործուն մասնակցություն ունենալ «Սրբազան լիգայի» երկրների (Ավստրիա, Լեհաստան, Ռուսաստան, Վենետիկ, Մալթա) հակաթուրքական խաչակրաց արշավանքներին, որ տեղի ունեցան 1680-ական թվականների երկրորդ կեսին և ամբողջ 1690-ական թվականներին։ Այդ արշավանքների հետևանքով պարտություն կրած Թուրքիան ստիպված էր կնքել Կարլովիցի հաշտության պայմանագիրը (1699 թվականի հունվարի 26), որի համաձայն Ավստրիան ստացավ Հունգարիան և Տրանսիլվանիան, Վենետիկը՝ Դալմատիան և Պելեպոնեսը, իսկ Ռուսաստանը՝ Ազովը[2]։

Էջմիածնի 1677 թվականի ժողով

խմբագրել

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։Հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն աղերսվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոր Գ Ջուղայեցու անվան հետ։ Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ եկեղեցականներից էր։ Նա հատկապես նշանավոր էր որպես Հայաստանում և Հայկական գաղթավայրերում կաթոլիկ քարոզիչների դեմ հակագործունեություն ծավալած գործիչ։ Նախանձախնդիր էր Ամենայն Հայոց կաթողիկոսության դիրքն ու հեղինակությունը բարձրացնելուն։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով նա Եվրոպա Է ուղարկում Ոսկան Երևանցուն, Մատթեոս Վանանդևցուն և ուրիշների, որոնք նաև հանձնարարականներ ունեին այնտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության հարցի շուրջ և միաժամանակ հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու դավանաբանական բանակցությունների համար։ Այդ դիտավորությամբ Ջուղայեցին նամակագրական կապ Է հաստատում Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի կայսր Լեոպոլդ 1-ի հետ։ Դեռևս 1662 թվականին կաթողիկոսը Վենետիկ և Հռոմ Է ուղարկում Առաքել Բոկոտն (Բոպիկ) վարդապետին, որը բանակցություններ Է վարում պապական շրջանակների հետ։ Նորությունն այն էր, որ հատուկ քննարկվում է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Այդ նպատակով ժողովի կողմից ընտրված պատվիրակությունը, որ գլխավորում էր Հայոց կաթողիկոսը, 1677 թվականի հունիսին անցնում է Վրաստան և բանակցություններ վարում Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ։ Այստեղ մշակվում է հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր, որի համաձայն հայերր պետք է դիմեին Արևմուտքի, իսկ վրացիները՝ Ռուսաստանի օգնությանը։ Նշելի է, որ Հակոբ Գ-ն, չնայած այդ պայմանավորվածությանը, հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անդամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։ 1678 թվականի դեկտեմբերին հայկական պատվիրակությունը ժամանում է Կ. Պոլիս, ուր կաթողիկոսը հանդիպումներ է ունենում արևմտահայ նշանավոր հասարակական գործիչների, Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու և այլոց հետ։ Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին՝ Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թվականին ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետներից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրումը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Սորեսկին, կաթողիկոսին ուղղած պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում՝ վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը։ Բայց պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվեց, որովհետև 1680 թվականի օգոստոսի 1-ին Հակոբ Դ-ն հանկարծամահ եղավ։ Պատվիրակության մյուս անդամները ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Հայ արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվեցին[3]։

Իրայել Օրու գործունեություն

խմբագրել
Իսրայել Օրի

Հակոբ Ջուղայեցին 1680 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով

խմբագրել

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր[2]։

Պֆալցյան ծրագիր

խմբագրել

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Օրին դրոշի նշանակությունը և անհրաժեշտությունը դիտում էր զինվորի, հրազենի և ռազմատեխնիկական այլ միջոցների հետ հավասարարժեք հարաբերության մեջ։ Ըստ նրա, հայ ազատագրական պայքարի դրոշը պետք է ներկայացներպաստառ, որի մի երեսին պատկերված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսի՝ Գրիգոր Լուսավորիչը։ Ինչպես նշում է Օրին, այն պետք է խորհրդանշեր հայերի՝ հանուն հավատի պայքարը Գրիգոր Լուսավորչի հովանավորությամբ։ Հայտնի է, սակայն, որ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում[4]։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

