ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, կազմակերպվել է 1938 թվականին ԱրմՖԱՆ-ի կենսաբանության բաժնի և բուսաբանական այգու միավորմամբ։

ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
ՏնօրենԱրսեն Գասպարյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքbotany.am

Հիմնական խնդիրներ խմբագրել

Հիմնական խնդիրներն են Հայաստանի բուսական աշխարհի, բուսական պաշարների, բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ուսումնասիրությունը, անտառաբուծությունը, տնտեսապես արժեքավոր և գեղագարդիչ բույսերի ներմուծումն ու կլիմայավարժեցումը, ինչպես նաև բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, փոշեհատիկաբանության, բրածո բույսերի հետազոտությունը։ Կազմված է բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության, անտառագիտության, հումքի և բույսերի էկոլոգիայի, երկրաբուսաբանության, ծառագիտության և ծաղկաբուծության, «Հայաստանի բուսաշխարհ» բաժիններից, բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայից և բուսաբանական այգուց՝ Սևանի ու Վանաձորի բաժանմունքներով։ Ինստիտուտում մշակվել են Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները, որի հիման վրա անտառապատվել է Սևանա լճից ազատված շուրջ 17 հզ հա տարածք, հարյուրավոր գեղազարդիչ ներմուծված բուսատեսակներ ներդրվել են քաղաքների և բնակավայրերի կանաչապատման գործում, ստեղծվել են եթերայուղատու, դեղատու և այլ օգտակար հատկություններով բուսատեսակներ։ Կազմվել և հրատարակվել է (1989) բույսերի Կարմիր գիրքը։ Բուսաբանական ինստիտուտում ստեղծվել է բույսերի հարուստ հերբարիում (բուսապահոց՝ շուրջ 500 հզ թերթով)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։