Ազատագրական շարժումը 18-րդ դարում

խմբագրել

18-րդ դարի սկզբների ազատագրական շարժումը կապված է Իսրայել Օրու անվան հետ։

Մոսկովյան ծրագիր

խմբագրել

1701 թվականի ամռանն Օրին Պետրոս (Պյոտր) I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիրը։ 1701 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցավ Իսրայել Օրու և Ռուսաստանի վարչապետ Ֆ. Ա. Գոլովինի հանդիպումը, որի ժամանակ դեսպանը բանավոր բացատրություններ տվեց իր առաքելության վերաբերյալ։ Երեք օր անց՝ հուլիսի 14-ին, նա Պետրոս 1-ինին գրավոր զեկուցագիր ներկայացրեց, որտեղ հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազատագրության գործը վերապահվում էր Ռուսաստանին։ Պետրոս 1-ինին հետաքրքրեց Օրու անձն ու առաքելությունը, և նա Գոլովինի միջոցով պահանջեց մանրամասն ծրագիր ներկայացնել Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակների և այդ գործում Ռուսաստանին վերապահված դերի մասին։ Հունիսի 25-ին Իսրայել Օրին Պետրոս 1-ինին ներկայացրեց 18 կետից բաղկացած ծրագիր։ Ծրագրի համաձայն ռուսական 25-հազարանոց բանակը ռազմերթ էր սկսելու նույն թվականի հոկտեմբեր ամսին։ Բանակի մի մասը շարժվելու էր ցամաքային ճանապարհով՝ Թերեք-Դերբենդ ուղղությամբ։ Մյուս զորագունդը՝ 10 հազար զինվորներով, ճանապարհվելու էր Կասպից ծովով։ Նիզովայի նավահանգստում ափ իջնելուց հետո ռուսական բանակը սրընթաց երթով շարժվելու էր հետևյալ չորս ուղղություններով՝ 1.Գանձակ, 2.Լոռի, 3.Կապան, 4.Նախիջևան։ Նախիջևանում ռուսական զորքերին միանալու էին հայկական ապստամբական ուժերը և համատեղ սկսելու էին Հայաստանի ազատագրության ծրագրի իրականացումը[2]։ Ռազմական այս ամբողջ արշավանքը, այսինքն Արևելյան Հայաստանի ազատագրումը պետք է տեղի ունենար շուրջ 20 օրվա ընթացքում։ Օրին ծրագրին կցել էր նաև Հայաստանի և հարևան երկրների ձեռանկար քարտեզը։ Ծրագիրն ու քարտեզը խիստ հետաքրքրեցին Պետրոս 1-ին և 1702 թվականի մարտին հատուկ գրությամբ իրավունք վերապահեց Օրուն իր ծրագրի մասին հայտնել մելիքներին և հոգևոր առաջնորդներին։ Քանի որ Պետրոս I-ը Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր, Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրուն ուղղարկում է Պարսկաստան՝ շնորհելով գնդապետի զինվորական կոչում։ Սակայն մելիքները որևէ արձագանք չտվեցին։ Ստեղծված դրությունից ելք փնտրելու նպատակով Օրին և Մինաս Տիգրանյանցը մելիքների անունից Պետրոս 1-ին մի դիմում ուղեցին։ Իսկ 1709 թվականի հուլիսին Օրու դեսպանությունը ժամանեց Սպահան։ Քաջ գիտակցելով դեսպանության նպատակները՝ ֆրանսիացիները ամեն կերպ աշխատում էին խոչընդոտել հանդիպմանը շահի հետ։ Օրին հանդիսավորությամբ ընդունվեց շահի կողմից, սակայն Շահը առանձն գրություն ուղարկեց ցարին, որը լի էր հայերի նկատմամբ անբարյաացակամ արտահայտություններով. այստեղ նա հասկացնում էր, որ չի խրախուսում հայ- ռուսական մերձեցումը։ Օգոստոսի կեսերին Օրին Սպահանից վերադարձավ։ Օրուն նաև միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ։ Բայց 1711 թվականի օգոստոսին տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Ամենայն հավանականությամբ, Օրուն թունավորել էին հենց ռուսական իշխանությունները։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։ Օրու մահվանից 11 տարի անց՝ 1722 թվականին Պետրոս 1-ը վերջապես սկսեց պարսկական արշավանքը։ Բայց այդ արշավանքը չունեցավ այն արդյունքը, որի համար ապրել և պայքարել էր ազատագրական շարժման նշանավոր գործիչն ու հայ մեծ մտածողը։ Այսպիսով՝ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբների պայքարի զարթոնքը գլխավորապես կապվում է Իսրայել Օրու գործնեության հետ։

Արցախի եւ Սյունիքի ազատագրական շարժումներ

խմբագրել
Դավիթ Բեկի ձիարձանը՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Արցախի եւ Սյունիքի ազատագրական շարժումները կապված են Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Յուզբաշու եւ Եսայի Հասան Ջալալյանի անունների հետ։

Ազատագրական շարժման առավել ակնառու նեկյացաուցիչը եւ այն երկար տարիներ հաջողությամբ գլխավորողը Դավիթ Բեկն էր։ Նա ծնվել էր 1669 թ․, Սյունիքի Կովսական գավառի Բաղք գյուղում։ Վախճանվել է 1728 թ․, Սյունիքի Հալիձոր բերդում։

Դավիթ բեկը նշանավոր հայ զորավար էր, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդը։ Ծագումով հայոց հին իշխանական տոհմից էր։

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը Հայկական Ազգային Ազատագրական պատերազմ էր՝ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամանատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։

Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։ Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև, մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։ Տեր-Ավետիսը ցանկանում տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։ Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր, այլ գանձակեցի։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք։ Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը, գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, քանզի Տեր-Ավետիսն այժմ ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։ Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։ Նրանք պաշարում են Հալիձորը։ Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։ Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։ Առավոտյան թուրքերը մտնում են բերդ։ Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու սկսում են իրականացնել հայերի սպանդը։ Թուրքերը կոտորեցին բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցրեցին։ Թշնամին մտնում է նաև կուսանոցն ու գերի տանում բոլոր կույսերին։ Հարկ է նշել, որ մինչև զենքն իր ձեռքը վերցնելը Տեր-Ավետիսը օծված է եղել որպես քահանա և Հալիձորի դեպքից հետո նա կրկին վերադառնում է դեպի կրոն։ Թողնելով Սյունիքը, որտեղ գործել էր բազմաթիվ քաջագործություններ, իսկ վերջում դավաճանել, հաստատվում է Գաղատիայում՝ Երուսաղեմում։ Երուսաղեմում բազմաթիվ ապաշխարություններից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամի համաձայնությամբ ներում է ստանում Երուսաղեմի հայոց պատրիարքից։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ, քանզի նրանք երկյուղ ունեին, որ իրենք էլ կարժանանան հալիձորցիների ճակատագրին՝ մոռանալով, որ Մխիթար Սպարապետը պայքարում էր հենց նրանց օտարների տիրապետությունից ազատելու համար։ Ընտրելով հարմար պահ նրանք գիշերը կտրում են Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի գլուխը տարվում է Թավրիզի փաշայի մոտ, վերջինս զարմանում է և ասում․

«Ո՛վ անօրեններ ու ամբարիշտներ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջը և այդպիսի քաջ մարդուն»

Փաշայի հրամանով գլխատում են բոլոր նրանց ովքեր տարել էին Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի սպանությունից հետո զորքերը ցրվեցին, զորականներից շատերն ապաստան ստացան գուգարաց իշխանի մոտ, մյուսները՝ տարբեր վայրերում։ Մխիթար Սպարապետը անգլուխ մարմինը թաղվեց այսօրվա Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում։ Սպարապետի տապանաքարի վրա գրված է այս գրությունը՝

Այս է տապան ի հանգիստեան,Իջեալ մարմնով ի գերեզման,Սայ Մխիթար Մեծ անվուան,Սորա օնէր իշխանութեանՍայ բէմուրատ գնաց ջիվան,Որ էր երկրէն սայ Կանճուով էր,Նահատակվեցան թվ. :ՌՃՀԶ։ (Միջին հայերեն,բարբառախառն)«Սա է մարմնով գերեզման իջածի հանգստյան տապանը։ Նրա անունն է Մեծ Մխիթար։ Նա ուներ իշխանություն, բայց նպատակին չհասած՝ գնաց ջահել։ Նա Գանձակ երկրից էր։ Նահատակվեցին։ ՌՃՀԶ:թվ. (Աշխարհաբար)։

Մխիթար սպարապետին է նվիրված Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հուսո աստղ» կինոնկարը։

18-րդ դարի երկրորդ կես

խմբագրել

Հայաստանում 1722-1730 թթ․ ազատագրական պայքարի պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում։Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը։Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս։Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի Միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս` այդ ճանապարհին գրավելով Հայաստանը։Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալներ էին կուտակել։Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել` չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը։Հայերի մոտ առաջացավ անկախ Հայաստան իրենց տնտեսական գործնեությունը տեղափոխելու գաղափարը։1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը Հայաստանի ազատագրության հույսեր արթնացրեց։1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր։Այս ծրագրով ռուսները մտնելու էին Անդրկովկաս, ազատագրելու էին արևելյան Վրաստանն ու արևմտյան Հայաստանը, ապա երկու ուղղություններով`Ախալքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով մտնելու էին արևմտյան Հայաստան և ազատագրելու էին այն։Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայող եկեղեցին։Սակայն այս ծրագրից ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանինին հետաքրքրեց միայն, թե հայերը ինչպիսի օգնություն կարող են տրամադրել ռուսական բանակին։1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակական-քաղաքական խմբակը։Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը։Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը։1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը։Այստեղ ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանում տարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու։1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը։Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը։Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացած սահմանադրության նախագիծն էր։Նախորդ «Նոր տետրակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն էր, չնայած գրքույկի կազմի վրա Շահամիր Շահամիրյանի որդու` Հակոբի անունն էր։Տեղեկանալով գրքույկի բովանդակությանը Ամենայն Հայող կաթողիկոս Սիմոն Երևանցին հրամայեց գրքույկի օրինակները վառել և բանադրեց Մովսես Բաղրամյանին։Ազատագրական շարժման այս փուլի ամենակառկառուն դեմքը Հովսեփ Էմինն էր։Էմինը ծնվել է 1726թ-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։Ընտանիքը շուտով տեղափոխվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը, որտեղ երիտասարդ Էմինը 1745թ-ին ընդունվում է Անգլիական քոլեջ։Սակայն Էմինի նպատակը զինվորական կրթություն ձեռք բերելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Անգլիա։Հոր կամքին հակառակ Էմինը մեկնում է Անգլիա և այստեղ առաջին 3 տարիները անց է կացնում բավականին չարքաշ կյանքով։Էմինի կյանքում բեկումը սկսվում է անգլիական խոշոր ազնվական` դուքս Նորթումբեռլենդի հետ պատահական հանդիպմամբ։Անգլիայի թագաժառանգի երաշխավորությամբ Հովսեփ Էմինը ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիան, որը սակայն նա չավարտեց։Սկիզբ առած Յոթնամյա պատերազմին Էմինը կամավոր գրվեց, պատերազմում խիզախության փայլուն օրինակներ դրսևորեց և անձամբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծից ստացավ այս երկրի բարձրագույն «Սև արծիվ» շքանշանը։Վերադառնալով Անգլիա` Հովսեփ Էմինը ընդունելություն ստացավ Անգլիայի վարչապետ Վիլիամ Պիտից։Այս հանդիպման ժամանակ Էմինը հասկացավ, որ Անգլիան Հայաստանի ազատագրմանը չի աջակցելու։1759թ. իր անգլիայի բարեկամներից դրամական նպաստ ստանալով` Էմինը ժամանեց Հայաստան։ Նա Էրզրումի վրայով եկավ Էջմիածին, արժանացավ տեղի հոգևորականության թշնամական վերաբերմունքին և հայրենիքում հասկացավ, որ Հայաստան ազատագրել հնարավոր է միայն Ռուսաստանի աջակցությամբ։1763թ-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանի վրայով եկավ Վրաստան և հանդիպում ունեցավ վրաց թագավոր` Հերակլ II-ի հետ։Էմինը առաջարկեց վրաց թագավորին վրաց բանակը վարժեցնել եվրոպական ձևով։Թիֆլիսում գտնվելիս Հովսեփ Էմինը նամակագրական կապ հաստատեց Արևմտյան Հայաստանում` Մուշ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Կարապետի վանքի վանահայր Հովնանի հետ։Վերջինս Էմինին գրում էր, որ եթե վրացական 16.000-անոց զորքը մտնի Արևմտյան Հայաստան, տեղի հայերը կապստամբեն և 40.000-անոց զորք դաշտ կհանեն։Նամակագրական այս կապի մասին տեղեկացավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը բանադրեց Հովնանին ու առաջարկեց Հերակլ II-ին Վրաստանից վտարել Էմինին։Հովսեփ Էմինը ստիպված էր 1764թ-ին հեռանալ Վրաստանից և քիչ անց հայտնվել Ղարաբաղում։Այստեղ Հովսեփ Էմինը հանդիպումներ է ունենում Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Հովյաննես Հասան-Ջալալյանի հետ, ինչպես նաև մելիքների հետ։Քննարկվում էր Ղարաբաղի ազատագրության հարցը։Սակայն Ղարաբաղում էլ Հովսեփ Էմինին հետապնդում էր չար ճակատագիրը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակների տեսքով։Էմինը ստիպված էր հեռանալ Ղարաբաղից և Իրաքի Բասրա նավահանգստով վերադառնալ Հնդկաստան։Այսպիսով Հովսեփ Էմինի ծրագիրը չիրականացավ։

Մովսես Սարաֆյանի Ծրագիրը։

Հայրենիքի ազատագրմամբ մտահոգ աշխարհասփյուռ գաղութների մեջ առանձնանում էին մասնավորապես ռուսահայ կենտրոնները։ Դա պայմանավորված էր նրանով, որ դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի ձգտումները և Հայաստանը ազատագրելու համար հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին։

18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում հայ բնակչությունը շարունակում էր արագորեն աճել։ 1768թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու Անդրկովկաս, մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում։ Ռուս-թուրքական պատերազմը Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսեր էր արթնացնում։

1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում։ Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան։ Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը։ Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին։ Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից։ Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին։ Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին։

Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն` Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր։

Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ։ Դրա համաձայն` Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու։

18-րդ դարի վերջին տասնամյակներ

խմբագրել

Տասնութերորդ դարի վերջին տասնամյակներին Ռուսական կայսրությոսւնը սկսեց ընդլայնել իր նվաճողական արշավանքների աշխարհագրությունը։ Այդ կայսրությունը ձգտում էր նվաճել Մերձավոր Արևելքի երկրները և այդ նպատակով որպես պլացդարմ օգտագործելու Հարավային Կովկասի եւ Հայաստանի տարածքները։Ռուսաստանի այդ ծրագրերի մասին տեղյակ էին Ռուսաստանի հայկական գաղթօջախում և 1783թ-ին այս գաղթօջախի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը հեղինակում է 20 հոդվածից բաղկացած Հայաստանի ազատագրության ծրագիր, որը հայտնի է Հայաստանի հյուսիսային ծրագիր պայմանական անունով։ Այս փաստաթղթով նախատեսվում էր ռուսական զենքի օժանդակությամբ ազատագրել Հայաստանը, դարձնել այն միապետություն՝ թագավորություն և այդ անկախ միապետական Հայաստանում ճորտատիրական կարգեր հաստատել։ Արքեպիսկոպոս Աղությանի ծրագրով Հայաստանում ճորտատիրական կարգերը շատ ավելի մեղմ էին լինելու, քան Ռուսաստանում և Վրաստանում. եթե Ռուսաստանում ճորտատերը իրավունք ուներ գյուղացիական ընտանիքը վաճառել առանց հողի, իսկ ընտանիքի անդամներին ցանկության դեպքում վաճառել առանձին-առանձին, ապա Արղությանի ծրագրով գյուղացիների ընտանիքների անդամները պետք է վաճառվեին միասին և իրենց հողի հետ։ Ըստ Արղությանի ծրագրի՝ Հայաստանում գտնվելու էր մշտական ռուսական բանակ` ռուսական գեներալի հրամանատարությամբ։ Այս ծրագրով նախաստեսվում էր Հայաստանի թագավորության գահակալը հաստատվելու էր ռուսաց կայսեր կողմից։Հայաստանի գահակալը կարող էր լինել ինչպես հայ, այնպես էլ ռուս ազգին պատկանող անձնավորություն, սակայն երկու դեպքում էլ այդ անձը լինելու էր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Ըստ ծրագրի՝ Հայաստանը գտնվելու էր Ռուսաստանից վասալական կախվածուրթյան մեջ։ Հայերը ամեն տարի հարկ էին վճարելու Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի վարած պատերազմների ժամանակ զորաբանակ էին տրամադրելու։

Գրեթե միաժամանակ՝ 18-րդ դարի 80-ական թվականներին Հնդկաստանում ի հայտ է գալիս Հայաստանի ազատագրության մեկ այլ ծրագիր, որը հայտնի է հարավային ծրագիր անունով։ Հարավային ծրագիրը Հնդկաստանի մեծագույն քաղաքներից և նավահանգիստներևից մեկի՝ Մադրասի հայկական հասարակական-քաղաքական խմբակի ղեկավար Շահամիր Շահամիրյանի ծրագիրն էր։ Հարավային ծրագրով նախատեսվում էր ռուսների աջակցությամբ Հայաստանի անկախացումից հետո այն հայտարարել հանրապետություն։ Հայաստանում իշխանության գերագույն մարմինը լինելու էր Հայաստանի խորհրդարանը, այսինքն՝ պառլամենտը, որը ծրագրում անվանվում էր Հայոց տուն։ Հայոց տան ընտրությունները տեղի էին ունենալու յուրաքանչյուր 3 տարին մեկ, երկաստիճան համակարգով։ Հայաստանի ամեն ընտրական տեղամասից ընտրվելու էր 2 անձ, որոնցից մեկը դառնալու էր տեղական գործադիր իշխանության ներկայացուցիչ, իսկ մյուսը` Հայոց տան պատգամավոր։ Խորհրդարանն ընտրելու էր Հայաստանի բարձրագույն գործադիր իշխանությանը` Հայոց նախարարին, որի պաշտոնը համապատասխանում է այժմյան նախագահի պաշտոնին։ Շահամիրյանի ծրագրով թեպետ Հայաստանում գտնվելու էր օգնական զորախումբ՝ ռուսական 6.000-անոց բանակ, սակայն այ զորքը 20 տարվա ընթացքում մաս առ մաս դուրս էր գալու Հայաստանից։ Ռուսաստանը պատերազմի ժամանակ օգնելու էր հայերին, իսկ հայերը` ռուսներին։ Հայաստանում հաստատվելու էին ժողովրդավարական կարգեր, սակայն Շահամիրյանը նախատեսում էր ժողովրդավարության որոշակի սահմանափակում։ Հայաստանում բարձրագույն պաշտոն, ինչպես նաև հողի սեփականատերեր կարող էին լինել միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները։

Այդ երկու ծրագրերից Ռուսաստանին առավել հարմար էր թվում «հյուսիսային» ծրագիրը, քանզի Ռուսաստանը չէր կարող հանդուրժել, որ Հայաստանում ի տարբերություն Ռուսական կայսրության կհաստատվեր հանրապետություն և ժողովրդավարական կարգեր։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ ռուսներն անգամ հյուսիսային ծրագիրը չէին ցանկանում կյանքի կոչել։

Ռուսաստանի հակահայ քաղաքականության հետևանքով՝ ո'չ «հյուսիսային» և ո'չ «հարավային» ծրագրերը իրականություն չդարձան։

Դրա համար ռուսները գտան "արդարացում"։ Արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի հետ հանդիպման ժամանակ ռուս բարձրաստիճան մի պաշտոնյա հետևյալը հայտարարեց. «Պետությունները դաշինք են կնքում պետությունների հետ, թագավորները` թագավորների, ո՞վ է ձեր երկրի թագավորը, որի հետ մենք պետք է դաշինք հաստատենք»։

Ազատագրական շարժումը 19-րդ դարում

խմբագրել

Ազատագրական շարժումը 20-րդ դարում

խմբագրել

Ազատագրական շարժումը 21-րդ դարում

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հեղինակներ` Մելքոնյան, Աշոտ; Սիմոնյան, Արամ; Նազարյան, Արամ; Մուրադյան, Հակոբ. Հայոց Պատմություն. Երևան. էջեր 6–9.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Գրիգորյան «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ»
  3. «Սուրբ Էջմիածնի 1677 թ. գաղտնի խորհրդաժողովը». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: Text "historyofarmenia.am.am" ignored (օգնություն)
  4. «18դ. Հայ ազատագրական պայքարի դրոշը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.

Գրականություն

խմբագրել
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հայ ազատագրական պայքար

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 302

Աղբյուրներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջԿատեգորիա:Ծրագրային ապահովում այբբենական կարգովՍպասարկող:ՈրոնելՎիոլետա ԳևորգյանՋոուի ԱնսաՎարդավառՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Բուժաշխատողի օրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՊաղեստինՀայաստանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԱրևադարձՏիգրան ՄեծԿառլես ՊուչդեմոնՀովհաննես ԹումանյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հունիսի 21Պարբերական հիվանդությունՋուրՆիդերլանդներՀայոց ցեղասպանությունԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍաղմոսավանքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայ գրերի գյուտՊարույր ՍևակԳիշերահավասարԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունՀայերենի այբուբենԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետություն